Վանո Սիրադեղյան. Ցավոք, Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա


Վանո Սիրադեղյանի բացառիկ հարցազրույցը «Հայկական ժամանակ» օրաթերթին:
Հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի 
25 մարտ, 2006թ.

  • Պարոն Սիրադեղյան, որտե՞ղ եք դուք այժմ մշտապես բնակվում, և ինչքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, որ այս ընթացքում միշտ գտնվել եք Հայաստանում:

- Ասում ես՝ այս ողջ ընթացքում Հայաստանո՞ւմ եմ եղել: Ասել կուզի` սարերում: Ի դեպ, կոթիգյուղացի ղաչաղներ Վանիչկեն ու Համբոն, որ Սարատիկյան էին ու մեր ազգից, իրոք տարիներ են անցկացրել Իջևանի և Նոյեմբերյանի սարերում` 20-30-ական թվականներին: Համբոյին չեկիստները շուտ են խփել, իսկ Վանիչկեն տասը տարուց ավելի մնացել է անորսալի` այն բանի շնորհիվ, որ ձմեռները անց է կացրել Միջին Ասիայում: Դա այն ժամանակները: Իսկ հիմա, երբ շնորհիվ հեռուստացույցի ամեն շուն ինձ դեմքով ու ձայնով ճանաչում է, դա հնարավո՞ր բան էր:

  • Իսկ ինչո՞վ եք զբաղված եղել այս ընթացքում: Ոմանք մտածում են, որ վեպ եք գրում, ոմանք կարծում են, որ օտար լեզուներ եք սովորում, ոմանք` հուշեր եք գրում:

- Գրեթե ոչ մի բանով զբաղված չեմ եղել: Վեպ չեմ գրել, հուշեր գրել չեմ ուզում, թեկուզ այն պատճառով, որ իմ հիշողությունը դիպվածային է, եթե կարելի է այդպես ասել` խրոնոլոգիականությունից զուրկ: Կարելի էր, անշուշտ, դիմանկարներով գրել, բայց անցած երկու տասնամյակին սիրելու բան քիչ է եղել, իսկ առարկան չսիրելով՝ ես չեմ կարող գրել: Սիրելիների մասին գրելն էլ անհնար է, որովհետև մանրամասն հիշելը ցավ է պատճառում: Ցավագին գրել չի կարելի:

  • Ձեր դեմ հարուցված քրեական գործի մասին ավելի շատ ուրիշներն են խոսել, քան դուք ինքներդ, ու շատերը ձեր լռությունը ընդունել են որպես ներկայացված մեղադրանքների կապակցությամբ ասելիքի բացակայություն: Ի՞նչ ունեք դուք ասելու այդ ամենի կապակցությամբ. որքանո՞վ են ճիշտ նրանք, ովքեր տեղի ունեցածը որակում են որպես քաղաքական հետապնդում, և որքանո՞վ են ճիշտ նրանք, ովքեր ձեր դեմ հարուցված մեղադրանքները դիտում են բացառապես իրավական հարթության մեջ և ներկայացնում են որպես օրինականության հաղթանակ: Եթե ճիշտ է առաջին վարկածը, ինչո՞ւ թիրախ ընտրվեցիք հատկապես դուք:

- Այդ ե՞ս չեմ խոսել գործի մասին: Իսկ ինչո՞վ էի զբաղված 98-99 թվականներին: Բայց դրա օգուտը ո՞րն է, երբ քո մի խոսքին ի պատասխան կես տասնյակ ալիքներ ու տասից ավելի թերթեր վրադ լուտանքներ են թափում` շաբաթներ շարունակ: Պետական ռեպրեսիվ մեքենային լծվելու գործում հայ ժողովուրդը մյուս ժողովուրդներից առանձնապես չի տարբերվում, բայց սահմանափակ կենսատարածքում ապրելու պատճառով ստացվում է, որ անում է առանձնակի

  • Եվ ստացվում է, որ գնալու որոշումը ճի՞շտ էր:

- Եթե հիշում եք, երկու անգամ եմ գնացել: Առաջին անգամ վերադարձա և ամբողջ վեց ամիս դատավարությանն էի մասնակցում: Բայց նրանց պետք չէր, որ դատավարությունը տրամաբանական ավարտին հասներ: Պետք էր քաղաքական թամաշա այնքան ժամանակ, որ նախագահական և պառլամենտական ընտրությունները հորով-մորով անեն: Արեցին, և արդեն ժամանակն էր, որ հատուցեին իրենց սուտ վկաներին, վկա-«ամբաստանյալներին»` արագ-արագ դատավճիռ կարդալ և արագ էլ կալանքից ազատել: Իսկ իմ մասնակցությունը դատավարությունը, բնականաբար, երկարաձգում էր, որովհետև տասնյակ հոդվածներ էին կպցրել, հարյուրավոր «վկաներ» էին գրանցել, և այդ ծավալով աշխատելու դեպքում այդ շոուն կտևեր ևս մեկ-երկու տարի: Բայց իշխանության հարցը արդեն լուծել էին: Այդ գործը պետք էր նախաքննության համար` նախագահական և պառլամենտական ընտրությունների ժամանակամիջոցում, և դատավարությունը լրիվ անիմաստ էր նրանց համար: Իսկ եթե իշխանությունը դատավարություն չի ուզում, դրա վիժեցնելու ձևը կգտնի: Եթե իշխանությունը որոշել է աքսորել մարդուն, միջոցը կգտնի, հատկապես եթե մարդը չոր գլուխ մենակ չէ, այլ հարազատ-բարեկամ-շրջապատ ունի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ ինձ թիրախ ընտրեցին, հարցով պատասխանեմ` բա ո՞ւմ ընտրեին: Կառավարության անդամներից ո՞վ է վատամարդը` պաշտոնի բերումով` ՆԳ նախարարը: Ետսովետական երկրներում ո՞վ է ամենախոցելին, եթե ոչ քաղաքական գործիչ ՆԳ նախարարը: Հո պատահակա՞ն չէր, որ Հարավային Կովկասի բոլոր 3 առաջին քաղաքական գործիչ ՆԳ նախարարները հետապնդման ենթարկվեցին. Համիդովը՝ Ադրբեջանի ազգային ճակատի առաջնորդներից, և Գամսախուրդիայի զինակից Խաբուլիանին:

  • Եվ այնուամենայնիվ, ձեզ ընտրել էին որպես PR թիրա՞խ, թե՞ մտածում էին, որ ուժեղ ընդդիմություն ձևավորելու համար բավական ներուժ ունեք:

- Այդ մասին մտածելու անսահման ժամանակ եմ ունեցել և եկել եմ այն եզրակացության, որ պատճառը, այնուամենայնիվ, իշխանությանը տիրանալու տևական ընթացքի համար ֆոն ստեղծելն էր: Ինչ-որ տեղ նաև Վազգեն Սարգսյանին էին մեկուսացնում և վնասազերծում` ի սկզբանե:

  • Իսկ ինչպիսի՞ն են ձեր հետագա պլանները, արդյոք դուք ձեզ համարո՞ւմ եք գործող քաղաքական գործիչ և մտադի՞ր եք ինչ-որ կերպ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին:

- Եթե զզվանքս օգնի, որ այլևս քաղաքականությամբ չզբաղվեմ, միայն ուրախ կլինեմ: Բայց երբեք մի ասա երբեք: Ի՞նչ է, 88-ին պատրաստվում էի՞ զբաղվել քաղաքականությամբ: Ինձ համար գրում, ապրում էի, մեկ էլ 50 հազար մարդ լցվեց հրապարակ: Սիրտս կտոր-կտոր էր լինում, հարթակ ելա, ասի. «Գորբաչովը քաղաքական դիակ կդառնա», և գնաց շան բաժին դարձավ հաջողակ գրողի, նույնիսկ տասը մարդու առաջ խոսել դժվարացող մարդուս կյանքը: Հիմա ի՞նչ իմանամ, ի՞նչ է լինելու, ի՞նչ պատուհասների առաջ ենք կանգնելու:

  • Իսկ այսօր ի՞նչ պայմանով կվերադառնաք Հայաստան:

- Դա հնարավոր կլիներ տարիներ առաջ, եթե իշխանությունը թույլ տար, որ դատավարությունը ընթանար Քրեադատավարական օրենսգրքի նորմերի համաձայն: Հիմա մնում է իրադրության փոփոխությունը:

  • Եվ ո՞րն է այսօր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրադրության ձեր գնահատականը:

- Ներքին քաղաքական իրադրություն արտահայտության մեջ բոլորովին ավելորդ է քաղաքական բառը: Քաղաքական կյանքի նշույլ չկա գոնե վերջին մեկուկես տարվա ընթացքում: Իրեն էլիտա հորջորջող քաղաքական դասը ակնհայտ շփոթի է մատնված, որը արդեն վերաճում է խուճապի: և հետաքրքիրն այն է, որ առավել խուճապահար են ընդդիմադիր լինելու կոչվածները: Այնինչ, բնական պետք է լինի այն վիճակը, երբ այն մթնոլորտում, երբ շնչահեղձ է լինում իշխանությունը, այդտեղի ընդդիմությունը պիտի թթվածին ստանար: Ազգային-մազգային, կոնստրուկտիվ, պետականամետ. սրանք դատարկ խոսակցություններ են: Բազմակարծության, բազմակուսակցականության, պառլամենտարիզմի իմաստն ու սիստեմի կենսունակության երաշխիքը այն է, որ ընդդիմությունը պիտի «դեստրուկտիվ» լինի: Համենայնդեպս, ընդդիմությունը չի կարող իշխանության հետ մեռնել: Բա ժողովո՞ւրդը:

  • Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի միջազգային դիրքերը և մասնավորապես ԼՂ հարցում այսօր ստեղծված վիճակը: Ռեա՞լ է արդյոք պատերազմի վերսկսման վտանգը:

- Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահպանելու կողմնակիցներին, այսինքն, քաղաքական անբաններին ու պարզապես շրջափակումից կարողություն դիզողներին թվում է, թե Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը թույլ կտա Ղարաբաղի հարցը էլի ձգել: Իբր` մեզ կմոռանան: Բայց ավելի հավանական է, որ լինի հակառակը: Վախենամ, թե Իրանի հարցը լուծվի «փուլային» տարբերակով, և դրա առաջին փուլ հանդիսանա Ղարաբաղը, ավելի ճիշտ՝ Արաքսի ձախ ափից հայկական ուժերի դուրս մղումը: Թող չթվա, թե Վաշինգտոնը կաշկանդված է Իրաքում տիրող վիճակով: Նախ ոչ ոք չգիտի, արդյո՞ք Իրաքի օկուպացիան Իրանի «հարցը լուծելու» ծրագրում հերթական «փուլը» չէր` Աֆղանստանից հետո: և ահա, սեպը սեպով հանելու մեթոդը ռազմաքաղաքական ճգնաժամի ընթացքում էլ է աշխատում: Այնպես որ, Ձախ ափի հարցը օրակարգում է բոլոր դեպքերում: և այն դառնում է երրորդ, գուցե չորրորդ փուլ, եթե հաշվենք նաև Լիբանանի ազատագրումը սիրիական զորքերից: և պատերազմի վտանգը լուրջ է, որովհետև իշխանության քաղաքական-դիվանագիտական ռեսուրսները սպառվել են: ևս մեկ-երկու հանդիպումը ոչինչ չի նշանակի: Երկու ելք է մնում. կա´մ հրաժարական, կա´մ պատերազմ: Կարծում եմ, որ հրաժարականն ավելի հավանական է:

  • Ի դեպ, հրաժարականի մասին. 1998 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանը, ձեր կարծիքով, ի՞նչ ճանապարհ անցավ և ո՞ւր է հասել:

- Հայաստանը միանշանակ փակուղի է մտել, քաղաքական, դիվանագիտական փակուղի: և ոչ թե (եթե կուզեք՝ ոչ միայն) այն պատճառով, որ իշխանությունը լեգիտիմ չէ, ոչ թե այն պատճառով, որ զբաղված են միլիոններ շինելով, այլ՝ որ հայրենակցական միություններին վայել զբաղմունք հայդատականությունը բարձրացրել կամ իջեցրել են պետական քաղաքականության մակարդակի և մի ողջ ժողովրդի գցել այդ ցնորամտության թակարդը: Հայդատականությունը ինքնին, որպես տարագիր մարդու կիրակնօրյա մտածմունք, անշառ բան է, բայց երբ տեղափոխում են պրակտիկ քաղաքականության ոլորտ, այդ տեղափոխողները դառնում են անխտրական, փնթի ու վտանգավոր, և այդ ամենը, ի վերջո, վերաճում է քաղաքական բոշայության:

  • Այս ընթացքում գրեթե միշտ ներքաղաքական ասպարեզում եղել են ուժեր, որոնք խնդիր են հռչակել Քոչարյանի վարչակազմը իշխանությունից հեռացնելը, բայց ինչպես տեսնում եք, այդ նպատակը չի իրագործվել: Ինչո՞ւ: Ինչո՞ւ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխություն տեղի չունեցավ:

- Հայաստանում ժողովրդական հեղափոխություն տեղի ունեցավ: Ընտրություններին ժողովուրդը ոչ միայն մերժեց, այլև ապստամբեց և իշխանությունը առավ-դրեց ընդդիմության ջոջերի ոտքերի տակ: Բայց վերցնող չեղավ, քանզի ընդդիմությունն ինքն էր հակահեղափոխական: Նաև անմիաբան: Նաև անգաղափար: Նաև անծրագիր: և հետևաբար` անարժան ժողովրդին:

  • Եվ որպես հետևանք` ինչպիսի՞ն է գործող իշխանության վերարտադրվելու հնարավորությունը: Ձեր կարծիքով, կարո՞ղ են լինել հակասություններ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև, թե՞ ճիշտ են նրանք, ովքեր կարծում են, որ նման հակասությունները բացառվում են:

- Էական հակասություններ Քոչարյանի և Սարգսյանի միջև լինել չեն կարող, իսկ այն հանգամանքը, որ Քոչարյանը դաշնակամետ է, իսկ Սարգսյանը՝ ոչ, բանի էությունը չի փոխում: Մյուս կողմից, ես չեմ ուզում Քոչարյանին Սերժ Սարգսյանով փոխարինելու տարբերակը քննարկել, քանզի համոզված եմ, որ իշխանության քաղաքական օրակարգում այդ հարցը չկա: Համ էլ, արդեն անհարմար է հազարումեկերորդ անգամ ասել, որ պետք է փոխվի ոչ թե կամ ոչ այնքան իշխանությունը, որքան իշխող իդեոլոգիան: Ի դեպ, հիմա սկսում եմ մտածել, որ իշխանության իսկական վերարտադրություն կստացվի, եթե իշխանության գա ընդդիմության ձեզ հայտնի հատվածը: Դաստիարակությամբ` նույնը, աշխարհընկալմամբ` նույնը, ինտելեկտով` նույնը, ազգային բարդույթների նույն սարդոստայնում խճճված ու շիվար: Ինչո՞վ վերարտադրություն չի լինի ներկա իշխանության:

  • Ինչպիսի՞ն է ՀՀՇ-ի գործունեության ձեր գնահատականը ձեր բացակայության ընթացքում: Ինչպե՞ս եք վերաբերվում այն գնահատականին, որ ՀՀՇ-ն տապալեց համախոհ ուժերին համախմբելու իր առաքելությունը: և ինչպե՞ս եք պատկերացնում կուսակցության հետագա գործունեությունը:

- ՀՀՇ-ն, որպես կազմակերպություն, փաստորեն, չկա: Համենայնդեպս հեռվից ինձ այդպես է երևում: Թեև չի կարելի չխոստովանել, որ ՀՀՇ-ի երդվյալ գաղափարակիրները մտավոր կարողություններով, գիտելիքներով և քաղաքական հասունությամբ առաջին շարքերում են: Մյուս կողմից, կարո՞ղ էր ՀՀՇ-ն համախոհներին համախմբելու նախաձեռնող լիներ: Չէր կարող: Սա ձեզ համար Անգլիա չէ, Ասիայում պարտված քաղաքական ուժը ի վիճակի չէ դա անել: ՀՀՇ-ի շուրջ ստեղծված մթնոլորտն էր պիղծ:

  • Եվ ինպե՞ս եք գնահատում իշխանության վերադառնալու Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավորությունները և արդյո՞ք նման բան հնարավոր և անհրաժեշտ եք համարում:

- Թե´ իշխանության և թե´ ընդդիմության գործունեությունը այս տարիների ընթացքում եկավ ապացուցելու, որ, ցավոք սրտի, Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա: Ցավալի է, քանի որ մեկ մարդու հույսին մնալը թե´ ազգի, թե´ երկրի քաղաքական համակարգի առողջության մասին չի խոսում: Տեր-Պետրոսյանի վերադարձը հեշտ չի լինի, բայց քաղաքական տեխնոլոգիաների հնարավորությունների սահմաններում է: Դրա համար անհրաժեշտ կլինի, որ միանան հայաստանակենտրոն ուժերը` պառլամենտում և արտապառլամենտական և ազգային բուրժուազիան, և գնան արտահերթ պառլամենտական ընտրությունների, որպես առաջին քայլ: Համարեք սա բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Զուլալ դեմոկրատիայի կողմնակիցները պիտի ներողամիտ լինեն, քանզի ընտրատեղամասերի իրենց դիտորդներին անգամ բուտերբրոդներով կերակրելու միջոցներ չունեն: Նույն վիճակում են նաև կուսակցությունները, քաղաքական խմբերն ու խմբակները` ի տարբերություն պատերազմի կուսակցության:

  • Բայց ո՞ւմ նկատի ունեք հայաստանակենտրոն ուժ ասելով, և ինչո՞ւ ընտրությունները պետք է լինեն արտահերթ:

- Որովհետև ժամանակ չկա: Ռամբույեից հետո արդեն բոլորն են ընդունում, որ բանակցելու տեղ չկա: Ալի՞ևը չի զիջում, թե՞ Քոչարյանը, այս ամենը ևս մեկ-երկու ամսվա ժամավաճառության նյութ է, ոչ ավելի: Տարօրինակն այն է, որ իշխանության այս ճգնաժամն առաջացել է առանց ընդդիմության ջանքերի և խորանում է առանց ընդդիմության մասնակցության: Եվ եթե ընդդիմությունը դեր չունի այս ամենի մեջ, տարօրինակ կլիներ, որ պատշաճ դեր ունենար հանգուցալուծման պրոցեսում: Որքան էլ ընդդիմության բեկորները պատրաստ չլինեն և չուզենան արտահերթ ընտրություն, իշխանությունը չի կարող ևս մեկ-երկու տարի գոյատևել քաղաքական-դիվանագիտական պարապուրդում՝ սպասելով, որ ընդդիմությունը պատրաստվի փոփոխությունների: Հետևաբար ներքաղաքական գործընթացները արագացնելու նախաձեռնությունը իշխանությանն է լինելու: Որովհետև` բացի այն, որ այլ նախաձեռնող չի երևում, նախաձեռնող կողմը շահեկան վիճակում է լինում: Այսինքն, քանի դեռ իշխանությունը ի վիճակի է կառավարել իր հրաժարականի ընթացքը, ինչո՞ւ պետք է սպասի: և եթե կառավարելու է, ծուռ նստենք շիտակ խոսենք, իշխանությունը կարո՞ղ է թույլ տալ, որ ստեղծվի մի վիճակ, երբ Կարեն Դեմիրճյանի որդին և Վազգեն Սարգսյանի եղբայրը վճռորոշ դիրք ստանան այդ ընթացքում, եթե անգամ կապ չի ունեցել հոկտեմբերի 27-ի հետ. հիմա ո՞ւմ պիտի համոզես: Ուզում եմ ասել, որ իշխանությունը դժվար թե ուզենա խաղալ կրակի հետ: և քանի որ դաշտը սրբված է, իշխանությունը ի վիճակի է ստեղծել այնպիսի դասավորություն, որպեսզի հեռանալը իր համար չլինի չափազանց ցավոտ: Ես առնվազն երկու տարբերակ գիտեմ, որը իրագործելի է օրենքի տառին համապատասխան և առանց խոշոր ցնցումների, թեև դրանք առաջին հայացքից կարող են աներևակայելի թվալ: Առաջին տարբերակ. սահմանադրական դատարանը 1998 թվականի Տեր-Պետրոսյանի հրաժարականի ընդունումը խորհրդարանի կողմից հակասահմանադրական է ճանաչում` պրոցեդուրայի կասկածելի լինելը ապացուցելով: Տեր-Պետրոսյանը վերականգնվում է պաշտոնում և անմիջապես նշանակում պառլամենտական և նախագահական ընտրություններ` միաժամանակ: և ինքն էլ առաջադրվում է իր խափանված կամ ընդհատված երկրորդ ժամկետով` նորովի: Երկրորդ տարբերակ` իշխանությունից դուրս գտնվող քաղաքական հեղինակություն, փորձ և կշիռ ունեցող մի գործիչ, ասենք՝ Բաբկեն Արարքցյանը, նշանակվում է վարչապետ, ԱԺ-ն, այնուամենայնիվ, մերժում է նրա թեկնածությունը, նախագահը լուծարում է Ազգային ժողովը և նշանակում արտահերթ պառլամենտական ընտրություններ, որպես առաջին քայլ: Հայաստանակենտրոն ուժերը համախմբվում են վարչապետի շուրջ և պառլամենտում ստանում մեծամասնություն: Հրաժարականի երկրորդ փուլը տեխնիկայի հարց է: և բնական է, որ այդ ողջ քաղաքական անցուդարձի ընթացքում Սերժ Սարգսյանն ապահովում է երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը: Այլ տարբերակներ ևս կան, բայց այսքանով սահմանափակվենք, և պարզաբանեմ, թե ո՞ւմ նկատի ունեմ հայաստանակենտրոն ուժ ասելով: Բոլոր այն ուժերը, ովքեր հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական, մշակութային, ընկերային, գիտական գործունեության կենտրոնը համարում են Հայաստանը: Ոչ թե Հայաստանը ու նաև Բեյրութը, Հայաստանը և Լոսը, չգիտեմ էլ ինչ գաղութ, այլ հենց Հայաստանը: Եզակիորեն Հայաստանը: Քաղաքական և հանրային կյանքի ակտիվ մասնակիցների գերակշիռ մասը այս գաղափարին համապատասխանում է: Բացի Դաշնակցությունից` իր հայդատական արբանյակներով հանդերձ: Եթե պայմանավորվում ենք, որ մարդ-կուսակցությունները չենք թվարկելու, այդ ազգային ճակատը ինձ պատկերանում է այսպես. «Հանրապետություն», Հանրապետական, ՀԺԿ, ՀՀՇ: «Օրինաց երկիրը» և ԱԺՄ-ն` որոշ վերապահումներով: Վերապահումը հայդատական բռնկումների մասով: և դուրս մնացածներն էլ, ի դեպ, դառնում են լուրջ ընդդիմություն:

  • Այս ժամանակաշրջանում տարբեր միջավայրերում և ամբիոններից շատ է խոսվում նախորդ իշխանության սխալների մասին. կարո՞ղ եք նշել այն հիմնական սխալները, որոնց արդյունքում Շարժման իշխանությունը հեռացավ:

- Արդյո՞ք սխալների կամ սխալի հետևանք էր, որ քաղաքական թիմը հրաժարական տվեց: Հազիվ թե: Մեկ-երկու սխալը հրաժարականի պատճառ դառնալ չէր կարող, բայց չի էլ կարելի չգիտակցել, որ քաղաքական սխալները ոչ թե գումարվում են, այլ բազմապատկվում: Բայց այս ամենի մասին բազմիցս խոսել ենք և բոլորովին ուշադրության չենք առել մեկ հանգամանք. այն, որ Ռուսաստանում իշխանության վերարտադրությունը տեղի ունեցավ (վարչապետից նախագահ սարքելու եղանակով) Հայաստանի իշխանափոխությունից հետո: Հիշենք, որ Հայաստանում վարչապետի ճանապարհը բացվեց ԱԺ նախագահի կրկնակի հրաժարականով (Բաբկեն Արարքցյանի և Խոսրով Հարությունյանի): Այս նմանության վրա ուշադրություն չէինք դարձնի, եթե Մոսկվան դրանից առաջ իշխանությունը պահպանելու երկու տարբերակ արդեն փորձարկած չլիներ. ռուսական պառլամենտը գնդակոծելով, Բելառուսի դեպքում` գոյություն ունեցող պառլամենտին զուգահեռ նոր պառլամենտի ընտրություններ անցկացնելով: Բելառուսականը հակասահմանադրական ստացվեց, ռուսականը` վայրագ, իսկ ռուսական ընդդիմությունը կատաղի էր, Ելցինի ժառանգորդի հարցը` խախուտ: Ճիշտ է, Չեչնիայի երկրորդ պատերազմը հիմնական խաղաքարտն էր, բայց չէր խանգարի վարչապետին նախագահ սարքելու տեխնոլոգիան նախ փորձարկել դաշնակից երկրներից հաջորդի` Հայաստանի վրա: Հիշո՞ւմ եք, որ Ելցինը 2003 թվականի նախագահական ընտրություններից առաջ Երևան եկավ, և ինքը հայտնեց, թե Տեր-Պետրոսյանը չի ուզում առաջադրվել: Ուրիշ ի՞նչ բացատրություն կարող է լինել այդ արտառոց դեմարշին, եթե ոչ այն, որ պաշտոնաթող մարդուն ստիպել էր, որ ինքն իր բերանով հայտնի, որ ինքը միակողմանիորեն չեղյալ է համարում խոստումը, թե այդ էքսպերիմենտը կսահմանափակվի նախագահական մեկ ժամկետով: Խոստումը ո՞ւմ: Համոզված եմ, որ նախագահ Շիրակին: Այս ամենն էր պատճառը, որ Հայաստանում իշխանափոխությունը տեղի ունեցավ ոչ թե հերթական ընտրություններին, ոչ թե դրանից մեկ տարի առաջ, այլ Ռուսաստանի ընտրություններից բավարար ժամանակ առաջ: Ուզո՞ւմ եք, համարենք սա ոչ գլխավոր պատճառը իշխանափոխության, բայց չեք կարող չհամաձայնվել, որ արտաքին գործոնը կարևորագույններից էր: Կարևորագույններից առաջինը:

  • Եթե արտաքին գործոնը այդքան կարևոր է, այդ դեպքում ընդդիմության մեղքը ո՞րն էր 2003-ին:

- Իշխանությունը միշտ էլ ավելի ենթակա է արտաքին ճնշման և ավելի խոցելի է, քան ընդդիմությունը: Ավելին, ընդդիմության դերն ու իմաստն էլ հենց այն է արտաքին քաղաքական ասպարեզում, որ այնտեղ, որտեղ իշխանությունը կաշկանդված է միջպետական հարաբերություններով ու միջազգային պայմանավորվածություններով, ընդդիմությունը պետք է ատամ ցույց տա, ինչի՞ մասին է խոսքը: Իսկ երբ 150 հազար ժողովրդին թողնում ես դրսում, գնում դեսպանի դուռը` թե ձյաձյա, թույլ կտա՞ս իշխանությունը վերցնեմ, ո՞վ կասի «go»: Ի՞նչ է մնում հետո անել: Մնում է ժամանակ առ ժամանակ աղջիկ լրագրողների գլուխը տանել նաղլ անելով, թե բա չե՞ք ասի, կարող էր արյուն թափվել: Պետք է կարծել, թե կա գեթ մեկ խելագար, որ կարող էր 150 հազար մարդու վրա ձեռք բարձրացնել: Տասը կամ հինգ հազարի դեմ` խնդրեմ, ինչպես որ եղավ Բաղրամյան փողոցում, բայց 100-150 հազարի… և երբ տեսնում են, որ աղջիկ լրագրողները առանձնապես չեն փշաքաղվում, խորհրդավոր ու ազգով մտահոգ մռայլվում են, թե կարող է Ղարաբաղը կորցնեինք: Ուժեղ արգումենտ է, եթե մոռանանք մի «մանրուք»` Վրաստանի ջահելները երեք վտանգված Ղարաբաղ ունեին` Օսեթիան, Աբխազիան, Աջարիան, երեքն էլ Ռուսաստանի ազդեցության տակ, բայց փոքրոգի չեղան և կարևորագույն հատվածը` Աջարիան, անմիջապես վերադարձրին Վրաստանին:

  • Պարոն Սիրադեղյան, և այնուամենայնիվ` որտե՞ղ եք հիմա:

- Եթե Հայաստանում չեմ, ի՞նչ տարբերություն որտեղ եմ: Համենայնդեպս, կարող եմ ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երեք երկրներից ոչ մեկում չեմ: Գիտակցաբար, մեր մեջ ասած: