Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 14-րդ


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 14-րդ՝ հոկտեմբերի 10

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված։ Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ։ Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
  • Հրադադարի մասին պայմանավորվածությունը խախտվեց Ադրբեջանի կողմից 12։05-ին՝ գրոհելով Կարախամբեյլի կոչվող տեղամասի ուղղությամբ։ 
  • Երեկոյան Ստեփանակերտը, Շուշան և Մարտունին ենթարկվել են հրթիռակոծության։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՆԱՏՕ-ին խնդրել է ուսումնասիրել Թուրքիայի դերը` ղարաբաղյան հակամարտությանը նրա մասնակցության հետ կապված: 
  • ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ՄԻԵԴ ներկայացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ անհերքելի ապացույցներ: 
  • Աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը Instagram-ի Story բաժնում նոր տեսանյութ հրապարակեց` պատմելով ադրբեջանա-թուրքական հարձակման հետևանքով դժվար կացության մեջ հայտնված իր հայրենակիցների մասին և կոչ արեց միանալ Հայաստանի համահայկական հիմնադրամի դրամահավաքին` ի աջակցություն Արցախի և Հայաստանի տուժած բնակիչներին:
  • Աշխարհահռչակ ջազային երաժիշտ Տիգրան Համասյանը ֆեյսբուքի իր էջում աշխարհին ներկայացրել է Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետևանքները։ Նա լուսանկարներ է հրապարակել երեկ ադրբեջանական հարվածների հետևանքով Շուշիում վնասված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուց։

Ադրբեջան

  • Մեկնաբանելով ստորագրված համաձայնագիրը Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկայիս ճգնաժամի ռազմական մասը մոտեցել է ավարտին եւ կողմերը դուրս են եկել քաղաքական կարգավորման, «որը կապահովի, որ մենք կհասնենք մինչև վերջ և կստանանք այն, ինչ մեզ իրավամբ պատկանում է»:

Թուրքիա

  • Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսային խոսակցություն ընթացքում ընդգծել է, թե իրենք կպաշտպանեն այն որոշումները, որոնք ելնում են Ադրբեջանի հետաքրքրություններից և շահերից:

Իրան

  • Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ: Վլադիմիր Պուտինը մանրամասն տեղեկություններ է փոխանցել Ռուսաստանի միջնորդությամբ տարվող քայլերի մասին տարածաշրջանում իրավիճակի լարվածության թուլացման ուղղությամբ: Իրանի նախագահն իր աջակցություն է հայտնել ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև եռակողմ խորհրդակցությունների՝ կրակի դադարեցման և հումանիտար նպատակների պայմանավորվածությունների արդյունքներին, ինչպես նաև խաղաղ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու՝ սուբստանտիվ բանակցություններ սկսելու որոշմանը:

Ռուսաստան

  • Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում կողմերը հաստատեցին կրակի դադարեցման պայմանավորվածություններին ու ընդգծել են դրա խիստ պահպանման անհրաժեշտությունը:
  • Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկու հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Լավրովը թուրք գործընկերոջը ներկայացրել է Մոսկվայում տեղի ունեցած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների արդյունքների մասին։ Չավուշօղլուն ասել է, որ ուշադրությամբ հետեւում են զարգացումներին, որոնք ծավալվում են Ղարաբաղյան հակամարտության ճակատում։

ՀԱՊԿ

  • «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի ողջունում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը երրորդ երկրների միջամտությունը, եթե դրանք գործում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներից դուրս»,- ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: «Այդ իրադարձությունների մասնակիցների ընդլայնումը չի բխում իրավիճակի կարգավորման, հակամարտության ապաէսկալացման շահերից: Այդ պատճառով մենք ողջունում ենք այն երկրների մասնակցությունը, որոնք մտնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ և գործում են այն լիազորությունների շրջանակներում, որոնք վերապահված են ԵԱՀԿ Մինսկի խմբին: Նախ և առաջ, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այն մանդատը, որը կա»,- ասել է Զասը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ

ԱՄՆ

  • Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից  մեկը՝ Մայքլ Ջորդանը, որն Ինստագրամում ունի 14 մլն հետևորդ, «սթորի» բաժնում տեղադրել է հայկական դրոշը ձեռքին հայ երիտասարդի լուսանկար և գրել է, որ խաղաղություն է մաղթում Հայաստանին, ցանկանում է, որ վե՛րջ տրվի ցեղասպանությանը: «Իմ սերն եմ ուղարկում բոլոր հայ ընկերներիս: Ձեր հայ ընկերները հիմա ձեր կարիքն ունեն»,- գրել է նա:

Գերմանիա

  • Գերմանիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը և կոչ է անում հետևել կրակի դադարեցման ռեժիմին: «Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները և երկու կողմին կոչ է անում հարգել այն և խուսափել հետագա զոհերից»,- նշել են արտգործնախարարությունից:

Կանադա

  • Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիին մեծապես անհանգստացրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղ բնակիչերի դեմ ռմբակոծությունները, նա դատապարտել է այս հակամարտությունում ահաբեկչության ցանկացած ձև: Քաղաքապետը նաև աջակցում է դաշնային կառավարության որոշմանը՝ դադարեցնելու ռազմական անօդաչու թռչող սարքերի արտահանումը:

Հունաստան

  • Հունաստանը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների քննարկումների արդյունքում: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո պետք է անհապաղ սկսվեն բանակցությունները՝ ապահովելու խաղաղ կարգավորումը»,- ընդգծում են Հունաստանի ԱԳՆ-ից։

Ֆրանսիա

  • Ֆրանսիան ողջունում է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական նպատակներով կրակը դադարեցնելու շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ «Բովանդակային քննարկումները, որոնց կողմերը մասնակցում էին Մինսկի խմբի հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների: Ֆրանսիան շարունակում է համախմբել ջանքերը՝ իր ներդրումն ունենալու այդ համատեքստում»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ: