Ամիսներ առաջ Ադրբեջանի դրոշներով հեղեղված Ուկրաինան մնացել է միայնակ


Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունները, չնայած Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցների նոր փաթեթի սահմանման, գնալով ծավալուն պատերազմի երանգներ են ստանում։

Խարկովի շուրջ և Սումի քաղաքում  ծանր մարտեր են: Կիևի ճանապարհին Գոստոմել օդանավակայանի շրջանում ՌԴ ԶՈւ հատուկջոկատայինները փորձում են վերահսկողություն հաստատել: Չնայած հակասական տեղեկությունների հեղեղին, հաստատված է, որ այս պահին ռուսական ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Չերնոբիլն ու Ղրիմից հյուսիս ընկած տարածներ: Կիևում բնակչությանը զենք են բաժանում: 

Այո՝ այն, ինչը կատարվում է Ուկրաինայում՝ մեծ ողբերգություն է։ Գիշերը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղիղ եթերում հայտարարել է․ «Այսօր մենք մենակ ենք մնացել, բոլորը վախենում են...»։

Իսկ ոչ վաղ անցյալում Ուկրաինայի բոլոր քաղաքները հեղեղվել էին Ադրբեջանի դրոշներով՝ Արցախում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներով։

44-օրյա պատերազմում Ադրբեջանին հաջողվեց հաղթանակ ապահովել նաև Ուկրաինայից մատակարարվող զենքի շնորհիվ։ Արյունալի այս պատերազմի ամբողջ ընթացքում Ուկրաինան, ինչպես և Թուրքիան, Պակիստանը, Իսրայելն ու այլ երկրներ, ինտենսիվորեն զենք էր հասցնում Ադրբեջանին՝ խրոխտ հայտարելով, թե բոլոր հնարավոր միջոցներով իր դաշնակցի կողքին է։

Մինչդեռ, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից մեկ օր առաջ՝ փետրվարի 22-ին, Ուկրաինայի երեկվա «հավատարիմ» բարեկամ Իլհամ Ալիևը շտապում է Կրեմլ՝ ՌԴ-ի հետ փոխադարձ աջակցության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրելու։

Ադրբեջանը, որը Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակի համար մեծապես պարտական ​​է նաև Ուկրաինային, այսօր լռում է։ Նույնը Թուրքիայի պարագայում է։ Ո՞ւր է Ուկրաինայի «նվիրյալ բարեկամն» իր բայրաքթարներով։ Ակնհայտ է, որ ինչպես և Արևմուտքը, այնպես էլ Ադրբեջանն ու Թուրքիան բացի «բարոյական աջակցությունից» ոչ մի քայլ չեն ձեռնարկի պաշտպանելու իրենց ռազմավարական դաշնակցի տարածքային ամբողջականությունը։




avatar