Կրեմլին ծնկի բերելու հարցում Արևմուտքն այլևս առաջվանը չէ


Ռուս-ուկրաինական երկարատև պատերազմի հեռանկարը արևմտյան առաջնորդների և փորձագետների շրջանում ի հայտ բերեց լուրջ տարաձայնություններ: Նրանք միակարծիք են Կիևին աջակցելու առումով, սակայն տարբերակված մոտեցում ունեն Արևմուտքի նպատակների հարցում՝ օգնել Ուկրաինային հաղթանակ տանել, կամ հասնել շուտափույթ զինադադարի՝ անգամ Կրեմլին զիջումների գնալու գնով։

Վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանը մարտի է նետել հսկայական ուժեր և կարողացել է առաջ շարժվել Դոնբասում ՝ սպառնալով Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի շրջանում շրջափակման մեջ առնել ուկրաինական զորքերի մեծ խմբավորում:

Ուկրաինայի իշխանությունների ներկայացմամբ՝ որոշ ուղղություններով ռուսական զորքերին հաջողվել է զգալի առավելության հասնել։ Միաժամանակ Դոնբասի համար մղվող մարտերում առավել կարևոր է հրետանու և ծանր սպառազինության առկայությունը։ Սակայն, Կիևի գործընկերները հապաղում են անհրաժեշտ ժամանակակից զինամթերքի մատակարարման հարցում՝ վարանելով Կրեմլի արձագանքից։ Եվ ստացվում է, որ պատերազմի նպատակների շուրջ Արևմուտքի հիմնական խաղացողների միջև առաջանում են հրապարակային տարաձայնություններ։

Եվրոպայում և ԱՄՆ-ում արդեն կոչեր են հնչում հասնել շուտափույթ հրադադարի՝ նույնիսկ եթե դա ենթադրի տարածքային զիջումներ Ուկրաինայի կողմից։ Հանրային դաշտում այս ճամբարին հակադարձում են են նրանք, ովքեր համոզված են Ուկրաինայի հաղթանակում։

Եթե ԱՄՆ-ի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների իշխանությունները պատերազմը շարունակելու հարցում շարունակում են աջակցել Ուկրաինային, ապա Արևմտյան Եվրոպայում արդեն խոսում են հակամարտության դադարեցման մասին։ Ընդ որում, այս տեսակետին աստիճանաբար հակվում են նաև Միացյալ Նահանգների քաղաքական տարբեր շրջանակներ։

Մոսկվայի հետ շուտափույթ խաղաղություն կնքելու կոչերին Կիևից առայժմ հնչում են կոշտ, իսկ երբեմն նույնիսկ անպարկեշտ պատասխաններ։

Այնուհանդերձ, կոշտ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի տնտեսությունը առայժմ պահպանում է իր կենսունակությունը։ Իսկ որքա՞ն կդիմանա Ուկրաինան ռուսական կողմի պարտադրած մաշեցնող պատերազմին։ Համենայն դեպս ակնհայտ է, որ Արևմուտքն այս հարցում այլևս միասնական չէ, ինչպիսին որ էր 100 օր առաջ։

Հ․ ԳԼուսանկարում՝ Ազովի գնդի հանձնվող մարտիկը նկուղի վերևում բացված անցքից արևի լույս է տեսնում․․․




avatar