Մոսկվայից՝ Վաշինգտոն. ընդհանուր ձևակերպումներ առանց կոնկրետության


Արտաքին կենտրոններից սկսել են արձագանքել Լաչինի միջանցքի փակմանը.

• Ռուսական խաղաղապահ առաքելությունը այսօրվա տեղեկագրում միայն փաստել է, որ ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին փակել է Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը՝ նշելով խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերականգնելու քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ երթևեկությունը։

◇ Արձանագրենք, որ ռուսական կողմը շեշտը դրել է ճգնաժամի հաղթահարման ոչ թե ուժային, այլ դիվանագիտական- քաղաքական լուծման վրա: Դժվար չէ նկատել, որ առայժմ առաջընթաց չկա:

• Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ է առաջացնում և վնասում է խաղաղության գործընթացին։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայս

◇ Վաշինգտոնի արձագանքն ավելի շատ նման է հորդորի, առայժմ չկան նշաններ, որ ամերիկյան վարչակազմը Բաքվի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն վարելու նպատակ ունի:

• Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

«Տեղաշարժի ազատության սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանն ու հումանիտար մտահոգություններ առաջացնում»,- հայտարարել է Եվրամիության Արտաքին քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Պետեր Ստանոն՝ հավելելով, թե «այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն կողմերի երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»։

◇ ԵՄ հայտարարությունն ամենահակասական է, ավելին՝ դրանում առկա են վտանգավոր շեշտադրումներ: Ուշադրություն դարձրեք՝ Բրյուսելը պահանջում է միջանցքի ոչ թե անվերապահ բացում, այլ դա փոխկապակցում է «կողմերի երկխոսության և խորհրդակցությունների» հետ, ինչից կարելի է ենթադրել, որ ԵՄ-ում առնվազն լեգիտիմ են համարում Բաքվի «այլ մտահոգությունները», որոնք «կարող են և պետք է լուծվեն կողմերի երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»։

Ընդհանուր առմամբ՝ միջազգային արձագանքը ստանդարտ ձևակերպումների մակարդակի վրա է, ինչը թույլ չի տալիս ենթադրել, որ Բաքվի դեմ կիրառվելու է կոնկրետ գործիքակազմ:

Սուրեն Սուրենյանց