Քաղաքականության փոխարեն՝ ունենք Փաշինյանի բավականին պրիմիտիվ պատկերացումներ


Սոչիի եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունները տեղավորվեցին, այսպես կոչված, ռուսական գծի մեջ, Ալեն Սիմոնյանն անգամ հայտարարեց, թե իրենք Հայաստանի ամենառուսամետ իշխանությունն են:

Զուգահեռաբար անոնսավորվեց, որ առաջիկա օրերին Վաշինգտոնում տեղի է ունենալու Միրզոյան- Բլինքեն- Բայրամով եռակողմ հանդիպումը:

Հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արևմտյան և ռուսական միջնորդների ռեգիոնալ շահերը, նրանց առաջարկած մոտեցումները տարբեր են: Դա, իհարկե, մարտահրավերներ է ծնում Հայաստանի համար, բայց մեր ամենամեծ խնդիրը նույնիսկ դա չէ:

Բոլոր ուղղություններով ու բոլոր պետությունների հետ պետք է ակտիվ աշխատել՝ չդառնալով աշխարհաքաղաքական որևէ կենտրոնի գործիքը մյուսի դեմ: Սա է արտաքին քաղաքականության արդյունավետ բանաձևը, սակայն՝ միայն այն դեպքում, երբ Հայաստանն ունի օրակարգ, քաղաքականություն՝ առհասարակ: Դա է, որ ակնհայտորեն չունենք:

Քաղաքականության փոխարեն՝ ունենք Փաշինյանի բավականին պրիմիտիվ պատկերացումներ աշխարհում, տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վերաբերյալ, ինչի հետևանքով՝ գլոբալ շահերի համատեքստում դառնում ենք մանրադրամ ու տարբեր գործընթացներում Հայաստանի սուբեկտությունը «խուրդվում» է՝ մեր երկիրը դարձնելով գլոբալ խաղացողների համաձայնությունների կամ հակադրության օբյեկտ:

Սուրեն Սուրենյանց