Փաշինյանը գերադասում է ոչ թե ցավոտ բանակցային լուծումը, այլ զիջումն՝ արյունով


Երկու մոլորություն մեզ սխալ ելակետով վերլուծություն անելու գայթակղության առաջ է կանգնեցնում: Չգիտես՝ ով և ինչու մեզ համոզել է, որ խաղաղության պայմանագիրն Ադրբեջանին է պետք ու, որ ժամանակն աշխատում է մեր օգտին: Ավելորդ է ասել, որ այս վարկածի կողմնակիցները որևէ փաստարկ չեն բերում:

Որպես կանոն, խաղաղության պայմանագիրն, առաջին հերթին, պարտվող կողմին է պետք, որի միջոցով նա կարողանում է կասեցնել պարտության հետևանքների խորացումը ու ինստիտուցիոնալ խաղաղության միջոցով՝ նախադրյալներ ստեղծել զարգացման համար:

Ալիևը հազար պատրվակ կարող է փնտրել՝ խաղաղության գործընթացը տորպեդահարելու համար. նա «սողացող պատերազմի» միջոցով ուժեղացնում է իր բանակցային դիրքերը: Ֆրանսիայի Սենատը տվեց նման առիթ ու Ալիևը հրաժարվեց բանակցել Մակրոնի միջնորդությամբ: Ինչո՞ւ բանակցային գործընթացի վիժեցման բեռի տակ մտավ նաև Փաշինյանը՝ «խրոխտ» հայտարարելով, թե առանց Մակրոնի բանակցությունների չի մասնակցի: Ընդ որում, Երևանի դիրքորոշումը աջակցության չարժանացավ ոչ Բրյուսելում, ոչ անգամ՝ Փարիզում:

Ասել եմ ու կրկնում եմ՝ Փաշինյանը գերադասում է ոչ թե ցավոտ բանակցային լուծումը, այլ զիջումն՝ արյունով, մեր տղաների արյան հաշվին... Հենց դրա համար է նա վերադարձել նախապատերազմյան «հայրենասիրական» նարատիվին:

Սուրեն Սուրենյանց