Ձեռքերդ հեռու Երևանից, այ գեղցի


Ենթադրենք, թե Ակադեմիական քաղաքի կառուցումը լավ գաղափար է։ Հնարավոր է, չէ՞, լավ գաղափարներ լինեն նույնիսկ փաշինյանական ապաշնորհ իշխանությունների օրոք։ Չասենք, որ «ակադեմիական քաղաքի» գաղափարը նույն ամերիկյան կամպուսի հայաֆիկացրած տարբերակն է։ Լավ բանի «քոփի-փեսթին» ոչ ոք դեմ չէ։ Անտեսենք անգամ, որ այդ գաղափարն արևմտամոլության համատեքստում է։ Հա, ի՞նչ կա որ։ Բայց ի՞նչ պարտադիր է լավ գաղափարներն իրագործվեն այլ լավ գաղափարների ոչնչացման հաշվին։

Տասնամյակներ շարունակ Երևանն ունեցել է երիտասարդական քաղաքի իմիջ, որովհետև Երևանը կառուցվել է երիտասարդական քաղաք դարձնելու գաղափարով։ Կարծում եք պատահակա՞ն է, որ բուհական հաստատությունների շենքերը կառուցված են հենց Երևանի Կենտրոնում։

Երևանի կենտրոնում միշտ հոսել է երիտասարդական ավյունը։ Օրվա բոլոր ժամերին Կենտրոնի փողոցներում, նրբանցքներում, այգիներում ու պուրակներում, սրճարաններում ու բարերում երիտասարդական կյանք է եռացել։ Հենց այդ պատճառով է Երևանը միշտ երիտասարդ մնացել։ Երևանի հյուրերն ու զբոսաշրջիկները Երևանի կենտրոնում երիտասարդական շունչն են տեսել ու զգացել։ Եվ դա կենտրոնում կառուցած բուհական հաստատությունների շենքերի շնորհիվ է։

Ինչո՞ւ են Եվրոպան «զառամյալ» կոչում։ Որովհետև եվրոպական միջնադարյան մայրաքաղաքներն ու խոշոր բնակավայրերը կառուցվել և ընդլայնվել են իրենց պատմության շուրջ։ Եվրոպական կենտրոններից միջնադարն է բուրում։ Չենք ասում դա վատ է։ Բայց եվրոպական շատ քաղաքներ չես կարող երիտասարդական անվանել։ Իսկ ամերիկաներում երիտասարդական շունչը հիմնականում ուսանողական քաղաքներում է և գիշերային ակումբներում։ Հեռու հասարակական եռուզեռից։

Եթե «լավ գաղափարն» իրականացվում է որևէ այլ լավ գաղափարի հաշվին, ուրեմն «լավ գաղափարը» պատրվակ է։ Երևանի կենտրոնից ուսանողներին ակադեմիական քաղաք «քշելու» գաղափարը Կենտրոնը երիտասարդներից բեռնաթափելուն է ուղղված։ Մի պահ պատկերացրեք Երևանի կենտրոնն առանց երիտասարդական անհոգ ծիծաղի, առանց գրկախառնված և համբուրվող զույգերի։ Կտեսնե՞նք նման բան ուսանողությանը Երևանից «քշելուց» 10 տարի անց։ Պատկերացրեցի՞ք ծերունական մռայլ դեմքերը վարդագույն շենքերի համայնապատկերին։

Երևանցին «Ակադեմիական քաղաքի» գաղափարն ընկալում է 4 տառից 3-ը բաղաձայնով գրվող «գռզո» անվան պրիզմայով։ Որքան էլ գաղափարը լավը լինի, երևանցին վստահ է, որ գաղափարը երևանցու մտածողության հետևանք չէ։

Երևանցին լավ գաղափարը կիրագործեր այլ կերպ։ Երևանցին ասում է՝ կառուցեք ձեր ակադեմիական քաղաքը որտեղ ուզում եք՝ Աշտարակի ձորում, թե Հատիսի գլխին, թե Գյումրու ձկնանոցի հարևանությամբ, կառուցեք, միայն կառուցեք, եղբայր՝ կառուցեք, բայց մի՛ քանդեք։ Մի՛ դատարկեք Կոնսերվատորիայի շենքը ուսանողներից, մի՛ դատարկեք թատերականի ու գեղարվետի, համալսարանի, բժկականի ու պոլիտեխնիկի շենքերը ուսանողներից։ Դրանով դուք Երևանի կենտրոնը դատարկում եք երիտասարդներից։ Ձեր ակադեմիական քաղաքում ստեղծեք 2-րդ կոնսերվատորիան, 2-րդ տնտեսագիտականն ու մանկավարժականը, լավ ուսում տվեք, թող ուսանողն ինքն ընտրի որտեղ սովորի։

«Ակադեմիական քաղաքի» գաղափարի շրջանառումը Երևանի կենտրոնը հյուրանոցների, ռեստորանների, բիզնես կենտրոնների վերածելու բաղաձայն պատրվակ է՝ Կենտրոնը «պոռճերի» դեմք ձեռք բերելու վախճանով։

Ձեռքերդ հեռու Երևանից, այ գեղցի՝ կասի երևանցին։

Գրիգոր Կարապետյան