Ջորջ Ֆրիդման. 21-րդ դարի իրադարձությունների կանխատեսում


Ջորջ Ֆրիդման,  Stratfor

Վստահություն ներշնչող միակ բանն այն է, որ ապագան հասկանալու հարցում ողջամտությունը ոչ մի կերպ չի օգնի: Չկան քսան տարի ձգվող հեքիաթային շրջաններ, չկա այն հասարակ ուժը, որ կիշխի հավանականություններին: Անսասան թվացող ցանկացած բան իրականում կարող է փոփոխվել խելահեղ արագությամբ:

Եթե մենք 20-րդ դարի սկզբում լինեինք, ապա դրա պատմության ընթացքը կանխագուշակել հնարավոր չէր լինի: Սակայն որոշ կանխատեսումներ արվել են, և մի քանիսը նույնիսկ հավաստի են եղել: Թեպետ պատերազմների վայրերն ու ժամանակը կանխատեսել չի հաջողվել համարյա ոչ ոքի, այնուամենայնիվ դրանց հնարավորությունը, այսինքն՝ անխուսափելիությունը գործնականում շատերն են գուշակել:

21-րդ դար՝ Միացյալ Նահանգների դարաշրջան

Ջորջ Ֆրիդմանը կարծում է, որ 21-րդը Միացյալ Նահանգների դարն է: ԱՄՆ-ը Խորհրդային Միության փլուզումից հետո մնացել է ուժի միակ բևեռը: Բացի դրանից՝ ԱՄՆ-ը այսօր գերիշխում է ծովում՝ դե- ֆակտո գրավելով կենտրոնական տեղը աշխարհում, ուղղակի վերահսկելով Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները:

ԱՄՆ-ը ունի ռադիոտեղորոշման և արբանյակային հսկողության միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս հետախուզելու ծովում կատարվող բոլոր իրադարձությունները: Հյուսիսային Ամերիկան, Ֆրիդմանի կարծիքով, միակ պլացդարմն է, որից կարելի է  իրականացնել նման մշտադիտարկում: Թեպետ ապագայում, նրա կարծիքով, սա կարող է հանգեցնել ԱՄՆ-ի թուլացմանը, ինչը, սակայն, պետք է տեղի ունենա միայն 22-րդ հարյուրամյակում:

Իսկ այս հարյուրամյակում Միացյալ Նահանգների հսկայական հզորությունը, որն արտահայտվում է տնտեսական, տեխնոլոգիական և մշակութային իրողություններում, այդ երկրի սրընթաց զարգացման գրավականը կլինի:

Անցյալ դարում ԱՄՆ-ը կարողացավ փոխարինել Եվրոպային՝ որպես ծովային առաջատար տերության: Այն կարողացավ մեկուսացնել Խորհրդային Միությունը և դրանով իսկ նախապատրաստել նրա փլուզումը: Սակայն Միացյալ Նահանգներն առաջվա պես չի կարողացել լիարժեք իմաստով քաղաքակիրթ երկիր դառնալ, այսինքն՝ թույլ տալ այլ կենսակերպի և այլ գաղափարախոսության գոյության հնարավորությունը՝ բացի իր սեփականից: Ամերիկյան հասարակությունը առաջվա պես պատրաստ չէ համակերպվելու այլ մշակույթի գոյության հետ, որ տարբեր է իր ունեցածից, և շարունակում է ողջ աշխարհին պարտադրել սեփական կենսակերպը՝ որպես էտալոն: 

Երկրաշարժ. ջիհադ ԱՄՆ-ի դեմ

Շատերն են կարծում, որ ԱՄն-ը երկարատև պատերազմի մեջ է խրվել մուսուլմանական աշխարհի դեմ՝ «Ալ- Քաիդայի» հետ  ուղղակի հակամարտություն սկսելով, և պարտություն է կրել: Սակայն եթե այս հիմնախնդիրը դիտարկենք աշխարհաքաղաքական մակարդակում, կհասկանանք, որ իրականում Միացյալ Նահանգները հասել է իր նպատակին, թեպետ պատերազմը հաղթանակով չի ավարտել:

ԱՄՆ-ը թույլ չտվեց, որ արմատական  իսլամը  համախմբվելու հնարավորություն ունենա: Հաղթանակը, Ֆրիդմանի կարծիքով, այն է, որ ԱՄՆ-ը մահմեդական աշխարհն ընկղմեց քաոսի մեջ՝ պահպանելով, սակայն, իսլամական տարբեր պետությունների և կրոնական հոսանքների միջև մշտապես շարունակական բախումներ առաջացնելու հնարավորությունը: 

Խորհրդային Միության փլուզումը հսկայական ազդեցություն թողեց աշխարհի զարգացման վրա: Երբ գոյություն ունեին ուժի երկու բևեռները, աշխարհի մյուս տարածաշրջանները «սառեցված էին»: Սակայն ԽՍՀՄ անհետացումը երևակեց խորքային բեկվածքները, որոնք մինչ այդ թաքնված էին:

Առաջին ճաքը, որն իր հետևից բերեց աշխարհաքաղաքական երկրաշարժ, Հարավսլավիայում բռնկված պատերազմն էր, որ առաջացրեց  մինչև Աֆղանսատնի հյուսիսում գտնվող Հինդուքուշ և Պակիստան ձգվող բեկվածք: Առավելաբար մահմեդական այս տարածաշրջանը նորից ապակայունացավ:

Իրադրությունն ավելի բարդացրին ամերիկացիները Աֆղանստանում խորհրդային գործողության ժամանակ՝ «Թալիբան»  շարժման զորամասերը փաստորեն ոտքի կանգնեցնելով:

Այուամենայնիվ, այս գործողությունները, ինչպես նաև Միացյալ Նահանգների անմիտ թվացող արձագանքը սեպտեմբերի 11-ի ահաբեկություններին իրականում ԱՄՆ մեծ ռազմավարության մասն են: Այսպիսի ռազմավարությունը բխում է պատերազմից, քանի որ հենց պատերազմից է ծագել ամերիկյան պետությունը: Կարելի է ընդգծել ռազմավարության հինգ տարրերը.

1. ԱՄՆ բանակի բացարձակ գերակայությունը Հյուսիսային Ամերիկայում (այս խնդրի իրականացման  հիմքը դրեցին պատերազմը Մեքսիկայի դեմ և Լուիզիանայի նվաճումը),

2. Միացյալ Նահանգների դեմ բոլոր սպառնալիքների լիարժեք չեզոքացում Արևմտյան կիսագնդում (քանի որ Հարավային Ամերիկան իրենից սպառնալիք չի ներկայացնում, պետք է զսպել Մեքսիկային և թույլ չտալ եվրոպական տերությունների ռազմական ներկայության ուժեղացումը Կարիբյան ծովի ավազանում. այս խնդիրները լուծելու համար էլ ձևակերպվեց Մոնրոյի դոկտրինը ), 

3. դեպի Միացյալ Նահանգների ափերը տանող ծովային բոլոր ուղիների ամբողջական վերահսկողություն ռազմածովային ուժերի կողմից՝ ներխուժումն արգելելու նպատակով (այս խնդիրը նշանակալից չափով լուծված է Առաջին և Երկորդ աշխարհամարտերի արդյունքներով, որոնց ընթացքում թուլացել էին բրիտանական և ճապոնական ռազմածովային նավատորմները),

4. Համաշխարհային օվկիանոսի ամբողջական վերահսկողություն՝ ԱՄՆ ֆիզիկական բացարձակ  անվտանգությունն ապահովելու  և միջազգային առևտրական համակարգը կարգավորելու նպատակով (այս խնդիրը մեծ մասամբ լուծվել է արբանյակային հսկողության համակարգի ստեղծման և աշխարհի բոլոր օվկիանոսներում ամերիկյան նավատորմի ռազմական մշտական ներկայության միջոցով),

5. ԱՄՆ համաշխարհային  ռազմածովային հզորությանը մարտահրավեր նետելու հնարավորությունից հետ պահել ցանկացած պետության: Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ը զգալի ջանքեր է գործադրել՝ ձգտելով թույլ չտալ եվրոպական նավատորմների ուժեղացումը:

ԱՄՆ-ը Իրաք ներխուժեց ոչ թե հանուն հաղթանակի, այլ որպեսզի թույլ չտա ուժեղ և հեռանկարում վանգավոր պետության առաջացումը:

Ակնհայտ է, որ այսօր ոչ ոք չի կարող արդյունավետ ազդել ԱՄՆ-ի վրա:

Այուամենայնիվ, տեսանելի ապագայում ԱՄՆ-ի ոչ մի գործողություն չի կարող կանխել իսլամական բողոքը աշխարհում ամերիկյան հեգեմոնիայի դեմ, որը,  Ջորջ Ֆրիդմանի կարծիքով, կարտահայտվի իսլամական աշխարհի նոր լիդերի առաջացմամբ. Թուրքիան է:
                                                                  
Բնակչությունը

Իսլամական ֆունդամենտալիզմի գաղափարախոսության անկյունաքարերից մեկը, ինչի մասին իր ուղերձներում միշտ խոսում էր Ուսամա բեն Լադենը, ընտանիքի հիմնախնդիրն է և հատկապես՝  հասարակության մեջ կնոջ դերի հարցը: Արևմտյան մշակույթն անհրաժեշտ է համարում բարեփոխել հասարակության մեջ կնոջ ավանդական դերը, ինչին, ի դեպ, ընդդիմանում է ոչ միայն իսլամը, այլև ավանդական կրոնական ուսմունքների մեծ մասը:

Այս բախումն ավելի կսրվի 21-րդ դարում, սակայն առավել կարևոր է այն, որ կատարված փոփոխություններն անխուսափելիորեն իրենց հետևից կբերեն ծնելիության սրընթաց անկում: 

Չի կարելի ասել՝ դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ կդառնա կնոջ դերի փոփոխությունը, բայց հաստատապես կարելի է արձանագրել դրա անշրջելիությունը:

Հաճախ են խոսում այն մասին, որ ծնելության զգալի կրճատումը զարգացած երկրներում կփոխհատուցվի բարձր ծնելիությամբ զարգացող երկրներում: Սակայն դա այդպես չէ: Հակառակը, ծնելիությունն ընկնում է աշխարհի բոլոր երկրներում:

Այսպես, բնակչության հավասարակշռությունը պահելու համար յուրաքանչյուր կին պետք է ծննդաբերի 2,1 երեխա: 1970 թ.-ին միջին ցուցանիշը հավասար էր 4,5-ի: 2000 թ.-ին այն ընկավ մինչև 2,7: ՄԱԿ տվյալներով 2050 թ.-ին այդ թիվը կկրճատվի ավելի շատ և կկազմի 2,05: ՄԱԿ մեկ այլ կանխատեսմամբ այս ցուցանիշը կփոքրանա մինչև 1,6 մեկ կնոջ համար:

Աշխարհաքաղաքական նոր բեկվածքներ

Աշխարհաքաղաքական ճեղքվածքի հիմնական գոտիներ ներկա հարյուրամյակում կարող են դառնալ.

  • Ասիական- խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որտեղ Չինաստանն ու Ճապոնիան ավելի ակտիվ կդիմադրեն ԱՄՆ-ի գերիշխանությանը,
  • Արևելյան Եվրոպայի երկրները, որտեղ Խորհրդային Միաության փլուզումից հետո կշարունակվի պայքարը ազդեցության ոլորտների համար,
  • Եվրամիությունը, որը կդիմադրի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի ազդեցության աճին և կսկսի դժվարություններ զգալ իր կազմում տնտեսական տարբեր մակարդակներով  մեծ քանակությամբ երկրների ընդգրկման  և էթնոկրոնական տարբեր համայնքների թվի մեծացման պատճառով,
  • Իսլամական երկրները, որոնք կարող են միավորվել Թուրքիայի գլխավորությամբ կոալիցիայում,
  • Մեքսիկան, որի դիրքը կնպաստի Հյուսիսային Ամերիկայի երկրների սահմանների քայքայմանը:

Խնդրահարույց գոտիների առկայությունը, անշուշտ, կհանգեցնի բախումների, թեպետ պարտադիր չէ, որ դա լինի ամեն մեկում:

Ասիական- խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը զգալի չափով կախված է նավագնացության միջոցով իրականացվող առևտրից՝ ինչպես ներմուծումից, այնպես էլ արտահանումից: Ճապոնիայի տնտեսությունը, որ աշխարհում երկրորդն է իր ծավալով, հիմնված է ռեսուրսների, հատկապես նավթի նեմուծման վրա: Տարածաշրջանի կարևոր խաղացողը՝ Չինաստանը, նունպես դառնում է հանքային ռեսուրսների խոշոր ներմուծող:

Նշված երկրներին, ինչպես նաև Հարավային Կորեային և Թայվանին անհրաժեշտ է մուտք դեպի Խաղաղ օվկիանոս, որը վերասկում են ԱՄՆ-ի ռազմական ուժերը. սա կարող է բախում առաջացնել:

Միաժամանակ ամերիկյան արտադրողների ուսերին ծանր բեռ է դառնում Ասիայից էժան ապրանքների ներմուծումը: Ասիական ներմուծումից հրաժարվելը, ինչին կարող է դիմել ԱՄՆ-ը, ուժեղ ցնցում կդառնա թե՛ Չինաստանի համար, որի արտահանման քառորդ մասը գնում է Նահանգներ, թե՛ տարածաշրջանի այլ երկրների համար:

Հեռավորաևելյան պետություններն այժմ անհրաժեշտ ռեսուրսներ չունեն ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական կամ տնտեսական շրջափակումից արդյունավետ պաշտպանվելու համար: Այս երկրների տնտեսական աճի և ռազմական ուժի միջև գոյություն ունեցող անհավասարակշռությունը  կբերի նրան, որ Ճապոնիան ու Չինաստանը այս հարյուրամյակի ընթացքում կմեծացնեն ռազմական պոտենցիալը, ինչը, անկասկած, բացասական արձագանք կառաջացնի ԱՄՆ-ի կողմից, որը անհանգսատացած է Խաղաղ օվկիանոսում իր գերիշխանության դեմ սպառնալիքից:

Դիմակայությունը կսրվի Կորեայի և Թայվանի՝ Չինաստանի և Ճապոնիայի կողմն  անցնելով , ինչպես նաև ասիական երկրների՝ նավթի գներից կախվածությամբ, ինչը կհանգեցնի ծովային առևտրական ուղիների համար պայքարին:

Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի սահմանները և դրան համապատասխան նրա ազդեցության ոլորտը զգալիորեն փոքրացան: Արտասահմանյան կազմակերպությունները, ինչպես ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը, կլանեցին նախկին սոցիալիստական բլոկի երկրները Արևելյան Եվրոպայում: ԱՄՆ-ը ձգտեց Վրաստանի, Կենտրոնական Ասիայի և Ուկրաինայի  հետ ինտենսիվ հարաբերություններ հաստատել:

Ուկրաինայի՝ ռուսական ազդեցությունից դուրս գալը և նրա ձգտումը դեպի ՆԱՏՕ, ինչի արդյունքն էր նարնջագույն հեղափոխությունը, էական վտանգ են Ռուսաստանի համար, որն այսպիսի իրադրությունում դառնում է բացարձակապես անպաշտպան: Բաց կդառնան սահմանները Բելառուսի հետ և Ռուսաստանի հարավ- արևելքում: Բացի դրանից՝ ՌԴ-ը կարող է կորցնել վերահսկողությունը Կովկասում, և երկրի հարավային սահմանները խոցելի կդառնան:

Ռուսաստանի ներքին շրջանները կդատարկվեն, և պետությունը կկազմաքանդվի՝ վերադառնալով իր միջնադարյան սահմաններին: Սա քաոսի կհանգեցնի Եվրասիայում, ինչին՝ որպես աշխարհում սեփական դիրքերի ամրապնդման միջոցի, միշտ ձգտել է ԱՄՆ-ը:

Այժմ Մոսկվան փորձում է ընդլայնել նախկին ԽՍՀՄ երկրների վրա իր ազդեցության ոլորտը: Այս ռազմավարությունը ծավալվում է երեք հիմնական ուղղություններով՝ Կենտրոնական Ասիա, Կովկաս և արևմուտք՝  Բալթյան երկրներ և Արևելյան Եվրոպա: Մոտավորապես մինչև 2020 թվականը Ռուսաստանի հիմնական խնդիրն է լինելու ուժերի և ազդեցության վերականգնումը:

Աշխարհաքաղաքական փոփոխություններն անքակտելիորեն կապված են տնտեսականների հետ: Վլադիմիր Պուտինը, էներգետիկ ոլորտները փոխադրելով պետական վերահսկողության տակ, վերակողմնորոշեց դրանք դեպի արտահանում, և էներգակիրների բարձր գներն օգնեցին ռուսաստանյան տնտեսության կայունացմանը: Բացի դրանից՝ արատահանվում են գյուղատնտեսական արտադրանքի զգալի մասը, ածուխ, ոսկի, ադամանդներ և այլ ռեսուրսներ: Սրա հետևանքով Ռուսաստանը հնարավորություն է ստանում Եվրոպան որոշակի չափով վերահսկելու՝ տնօրինելով գազի մատակարարումը դեպի այդ տարածաշրջանը:

Ռուսաստանի համար հեռանկարային է Կենտրոնական Ասիայի ուղղությունը: Իսկ Կովկասի իրադրության վերաբերյալ պետք է ասել, որ այն կմնա բարդ:

Բելառուսը, որ նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաքիչն է ենթարկվել քաղաքական և տնտեսական փոփոխությունների, Ռուսասատանի հետ կմտնի սերտ միության մեջ՝ վերջինիս թույլ տալով այդպիսով վերադառնալ նախկին սահմաններին:

Պիրենեյներից մինչև Սանկտ Պետերբուրգ ընկած տարածքում բնական սահմանների բացակայությունը Ռուսաստանին դրդում է շարժվել դեպի արևմուտք, որ իրեն ապահովագրի հնարավոր ներխուժումից: Սա խոցելի է դարձնում Բալթյան երկրների և Լեհաստանի դրությունը:

Միաժամանակ Բալթյան երկրները և Արևելյան Եվրոպայի պետությունները՝ Լեհաստանը, Հունգարիան և Ռումինիան, կընդդիմանան Ռուսասատանի ազդեցության ընդլայնմանը դեպի արևմուտք՝ որպես  սեփական անվտանգության դեմ ուղղակի սպառնալիքի: ՆԱՏՕ-ի բլոկի մաս լինելով՝ այս երկրները սեփական հիմնախնդիրների լուծման մեջ կներքաշեն ԱՄՆ-ը և Արևմտյան Եվրոպան:

Ռուսաստանը համաշխարհային տերություն չի դառնա հաջորդ տասնամյակում, սակայն այն չի կարող չվերածվել տարածաշրջանային խոշոր խաղացողի: Իսկ սա նշանակում է, որ ռուս-եվրոպական սահմանը կդառնա շահերի բախման վայր:

Եվրոպան առաջվա պես շարունակում է ներքին վերակազմավորումը նախորդ հարյուրամյակի երկու աշխարհամարտերից հետո, և մինչ այժմ պարզ չէ՝ կսահմանափակվի այսպիսի վերակազմավորումը միայն խաղաղ միջոցներով: Չնայած շարունակվող ինտեգրացիոն գործընթացներին՝ Եվրոպական միության ներսում պահպանվում է եվրոպական հին ազգայնամոլությունը:

Միաժամանակ Եվրոպան ո՛չ ուժ ունի, ո՛չ հնարավորություններ, ո՛չ էլ ցանկություն պատերազմներ վարելու համար: Այն իներտ է և ընդունակ է արձագանքելու միայն արտաքին սպառնալիքին, որ կարող են լինել կա՛մ մահմեդական երկրները, կա՛մ Ռուսաստանը:

ՌԴ-ը անմիջական ռազմավարական սպառնալիք է. այն ձգտում է վերականգնել իր ազդեցության ոլորտը նախկին ԽՍՀՄ արեալում: Արևելյան Եվրոպայի երկրները, ինչպես նաև Բալթյան երկրները դրան կընդդիմանան: Գերմանիայի դիրքորոշումը, որը ձգտում է հանդես գալ որպես միացյալ Եվրոպայի մաս, վատ է կանխատեսվում: Որպես բուֆեր ունենալով արևելաեվրոպական երկրները՝ այն կարող է կենտրոնանալ իր ներքին հիմնախնդիրների վրա: Սակայն դիմակայության մեջ մտնել, չլինելով ուժեղ և լայն կոալիցիայի կազմում, Գերմանիան չի համարձակվի: Այնպիսի երկրները, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Ֆրանսիան, իրենց հերթին Գերմանիան ընկալում են որպես բուֆերային գոտի Ռուսաստանի դեմ և բալթյան երկրների խոցելիությունը չեն դիտարկում որպես սպառնալիք իրենց շահերի դեմ: Այսպիսով, նրանք շահագրգռված չեն Գերմանիայի հետ կոալիցիա կազմելու հարցում:

Ամենից հավանականն այն է, որ Գերմանիայի անգործությունը և Ամերիկայի՝ եվրոպական գործերին թույլ ներգրավվածությունը կհանգեցնեն Ռուսաստանի ազդեցության աստիճանական աճին Արևելյան Եվրոպայի գոտում:

Կա իրադարձությունների զարգացման մեկ այլ սցենար, ըստ որի՝ Գերմանիան, Բալթյան երկրների վրա ռուսական ճնշման աճը Լեհաստանի, հետևաբար նաև սեփական ազգային անվտանգության համար սպառնալիք համարելով, դիմակայության մեջ կմտնի Ռուսաստանի հետ: Ընդ որում, ամենից հավանական է, որ եվրոպական մյուս երկրները բախումից հեռու կմնան:

Մահմեդական երկրները, որոնք այժմ տևական ճգնաժամի մեջ են, կարող են վաղ ապագայում միավորվել մեկ լիդերի շուրջ: Քիչ հավանական է, որ այդպիսի լիդեր դառնա Ինդոնեզիան, որը, սակայն, աշխարհում մահմեդական ամենամեծ երկիրն է: Պակիստանը՝ մեծությամբ երկրորդ մահմեդական պետությունը, թեև ունի միջուկային պոտենցիալ, բայց ներքին բախումների  պատճառով դժվար թե դառնա համաշխարհային խոշոր ուժ:

Լիդերության մյուս երեք հավակնորդները Եգիպտոսը, Թուրքիան և Իրանն են: Դրանցից Թուրքիան ունի տնտեսական ամենամեծ պոտենցիալը:

Իրանի վիճակը ծանրանում է ԱՄՆ-ի հետ այդ երկրի պերմանենտ դիմակայությամբ, սուննիներով և հակաիրանական տրամադրություններ ունեցող արաբներով: Իրանը պատրաստ չէ տարածաշրջանային ուժ դառնալու նաև իր աշխարհագրական դիրքի պատճառով. այն փաստորեն ոչ մի տեղ չի կարող ընդլայնվել Աֆղանստանի, Իրաքի և ռուսական ազդեցության ոլորտի միջև:

Եգիպտոսն ավանդաբար արաբական երկրների լիդերն էր, սակայն որոշակի ժամանակահատվածից սկսած՝ այն դիմակայության մեջ է Սաուդյան Արաբիայի հետ: Նրա ամենահավանական ճակատագիրը թուրքական, ամերիկյան կամ ռուսական ազդեցության տակ ընկնելն է:

Իսկ Թուրքիան ունի ժամանակակից տնտեսություն, ռազմավարական աշխարհագրական դիրք Եվրոպայի, Միջին Արևելքի և Ռուսաստանի միջև և դիմակայության մեջ չէ համաշխարհային կարևոր խաղացողներից ոչ մեկի հետ:

Մեքսիկան այս պահին յուրահատուկ դիրք է գրավում: Բնակչության մեկ շնչին ընկնող ցածր համախառն եկամուտ ունենալով՝ այն միաժամանակ ունի տնտեսական բարձր պոտենցիալ: Մեքսիկայի բնակչությունն անդադար աճում է, ինչը նշանակում է, որ աճում են նաև աղքատության մակարդակն ու սոցիալական լարվածությունը: Մեքսիկայի դերն ավելի մեծ նշանակություն է ստանում Հյուսիսային Ամերիկայում նրա դիրքի պատճառով: Մեքսիկացիների մշտական ներգաղթն ԱՄՆ կարող է հանգեցնել կոնֆլիկտների՝ հարցերի լայն շրջանակի պատճառով:

Ամբողջական՝ այստեղ (ռուսերեն)։