Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 2


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2015 - Մինսկի խմբի համանախագահող երկրները դատապարտում են ծանր զենքերի կիրառումը` կոչ անելով կողմերին վերսկսել հիմնարար սկզբունքների շուրջ առարկայական քննարկումները։

  • «Լեռնային Ղարաբաղի հակամարտւթյունը ռազմական լուծում չունի, և ոչինչ չի արդարացնում անմեղ մարդկանց մահը: Կոչ ենք անում կողմերին հնարավոր սեղմ ժամկետներում նվազեցնել լարվածությունը և խնայել մարդկանց կյանքը»,֊ Բելգրադում` ԵԱՀԿ նախարարական խորհրդում հայտարարում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը:

2007 - Մադիրդում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվեց Մադրիդյան դրույթները:
2003 - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչական գործողություն իրականացրած Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին:
2001 - Հոկտեմբերի 27-ի դատավարության ժամանակ ամբաստանյալ Կարեն Հունանյանին հարցաքննում է եղբայրը՝ Նաիրի Հունանյանը: 

  • Նրանք միմյանց դիմում են դուք-ով: Նաիրին հարցնում է՝ ու՞մն էր զինված ապստամբության գաղափարը: Կարենը պատասխանում է՝ գաղափարը ձերն էր, ինչպես նաև՝  իմը: 

2000 - ԱԺՄ-ն հրավիրում է արտահերթ համագումար: 

  • Մեկ տարվա ընթացքում ԱԺՄ-ի ներսում ձևավորվեց երեք կուսակցություն: Իրենց կուսակցություններն են բացել Շավարշ Քոչարյանն ու Արշակ Սադոյանը:

2000 - Ազգային Ժողովը պետական տոների մեջ վերականգնում է մարտի 8-ն ու մայիսի 1-ը: 

  • Սա կոմունիստ պատգամավորների ներկայացրած օրինագիծն էր: Այս երկու տոնին դեմ պատգամավորների թիվը շատ չէր:

1999 - Մեկ ամիս առաջ նշանակված վարչապետ Արամ Սարգսյանն իր կառավարության ծրագիրն է ներկայացնում խորհրդարանին: 

  • Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի եղբայրը եկել է ասելու, որ ստվերային տնտեսության դեմ առավել համակարգված են պայքարելու, ինչպես նաև՝ քաղաքական ահաբեկչության դեմ:

1998 - ԱԺՄ նախագահ և խորհրդարանի անդամ Վազգեն Մանուկյանը 1996-ի սեպտեմբերյան անկարգություններից հետո առաջին անգամ մտնում է Ազգային Ժողով:

  • Մարդը եկել էր էլեկտրաէներգիայի սակագնի մասին Էդվարդ Եգորյանի օրինագծի քննարկումներին մասնակցելու: 

1998 - Օսլոյում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը որոշում է Ղարաբաղի հարցով Բարձր մակարդակի պլանավորման խումբ ստեղծել` հնարավոր խաղաղապահ առաքելությունը նախապատրաստելու համար։

  • Նախարարները նշել էին, որ բազմազգ խաղաղապահ առաքելության մասին որոշումը կայացվել է 1994 -ի Բուդապեշտի փաստաթղթով: Դրա իրագործումն ապահովելու համար էլ հիմնվում էր նոր խումբը,որը պետք է ուսումասիրեր իրավիճակը տեղում և առաջարկներ ներկայացներ հնարավոր առաքելության թվի, զենքերի ու տեղակայման սցենարների վերաբերյալ:

1997 - Մինսկի խումբը ԵԱՀԿ֊ին է ներկայացնում կարգավորման «փուլային» տարբերակը, որը նախատեսում էր նախ լուծել հրադադարի ու անվտանգության հարցը, ապա` կարգավիճակի։

  • Տարեվերջին` ԵԱՀԿ նախարարական խորհրդին ներկայացված զեկույցում միջորդները գրել էին`այդ տարբերակը համապարփակ լուծում է առաջարկում` երկու փուլով: Առաջինը ներառում է անհապաղ քայլեր`զինված հակամարտությունը դադարեցնելու, զորքերը դուրս բերելու, միջազգային խաղաղապահներ տեղակայելու, տեղահանվածներին վերադարձնելու և ողջ տարածաշրջանում կոմունիկացիան վերականգնելու ուղղությամբ: Երկրորդ փուլի խնդիրն է որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որը պետք է արժանանա Մինսկի խորհրդաժողովի հավանությանը»: Միջնորդները նշել էին, որ այս փուլերը չպետք է միմյանց հետ փոխկապակցված լինեն, և քայլերից մեկը կարող է իրագործվել ավելի արագ, քան մյուսը, «բայց, բոլորի համար պետք է պարզ լինի, որ ի վերջո բոլոր հարցերը լուծվելու են»֊նշել էին համանախագահները:
  • Հայաստանն ու Ադրբեջանը , որոշ վերապահումներով, բայց` ընդունել էին այս տարբերակը որպես հիմք`հետագա բանակցությունների համար: Ստեփանակերտը մերժել էր:
  • Տարիներ շարունակ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հետևող միջազգային Conciliation resources կազմակերպությունը հրապարակել է նաև այդ նախագիծը:

1996 - ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում Հայաստանը վետո կիրառեց և տապալեց ԼՂ հարցի կարգավորումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կանխորոշող բանաձևի ընդունումը։

  • Բաքուն սպառնում էր ինքը վետո կիրառել հանդիպման եզրափակիչ փաստաթղթի վրա, եթե այն չարձանագրի, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա: Հայաստանն իր հերթին է օգտվում վետոյի իր իրավունքից: Որպես փոխզիջում` ԵԱՀԿ գործող նախագահն է առանձին հայտարարություն տարածում` ներառելով Բաքվի առաջարկած դրույթները: Գագաթնաժողովն անցնում է թեժ մթնոլորտում, արդյունք չի տալիս անգամ Հ. Ալիև ֊ Լ. Տեր-Պետրոսյան դեմ առ դեմ հանդիպումը:
  • Ադրբեջանի նախագահն իր ելույթում հայտարարում է. «Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի կազմում ստեղծվի երկրորդ հայկական պետություն»:
  • Հայաստանի նախագահն իր հերթին պնդում է` «Ղարաբաղի ժողովրդին պե՛տք է ինքնորոշման իրավունք տրվի, քանի որ Ադրբեջանն անկարող է երաշխավորել նրանց անվտանգությունը»:

1993 - Եթովպիան և Հայաստանի Հանրապետությունը հաստատեցին դիվանագիտական ​​հարաբերություններ։

  • Հայաստանը Եթովպիայում ներկայացված է Եգիպտոսի Կահիրեում իր դեսպանատան միջոցով։ Եթովպիան Հայաստանում ներկայացված է Ռուսաստանում՝ Մոսկվայում գտնվող իր դեսպանատան միջոցով։ 
  • 2016 թվականի մայիսին որոշվեց, որ Հայաստանը դեսպանություն կբացի Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում։ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում փոքրաթիվ հայկական համայնք կա։

1958 - Երևանում հիմնվում է սովետա-բուլղարական բարեկամության ընկերության հայկական բաժանմունք։
1945 - ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհուրդը հրապարակում է արտասահմանից հայերի վերադարձի համար անհրաժեշտ միջոցառումների մասին հատուկ որոշումը, որով սկսվելու էր հայրենադարձության ծրագիրը։

  • Այս որոշումը մեծ ոգևորությամբ է ընդունվում Խորհրդային Հայաստանում։ Ստալինին ձոնված ողջույններից ու շնորհակալությունից բացի, նկատվում էր հայ մարդկանց անկեղծ ուրախությունը։ «Այս որոշումով արտասահմանի հայերը, մեր արյունակիցներն ու հայրենակիցները հնարավորություն են ստանում վերադառնալու Հայաստան։ Մենք գրկաբաց ու սիրով կընդունենք արտասահմանի մեր եղբայրներին»,- ասել էր Մարտիրոս Սարյանը։
  • Դերենիկ Դեմիրճյանի, Արամ Խաչատրյանի և այլ մտավորականների ողջույնի խոսքերը նույնպես լի էին մեր հայրենակիցներին ընդունելու, ամեն ինչով աջակցելու վճռականությամբ։ «Թափառական հայ բազմությունները մի անպարտելի տենչանք ունեն - օր առաջ թողնել օտար երկրները, ուր նրանք մաշում են իրենց կյանքը և գալ Հայրենիք»,- գրել էր Ավետիք Իսահակյանը։

1920 - ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքվեց «Համաձայնագիր Ռ. Ս. Ֆ. Ս. Հ. լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավորության միջև» փաստաթուղթը, ըստ որի Հայաստանը հայտարարվեց անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։

  • Հայաստանի կառավարությունը համաձայնագիրը ստորագրելուց հետո հրաժարվում է իշխանությունից: Այդ մասին ընդունվում է պաշտոնական փաստաթուղթ հետևյալ բովանադակությամբ.

«ԱԿՏ
Ի նկատի ունենալով արտաքին հանգամանքների շնորհիվ երկրում ստեղծված կացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր 1920 թվի դեկտեմբերի 2-ի նիստում որոշեց՝ հրաժարվել իշխանությունից և հանձնել զինվորական և քաղաքացիական բովանդակ իշխանությունը զորաբանակի ընդհանուր հրամանատարին, որպիսսի պաշտոնում նշանակել ռազմական նախարար Դրոյին:
Նախարարների խորհրդի նախագահ Սիմոն Վրացյան,
Նախարարներ՝ Ա. Հովհաննիսյան, Ա. Խոնդակայն, Հ. Տերտերյան, Դ. Կանայան»:

  • Ստանձնելով իշխանությունը, զինվորական հրամանատարությունը դեկտեմբերի 2-ին արձակում է թիվ մեկ հրամանը։

«Հայաստանի բոլոր պետական հիմնարկությունները, պաշտոնական անձիք և քաղաքացիները պարտավոր են անհապաղորեն կատարելու ռազմական հրամանատարության հրամանները: Հրամանատարության կարգադրությունների դեմ գնացողները ենթարկվում են անմիջական պատասխանատվության հեղափոխական ժամանակի օրենքներով:
Ռազմական ուժերի հրամանատար՝ Դրո:
ՌՍՖԽՀ կոմիսար՝ Սիլին»:

1920 - Լենինը ողջույնի հեռագիր է հղում Հայաստանի Ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահ Սարգիս Կասյանին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու առթիվ։
1920 - Ալեքսանդրապոլի պայմանագիրը Թուրքիայի և Հայաստանի միջև, որն ավարտեց թուրք-հայկական պատերազմը։

  • Պայմանագիրը կնքվել է 1920 թվականի հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։  
  • Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։ Երևանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի պայմանագրից։
  • Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ, պայմանագրի կնքումից 7 ժամ առաջ՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժ. 18.00-ին, այն չճանաչեց։ Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայի պայմանագրով, իսկ հետո՝ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված պայմանագրով։

1816 - Ջորջ Բայրոնը գալիս է Վենետիկ՝ հայոց լեզու սովորելու և ծանոթանալու հայ գրականությանը։

ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Հովհաննես Բաչկով (ծնվ. Գյումրի), բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն (2017), Տոկիոյի 2020 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
1989 - Մատեո Դարմյան, իտալացի հայազգի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
1953 - Ստեփան Ներսեսյան (ծնվ. Սան Պաուլո, Բրազիլիա), դերասան, բրազիլացի հասարակական գործիչ

  • Ծնվել է հայազգի Կարապետ Ներսեսյանի և իտալուհի Լիուզա Բորյելոյի ընտանիքում:
  • Ստեփան Ներսեսյանը դարձել է հայկական լոբբիի ձևավորման «հեղինակը»։ Ներսեսյանը զգալիորեն ամրապնդել է կապերը Արգենտինայի, Ուրուգվայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների հետ։ 

1938 - Լև Սարկիսով (ծնվ. Վորոնեժ), ալպինիստ, ալպինիզմի ԽՍՀՄ չեմպիոն

  • 1999 թվականի մայիսի 12-ին առավոտյան ժամը 10 - ին «Կովկաս-99» Հիմալայան արշավախմբի գրոհային ջոկատի մասնակիցներ Բենո Կաշակաշվիլին, Աֆի Գիգանին, Բիձինա Գուջաբիձեն, Լև Սարկիսովը, շերպեր Չավան Ռիտան և Նավենգլանը ոտք դրեցին աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը:
  • Սարկիսովն Էվերեստը նվաճող ամենատարեց և առաջին հայ ալպինիստն է։

1918 - Նիկոլայ Նիկողոսյան, նկարիչ, քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965), ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1970), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1977), ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1982)
1916 - Գրիգորի Յաղջյան (ծնվ. Երևան, մ. 1983), թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1954 թ.)
1910 - Արտաշես Մամիջանյան, հայ խորհրդային ճարտարապետ
1897 - Հովհաննես Բաղրամյան (ծնվ. Չարդախլու, Արցախ, մ. 1982), զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, Խորհրդային Միության կրկնակի հերոս

  • Հարձակողական գործողության արդյունքում խորհրդային զորքերը դուրս են եկել Բալթիկ ծով, և հրամանատար գեներալ Բաղրամյանը որոշել է ուրախացնել Ստալինին՝ նրան ուղարկելով Բալթիկ ծովի ջրով շիշ։ Բայց մինչ այդ շիշը հասել էր Կրեմլ, գերմանացիներին հաջողվել էր հետ մղել պլացդարմը և ափերից դուրս մղել մեր զորքերը։ Ստալինն արդեն գիտեր այդ մասին և երբ նրան շիշը հանձնեցին, ասաց՝ թող նա այս շիշը ետ լցնի Բալթիկ ծովը։
  • Լատվիական ԽՍՀ Գերագույն Խորհրդի առաջին նիստում նախագահողը խոսեց լատիշերեն և նրան հաջորդողները ելույթներն սկսեցին լատիշերենով։ Նիստին որպես պատգամավոր ներկա Բաղրամյանը խոսք է վերցրել և ելույթ ունեցել հայերեն։ Դրանից հետո բոլոր նիստերը անցկացվել են ռուսերեն, որը հասկանում էին բոլոր ներկաները։

1891 - Խորեն Սարգսյան (մ. 1970), հայ գրականագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
1868 - Գևորգ VI Չորեքչյան (ծնվ. Դոնի Նախիջևան, Ռուսաստան, մ. 1954), Ամենայն Հայոց Կաթողիկոս (1945-1954), ազգային-եկեղեցական գործիչ

  • 1941 թ. Ստալինը Մոսկվա կանչեց տեր Գևորգին և նրանց միջև տեղի ունեցավ կարևոր զրույց, որի ժամանակ արքեպիսկոպոսը խնդրեց Խորհրդային պետության ղեկավարին վերադարձնել ձերբակալված հայ հոգևորականներին։ «Նրանք այլևս չկան»,- պատասխանել է Ստալինը։
  • Գործող բանակին, ճակատին, մասնավորապես տանկիստներին, մեծ օգնություն է ցուցաբերվել սփյուռքահայ հավատացյալների կողմից՝ կաթողիկոս Գևորգ VI Չորեքչյանի գլխավորությամբ։ Նվիրատվությունների միջոցով հավաքվեցին զգալի նյութական միջոցներ, կառուցվեցին և բանակին հանձնվեցին «Սասունցի Դավիթ» և «Հովհաննես Բաղրամյան» տանկային շարասյուները:

1772 - Քրիստափոր Արետին (ծնվ. Ինգոլշտադտ, մ. 1824), Մյունխենի կենտրոնական գրադարանի գլխավոր պահապանը

  • Արետինները հայկական ծագմամբ բավարական բարոնների տոհմ են, որոնցից շատերն իրենց վաստակն ունեն պետական ծառայության և գրականության ասպարեզում։