Պատմության հայկական օրը. հուլիսի 26


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ժամը 03:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
2021 - Ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

  • Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ 

2021 - Ժամը 22:26-ի սահմաններում, Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը
1994 - Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորական առաջնորդները վերահաստատում են «հրադադարը պահպանելու պարտավորությունը»։

  • Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ՊՆ Ս.Սարգսյանը, Ադրբեջանի ՊՆ Մ.Մամեդովը և Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար Ս.Բաբայանը` վերստին խոստանալով ակտիվացնել ջանքերը` 30 օրում քաղաքական կարգավորման շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ:

1993 - ՀՀ Նախագահը օրենքներ ստորագրեց ՀՀ Ազգային հերոսի, Արիության և Մարտական ծառայության մեդալներ սահմանելու վերաբերյալ:

  • 2000 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ` Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ Ազգային հերոսի կոչման արժանացել են 8, Արիության մեդալի` 746, Մարտական ծառայության մեդալի` 339 մարդ:

1992 - Ստեփանակերտ ժամանեց Ռուսաստանի Դաշնության հատուկ հանձնարարություններով դեսպան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ռուսաստանյան միջնորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Կազիմիրովը:
1989 - Արցախյան պատերազմ.
Շահումյանի (Հյուսիսային Արցախ) շրջանային խորհուրդն ընդունեց որոշում` վերամիավորվել ԼՂԻՄ-ի հետ:
1988 - Արկադի Վոլսկին ուղարկվում է ԼՂԻՄ՝ որպես Քաղբյուրոյի ներկայացուցիչ։
1982 - ASALA. Պայթյուն Փարիզի «Սեն Ժերմեն» սրճարանում։ Երկու վիրավոր։

  • Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին մոտ «Օրլի Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
  • Նույն թվականի Հուլիսի 31-ի հայտարարությամբ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն կոչ է ուղղում «Օրլի Կազմակերպությանը» հորդորելով դադարեցնել ֆրանսիական հաստատությունների դեմ գործողությունները և գուժում է մահը «Օրլի Կազմակերպության» անդամներից Պիեռ Գյուլյումյանի, որը զոհվել էր 1982 թ. Հուլիսի 3-ին ռումբի պատրաստման ժամանակ՝ պայթյունից։
  • Ի շարս այլոց, Պիեռ Գյուլյումյանը մասնակցել է նաև 1980 թ. Օգոստոսի 5-ին Լիոնում Թուրքիայի հյուպատոսարանի վրա հարձակմանը և 1981 թ. Մարտի 4-ին Փարիզում երկու թուրք դիվանագետների սպանությանը։

1944 - ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը ԽՍՀՄ հերոս, գեներալ Սարգիս Մարտիրոսյանին շնորհեց Պատվավոր լեգեոնի կոչում՝  նրան շնորհելով «1-ին աստիճանի հրամանատարական շքանշան»՝  բարձր նվիրվածության և բացառիկ հմուտ ռազմական գործողություններ վարելու համար:
1918 - Գեներալ Նազարբեկյանի հրամանով Հայոց ազգային կորպուսը վերակազմավորվեց Ազգային դիվիզիայի, որի հիման վրա էլ հետագայում ծավալվեց Հայոց Բանակը։
1917 - Անդրանիկը,
զորամասը և գաղթականությունը հասան Կապան, իսկ օգոստոսի 3-ին` Գորիս։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Զառա (Զարիֆա Մգոյան), ռուս երգչուհի, դերասանուհի, հասարակական գործիչ
1952 - Մարտիրոս Բադալյան, Խամաճիկների պետական թատրոնի գլխավոր նկարիչ

  • Բադալյանի նկարները ցուցադրվել են Եվրոպայի երկրներում և Ամերիկայում։

1948 - Նորայր Նուրիկյան, բուլղարացի հայ ծանրորդ

  • Աշխարհի ռեկորդակիր (1972, 1975, 1975, 1976, 1976), աշխարհի չեմպիոն (1972, 1976), Օլիմպիական խաղերի չեմպիոն (1972, 1976), Եվրոպայի չեմպիոն (1976), Բուլղարիայի չեմպիոն:

1945 - Նատալիա Կոզինցևա, բանասիրական գիտությունների դոկտոր

  • Նրա ծնողները՝ պրոֆեսոր Մարգարիտա Տեր-Մինասյանը և հայրը՝ պրոֆեսոր Անդրեյ Ռիխտերը կենդանաբաններ էին, ավելի ճիշտ՝ էնտոմոլոգներ, Հայկական ԽՍՀ ԳԱ Կենդանաբանության ինստիտուտի առաջին տնօրեն և կազմակերպիչ։ Մայրը Հայաստանում առաջին կին բժիշկն է: Հոր կողմից պապը՝ ակադեմիկոս Անդրեյ Ռիխտերը բուսաբան էր, բույսերի ֆիզիոլոգ, Պերմի համալսարանի ռեկտոր։ Պապը՝ պրոֆեսոր Երվանդ Տեր-Մինասյանը, հայտնի գիտնական, խոշոր հայագետ և արևելագետ է։ Իսկ աստվածաբանական թեմաներով գիտական հոդվածներ է գրել նաև նրա պապը ՝ Տեր Մինաս Վահանյանը, հարիչի վանքի վանահայրը և նշանավոր վանական դպրոցի առաջին ուսուցիչը։

1945 - Օհան Բասկին, քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, իրավունքի մարտիկ

  • Հետազոտություններ է կատարել և դասախոսություններ կարդացել Օքսֆորդում։ 

1941 - Վիգեն Չիտեչյան, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
1938 - Ռենե Կյուլաշթյան, ֆրանսիացի գրող, պիեսների և օպերա լիբրետոյի հեղինակ
1937 - Լևոն Սահակյան, ՀՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ (1987-1990)

  • 1990թ. հոկտեմբերից Լևոն Սահակյանը ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմամբ Աֆղանստանի Հանրապետությունում աշխատանքի է անցել ԽՍՀՄ դեսպանատանը, ապա նաև ՌԴ-ում  դեսպանորդ-խորհրդականի պաշտոնում: Նա Աֆղանստան կենսական նշանակության բեռների, հատկապես նավթամթերքների, տեխնիկայի, հումանիտար օգնության մատակարարումների համակարգողի գործառույթներ է իրականացրել։
  • Նրան շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:

1936 - Վարդգես Գնունի, պետական, գիտական և քաղաքական գործիչ
1926 - Ալեքսանդր Ստեփանյան, ՌԽՖՍՀ վաստակավոր գյուտարար
1914 - Նադեժդա Ալեքսանյան-Շահազիզ, նկարչուհի, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ
1905 - Վախթանգ Անանյան, հայ արձակագիր, լրագրող

  • Հայ գրականության մեջ որսորդական պատմվածքի նախաձեռնողն է։
  • «Սևանի ափին», «Հովազաձորի գերիները» ստեղծագործությունների հեղինակ է:

1900 - Միհրան Մավյան, գրող, ֆրանսիական Դիմադրության մասնակից

  • Նրա հուշագրությունները, որոնք գրվել են հայերեն և հրատարակվել Երևանում՝ նրա դստեր՝ Ալիսա Մավիանի թարգմանությամբ:

1897 - Կարո Հալաբյանը (մ. 1959), խորհրդային ճարտարապետ, ակադեմիկոս
1859 - Վասիլի Թամամշև, գեներալ-մայոր, ազնվական

  • Ծնվել է նշանավոր թիֆլիսյան հայ ընտանիքից։ Ամուսնացած էր հայուհի, ազնվական Օլգա Նիկոլաեւնա Պրիդոնովայի հետ:
  • 1908-ին Թիֆլիսի Կազանի թատրոնի տնօրենն էր, որը հիմնադրվել է 1851 թվականին նրա ազգականի և ազգանվանակցի կողմից։
  • 1910-ին Թիֆլիսի խրախուսական սկակ ընկերության վարչության պատվավոր անդամ և Գեղեցիկ արվեստների խրախուսման կովկասյան ընկերության փոխնախագահ:
  • Հեղափոխությունից հետո արտագաղթել է Ֆրանսիա։