Պատմության հայկական օրը. հուլիսի 28


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Եսայի մարգարեի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Եսայի մարգարեն Հին կտակարանի չորս «մեծ մարգարեներից» առաջինն է: Ծնվել և գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում, մարգարեացել է 8-րդ դարի կեսերին: Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր Կտակարանները կապող օղակն է: Եսային կոչվում է նաև Ավետարանիչ մարգարե՝ Մեսիայի, այսինքն` Քրիստոսի մասին ամենից շատ մարգարեանալու համար: Նա ներկայանում է իբրև Տիրոջ Հոգով ուղարկված ծառա՝ «Աղքատներին ավետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու»: Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21): Ըստ ավանդության՝ Եսայի մարգարեն նահատակվել է սղոցումով:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-28, 2023-07-20,  2024-07-11, 2025-07-31, 2026-07-16, 2027-07-08, 2028-07-27, 2029-07-12, 2030-08-01:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ 
2021 - Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ 
2021 - Ադրբեջանում հայ ռազմագերիներ Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։ 

  • Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276 (լրտեսություն), 228 (ապօրինի զենքի ձեռքբերում կամ կրում), 279 (օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում), 318 (պետական սահմանի ապօրինի հատում) շինծու հոդվածներով:

2009 - «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և ղարաբաղյան ծագումով մյուս օլիգարխները կքավեն իրենց մեղքերը, եթե ընտանիքներով վերադառնան Ղարաբաղ։
1998 - Հայաստանում բացվում է առաջին ինտերնետ դպրոց սրճարանը։
1993 - Մարտակերտի մոտակայքում հանդիպում են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները`պայմանավորվելով կարճատև հրադադար հաստատել։

  • Ղարաբաղը ներկայացնում էին բանակի նախարար Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, ազգային անվտանգության գլխավոր վարչության ղեկավար Կամո Աբրահամյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Աղասարյանը և Արսեն Մելիք-Շահնազարովը՝ որպես քարտուղար:
  • Ադրբեջանական կողմը ներկայացնում էին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը, պետական նախարար Ի. Ալիևը, Ռազմագերիների և պատանդների հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ի. Քյազիմովը, ԱԳՆ ներկայացուցիչ Թոֆիկ Զուլֆուգարովը, քարտուղար Ն. Թալիբովը:
  • Հանդիպմանը ղարաբաղյան կողմը փոխանցեց ռազմական գործողությունների սահմանափակումը երկարաձգելու մասին համաձայնագրի տեքստը՝ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ, որը Սաֆար Աբիևը հաջորդ օրը ստորագրել և ֆաքսով ուղարկել էր Ստեփանակերտ:

1920 - Հռչակվեց Նախիջևանի Խորհրդային Հանրապետությունը:

  • Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը հաշտության համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն՝ Ղարաբաղը, Նախիջևանը և Զանգեզուրը մնացին Կարմիր բանակի հսկողության տակ:

1914 - Հայ ժողովրդի երկու հատվածը՝ արևելահայությունն ու արևմտահայությունը, հայտնվեց ռուսական և օսմանյան կայսրությունների միջև ընթացող թեժ ռազմական գործողությունների թատերաբեմում, մասնավորապես՝ Կովկասյան ռազմաճակատում՝ պայմանավորված երկու ռազմաքաղաքական դաշինքների՝ Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, 1917 թվից՝ ԱՄՆ) և Եռյակ (հետագայում՝ Քառյակ) դաշինքի (Գերմանիա, Ավտրո-Հունգարիա, Օսմանան կայսրություն, 1915 թ.՝ Բուլղարիա) միջև սկսված մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկի՝ Առաջին աշխարհամարտով: 

  • Պատերազմի մեջ ներքաշված երկրներում սկսվեց զինապարտ քաղաքացիների զորակոչ: Ավելի քան 250.000 օսմանահպատակ հայ զորակոչվեց օսմանյան բանակ, նույնքան էլ ռուսահպատակ հայ` ռուսական կայսրության բանակ: Անտանտի մյուս երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի բանակներ զորակոչված հայ մարտիկների թիվը անցնում էր 50.000-ը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Արման Փաշիկյան, շախմատիստ
1987 - Սևակ Խանաղյան, երգիչ, երգերի հեղինակ, «X-ֆակտոր» - 2016-ի հաղթող
1963 - Ռաֆայել Վարդերեսի Սամուրգաշև, միջազգային կարգի սպորտի վարպետ (հունահռոմեական ըմբշամարտ), Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, ՌԴ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող

  • Աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ:
  • Կրտսեր եղբայրը՝ Վարդերեսը, Սիդնեյի օլիմպիական, աշխարհի՝ կրկնակի չեմպիոն է:

1946 - Հմայակ Ավագյան, կենսաբան, թունաբան, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1998)
1938 - Վլադիմիր Վարդանյան, գրող, թարգմանիչ

  • Ղրիմի հայ գրականության ասոցիացիայի հիմնադիր և նախագահ (2002-ից):
  • Գրում է մի քանի օտար լեզուներ, պոեզիան թարգմանում է ԱՊՀ ժողովուրդների եվրոպական լեզուներից և լեզուներից:

1937 - Ֆրանսիս Վեբեր, ֆրանսիացի կինոռեժիսոր եւ սցենարիստ

  • Վեբերի հայրը հրեա է, մայրը՝ հայ։ Մայրը՝ Եկատերինա Աղաջանյանը, ծնվել է Արմավիրում։ Ավելի ուշ ընտանիքով տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, իսկ հեղափոխությունից հետո արտագաղթել Ֆրանսիա։
  • Ռեժիսորն է «Հայրիկներ», «Խաղալիք», «Փախստականները», «Ընթրիք խելապակասի հետ», «Քամելեոն», «Անհաջողակները» և այլ ֆիլմերի:

1928 - Ռեյ Աղայան, հագուստի դիզայներ
1910 - Սամսոն Մկրտումյան, օդաչու, Խորհրդային Միության հերոս
1904 - Գեորգի Շահունյանց, ՌԴ տրանսպորտային ոլորտի նշանավոր գործիչ

  • Նրա անունով է կոչվել Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինստիտուտի ամբիոններից մեկը։

1902 - Գժեգոժ Գժեբան, լեհ շախմատիստ

  • Իրական ազգանունը Բաղդասարյան է, մասնագիտությամբ կենսաքիմիկոս էր։ Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Քիշնևից տեղափոխվեց Վարշավա և իր վրա վերցրեց Grzeban կեղծանունը։
  • Լեհաստանում հիմնադրել է Szachy շախմատային ամսագիրը, որը ղեկավարել է 25 տարի։ Էտյուդի ճանաչված վարպետ է, Լեհաստանի 1940-1960-ական թթ. ուժեղագույն էտյուդիստը։
  • ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում ունեցել է 10,83 միավոր:

1893 - Շարա Տալյան, օպերայի արտիստ, օպերային երգիչ (տենոր, այնուհետև բարիտոն), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1939)

  • Ծնվել է աշուղ Ջամալիի ընտանիքում։  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնադիրներից է: ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1-ին և 2-րդ գումարումների պատգամավոր:

1867 - Գրիգորի Շելկովնիկով, գեներալ-մայոր, հայկական ծագումով ռուս ազնվական

  • Ռուսացած հայկական ազնվական տոհմի հետնորդը ՝ Ելիզավետպոլի նահանգի ժառանգական ազնվականներից։

1859 - Գեդեոն Միրագով (Գեդեոն Միրագյան), վրացական թատրոնի նշանավոր գործիչ

  • Հանդես է եկել հայկական դրամատիկական թատերախմբում։ Նրա անունը ոսկե տառերով գրված է վրացական թատրոնի պատմության մեջ։

1822 - Հեքիմ Աբամելիք, պորուչիկ, իշխան

  • Ծագումով հայ հին հայ ազնվական-մելիքական տոհմից։ Գեներալ-մայոր Դավիթ Աբամելիկի և իշխանուհի Մարֆա Լազարևայի որդին՝ Մոսկվայի արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի պատվավոր հոգաբարձուի դուստրը: