Պատմության հայկական օրը. հուլիսի 31


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է 

Ս. Մակաբայեցիների` Եղիազար քահանայի, Շամունայի և նրա յոթ որդիների հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Հին կտակարանի այս սրբերի նահատակության մասին պատմվում է Մակաբայեցիների երկրորդ գրքի 6-րդ և 7-րդ գլուխներում: Ն. Ք. 2-րդ դարում Հրեաստանը գտնվում էր Սելևկյան իշխանապետության ներքո: Վիճակն ավելի է սրվում Անտիոքոս Եպիփանի թագավորության օրոք: Նա հրահանգում է, որ իր իշխանության ներքո գտնվող բոլոր ազգերն ընդունեն հունական մշակույթն ու պաշտեն հունական աստվածներին: Սակայն Մատաթիա անունով մի քահանա իր որդիների ու եղբայրների հետ միասին ապստամբում է այս որոշման դեմ` հավատարիմ մնալով Աստծո Օրենքին և Ուխտին: Վերջինիս որդիներից էր Հուդան, ով իր քաջագործությունների շնորհիվ ստացավ Մակաբեոս հունական անունը, որ նշանակում է մրճահար, հարվածահար: Հետագայում նրանց ընտանիքին անվանեցին Մակաբայեցիներ:
  • Եղիազար քահանան Մատաթիայի որդին էր` քաջ, աստվածավախ և իմաստությամբ լի: Վերջինիս բերանին գելոց են դնում և ստիպում խոզի միս ուտել, որն արգելված էր ըստ հրեական օրենքի: Քանի որ նա մանկուց դաստիարակվել էր աստվածային պատվիրաններով ու օրենքներով, մերժում է այդ առաջարկը` գերադասելով արիաբար մեռնել և բարի անուն թողնել, քան պախարակվել իր ընկերներից ու հարազատներից: Երկար կտտանքներ կրելուց հետո սուրբն ավանդում է իր հոգին` հետագա սերունդների համար դառնալով քաջության և ներշնչանքի աղբյուր:
  • Նույն այս շրջանին է պատկանում մի քաջասիրտ մոր ու նրա յոթ զավակների նահատակությունը: Նրանց էլ Եղիազար քահանայի նման պարտադրում են խոզի միս ուտել, սակայն Շամունան և իր յոթ որդիները հավատարիմ են մնում իրենց հայրերի հավատին` արժանանալով կենաց անթառամ պսակին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-07-31, 2024-07-22, 2025-02-03, 2026-07-27, 2027-07-19, 2028-01-31, 2029-07-23, 2030-02-04:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպական խաղերի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակիչում մենամարտեց ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ և փայլուն հաղթանակ տարավ։
1983 - ASALA. Թեհրանում առևանգվում, ապա ազատ է արձակվում ֆրանսիացի մի դիվանագետ։

  • Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին մոտ «Օրլի Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։
  • Առևանգիչները խնայում են նրա կյանքը, սակայն տեղեկացնում են Ֆրանսիայի կառավարությանը, որ հաջորդի կյանքը չեն խնայելու։

1980 - ASALA. Աթենքում սպանվում է Թուրքիայի դեսպանատան վարչական հարցերով կցորդ Ղալիփ Յօզմենը։

  • Ծանր վիրավորվում են դեպքի վայրում պատահաբար գտնված դեսպանի կինը՝ Սևիլը և որդին՝ Գաանը։ Հ.Ա.Հ.Գ.Բ. «Գուրգեն Եանիկեան Քոմանտօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը։
  • Գործողությունն Աթենքում իրականացնելու պատճառները բազմաթիվ էին։ Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն 1980 թվականի հուլիսի 31-ի հաղորդագրության մեջ նշում է. «…Ամերիկյան վարչակարգը տեղի տալով թրքական ճնշումներին, հինգ տարով երկարաձգեց հերոս Գուրգեն Յանիկյանի բանտարկությունը»։
  • Նույն թվի օգոստոսի 1-ի հայտարարության մեջ ասվում է. «…Զգուշացնում ենք հունական իշխանություններին…հնարավորություններ ստեղծելով ԱՆՉԱ-ի միջոցով դեպի Միացյալ Նահանգներ գաղթող հայորդիներին, մեկնումից առաջ նրանց պատրաստելով և Աթենքի մոտ գտնվող «Նեոս Գոզմոս» շրջանում համակենտրոնացնելով…Գործողության վայրն ու ժամանակը ճշտված էին նաև հուլիսին հունական կառավարության ներկայացուցչական զիջումների և հույն-թրքական հարաբերությունների բարելավման պատճառով»։

1948 - Նյու Յորքի նավահանգստից դուրս եկավ սովետական «Պոբեդա» զբոսաշրջային նավը և ուղղություն վերցրեց դեպի Օդեսա:

  • Նավի ուղևորների մեծ մասը հայեր էին, ովքեր կայացրել էին իրենց կյանքի կարևորագույն որոշումներից մեկը` հայրենադարձվել ու մշտական բնակություն հաստատել Հայաստանում:
  • Նրանց հրաժեշտ տալու էին եկել հարազատներ ու ծանոթներ, որոնցից շատերը նույնպես պատրաստվում էին բռնել վերադարձի ուղին:
  • Նույն տեսարանը կրկնվեց նաև օգոստոսի 22-ին, երբ շոգենավը կանգ առավ Ալեքսանդրիայում: 

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

2001 - Ֆելիքս Քարամյան, երգիչ, Ռոբերինո Լորետտիի առաջին պաշտոնական աշակերտը, միջազգային մրցույթների դափնեկիր

  • 2011 թվականին լեգենդար Ռոբերտինո Լորետին, ի նշան հիացմունքի, Ֆելիքսի վոկալ ունակությունների, երիտասարդ շնորհքին նվիրեց իր սեփական "Amore" ստեղծագործության երգը:
  • 2012 թվականին Ֆելիքսը դարձավ Իսպանիայի կենտրոնական հեռուստատեսության «Փառքի րոպե» մրցույթի սուպեր-եզրափակչի հաղթողը:

1972 - Արմեն Բաղդասարով, ձյուդոիստ և ձյուդոյի մարզիչ

  • 1996 թվականին նա դարձել է Ասիայի չեմպիոն և նվաճել Ատլանտայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը։
  • 1998 - ին նա դարձել է նաև Ասիական խաղերի արծաթե մեդալակիր, իսկ 1999-ին կրկին հաղթել է Ասիայի առաջնությունում ։
  • 2006 թվականին նրան շնորհվել է «Ուզբեկստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ» պատվավոր կոչում:

1941 - Ռոբերտ Մեհրաբյան, գիտնական, տնտեսագետ, Քարնեգի-Մելոն համալսարանի ռեկտոր, Քարնեգի հիմնադրամի վարչության պատվավոր անդամ:

  • Ժամանակակից առաջատար տնտեսագետներից՝ "Mellon Financial Corporation" - ի նախագահ, Հարվարդի տնտեսագիտության դպրոցի պատվավոր պրոֆեսոր, ամերիկյան ներդրողների ասոցիացիայի նախագահ։

1939 - Իգոր Ծատուրյան, ճարտարապետ, շինարար-ճարտարագետ
1928 - Կարեն Քալանթար, արվեստաբան, լրագրող

  • 1976-1987թթ. ղեկավարել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ' միաժամանակ լինելով ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության վարչության քարտուղար և Հայաստանի Պետկինոյի կոլեգիայի անդամ: