Պատմության հայկական օրը. մայիսի 27


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ «Հիմա վտանգ կա քաղաքացիական պատերազմի: Lինում են վատ իշխանություններ, լինում են բռնապետական, վատ երկար տարիներ, դրանցից հեշտ է ազատվելը, ամենավտանգավորը քաղաքացիական պատերազմներն են»:
2021 - ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրեց։
2021 - Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողները շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի։ 
2021 - Արցախցի սամբիստ Դավիթ Հովսեփյանը հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Մամադլիին և հռչակվեց չեմպիոն: 
2015 - Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունեց Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվեց Հայոց ցեղասպանությունը։
2009 - Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանի քաղաքապետի թեկնածուի կարգավիճակով հանդիպում է Էրեբունի համայնքի բնակիչների հետ և հիշեցնում իրենց իրավունքները։ 
2003 - Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքը չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ 

  • «Այս ընտրությունները հերթական հիասթափեցնող և խայտառակ ընտրություններն էին»,- ասում է պարոն Դեմիրճյանը։ 

2002 - «Հոկտեմբերի 27»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովը դադարեցրեց գործունեությունը։ 

  • Հանձնաժողովի փոխնախագահ Գագիկ Կոստանդյանը կատարած աշխատանքը համարում է բավարար: 

2000 - Դրաստամատ Կանայանը վերահուղարկավորվեց Ապարանի հերոսամարտի հուշահամալիրում:
1990 - Երևանի երկաթուղային կայարանում և Երևան Նուբարաշեն խճուղու վրա տեղի ունեցան արյունահեղ մարտեր հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զավթողական զորքերի միջև:

  • Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան ժամը 8:30-ին խորհրդային զինվորների և ազատամարտիկների բախումից զոհվեցին ազատամարտիկներ՝ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Սամսոն Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը, Խաչիկ Մալխասյանը և Էդիկ Պետրոսյանը, որից հետո խորհրդային բանակն իր անօրեն գործողությունները շարունակեց Էրեբունի խճուղում։
  • Գործողություները շարունակվեցին Նուբարաշենում, խորհրդային տանկերն ու զրահատեխնիկան անկանոն կրակ բացեցին բնակելի թաղամասում:
  • Զոհվեցին 27 ազատամարտիկ և 6 խաղաղ բնակիչներ:
  • Մայիսի 29-ին Հայաստանում սուգ է հայտարարվում։

1976 - Ֆրանսիա, Փարիզ. Թուրքիայի դեսպանատան վրա նախատեսած գործողության ընթացքում հանկարծակի պայթյունից զոհվում է մարտիկը՝ Պետիկ Ինճէեանը։
1963
 - Թուրքիայում ռազմական հեղաշրջում է կատարվում։

  • Մայիսի 30-ին նախատեսված էր ԽԱՀՄ ղեկավար Խրուշչովի այցը Թուրքիա, որի ընթացքում քննարկվելու էր հայկական հողերի հարցը, իսկ դրանից առաջ ԹՀ Նախագահ Ջելյալ Բայարն ընդունել էր սփյուռքահայերի ներկայացուցիչներին, ապա կարելի է ենթադրել, որ հեղաշրջում անողները շատ լուրջ պատճառ ունեին։ Պնդումներ կան, որ դատի ժամանակ նախագահը և վարչապետը խոսել են պատմական հայրենիքում պետություն ունենալու հայերի իրավունքի մասին։ Հավանաբար դա էր պատճառը, որ վարչապետին մահապատժի ենթարկեցին, իսկ նախագահին՝ ցմահ բանտարկության։

1962 - Նշվեց հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը:
1950 - Լիբանանի Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի ունեցավ Նշան Փալանջյանի ճեմարանի նոր շենքի բացումը:
1918 - Բաշ-Ապարանի հերոսամարտի հաղթանակի օրը:

  • Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:
  • Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան (այժմ՝ ք. Ապարան) ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք:
  • Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:

1832 - Եգիպտական բանակը` Բnահիմ փաշայի գլխավորությամբ, ջարդեց թուրքական զորքերին, գրավեց Հայկական Կիլիկիայի դաշտային մասը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ

1972 - Սոս Պետրոսյան, կրկեսային արտիստ, Գինեսի մրցանակակիր

  • Սոս և Վիկտորիա Պետրոսյաններն ընդգրկվել են Գինեսի ռեկորդների գրքում, նրանք սահմանել են "quick change" (թվացյալ վերափոխում) կոստյումի արագ փոփոխության համաշխարհային ռեկորդ, ռեկորդային 2 րոպեի ընթացքում զույգը հասցրել է փոխել 16 կոստյում՝ արժանանալով ժյուրիի բարձր գնահատականին:
  • Գինեսի ռեկորդների գրքի Լոնդոնի ասոցիացիան ռեկորդ է սահմանել հենց ստուդիայում՝ այն գրանցելով որպես «աշխարհի ամենաարագ հագնվողը»:

1971 - Արսեն Ավետիսյան (ծնվ. Երևան, մ. 2004), քանդակագործ, Քանդակագործական փոքր ձևի վարպետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ
1937 - Անդրեյ Բիտով (ծնվ. Լենինգրադ, մ. 2018), գրող, Հայաստանի մասին մի շարք ստեղծագործությունների հեղինակ
1934 - Գայանե Թավրիզյան (ծնվ. Սանկտ Պետերբուրգ), 20-րդ դարի արևմտյան փիլիսոփայության և սոցիոլոգիայի մասնագետ
1907 - Միխայիլ Թավրիզյան (ծնվ. Բաքու, մ. 1957), սիմֆոնիկ և օպերային դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956), ԽՍՀՄ Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1946, 1951)
1896 - Ռուզաննա Վարդանյան (ծնվ. Շամախի, մ. 1957), հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

  • Մահացել է հենց Սունդուկյանի անվան թատրոնի բեմում (1957 թ. դեկտեմբերի 9), երբ նշում էին դերասանուհի Սիրանույշի (Մերոբէ Քանթարջյան) 100-ամյակը:

1882 - Կամո, Սիմոն Տեր-Պետրոսյան (ծնվ. Գորի, մ. 1922), պրոֆեսիոնալ հեղափոխական, բոլշևիկ

  • Տեր-Պետրոսյանը ծնունդով էյդետիկ էր, այսինքն՝ եզակի տեսողական հիշողություն ունեցող մարդ։ Էյդեթիկոսները, նույնիսկ չգիտակցելով դա, կարող են իրանց ստեղծած կերպարները ներշնչել այլ մարդկանց։
  • Պաշտոնական տվյալներով զոհվել է Թիֆլիսում դժբախտ պատահարի հետևանքով՝ ընկնելով ավտոմեքենայի տակ։ Սակայն Ա. Ավտորխանովը կարծում է, որ Տեր-Պետրոսյանին վերացրել են իր «ընկերներ» Ստալինն ու Օրջոնիկիձեն։ Նա շատ լավ գիտեր քիչ Ստալինի կյանքի և գործունեության մութ էջերը։
  • Նոր Բայազետ քաղաքը Հայաստանում 1959-ին վերանվանվել է Կամո՝ ի պատիվ հայ հեղափոխական բոլշևիկի։

1850 - Բագրատ Թավաքալյան (ծնվ. Դերբենտ, Ռուսաստան, մ. 1902), ազգային-ազատագրական շարժման գործիչ, հայդուկյան շարժման կազմակերպիչներից մեկը
1812 - Ստեփան Նազարյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1879), արևելագետ, հրապարակախոս, Լուսավորիչ, հայ-պարսկական-թուրքական բառապաշարի դոկտոր
1661 - Նաղաշ Հովնաթան (ծնվ. Ագուլիսի մարզի Կարճոտ գյուղ, մ. 1722), միջնադարի հայ բանաստեղծ, աշուղ և նկարիչ, նշանավոր նկարիչների տոհմի հիմնադիր Հովնաթանյան

Լուսնի նման պայծառ երես բոլորած,
Ես մնացի կարօտ՝ համբուրից համար․
Վարսերդ ոսկի թելի նման ոլորած,
Ես մնացի կարօտ՝ ետ տալոյ համար։

Ունքերդ կապել է կամար կրակով,
Աչքերդ վառել է պայծառ ճրագով,
Ափսոս, որ ծածկել ես բարակ լաչակով․
Ես մնացի կարօտ՝ տեսնելոյ համար։