Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 6


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Աբգար հայոց արքան աստվածասեր և մեծահավատ էր` ըստ մարմնի թագավորակից Քրիստոսին, որովհետև Քրիստոս ծնվեց Ս. Կույս Մարիամից  Աբգարի թագավորության առաջին տարում և 30 տարի հետո մկրտվեց Հորդանան գետում Հովհաննեսից:
  • Աբգարը, լսելով նրա մասին, անմիջապես հավատաց Նրան` թողնելով կռապաշտությունը: Եվ քանզի թագավորը հիվանդ էր բորոտությամբ, և չկար բժշկության հնար, Աբգարն ուղարկեց Անանեին` իր փառավոր նախարարին` ապահունիների իշխանին, նրա հետ 10 պատվավոր մարդկանց` մեծագին ընծաներով և նվերներով: Նաև գրեց Հիսուսին իր հավատի խոստովանության նամակը և աղաչեց գալ` բժշկել նրան չարաչար ցավից և լինել իր հետ: Անանեի հետ ուղարկեց Հովհաննես անունով մի նկարչի, որ եթե չկամենա Հիսուսը գալ արքայի մոտ, նկարեն Նրա պատկերը և բերեն իրեն:
  • Անանեն եկավ, հասավ Երուսաղեմ Ծաղկազարդի օրը, երբ Հիսուս իջավ Ձիթենյաց լեռի զառիվայրերով Գեթսեմանի, այնտեղից ելավ ավանակով Երուսաղեմ քաղաքը և գնաց մտավ Սողոմոնի տաճարը: Ելնելով  տաճարից` Հիսուս գնաց Գամաղիէլ օրենուսույց վարդապետի տունը, ով Նիկոդեմոսի` Հիսուսի գաղտնի աշակերտի, եղբայրն էր, որովհետև Գամաղիէլը մեծարեց Հիսուսին և տարավ Նրան տաճարից իր տունը: Անանեն ուղարկեց պատվավոր յուրայիններին Հիսուսի աշակերտների մոտ` հարցնելու նրանցից, թե «ինչպե՞ս տեսնենք Քրիստոսին»: Ըստ Հովհաննես (Ավետարանչի), որ ասում է. «Կային այնտեղ ոմանք հեթանոսներից, որ եկան Երուսաղեմ և  մոտեցան Փիլիպոսին ու ասացին. «Տե´ր, կամենում ենք Հիսուսին տեսնել»: Փիլիպոս ասաց Անդրեասին: Անդրեասն ու Փիլիպոսը ասացին Հիսուսին և տարան նրանց Հիսուսի մոտ: Անանեն և յուրայինները տեսան Հիսուսին առաքյալների հետ Գամաղիէլի տանը: Հիսուս ընդունեց նրանց ուրախությամբ և ասաց. «Հասավ ժամը, որ փառավորվի մարդու Որդին»: Անանեն ոտքի կանգնեց, տվեց նամակը, երկրպագեց և Հիսուսին փոխանցեց արքայի ողջույնը: Հիսուս օրհնեց Աբգարին և նրա թագավորությունը, հրամայեց Թովմային նրան պատասխան գրել, երանի տվեց Աբգարին նրա հավատի համար և ասաց. «Փոքր-ինչ ժամանակ եմ աշխարհում, ապա կվերանամ երկինք՝ Իմ Հոր մոտ: Այնժամ կուղարկեմ քեզ մոտ Իմ աշակերտներից մեկին` կյանք տալու համար քեզ և ովքեր քեզ մոտ են»: Հիսուս օրհնեց նաև այն պատկերը, որ նկարել էր Աբգարի սուրհանդակը: Այն բերեցին և տվեցին Աբգարին` փոխանակ Տիրոջ: Տեսնելով այն` բարեպաշտ արքան ուժգին բերկրեց և համբուրեց ջերմեռանդ սիրով ու հաստատուն հավատով, որով այնժամ առողջացավ կես մարմնով: Աբգարը համարեց, թե տեսավ Քրիստոսին մարմնով:
  • Քրիստոսի համբարձումից և Հոգեգալուստից հետո, զինված գեղարդով և Ս. Հոգով` Թադեոս առաքյալը եկավ Տուբա հրեայի տունը և բժշկեց նրան (որովհետև մահճին գամված էր իր հիվանդությամբ): Աբգարը, լսելով դրա մասին, ասաց, թե. «Սա նա է, որին խոստացավ ուղարկել ինձ Քրիստոս» և, ուղարկելով նրա ետևից, կանչեց իր մոտ Ս. առաքյալին: Երբ Թադեոսը մտավ Աբգարի մոտ, արքան, վեր կենալով իր գահից, երկրպագեց Թադեոսին և օրհնություն խնդրեց առաքյալից, քանզի սքանչելի նշան տեսավ նրա երեսին և ոսկե թագ Թադեոսի գլխին, ինչպես թագավորի մոտ: Թադեոսը, ձեռքը դնելով թագավորի գլխին, Քրիստոսի անվամբ փարատեց նրանից բորոտության ցավը: Ապա մկրտելով թագավորին` բոլորովին բժշկեց նրան չար հիվանդությունից: Նույնպես և բոլոր քաղաքացիները հավատացին Քրիստոսին և մկրտվեցին:
  • Առաքյալը կառուցեց եկեղեցիներ, ձեռնադրեց քահանաներ և պաշտոնյաներ: Ձեռնադրեց եպիսկոպոս Ադդե կերպասագործին` Քրիստոսի 70 աշակերտներից, և  թողեց նրան իր փոխարեն քաղաքի առաջնորդ: Իսկ ինքը՝ առաքյալը, վերցնելով Աբգար արքայից հրովարտակներ, որպեսզի ամեն ոք հնազանդվի Քրիստոսի ավետարանին Թադեոսի քարոզությամբ, շարժվեց դեպի Վերին Հայք, Սանատրուկ արքայի մոտ, ով  Աբգարի քրոջ որդին էր:
  • Աստվածասեր Աբգար թագավորը եղավ առաքելաբար Ավետարանի պատմողը. նշաններ և բժշկության հրաշքներ էր գործում: Գրեց նամակ Հռոմի կայսեր Տիբերիոսին, որպեսզի նա հրաման տա իր տերության բոլոր գավառներում պաշտել Աստծուն` Հիսուս Քրիստոսին` ծնված Բեթղեհեմում Ս. Կույս Մարիամից, ով անարգվեց Պիղատոսից և խաչվեց հրեաների կողմից: Նույն նամակը Աբգար թագավորը գրեց պարսից Արշավիր արքային` իր ազգականին և հանձնարարեց նրան ընդունել Սիմոն Կանանացուն, նույն ինքը Շմավոն նախանձահույզին` Հովսեփի որդուն և Հակոբոս Տեառնեղբոր եղբորը: Թագավորը նրան հանձնեց Արշավիր արքային, որպեսզի  լսեն առաքյալի քարոզը: Բաբելացիների Ներսեհ մանուկ արքային նույնպես գրեց Աբգարը` հնազանդ լինել Ավետարանի քարոզին և պաշտել Քրիստոս Աստծուն: Եվ այնպես հոժարությամբ հոգ էր տանում բարեպաշտ Աբգարը` ամենուր Քրիստոսի արքայությունը քարոզելու համար, որպեսզի Քրիստոսի Ավետարանի քարոզը ընդդիմության չհանդիպի:
  • Քրիստոսին հավատացող հեթանոս թագավորներից առաջինը և բոլոր քրիստոնյա թագավորների անդրանիկը` բարեպաշտ Աբգար թագավորը, իր կյանքը և թագավորությունը այսպես կարգավորելուց հետո, առաքինի կյանքով ապրած և ալևորության հասած, հանգեց ի Քրիստոս և փոխադրվեց անանց թագավորություն դեկտեմբերի 31-ին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-06, 2023-12-05, 2024-12-21, 2025-12-20, 2026-12-19, 2027-12-21, 2028-12-05, 2029-12-04, 2030-12-21։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2015 - Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:
2012 - Դուբլին. Մինսկի խմբում համանախագահող երկրները հանդիմանում են կողմերին` առաջընթացի բացակայության համար:

  • ԵԱՀԿ Նախարարական խորհրդում ընդունված համատեղ հայտարարությունը փաստում էր` առաջընթացի փոխարեն «կողմերը չափազանց հաճախ են ձգտել միակողմանի առավելության հասնել բանակցային գործընթացում»: «Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից և հայտարարություններից, որոնք թշնամանք են սերմանում իրենց ժողովուրդների մոտ և անցած ամիսներին մեծացրել են լարվածությունը: Կողմերի առաջնորդները պետք է իրենց ժողովուրդներին պատրաստեն որպես հարեւաններ, այլ ոչ թե որպես թշնամիներ ապրելու օրվան՝ լիովին հարգելով միմյանց մշակույթը, պատմությունը եւ ավանդույթները»,- հայտարարել էին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Ֆրանսիայի Եվրոպական հարցերի լիազոր նախարար Բեռնար Կազնովը:
  • Ի տարբերություն այս հարթակում նախորդ տարիներին ընդունված հայտարարությունների, այս փաստաթղթի տակ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ստորագրությունը չկար:

2004 - Մամեդյարովն ու Օսկանյանը տարվա ընթացքում նախավերջին հանդիպումն են անցկացնում Սոֆիայում` ԵԱՀԿ նախարարների տարեկան հանդիպմանը:

  • Գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ ԵԱՀԿ նախարարները հատուկ անդրադառնում են Ղարաբաղյան խնդրին` ողջունելով 2004֊ին արձանագրված առաջընթացը, այսպես կոչված «պրահյան գործընթացի» ստեղծումը, պնդելով, թե դրանց ընթացքում արտգործնախարարներին հաջողվել է մեթոդաբար քննարկել խնդրի կարգավորման բոլոր չափորոշիչները: Պաշտոնական հայտարարությունը նաև նշում է, որ Օսկանյանն ու Մամեդյարովը Աստանայում նախագահների սեղանին են դրել շրջանակային փաստաթուղթ, որը կարող է հիմք դառնալ հետագա կարգավորման համար: Կողմերը,սակայն, այդ փաստաթուղթն այդպես էլ չեն հրապարակում:

1994 - Բուդապեշտ. ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթաժողովը Մինսկի խմբի համանախագահություն հիմնելու որոշում է ընդունում։ Առաջին համանախագահներն են դառնում Ռուսաստանն ու Շվեդիան:

  • Մասնակից երկրները հայտարարում էին` պատրաստ են խաղաղապահներ ուղարկել շփման գիծ, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այդ մասին համապատասխան բանաձև ընդունի: «Ռոյթերզի» թղթակիցը միաժամանակ գագաթնաժողովի կուլիսներից հաղորդում էր` «3000 խաղաղապահներ տեղակայելու հարցը փակուղի է մտել Ռուսաստանի պատճառով, որը պահանջում է իրեն որոշիչ դեր տալ այս հարցում:
  • Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պատմել էր` Վաշինգտոնն ընդդիմանում է Մոսկվայի այդ պահանջներին, մտավախություն ունենալով, որ նախկին ԽՍՀՄ տարածում ազդեցությունը վերականգնելով` Կրեմլը հարցականի տակ կդնի տարածաշրջանի անկախությունը: ԱՄՆ պետքարտուղարն այդ օրերին ընդգծել էր`«խաղաղապահ որևէ առաքելության կազմում Ռուսաստանը պետք է ունենա 50 տոկոսից էլ քիչ ներկայություն»:
  • Ի դեպ, դիվանագետները հաշվել էին` Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար միայն առաջին վեց ամսում կպահանջվեր 40 միլիոն դոլար:

1990 - Երեկոյան Երևան քաղաքում ուժեղ պայթյուն է որոտում: 

  • Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը գազամատակարարման համակարգի անսարքությունն է, որը գրեթե ամբողջությամբ ավերում է նորակառույց շենքի առաջին 4 հարկերը: Կան զոհեր և վիրավորներ:

1978 - ASALA. Ժնևում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի առջև տեղի ունեցած պայթյունը հասցնում է ծանր վնասներ։

  • Գործողություների պատասխանատվությունն ստանձնում է Հայ Գաղտնի Բանակ  մոտ գտնվող «Հայկական Նոր Դիմադրությունը»։

1958 - Հայաստանի գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը և համանուն ավանը վերանվանվեցին Եղեգնաձոր։
1956 - Երևանում վախճանվեց գրող, դրամատուրգ, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը:

  • 1877 թվականին Ախալքալաքում ծնված Դեմիրճյանը մասնակցել էր Հովհաննես Թումանյանի «Վերնատուն» գրական ընկերության աշխատանքներին։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1950 - Խաչատուր Բեզիրջյան, Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (1995-1999)
1938 - Էդուարդ Մնացականյան, հայ շախմատիստ, միջազգային վարպետ (առաջինը Հայաստանում), Հայաստանի հնգակի չեմպիոն, Հայաստանի կանանց հավաքականի նախկին մարզիչ
1934 - Էլվիրա Ուզունյան, դերասանուհի, երգչուհի (լիրիկո-կոլորատուրային սոպրանո), Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1978), Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ

  • Վերջին տարիներին Էլվիրա Ուզունյանն ապրում և աշխատում է ԱՄՆ-ում՝ ելույթներ, համերգներ, հասարակական և լուսավորչական աշխատանք, համագործակցություն ունենում ամերիկյան մշակութային գործիչների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ:
  • Նա Բոստոնում հիմնել և ղեկավարել է "Help Young Talents" կազմակերպությունը, որի նպատակն է օգնել տաղանդավոր երիտասարդներին՝ զարգացնելով և հարստացնելով մշակութային ավանդույթները։

1920 - Աննա Տեր-Վարդանյան (ծնվ. Դեթրոյթ, ԱՄՆ, մ. 2011), ԱՄՆ Զինված ուժերի պատմության բարձր հրամանատարության առաջին կին զինծառայողը
1920 - Շահեն Հակոբյան, թատրոնի նկարիչ, Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
1862 - Պոլ Ադան (ծնվ. Փարիզ, մ. 1920), ֆրանսիացի գրող և լրագրող

  • 1896 թ. La Revue Blanche («Սպիտակ Ամսագիր») ամսագրում լույս է տեսել նրա «Արյունոտ անձրև» հայանպաստ հոդվածը, որը ֆրանսիական հանրության ուշադրությունը գրավել է մերկացնող ազդեցությամբ: Պոլ Ադամի հոդվածը, ինչպես նաև Հայր Ֆելիքս Շարմետի, Ժորժ Կլեմանսոյի, Սեվերինի և Ֆրանսիայի այլ առաջադեմ գործիչների հոդվածները, հարված հասցրեցին Ֆրանսիական «մեծ մամուլի լռության դավադրությանը», որը կաշառվել էր Աբդուլ Համիդի կողմից 1894-1896 թվականների հայկական ջարդերը լռեցնելու նպատակով:

1836 - Մելքիսեդեկ Մուրադյանց (ծնվ. Թովուզ, Ռուսաստան, մ. 1903) արքեպիսկոպոս, հասարակական գործիչ

  • 1885 թ. ապրիլի 21-ին միաձայն (30 ձայնով, ինչը բացառիկ դեպք էր ընտրությունների պատմության մեջ) ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս: Սակայն Ռուսաստանի կայսր Ալեքսանդր III-ը, տարբեր հանգամանքներով պատճառաբանելով, հաստատել է երկրորդ թեկնածուին՝ Մակար Ա-ին։