Պատմության հայկական օրը. նոյեմբերի 24


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2021 - Գևորգ Թադևոսյանը (87 կգ) հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոն:

  • 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը դարձավ փոխչեմպիոն, իսկ Սամվել Աղաջանյանը (67 կգ) բրոնզե մեդալակիր:
  • Մինչ այդ աշխարհի չեմպիոն էր հռչակվել 72 կգ քաշային Կարեն Ասլանյանը, փոխչեմպիոն` 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը:

2010 - 70-ից ավելի մտավորականներ դատախազությունից պահանջում են անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին։
1999 - Հանրապետականի նախագահ Անդրանիկ Մարգարյանը լրագրողների հետ խոսում է հոկտեմբերի 27-ից առաջ Վազգեն Սարգսյանին ուղղված Վանո Սիրադեղյանի նամակի մասին, որում վերջինս պաշտպանության նախարարին զգուշացնում է իր շուրջը սեղմվող օղակի, այսինքն, կյանքին սպառնացող վտանգների մասին։
1998 - Հայաստանը պատասխանում է Արցախի հակամարտության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներին։ 

  • Արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասում է, որ պատասխանը դրական է՝ փաստաթուղթն ընդունել ենք որպես բանակցությունների հիմք։

1998 - Ադրբեջանը կտրականապես մերժում է, Հայաստանը` որոշ, Ղարաբաղը` լուրջ վերապահումներով, ընդունում միջնորդների առաջարկած «ընդհանուր պետության» տարբերակը `որպես բանակցությունների հիմք:

  • Հեյդար Ալիևն ավելի ուշ պարզաբանել էր`այս տարբերակով Ադրբեջանի տարածքում լինելու էին երկու պետություններ, ընդ որում, Բաքուն որևէ իրավունք չէր ունենալու Ղարաբաղի նկատմամբ:
  • Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ թերություններով հանդերձ` «Ընդհանուր պետությունը» մեկ քայլ առաջ է և ավելի ընդունելի, քան 1997թ. փաթեթային և փուլային տարբերակները: Ղարաբաղը հայտարարել էր, թե պատրաստ է այս փաստաթուղթը դիտարկել որպես հիմք`հետագա բանակցությունների համար:
  • Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը հետևող Conciliation recourses միջազգային կազմակերպությունը տարիներ առաջ հրապարակել է այդ նախագիծը։

1998 - Երևանում նշում են «Առաջին սիրո երգը» կինոնկարի ստեղծման 40-ամյակը։ 

  • Այս ֆիլմի վրա աշխատել էին երկու ռեժիսոր և երկու կոմպոզիտոր։ 

1997 - ՀՀՇ վարչության նախագահ Տեր Հուսիկ Լազարյանը հաջորդ տարվա բյուջեն անվանում է գոյապահպանական, որում չկան տնտեսության զարգացման հիմքեր։ 

  • «Եթե այն ընդունվի,- ասում է իշխող կուսակցության նախագահը,- կպակասեն մարդկանց աշխատավարձերը»։

1996 - Լեռնային Ղարաբաղում առաջին համապետական նախագահական ընտրություններ անցկացվեցին: Առաջադրված երեք թեկնածուներից ամենամեծ աջակցությունը ստացավ Ռոբերտ Քոչարյանը:

  • Նախընտրական իր ելույթներից մեկում Քոչարյանը հայտարարել էր` իր կառավարության ամենամեծ ձեռքբերումներից է ԵԱՀԿ֊ի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես հակամարտության հավասար կողմ և հզոր բանակի ստեղծումը:

1940 - Երևանում բացվում է կենդանաբանական այգին։
1920 - 
Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը կազմվեց նոր կառավարություն:

  • Նույն օրը նրա ստորագրությամբ հրապարակվեց կառավարության հռչակագիրը, որում ասվում էր. «Հայաստանի պետական կառուցվածքը խարսխվելու է ոչ թե օտարների սին ու վտանգավոր ներշնչումներից, այլ Հայաստանի իրական կարողությունից: Մեր գործողության նշանաբանն է լինելու անկեղծ հաշտություն Թուրքիայի հետ և համերաշխություն ու խաղաղ գոյակցություն բոլոր հարևանների հետ»:

1920 - Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվեցին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ ՀՀ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։

  • Ալեքսանդրապոլի պայմանագրով Թուրքիային էր անցնում 1914 թ. դրությամբ Արևելյան Հայաստանի մեջ մտնող ավելի քան 20.000 կմ2 տարածք՝ Կարսը, Սարիղամիշը, Կաղզվանը, Արդահանը, Օլթին, Սուրմալուի գավառը։ Փաստորեն հայ-թուրքական սահմանն անցնելու էր Ախուրյան և Արաքս գետերի հունով։ Իսկ Նախիջևանի, Շարուրի և Շահթախթի շրջանները ժամանակավորապես հանձնվում էին Թուրքիային, մինչև որ այնտեղ կանցկացվեր հանրաքվե, որին Հայաստանը չպետք է մասնակցեր։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Արսեն Բալաբեկյան, ֆուտբոլիստ
1973 - Համլետ Մխիթարյան, ֆուտբոլիստ
1960 - Արմեն Գրիգորյան, խորհրդային և ռուսական ռոք երգիչ
1939 - Իրմա Վարդանյան, ֆիզիկաքիմիկոս
1897 - Գևորգ Գրիգորյան, (Ջիոտտո) (մ. 1976), նկարիչ
1897 - Ավետ Ավետիսյան, (մ. 1971) հայ խորհրդային դերասան
1895 - Հրաչյա Ներսիսյան, հայ նշանավոր դերասան
1886 - Արտաշես Կարինյան, (մ. 1982) գրականագետ, պատմաբան
1861 - Աբրահամ Զամինյան, (մ. 1937), գրականագետ