Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 29


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 29-րդ՝ հոկտեմբերի 25

Իրավիճակը ռազմաճակատում

  • Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: 
  • Մարտերի ընթացքում ադրբեջանցիներին հաջողվել է գրավել Կուբաթլուն և առաջանալ որոշ ուղղություններով։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայաստան

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ, այս համատեքստում կիրառելի համարել «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար ու ճանաչել նրա անկախությունը:
  • ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը ՄԻԵԴ դիմում է ներկայացրել 8 ռազմագերիների մասով, որոնց վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հոկտեմբերի 22-ին տեսանյութ էր տարածվել։
  • Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել հայրենիքի սահմանները պահող զինվերներին, նրանց մայրերին. «Սիրելի զավակներ Մեր, այս վճռական պահին Մեր կոչն ենք ուղղում ձեզ՝ քաջաբար ելեք հայրենիքի ու ազգի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող մեր քաջորդիների կողքին, որպեսզի պարտության մատնենք նենգ թշնամուն, խորտակենք նրա չար մտադրությունները և առավել հզորացնենք հայրենի մեր երկիրը, մեր պետականությունը»:

Ադրբեջան

  • Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է հայկական ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման, վերահսկողության տակ վերցված տարածքների ընդլայնման և տարբեր ուղղություններով նոր դիրքեր գրավելու մասին:
  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Կուբաթլի քաղաքի, ինչպես նաև Կուբաթլինի, Զանգելանի և Ջեբրաիլի շրջանների մի քանի գյուղերի ադրբեջանական բանակի վերահսկողության տակ վերցնելու մասին:
  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնության գալ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի շուրջ: «Այո, մենք պատրաստ ենք: Ես դա բազմիցս ասել եմ: Մենք այսօր պատրաստ ենք համաձայնության գալ զինադադարի շուրջ: Բայց միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետը պետք է հայտարարի, որ իրենք հավատարիմ են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին»,- ասել է Ալիևը:

Ռուսատանի Դաշնություն

  • Հայաստանում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժինը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների ընդունելությունը։ 
  • Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին հայտնեց, որ Ռուսաստանն Ադրբեջանին է փոխանցել Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկանների առկայության մասին տվյալները։ «Եթե Ալիևը չգիտի նրանց առկայության մասին, ապա նրա հանդեպ խաղ են խաղում»,- ընդգծել է նա
  • Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Շերինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում իր գործունեության համար Թուրքիայի «քթին հարվածելու» անհրաժեշտության մասին: «Անգործությունը կարող է Ռուսաստանին սպառնալ տհաճ հետևանքներով»- ասել է նա։ 

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ

  • ԱՄՆ-ն հայտարարեց հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 8:00-ից Լեռնային Ղարաբաղում հումանիտար հրադադար հաստատելու մասին։
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացավ հեշտությամբ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Գնացեք և ասեք սա ձեր ժողովրդին, հայեր: Լուծումը հեշտ է, եթե գիտես ինչ անել»,- ասել է Թրամփը:
  • ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը համոզում է Ադրբեջանի իշխանություններին՝ Հայաստանի հետ հրադադարի ռեժիմ հաստատել, որն արդեն ընդունել է այդ առաջարկը, «Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման առաջարկը, Ադրբեջանը՝ դեռ ոչ։ Մենք դրդում ենք նրանց  դրան»,- նշել է Օ'Բրայենը։

Լեհաստան

  • «Հայ մոր լացը. 1988թ. Սումգայիթի ցեղասպանությունը» գրքի հեղինակ Թոմաս Լեխ Բուչեքը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված բաց նամակում գրել է. «Լեհաստանում առաջիկա օրերին կստեղծվի Արցախի անկախության ճանաչման քաղաքացիական կոմիտե»։

Ֆրանսիա

  • Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակություն է ժամանել Հայաստան և Արցախ։
  • Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղարը Թուրքիային կոչ է արել ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտությունը սրելու քաղաքականությունից: 
  • Ֆրանսիայի ԱԳՆ Պետքարտուղար Կլեման Բոնն ասել է. «Ֆրանսիան ձգտում է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և զինադադարի հաստատման: Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ այն հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է ապահովել, որ որոշ ազդեցիկ երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան, դադարեն յուղ լցնել Ղարաբաղյան հակամարտության կրակի վրա, ինչը տեղի է ունենում այժմ»: