Քրոնիկոն. Արցախյան 2-րդ պատերազմ, օր 41

 Հայեր  06/11/2021   11:00    50  
Քրոնիկոն. Արցախյան 2-րդ պատերազմ, օր 41

ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 41-րդ՝ նոյեմբերի 6

Իրավիճակը ռազմաճակատում

  • Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Ադրբեջանկան ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։ Ստեփանակերտը հրթիռակոծվել է կասետային ռումբերով։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

  • ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը «պատրաստ է փոխզիջումների գնալ Ադրբեջանի հետ, բայց ոչ կապիտուլյացիայի»:
  • Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողություններին ահաբեկչական կազմակերպությունների անդամների մասնակցության մասին:

ԱՐՑԱԽ

  • Ստեփանակերտի հրթիռակոծության հետևանքով հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:
  • Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը վստահեցնում է, որ Շուշին հուսալի ձեռքերում է, որովհետև քաղաքը պաշտպանում է Արցախ-Հայաստան-սփյուռք եռամիասնությունը: Շուշիի քաղաքապետը վստահեցրեց, որ Շուշին շարունակելու է հայերեն խոսել, Շուշիում շարունակելու են ղողանջել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու զանգերը: «Կեղծ լուսանկարներ են տարածում, իբր մզկիթի վրա դրոշ են դրել, բայց, երբ ուսումնասիրում ես, պարզ է դառնում, որ դա կեղծիք է: Թող չմտածեն, որ Շուշին իրենցն է լինելու: Շուշին երբեք իրենցը չի լինի: Մենք պիտի հաղթենք, մենք պիտի ապրենք Շուշիում»,- ասաց Սարգսյանը:
  • ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ստեփանակերտի բնակելի թաղամասերից մեկից, որտեղ այսօր Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով սպանվել են տարեց կինն ու նրա երկու թոռները, հանդես է եկել նոր կոչով․ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են իրականացնել պատերազմական հանցագործություններ՝ թիրախավորելով Արցախի խաղաղ բնակչությանը։
  • Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը։ Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ահազանգել է Արցախում մշակութային ցեղասպանության մասին։
    Արցախի Տիգրանակերտում պեղումներն իրականացվում են 2006 թվականից: Դեռևս 2020-ի օգոստոսին հնագետներն այնտեղ արժեքավոր գտածոներ էին պեղել։ Ուսումնասիրության հարուստ նյութ էր հայտնաբերվել վաղ քրիստոնեական հրապարակում և անտիկ թաղամասերում:

ԹՈՒՐՔԻԱ

  • Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության պետական ընկերությունը (TRT), ուղիղ եթերում ներկայացնելով պատերազմական վերջին զարգացումներն Արցախում, սկանդալային վրիպում էր թույլ տվել՝ շեղվելով թուրք-ադրբեջանական քարոզչական կեղծիքից։ Ռեպորտաժի ժամանակ էկրանին հայտնված գլխագրում թուրքերեն նշված էր եղել. «Ադրբեջանը հարձակվում է քաղաքացիական անձանց վրա» /Azerbaycan sivillere saldırıyor/։
    Նշյալ դրվագը մեծ աղմուկ էր բարձրացրել թուրքական մամուլում և սոցցանցերում։  Հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել կատարվածի առնչությամբ և փորձել շտկել «սխալը»՝ հեռացնելով լուսագիրը պատրաստած աշխատակցին։ Հեռուստաընկերության տարածած հայտարարությունում նաև նշվում է, որ եթերից հետո անմիջապես ուղղել են լուսագիրը։

ԻՐԱՆ

  • ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար Գեներալ Հոսեյն Սալամին Արդաբիլ նահանգի  Ասլանդուզ քաղաք և Մողանի ջրամբար կատարած այցի ընթացքում ասել է.«Կայուն անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է և մենք չենք ընդունում մեր երկրի խաղաղության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք»: Գեներալ Սալամին նշել է, որ միջազգային սահմանների անփոփոխ մնալը կարևոր է և կոչ է արել Լեռնային Ղարաբաղում բախվող կողմերին հեռու մնալ Իրանի դեմ ուղղված սպառնալիքներից:
    Նա հավելել է. «Մենք պատրաստ ենք  խիստ և կտրուկ միջոցներ ձեռնարկել Իրանի սահմանների դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ»:
    Մյուս կողմից Իրանի օդուժն իր կայքում տեղադրել է տեսանյութ, որտեղ ցուցադրվել է, թե ինչպես է իրանական ԱԹՍ- ն մոտ 230 կիլոգրամանոց ռումբ նետում: Կայքը գրել է «Զգուշացեք, չմոտենաք մեր սահմաններին»։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակն: «Շարունակվել է Ղարաբաղի շուրջ իրավիճակի և կարգավորման ջանքերի վերաբերյալ կարծիքների փոխանակումը»,- հայտնել է Պեսկովը:
    Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, պառլամենտի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ բնապահպանական և տրանսպորտային հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը:
  • Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը, իրավիճակը Ղրղզստանում և Բելառուսում հանգեցնում են ԱՊՀ-ում տնտեսական ակտիվության նվազմանը, մի շարք դերակատարներ օգտագործում են անկայությոնն անբարեխիղճ մրցակցության համար: Ստեղծված պայմաններում համագործակցության երկրները պետք է շարունակեն մնալ մտերիմ տնտեսական գործընկերներ:
  • ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տվյալներ էր ստացել, այդ թվում` Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից։ «ԱՀԾ-ն «ճշգրիտ տեղեկություններ ուներ մարտական ​​գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արևելքից և առաջին հերթին` Սիրիայից»,- ասել է Նարիշկինը:
  • Մոսկվայի ու Ռուսաստանի այլ քաղաքների առաջատար կլինիկաների հայ բժիշկներն արձակուրդ են վերցրել ու մեկնել Հայաստան և Արցախ, որպեսզի օգնեն Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարությունների ագրեսիվ ռազմական հանցագործությունների արդյունքում տուժածներին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԻՍՊԱՆԻԱ

  • Կատալոնական Բերգա քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: «Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնայի Հայկական Մշակութային Միության առաջարկով՝ ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: Ընդունված բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության, խոսվում է այն մասին, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ է կատարել, մասնավորապես խաղաղ բնակչության դեմ օգտագործելով կասետային ռումբեր, ռմբակոծել ու հրթիռակոծել է քաղաքներ, հուշարջձաններ եկեղեցիներ, ինչպես նաև գնդակահարել գերիների:
  • Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Արցախ է ժամանել՝ իր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելու Արցախին ու նրա ժողովրդին և անձամբ ծանոթանալու հանրապետությունում տիրող իրավիճակին։
  • Ստեփանակերտի հետ քույր քաղաք Դոնոստիայի (Սան Սեբաստիան, Բասկերի Երկիր) քաղաքային խորհուրդն ընդունել է հայտարարություն, որով իր համերաշխությունն է հայտնում Արցախի Հանրապետությանն ու հայ ժողովրդին, կոչ է անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական ագրեսիան` ընդգծելով, որ պետք է հակամարտության կարգավորմանը հասնել բանակցությունների միջոցով՝ այդ գործընթացում Արցախի ներկայացուցիչների ուղիղ մասնակցությամբ և նրա քաղաքացիների ազատ կամարտահայտության հիման վրա:

ԿԱՆԱԴԱ

  • Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին երկխոսության և դիվանագիտության կարևորությունը: Ինչպես հայտնում է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը, ԼՂ հիմնախնդրին երկու երկրների առաջնորդներն անդրադարձել են հեռախոսազրույցի ընթացքում: «Վարչապետն ու նախագահը մտքեր են փոխանակել գլոբալ հարցերի շուրջ, ինչպիսիք են Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում առկա լարվածությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում երկխոսության և դիվանագիտության կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՈՒՆԱՍՏԱՆ

  • Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Բեռլին կատարած այցի ժամանակ Գերմանիային կոչ է արել զենքի արգելանք (էմբարգո) կիրառել Թուրքիայի դեմ։ Արտգործնախարարը նշել է, որ Թուրքիայի գործողությունները սպառնալիք են Եվրամիության անդամ այնպիսի պետությունների համար, ինչպիսիք են Հունաստանն ու Կիպրոսը։ «Թուրքիան հանցագործություն է կատարում Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Կովկասում և Կիպրոսի շրջակայքում»,- ասել է նա և անդրադարձել նաև այն վտանգին, որը ներկայացնում է սիրիացի ջիհադիստների տեղափոխումը Լիբիա և Կովկաս:
  • Հունական Դիդիմոտիխոն քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ համերաշխություն հայտնելով հայ ժողովրդին և դատապարտելով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական հարձակումներն ու բռնարարքները։ Բանաձևում քաղաքի իշխանությունները նաև դատապարտում են այն բոլոր կողմերին, որոնք աջակցություն են ցուցաբերում Արցախի դեմ ագրեսիային։

ՖՐԱՆՍԻԱ

  • Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր երկրամասի ղեկավարությունը՝ վարչական կենտրոնը Լիոն քաղաք, որոշել է, որ հայկական կառույցների անվտանգությունը պետք է պաշտպանել։ «Բախվելով ահաբեկման փորձերին, որոնց զոհ են դառնում հայազգի մեր հայրենակիցները, թաղապետը կոչ է արել ուժեղացնել ոստիկանության զինվորականների ներկայությունը հայկական դպրոցների և աղոթատեղիների հարևանությամբ»,- ասվում է ոստիկանության թվիթերյան էջում, որում հրապարակվել է նաև նկարներ:

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 4
Հյուրեր՝ 3
Օգտատերեր 1
armenlur