Արցախյան 2-րդ պատերազմի քրոնիկոն. օր 31


ԱՐՑԱԽՅԱՆ 2-րդ ՊԱՏԵՐԱԶՄ. օր 31-րդ՝ հոկտեմբերի 27

Իրավիճակը ռազմաճակատում

  • Առավոտյան ժամը 10:00-10:15 սահմաններում ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:
  • Ադրբեջանական կողմը կասետային հրթիռակոծման է ենթարկել Արցախի Մարտունու շրջանի Ննգի բնակավայրը։ 

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

  • ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով ստեղծվում է աշխարհազոր ու սահմանվում է այդ եզրույթը:
  • ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձ է հղել. «Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ, ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը: Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է»:
  • ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն ասաց, որ Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի։ «Մենք աշխատում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներակայացուցչության և Պաշտպանության նախարարության ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ` տվյալ անձնանց նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ, որը վերաբերում է բժշկական օգնությանը, չխոշտանգելուն և այլն»,- ասաց Վարդանյանը։
  • Լրագրող Թաթուլ Հակոբյանը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին․ «Ես մտածում եմ, որ ժամանակավորապես պետք է հրաժարվել լայվերից: Երեկվա ու շատ այլ լայվերի կարիքը ուղղակի չկար: Հատկապես՝ երեկվա»։
  • ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը կանանց ջոկատ կազմելու մասին գրառում է կատարել։
  • Էդուարդո Էռնեկյանը Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրաբերում է 3.5 միլիոն ԱՄՆ դոլար: Նա, միանալով «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքին, Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրաբելել է 1 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար: Առաջիկայում կփոխանցվի նաև գումարի մնացած մասը:

ԱՐՑԱԽ

  • Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ընդունել է հումանիտար առաքելությամբ Արցախ այցելած Ղրիմի կամավորականների միության ղեկավար, տեղի հայ համայնքի ներկայացուցչին:
  • Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատրաստել է երկրորդ փակ զեկույցը ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների և դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ և ուղարկել բազմաթիվ միջազգային կառույցների:
  • Երևանում ժամանակավորապես բնակվող արցախցի կանայք իրենց երեխաների հետ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գրասենյակի դիմաց: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են չլռել և համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիային:

ԹՈՒՐՔԻԱ

  • Թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:
    «Քննարկվել է իրադարձությունների զարգացումը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների առնչությամբ, ինչպես նաև մարտերում Մերձավոր Արևելքից ժամանող ահաբեկիչների զանգվածային ներգրավման: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների հետ շփումների և հրադադարի շուտափույթ հաստատմանը և ճգնաժամի ապաէսկալացիային ուղղված ձեռնարկվող քայլերի մասին»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
  • Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է. «Որպեսզի ջանքերը ապարդյուն չանցնեն, միջնորդները պետք է բանակցություններ սկսեն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Հրադադարը միայն այդ դեպքում կարող է տևական դառնալ»։ 
  • Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավոր, Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի ղեկավար Հաքան Չավուշօղլու«Ցավոք սոցմեդիայի միջոցների ու լրատվամիջոցների շատացման հետ զուգահեռ հայերի նկատմամբ ատելության խոսք է կիրառվում: Ատելության խոսքը Թուրքիայի Հանրապետության օրենքներով հանցագործություն է համարվում: Թուրքիան այս պահին հայ-ադրբեջանական բախումներում կանգնած է եղբայրական Ադրբեջանի կողքին, բայց դա չի կարող ներկայացվել որպես ատելության խոսքի հիմնավորում, մեր հայ քաղաքացիների վրա ճնշումներն անընդունելի են»։ 

ԻՐԱՆ

  • Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին նվիրված քննարկմանը։ Նիստի ընթացքում Զարիֆը հայտարարել է․ «Հենց հիմա փոխարտգործնախարարը Արևելյան Ատրպատականում է, այցելում է Խոդաֆարինի ջրամբար, ինչից հետո Բաքու, Մոսկվա և Երևան է մեկնելու։ Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման համար նախագիծ է մշակել, որն այսօր-վաղը կներկայացվի, և հետո Մոսկվայում և Երևանում ևս հետամուտ կլինենք»։
    Զարիֆը հավելել է, որ իրենց անհանգստացնում է տարածաշրջանում թաքֆիրի ահաբեկիչների և նաև այլ ահաբեկիչների ներկայությունը: «Այս առնչությամբ մենք հստակ ասել ենք, որ դա Իրանի Իսլամական Հանրապետության համար անընդունելի է»,- ասել է նա։
  • Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին այսօր այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի ահմանային տարածքներ։ Այցի ընթացքում Սեյեդ Աբբաս Էրաղչին  հայտարարել է, որ  Իրանի համար իր սահմանային շրջանների, ջրամբարների և բնակավայրերի անվտանգությունը շատ կարևոր է և համարվում է Թեհրանի կարմիր գիծն ու ղարաբաղյան հակամարտության հետևանքով, դրանց անվտանգությունը  չպետք է խաթարվի:
  • Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Մոհամադ Փաքփուրը հայտարարել է. «Թեհրանը աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն Կովկասում չի հանդուրժի։ Դա այն կարմիր գիծն է, որն Իրանը հատել չի կարող»:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ

  • Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել: «Չավուշօղլուն բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղին, Սիրիային և Լիբիային առնչվող հարցերը»,- ընդգծվել է հաղորդագրության մեջ։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

ԱՄՆ

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների չկատարումից: Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ հակամարտությունը շարունակվում է շատ երկար տարիներ և հավելել. «Ահա, թե ինչ է տեղի ունենում, երբ կան երկրներ, որոնք այդ ամենի մեջ են երկար ժամանակ: Այո, դա հիասթափեցնող է»:
  • ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ղարաբաղում տիրող իրավիճակը հեռախոսով քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` հորդորելով կատարել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորությունները։  «Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն առանձին-առանձին խոսել է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը առաջնորդներին կոչ է արել կատարել բռնությունը դադարեցնելու իրենց պարտավորությունները և ձգտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական լուծման։ Նա նաև նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասված Է Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:
  • Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույցեր են անցկացրել Walgreens, Comcast և Verizon ընկերությունների շենքերի մոտ` կոչ անելով դադարեցնել համագործակցությունը BGRGroup լոբիստական ​​ընկերության հետ, որը քողարկում է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ: Ցուցարարները հորդորել են հրաժարվել Ադրբեջանի ռազմական հանցագործություններին մեղսակցելուց և բոյկոտել այդ ընկերությունները:
  • Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը դիմել է ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին՝ կոչ անելով ճանաչել Արցախի Հանրապետությունը:
  • Աշխարհահռչակ դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը Արցախում պատերազմի մասին ուղերձ է հղել ու հայտարարել, որ աղոթում է ինչպես ամբողջ հայության, այնպես էլ հակամարտության խաղաղ լուծման համար։ «Խորը ցավով տեղեկացա հայկական Արցախում հակամարտության վերջին սրման մասին։ Ես այստեղ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բազմաթիվ հայ ընկերներ ունեմ, և նրանք պատմում են իրենց տառապանքի, մտերիմների կորստի մասին։ Ես շատ եմ հարգում հայ ազգին՝ շատ ամուր ու մեծահոգի։ Նա ստիպված է եղել հսկայական դժվարությունների բախվել։ Ինչպես գիտենք դուք և ես, այդ մարդկանց կարողություններն անսահման են։ Այս բարդ ժամանակներում աղոթում եմ ձեզ համար։ Նաև աղոթում եմ, որ խաղաղ լուծում գտնվի։ Եվ որ հզոր տերությունները միջամտեն ու ճանաչեն ստեղծված իրավիճակը։ Ես հույս ունեմ, որ դուք խաղաղության կհանգեք։ Ընկերներ, ուժեղ մնացեք, շարունակեք անել ձեր գործը, և թող Աստված օրհնի ձեզ»,- ասել է դերասանը։

ԲԱՀՐԵՅՆ

  • Բահրեյնի թագավոր Շեյխ Համադ բին Իսա Ալ Խալիֆան արձագանքելով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նամակին, նշել է, որ «Բահրեյնի արտաքին գործերի նախարարությունը համատեղում է ջանքերը Ծոցի երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարության հետ, որը Ծոցի համագործակցության խորհրդի երկրների անունից հրապարակել է հայտարարություն՝ կարեւորելով հրադադարի շուտափույթ հաստատումը եւ կոչ անելով Անվտանգության խորհրդին, որպեսզի ստանձնի միջազգային անվտանգության եւ խաղաղության հաստատման իր պարտավորությունները»։

ՀՈԼԱՆԴԻԱ

  • Ֆորմուլա 1-ի հոլանդացի հայտնի մրցարշավորդ Մաքս Վերշտափենը նախօրեին Պորտուգալիայի մրցարշավում գրավել էր 3-րդ տեղը: Իր հաղթանակը նշելու համար Վերշտափենը 1000+ հիմնադրամին է փոխանցել 100 դոլար և գրառում թողել կայքում։ «Ես չէի կարող վայելել այսօրվա հաղթանակը՝ առանց նվիրատվություն կատարելու հայ զինվորների ապահովագրության ֆոնդին, ովքեր ամեն օր իրենց կյանքը զոհաբերում են հայրենիքի համար»,- գրել է Վերշտափենը։

ՀՈՒՆԱՍՏԱՆ

  • Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի ապօրինի գործողություններին, ինչպես նաև ակնարկելով Սիրիայից Ադրբեջան փոխադրած վարձկաններին, հայտարարել է, որ Թուրքիան դարձել է ջիհադիստների տուրիստական գործակալություն: «Ցավոք, տարածաշրջանային բոլոր զարգացումներում ընդհանուր հայտարարը Թուրքիայի ապակայունացնող գործոնն է: Ես հայտնել եմ իմ անհանգստությունը ջիհադիստների համար տուրիստական գործակալություն դարձած Թուրքիայի դերի վերաբերյալ»,- նշել է նա։
  • Հունաստանի Վարի Վուլա Վուլյաղմենիսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության վրա։ «Կոչ ենք անում միջազգային հանրությանը (Մինսկի խմբի միջնորդներին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին) ստանձնել ցանկացած նախաձեռնություն անհապաղ դադարեցնելու կրակն ու կանխելու հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունները, ինչպես նաև պահանջում ենք ողջ տարածաշրջանում բարգավաճման, զարգացման և խաղաղ գոյակցության համար անհապաղ գտնել փոխադարձ հարգանքի և հաշտեցման համատեղ ուղի՝ հարգելով միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդների մարդու իրավունքները»:

ՍԻՐԻԱ

  • Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) տվյալներ է հրապարակել Արցախում իրականացվող ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Թուրքիայի կողմից Սիրիայից Ադրբեջան փոխադրված սիրիացի վարձկանների վերաբերյալ: 
    Մեծ Բրիտանիայում գործող և ամենօրյա ռեժիմով սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքին հետևող այս կառույցի ներկայացուցիչները հայտնել են, որ Արցախում մարտերի ընթացքում սիրիացի ևս 18 վարձկան է սպանվել:
    Նշվում է, որ ոչնչացված վարձկանների թվում է եղել «Սիրիայի ազգային բանակին» կից «Ֆիրքաթ ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Ադել ալ Շահիրը: Արցախում սպանվել է նաև Ադրբեջանի վարձկան Աբու Մարիանը: Ահաբեկչի մարմինը տեղափոխվել է Թուրքիայի հետ Ջարաբլուս սահմանային դարպասներով: 
  • Կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մեկ ամսվա ընթացքում առնվազն սիրիացի 188 վարձկան է սպանվել, որից միայն 123-ի դիերն են Սիրիա ուղարկվել: