Արմատական կործանման ուղին


Բոլոր ժողովուրդները հեղափոխություններից արմատական փոփոխությունների ակնկալիքներ են ունենում, հակառակ դեպքում հեղափոխություններ տեղի ունենալ չեն կարող։ «Թավշյա, ոչ բռնի» հայտարարված հայաստանյան հեղափոխության 6 տարիների ընթացքում արմատական փոփոխությունների փնտրտուքն անհեռանկար զբաղմունք է, քանի որ նման բան գոյություն պարզապես չունի։

Վերջին 6 տարիների միակ արմատական փոփոխությունը մեր պետության անվտանգության լիարժեք քայքայումն է, որի հետևանքով կանգնած ենք գոյաբանական խնդրի առջև՝ հայոց բանակի ջախջախումը, Արցախ աշխարհի կորուստն ու ցեղասպանության տարրերով արցախցիների տեղահանությունը վկա։

Նախահեղափոխական Հայաստանում, եթե բոլորն անխտիր հաղթողներ էին, ներքուստ հպարտ ու մարտական, ապա այսօր կոտրված է ազգային ոգին, միասնականությունն ու նպատակաուղղվածությունը, իսկ ապագան՝ անորոշ։

Տառացիորեն ամեն օր տեղային մարտեր և փոխհրաձգություններ են տեղի ունենում այսօվա իրավիճակի իրական պատասխանատուների միջև և 30-ամյա հաղթող, Շուշի գրավող, Բաքվում թեյ խմող, Քուռ-արաքսյան պետություն ստեղծողների, արյունով գրավածը թղթով հետ չտվողների, հող տվողին հողին հանձնողների ու Ադրբեջանը մեկ հայտարարությամբ կործանողների մեջ իր սխալն ընդունող գեթ մեկ համարձակ մարդի չի գտնվում, որ հայտարարի իր սխալված լինելու մասին։ Անսխալականների այս հասարակական-քաղաքական համակարգը մեր պետությունը բերել, հասցրել է արմատական կործանման ուղուն։

Արմատական կործանման մեր այս ուղուց շրջադարձ կատարելու առաջին վճռական քայլն ինքնախոստովանությունն է ու ինքնամաքրվելը։

Իրապես համարձակ եղեք։

Գրիգոր Կարապետյան