Բումերանգը դաժան բան է


ՀՀ Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին զրկել է անձեռնմխելիությունից։ Քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և բոլորը միասին կողմ են քվեարկել։ 

Հարց է առաջանում։ Ինչու՞ իշխող կուսակցությունը 5 տարի անց նոր հիշեց արդարադատություն իրականացնել պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ։ Պատասխանը նույնիսկ պողոսներին է հայտնի։ Իշխողները իրենց նպատակահարմարությանն են նայում։ Պատճառներն են՝ առաջին և հիմնական, որ Սեյրան Օհանյանն սկսել է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ։ 

Երկրորդ՝ բանակային երկրորդ կորպուսում տեղի ունեցող ողբերգական պատահարը, որը ի ցույց դրեց, թե ինչ թշվառության մեջ է մեր բանակը։ Թե չէ այլ կերպ դժվար է մտածել։ Պարզաբանենք։ 

Տևական ժամանակ է Սեյրան Օհանյանը պաշտոն չէր զբաղեցնում։ « Հեղափոխությունից» հետո մինչև 2021թ․ Սեյրան Օհանյանը պատգամավոր չէր և հետևաբար անձեռնմխելիություն էլ չուներ, կարող էին անմիջապես քրեական գործ հարուցել։ Իշխանություններին ի՞նչն էր խանգարում, որ նույն մեղադրանքները, որ ներկայացնում են այսօր, չէին կարող ներկայացնել մինչև 2021թ, բայց չեն արել. պահել են հարմար պահի, որ զբաղեցնեն պողոսներին , և լռեցնեն Սեյրան Օհանյանին։ 

Երրրորդ, եթե նույնիսկ Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքն ապացուցվի դատարանում, ինչն ամենևին էլ չի թեթևացնի ներկաների մեղքը, որ հինգ տարի ոչինչ չեն արել , որ բանակը գտնվել է չարքաշ վիճակում և 15 երիտասարդներ կյանքով հատուցեցին։ 

Իշխանություններն ունեին բավարար լեգիտիմություն, որ մեր երկիրը լիներ իրավական, ինչպես որ խոստացել էին մինչև իշխանության գալը։ Չարեցին։ Գոնե իրենց համար անեին։ Իշխանությունը հավերժ չէ, վաղն էլ իրենք են կանգնելու իրենց ստեղծած արդարադատության առջև։ 

Բումերանգը դաժան բան է և ոչ ոք չի կարող խուսափել։

Ջավահիր Այվազյան