Հաշվի նստենք իրականության հետ


ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ կուսակցության նախկին կարկառուն ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում կայացած ասուլիսին ասել է, որ խաղաղության պայմանագիրը լինելու է Ղարաբաղի և Հայաստանի մահվան սև թուղթը, չի բխելու մեր շահերից և իշխանություններին մեղադրում է Թուրքիայի աղետալի երկրաշարժից հետո ցուցաբերած մարդասիրական օգնության համար։ 

Նախևառաջ փաստենք, որ մենք դեմ ենք իշխանությունների վարած թե՝ ներքին, թե՝ արտաքին քաղաքականությանը. «հեղափոխությունից» հետո խոստումները չեն կատարել, երկրում օրինականություն չեն հաստատել, շարունակել են նախորդների «ոչմիթիզական» քաղաքականությունը և երկիրը հասցրել են կործանման եզրին։ Այս մասին մենք շատ հրապարակումներ ունենք։ Բայց եթե իշխանությունը հանկարծ մի դրական բան է անում, չենք կարող չարձանագրել։ Լավին՝ լավ, վատին՝ վատ։ 

Մենք գտնում ենք, որ իշխանությունները ճիշտ քայլ արեցին, որ Թուրքիային ձեռք մեկնեցին աղետալի երկրաշարժից հետո, իհարկե, կարող էին միքիչ ավելի զուսպ լինել, բայց դե․․․։ Ինչևէ։ 

Իսկ հիմա խաղաղության պայմանագրի մասին։ Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է աղմկում տիկին Զոհրաբյանը և ընդհանրապես նախկինները, որ իրենք էլ Փաշինյանի հետ միասին պատասխանատու են երկիրը կործանման տանելու համար, և առանց խաղաղության պայմանագրի ինչպե՞ս են պատկերացնում մեր պետականության ապագան։ 

Խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ Պատերազմ, որի համար, բացի երիտասարդ կյանքերից, այլ ռեսուրս այս պահին չունենք և առաջիկա տասնամյակում դժվար էլ ունենանք։ Նույնիսկ կարծիքներ են հնչում, որ կհզորանանք և պատերազմով Շուշին ու Հադրութը հետ կբերենք։ Քանի չենք հզորացել, այս ամենն ընդամենը պոպուլիզմ է՝ ֆանտաստիկայի ժանրով։ 

Իսկ մենք կարո՞ղ ենք հաղթել Ադրբեջան-Թուրքիա զույգին, թե՞ պետությունը կորցնելուց հետո նիկոլավարի պիտի հայտարարենք՝ մենք մեզ պետությունը կորցրած չենք համարում։ Ի՞նչ տարբերություն ձեր այժմյան, նախկին և փաշինյանական հռետորաբանության միջև։ Դասեր չե՛ք քաղում։ Հետաքրքիր է, ձեր ռազմատենչության համար 5 հազար երեխու կյանքը քի՞չ էր։ Նույնիսկ հաղթանակած երկրի համար է պատերազմը չարիք։ 

Իսկ տիկին Զոհրաբյանի բոցաշունչ սիրտը նորից պատերազմ է ուզում։ Այնինչ, Խաղաղության պայմանագիրն առաջին հերթին մե՛զ է պետք։ Մե՛նք ենք պարտված կողմը և պիտի հաշվի նստենք այս իրականության հետ, որովհետև այլ իրականություն այլևս չկա, որովհետև պետությունը չի կարող արտագաղթել, որովհետև հարևանները չեն փոխվելու։ Մեզ և մեր երկրին խաղաղություն է պետք։ 

Ջավահիր Այվազյան