Հաճելին համատեղում է օգտակարի հետ


«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը «Իրավունք TV»-ի տաղավարում ասել է․- «Մեր կուսակցությունը բանակի հիմնադրման ակունքներում է կանգնած և այն ժամանակ, երբ 90-ականների սկզբին մենք պահանջում էինք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա կանոնավոր, ուժեղ, ժամանակակից հզոր բանակ, Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր. «Ո՛չ, մենք չպետք է ունենանք բանակ» և մեր անվտանգության երաշխիքը պետք է լիներ անպաշտպանվածությունը: Սա Լևոն Տեր-Պետրոսյանի թեզն էր, որն այսօր կրկնում է իր հոգեզավակ Նիկոլը»- տեղակացնում է  iravunk.com-ը։

Անկեղծ ասած՝ մենք չգիտենք էլ, թե ինչ լեզվով ու բառապաշարով գրենք, որ էս լկտի ստի հեղինակը հասկանա, որ փոքր երկիր ենք ու բոլորը բոլորին գիտեն, և գիտեն, թե ինչ քաղաքական ճանապարհ է անցել Հայկ Բաբուխանյանը և հանրությանը հայտնի է, թե ով է եղել 90-ականերին բանակի հիմնադրման ակունքներում։ 

Իրենից ոչինչ չներկայացնող և հետագայում էլ կուսակցական երկարատև գզվռտոցների արդյունքում կուսակցության (հետաքրքիր է, կուսակցությունը քանի անդամ ունի) ղեկավար դարձած Հայկ Բաբուխանյանը, որ տևական ժամանակ է պայքարում է Հայաստանի անկախության դեմ, ուժեղ Հայաստան է ուզում Ռուսաստանի հետ, հանուն նոր Միության, գոնե մտածել է, թե ո՞նց է Հայաստանն ուժեղ լինելու Ռուսաստանի կազմում, բա ի՞նչ է լինելու իր «պահանջով» ստեղծած բանակի ճակատագիրը։ 

Մեկնումեկը սրան հարցնի, դուք ի՞նչ գործ ունեիք բանակի ստեղծման ակունքներում, երկրի ղեկավա՞ր էիք, թե՞ պաշտպանության նախարար։ Նույնիսկ պողոսներին է հայտնի, որ երկրի ղեղեկավարն է իր թիմով բանակի հիմնադրման ակունքներում լինում։ էդ, որ բարբաջում է էդ լկտի սուտը, որևէ ապացույց ունի՞, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նման բան է ասել։ Աքսիոմատիկ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նման բան չի ասել։ Պատկերացնու՞մ եք, Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ուզում բանակ ստեղծել, բայց ինչ որ մի Բաբուխանյան «պահանջել է», Առաջին նախագահն էլ «վախեցել» ու բանակ է ստեղծել։ Աբսուրդը ձգտում է անվերջության։ 

Մարդկային նման որակներ ունեցող մեկը փորձում է Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկել։ Մանր մարդիկ են բարբաջանքի ընդունակ լինում և անզորությունից փորձում են ցեխ շպրտել։ Թե Փաշինյանն ում քաղաքական գիծն է առաջ տանում, չենք անդրադառնում, մենք մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել ենք, ընթերցողին այլևս հետաքրքիր չի լինի։ Ի դեպ, բանակի օրվա կապակցությամբ սոցցանցերում շատերն էին գրառումներ արել։ Ուշագրավ էր «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանի գրառումն իր ֆեյսբուքի էջում։ 

Ոչ ավել, ոչ պակաս Միսկարյանը հայտարարում է, որ Հայաստանը բանակ չի ունեցել։ Այ քեզ բան։ Պարոն Միսկարյան, եթե բանակ չենք ունեցել, բա ո՞նց հաղթեցինք Արցախի առաջին պատերազմում։ Նույնիսկ ամենավառ երազում առանց բանակի պատերազմ չեն հաղթում։ Ամենայն հավանականությամբ պարոն Միսկարյանն անհաջող փորձ է անում մեղմացնել իշխանությունների աններելի մեղքերը, որ պատերազմից հետո ոչինչ չեն արել և բանակը թողնել են չարքաշության ճիրաններում, պատերազմի պարտությունն էլ բանակ չունենալու պատճառով է եղել, միաժամանակ վարկաբեկել Լևոն Տեր-Պետրոսյանին (իհարկե, գրառման մեջ չկա Լևոն Տեր-Պետրոսյանի անունը, բայց պարզից էլ պարզ է,որ, եթե ՀՀ-ն բանակ չի ունեցել, ենթադրվում է, որ Առաջին նախագահը բանակ չի ստեղծել) ու հաճելին համատեղել օգտակարի հետ։ Անհեռանկար զբաղմունք։ 

Մեծ հաշվով Միսկարյանն ու Բաբուխանյանը գրեթե նույն բանն են անում։ Երկուսն էլ վարկաբեկել են ուզում Լևոն Տեր-Պետրոսյանին ու հաճոյանալ իրենց տերերին։ Այսուամենայնիվ մի փոքրիկ տարբերություն կա։ Բաբուխանյանը նախկիններին է ներկայացնում, Միսկարյանը՝  ներկաներին։ Գիտե՞ք նախկինների ու ներկաների թշվառությունը որն է, որ մինչև հիմա չեն հասկացել, որ քաղաքական դաշտում Լևոն Տեր-Պետրոսյանը մրցակից չունի։ Մի տվայտվեք։ Լևոն Տեր-Պետրոսյանը պետություն է հիմնադրել, բանակ է ստեղծել, պատերազմ է հաղթել ու արժանապատիվ հեռացել։ Պատմությունն ամեն ինչ սրբագրելու հատկություն ունի։ 

Ջավահիր Այվազյան