Միջնորդությունների քանակը ՄԻԵԴ-ի վճռի վրա ազդեցություն չի ունենա


ՀԱՐՑ - Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատարանի վերջնական վճռից հետո, պարզ է, որ նրա փաստաբանները դիմելու են Մարդու Իրավունքներ Եվրոպական Դատարան։ ՄԻԵԴ վճռի վրա ազդեցություն կունենա՞ այն փաստը, որ, անկախ բովանդակությունից (զուտ քանակական առումով) ասենք դատարանին ներկայացրած 1000 միջնորդությունից 10-ն էլ չի բավարարվել։

Հարցին պատասխանում է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։

- Բնականաբար, իրենց պլանների մեջ մտնում է եվրոպական դատարան դիմելը ու իրենք առաջին հայացքից այդ հիմքերը ստեղծում են։ Բայց եվրոպական դատարանը գործի քննությունը կատարելուց իր ուշադրության կենտրոնում պահում է ազգային օրենսդրությունը։ Իսկ մեր պետական օրենսդրությունը չի սահմանել, որ միջնորդությունները, անկախ հիմնավոր կամ անհիմն լինելուց, պարտադիր պետք է բավարարվեն։ Այլ հարց է, որ, օրինակ, 2008 թվականի մարտի 1-ի գործերով դատարաններն ընդհանրապես քննության առարկա չէին դարձնում միջնորդությունները։ Իսկ այս դեպքում մենք տեսնում ենք, որ դատարանները հիմնավոր քննություն են կատարում միջնորդությունների վերաբերյալ և պատճառաբանված որոշումներ են կայացնում, ինչի ճիշտ կամ սխալ լինելն էլ անգամ եվրոպական դատարանի քննության առարկա չի կարող դառնալ։ Եվրոպական դատարանը քննության առարկա է դարձնելու հետևյալ հարցադրումը. արդյոք միջնորդությունները ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով քննության առարկա դարձե՞լ են վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ կլինի նախաքննական մարմին, թե կլինի դատարան։ Այս պարագայում 1000 անգամ կանեն, թե 5000 անգամ միջնորդություն կանեն, դա որևէ բանով չի կարողանալու ազդել եվրոպական դատարանի որոշման վրա։ Ուրիշ բան, որ եթե ասենք, դատարանը սկսի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ միջնորդությունները չլուծել, որովհետև քրդատը նաև սահմանում է, որ միջնորդությունը դատարանը կարող է հետաձգել և այլ փուլում, ասենք՝ վճռի հետ լուծի այդ միջնորդությունը։ Եթե արդյունքում դատարանը չանդրադառնա միջնորդություններին, գուցե և խնդիր լինի։ Բայց մենք այս պահին տեսնում ենք, որ դատարաններն ամենայն մանրամասնությամբ այդ միջնորդությունները քննության առարկա են դարձնում։ Այնպես որ, եթե ունեն նման պլան, ապա կարծում եմ անհեռանկար գործ է։ 

- Այսինքն, այս դատավարական գործընթացում պարբերական միջնորդությունները միմիայն ուղղված են հետաձգումներին և ոչ թե ՄԻԵԴ-ում մերժված միջնորդությունների քանակը խաղարկելուն։

- Միանշական։ Այս միջնորդություններն ավելի շատ ուղղված են գործի քննությունը՝ ապացույցների հետազոտման փուլը հնարավորինս հետաձգելուն։ Այն պահից սկսած, երբ դատարանը կսկսի ապացույցները հրապարակել կամ հետազոտել, այդ պահից պաշտպանական կողմի վիճակը բավականին կբարդանա։ 

Հարցազրույցը վարեց՝ Արմեն Գևորգյանը