Մրջուր տանող ամենակարճ ճանապարհը


Կառավարության նիստում վարչապետը դարձյալ հայտարարել է, որ ըստ եռակողմ հայտարարության 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը:

Ինչպես տեսնում ենք, վարչապետն ինքն էլ է ասում, որ հայտարարությունը եռակողմ է, ինչը ենթադրում է, որ ինքն էլ է ստորագրել հայտարարության տակ։ Ասում է՝ Ադրբեջանի, ՌԴ-ի պարտավորություների մասին, բայց լռում է Հայաստանի այսինքն՝ իր պարտավորությունների մասին, մինչդեռ առաջին պատասխանատուն ինքն է։ Այսինքն եթե «Լաչինի միջանցքը» փակ է, ապա մեղավորը Ադրբեջանն ու ՌԴ-ն է, ոչ երբեք իր վարած արկածախնդիր արտաքին քաղաքականությունը։ Այս մասին մի քանի տող ներքև։ 

Նույն կերպ էլ «հեղափոխության» պարտության համար մեղադրում է պետական համակարգին, կարծես էդ էլ պիտի դրսից գային ու փոխեին։ Սկզբում ասում էր ԱԺ-ում մեծամասնություն չունի, հետո ունեցավ և համակարգային փոփոխություն դարձյալ չարեց։ 

Երկիր ղեկավարելը, այն էլ պատերազմող, առաջին հերթին ենթադրում է պատասխանատվություն, շատ մեծ պատասխանատվություն, հետո նոր բյուջեի բարիքներից օգտվել (թեև ոչ այդ մասշտաբներով), բայց մեզ մոտ հակառակ պրոցեսներ են տեղի ունենում։ 

Առաջնային համարեցին իրենց աշխատավարձների բարձրացումը՝ գումարած պարգևավճարները, չխնայելով բյուջեն և արտաքին պարտքը անասելի չափերի հասցրին, ինչն անընդունելի է պատերազմող երկրի համար, ու ամենևին էլ չեն հիշում, որ «հեղափոխական» ճանապարհով են եկել իշխանության և պատասխանատվություն ունեն իրենց իշխանության բերած հանրության առջև։ 

Համակարգային փոփոխություն չարեց, հայտարարեց, որ «վնգստացող» դատավորներ կան դարձյալ ոչինչ չարեց, միայն բավարարվեց հպարտ քաղաքացիներին կոչ անելով, որ դատարանները շրջափակեն, իսկ այն դատավորները, որոնք սխալ վճիռներ էին կայացրել, որոնք ՄԻԵԴ-ի որոշումներից հետո էլի բյուջեից էին վճարում, նույնիսկ պաշտոնի բարձրացում ունեցան։ Իսկ հանրությունն այդպես էլ չիմացավ, թե ինչ ճակատագիր ունեցան «վնգստացող» դատավորները։ 

Այն խոստումները, որ կարող էին հպարտ քաղաքացու կյանքում փոփոխություն արձանագրել՝ չկատարվեց։ Արդար լինելու համար արձանագրենք, որ առաջին իսկ օրվանից սկսեցին ասֆալտ փռել, բայց խոստումերի մեջ ասֆալտ փռելու մասին խոսք չկար, հա, մանկապարտեզներ ու դպրոցներ էլ են նորոգում սուբվենցիոն ծրագրով։ 

Ժամանակ առ ժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ պետական համակարգը դիմադրում է «հեղափոխությանը», այսինքն ինքը մեղավոր չէ։ Ինչպես տեսնում ենք, ձախողել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը։ Հայտնվեցինք շատ ավելի չարքաշ վիճակում, քան մինչև «հեղափոխությունն» էինք, ինչը, սակայն, չի նշանակում, որ այս աղետի համար մերժվածների պատասխանատվությունը նվազում է։ 

Իսկ հիմա հասկանանք, թե ինչու՞ մրից դուրս եկանք ու մրջուրն ընկանք։ Հանրությունը մերժել էր նախկիններին, ինչը ենթադրում էր, որ պիտի կառավարման համակարգը փոխեր ու պայքարեր նախկինների դեմ։ Բայց ոչ, Փաշինյանն իր չկայացած թիմով պայքարում էր Լևոն Տեր- Պետրոսյանի դեմ։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում ոչ արատավոր անցյալով մարդիկ են, իրենց բնագավառների խոշոր պրոֆեսիոնալներ, որոնք նաև պետական կառավարման մեծ փորձ ունեն և հրաշալի կղեկավարեին արտաքին գերատեսչությունը, աշխարհի առջև խայտառակ չէինք լինի ու պետականության կորստի շեմին չէինք կանգնի։ 

ՀՀ արտգործնախարարության խնդրանքով այսօր Մոսկվայում նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը հետաձգվել է:  Սրանք որ բանակցությունները հետաձգում են, բա ո՞նց են «Լաչինի միջանցքը» բացելու, եթե այս պահին սա ամենակարևոր հանդիպումն էր։ Սա էլ է ապացույց, որ այս մարդիկ դիվանագիտությունից հեռու են, չեն տարբերում հիմնականը երկրորդականից։ Եթե երկրի գլխավոր դիվանագետը նման ձևով է իրեն պահում, ապա դրսում ոչ մեկը սրանց նույնիսկ լսելու ցանկություն չի ունենա։ Իսկ մի խումբ «արևմտամետներ» հայտնի կենդանու հրճվանքն են ապրում, թե երկրի գլխավոր դիվանագետը ոնց է բոյկոտում ու հաշվի չի նստում ՌԴ հետ։ Դիվանագիտությունից հեռու տղայական մտածելակերպ։ 

Պատերազմող երկրում պիտի երկիրը ներկայացնեն հմուտ դիվանագետները։ Նայում ես Նիկոլ Փաշինյանի հավաքած թիմին՝ մի մասը փորձ չունի, մի մասն էլ փորձ ունի, բայց գրագիտությունն է պակաս, կոճակ են սեղմում ու իրենց բարձր աշխատավարձներն ու պարգևավճարներն են ապահովում։ 

Նախորդ օրը արտախորհրդարանական ուժերի հանդիպումը երկրի ղեկավարի հետ պատկերն ամբողջական է դարձնում։ Փաստարկվում է, որ Նիկոլ Փաշինյանն իր կողքին պահում է մարդկանց, որոնք մտավոր կարողություններով զիջում են իրեն կամ հավասար են. մարդը չի սիրում ինտելեկտուալներին, իսկ այդ տրամաբանությամբ երկիր ղեկավարելը կործանարար ու աղետաբեր է, մրջուր տանող ամենակարճ ճանապարհն է։ 

Ջավահիր Այվազյան