Ուտելիս չէին խոսում


Երևանում այսօր մեկնարկել է ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանն իր ելույթում ասել է, որ իրենց համար նորօրյա ազատագրական պայքարի հրամայական պիտի լինի Շուշիի ու Հադրութի ազատագրումը։ 

Ինչպես տեսնում ենք հեղափոխական ընկերը նոր պատերազմի կոչ է անում։ Առանց պատերազմի Շուշի ու Հադրութ ազատագրելը ֆանտաստիկայի ոլորտից է, նույնիսկ անիմաստ է խոսելը։ 

Իսկ մենք մեզ մի փոքր նեղություն տանք և վերհիշենք։ 25 տարի առաջ, երբ պալատական հեղաշրջման հետևանքով իշխանության եկավ Քոչարյանն ու կարկառուն դաշնակներին իրավիճակի փոփոխման պատճառաբանությամբ, առանց դատարանի վճռի ազատ արձակեց բանտերից, և նույն դաշնակներն էլ քաղաքական հենարան դարձան Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման Քոչարյանի «հաղթողական» ծրագիրն իրականացնելու համար, երբ Քոչարյանը Ղարաբաղը դուրս թողեց բանակցային գործընթացից, դաշնակները լուռ էին՝ ունեին նախարարներ, մարզերի ղեկավարներ ու վայելում էին իշխանական բարիքները։ Հայտնի բան է՝ ուտելիս չեն խոսում։ 

Այնուհետև դաշնակները մաս կազմեցին հաջորդ իշխանություններին, նրանք մաս կազմեցին նույնիսկ Փաշինյանի իշխանության ու դարձյալ լռեցին։ 25 տարի անց չլռեց ԱՄՆ Պետդեպը և օրեր առաջ գաղտանզերծեց փաստաթղթեր, որոնք հանրամատչելի բացատրում էին, թե ոնց է Քոչարյանը դեմ եղել Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը և աշխարհի մեծերի կողմից փակ դռների ետևում մեզ ներկայացված պահանջների մասին։ Դարձյալ դաշնակները լուռ են։ 

Այն, որ ներկա իշխանությունները շարունակել են նախկինների «ոչմիթիզական» քաղաքական գիծը և երկիրը հասցրել են կործանման եզրին՝ պարզ է։ Այն, որ այս իշխանություները ձեռքերը լվացել են Արցախից՝ դա էլ է պարզ, նույնիսկ չեն էլ թաքցնում։ Օրեր առաջ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունն էլ ապացույց, որ իրենք չեն կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների։ Ոչ միայն դաշնակները, այլև բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր 25 տարի մաս են կազմել իշխանություններին, ոչ թե պիտի մտածեն իշխանություն վերադառնալու մասին, այլ պիտի չխուսափեն երկիրը կործանման եզրին հասցնելու համար իրենց հավասարաչափ պատասխանատվությունից։

Մեր երկրի կործանումն սկսվեց 1998 թվականից, ապացույցը՝ ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերն են։ Իսկ առանց նոր պատերազմի Շուշի ու Հադրութ ազատագրելը միֆ է։ Պատերազմի ռեսուրս չունենք, գոնե ունենանք այնպիսի իշխանություն, որ հեռու լինի պատրանքներից, երկիրը չտանեն նոր աղետների և կարողանանք պահպանել պետականությունը։

Ջավահիր Այվազյան