Պատմության հայկական օրը. ապրիլի 28


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ըստ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի Հայաստանը դասվեց «կիսահամախմբված ավտորիտար ռեժիմ» ունեցող պետությունների շարքին:
2011 - Հայ Ազգային Կոնգրեսի մի քանի համակիրներ շարժման ղեկավարությունից պահանջում են քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով անցնել պայքարի կոնկրետ ձևերի, դիցուք, նստացույցի։ 
2006 - Մեկնարկեց «Գուգլ Թարգմանիչը»։

  • 2010-ից թարգմանում է նաև հայերեն։

2017 - Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները` Մոսկվայում: Կրեմլը փորձում է կրկին իր ձեռքն առնել Մինսկի խմբի առաջնորդությունը։

  • Եռակողմ բանակցություններից առաջ Ռուսաստանի արտգործնախարարը առանձին֊առանձին հանդիպել էր երկու երկրների գործընկերներին: Մինչ այդ` ադրբեջանական թերթերից մեկում հրապարակած հոդվածում, Լավրովը փաստել էր` «կողմերին հաջողվել է էապես մոտեցնել դիրքորոշումները վիճահարույց շատ հարցերի շուրջ: Կարգավորման հիմնարար սկզբունքները հիմնականում համաձայնեցված են, սակայն, Հայաստանն ու Ադրբեջանը այլ կերպ են տեսնում դրանք իրագործելու հաջորդականությունը: Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը կկարողանան քաղաքական կամք ու փոխզիջումների պատրաստակամություն ցուցաբերել»:

2016 - Եվս մեկ զոհ, երեք վիրավոր Ղարաբաղում: Չնայած հրադադարի մասին պայմանավորվածությանը` Ստեփանակերտը հայտարարում է խաղաղ բնակավայրերի գնդակոծման մասին։

  • Այդ օրերին մամուլում նաև ակտիվորեն տեղեկություններ էին շրջանառվում, թե իբր հայկական կողմը կարողացել է վերադարձնել կորցրած դիրքերից մեկը: Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում պնդել էր` եթե նման բան լինի՝ իրենք հանրությանը տեղյակ կպահեն:

2004 - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպում են Վարշավայում`Եվրոպական տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում:

  • Սա Ի. Ալիևի և Ռ. Քոչարյանի երկրորդ հանդիպումն էր, որին Հայաստանի նախագահը մեկնել էր Ֆրանսիայի առաջնորդ Ժ. Շիրակի հետ բանակցություններից հետո։

2002 - Երկրապահ կամավորականներն իրենց 5-րդ համագումարն են հրավիրում։ 

  • Նախագահ Մանվել Գրիգորյանն ասում է, որ միասնական են սպառնալիքների առջև, սակայն Վազգեն Սարգսյանի մայրը համաձայն չէ՝ հոկտեմբերի 27-ից երկու տարի է անցել, ի՞նչ եք արել, որ այն բացահայտվի։

2000 - Ազգային Ժողովում չներկայացված կուսակցությունները կասկածներ ունեն, որ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ շահեր ունի։ 

  • Հակառակ դեպքում ինչու՞ Քոչարյանը թույլ չտվեց, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանն Ազգային Ժողովում պարզաբանումներ ներկայացնի հոկտեմբերի 27-ի գործով լսումներին։ 

2000 - Աշոտ Մանուչարյանի գլխավորած Ազգային Համաձայնության ճակատը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է գաղտնազերծել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրի քիուեսթյան սկզբունքները։ 

  • Մանուչարյանի մոտ հարցեր է առաջացնում այն, որ մեր ղեկավարները չեն հերքում կարգավորման դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման հավանականությունը։

2000 - Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչը երևանցի դպրոցականներին հավատացնում է՝ դուք հարություն եք առնելու մեռելներից։
1998 - ԱՊՀ Մոսկովյան գագաթաժողովի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանն առաջին հանդիպումն է ունենում Ադրբեջանի առաջնորդ Հեյդար Ալիևի հետ, արդեն` Հայաստանի նախագահի պաշտոնում։

  • Այդուհետ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները շարունակվում են երկկողմ` Հայաստան֊Ադրբեջան ձևաչափով: «Դա նաև դրական մեծ ռեսուրս ունի»,֊ 2000-ին պնդել էր Ռոբերտ Քոչարյանը մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում: «Բանակցությունների ժամանակ կողմերի կարգավիճակը չափազանց կարևոր է. և անտեսել չճանաչված պետության շահերը, շատ ավելի հեշտ է, քան ճանաչված պետության շահերը: Մյուսը` ես որպես բանակցությունների ակտիվ կողմ, շատ ավելի մեծ հնարավորություն եմ ստանում իմ բոլոր այցերի, հանդիպումների ժամանակ ներկայացնել Ղարաբաղի հարցը, որպես սուբյեկտ, որն ուղղակի անմիջական պատասխանատվություն է կրում այս բանակցությունների համար: ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի շփումների մակարդակը դժվար է համեմատել ԼՂՀ նախագահի և ԱԳ նախարարի շփման մակարդակների և հաճախականության հետ: Ուրեմն, մենք տարիներ ի վեր հնարավորություն ունենք ակտիվ` առաջին ձեռքից պարզաբանել Ղարաբաղյան հարցը, ոչ թե որպես կողքից աջակցող կողմ. սա մեծ ռեսուրս է: Երրորդ առավելությունն այն է, որ ՀՀ նախագահի ներգրավվածությունը շատ ավելի այլ մակարդակի վրա է բարձրացնում ՀՀ պատասխանատվությունը Ղարաբաղի նկատմամբ: Քանի որ, մենք, ըստ էության, ամբողջ Հայաստանի ներուժը` և դիվանագիտական, և տնտեսական, և պաշտպանական, ի ծառայություն ենք բերում այս հարցի կարգավորմանը»,- պնդել էր Ռ.Քոչարյանը:

1994 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում կայացրեց ԼՂՀ Գերագույն Խորհրդի պատվիրակությունը գործուղել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին:
1993 - Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) այցելեց Հայաստան, իր հետ բերելով 2.5 միլիոն դոլարի օգնություն:

  • Շերը բազմաթիվ հադիպումներ ունեցավ հասարակության տարբեր շերտերի և հանրապետության ղեկավարության հետ, մկրտվեց Էջմիածնում, որից հետո խոստովանեց, որ միայն դրանից հետո է «շատ ավելի հայ զգացել» իրեն: «Ասում են՝ հայկական աչքեր ունեմ», - կատակել էր Շերը:
  • Շերին հյուրընկալել է նաև նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Ես այսօր ուրախությամբ ծանոթացա մի բարեկամի հետ, որ Հայաստան է եկել վերագտնելու իր արմատները և դժվարին օրերին լինելով մեր կողքին` կիսելու մեր ցավը, իր ուժերի ներածին չափով թեթևացնելու մեր բեռը: Ես կարծում եմ, որ սա միակ այցելությունը չէ։ Ես նկատեցի, որ մեր բարեկամուհին գտել է այստեղ մի ջերմ ժողովրդի, մի տաք ժողովրդի, որի նկատմամբ տածում է ամենամեծ համականքը և այս կապը կդառնա մշտական»,- Շերի հետ հանդիպումից հետո հայտարարել էր Տեր-Պետրոսյանը:

1992 - Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին առաջարկում է Մեղրին հանձնել Ադրբեջանին, իսկ Արցախը՝ Հայաստանին։
1991 - Ամերիկայի ռազմաօդային ինքնաթիռը 60 տոննա հումանիտար օգնություն է հասցնում դեռևս չանկախացած Հայաստանին։

  • Այս օրերին արդեն անջատվել է գազամատակարարումը Ադրբեջանից։

1929 - Խորհրդային Հայաստանի գրողները և պրոլետարական գրողները ստեղծում են Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիան:

  • Խորհրդի կազմում էին Ազատ Վշտունին, Վահրամ Ալազանը, Արաքսը, Գևորգ Աբովը, Ստեփան Զորյանը և Վահան Թոթովենցը: Ֆեդերացիան ընդունում է նաև հատուկ հռչակագիր, որտեղ նշված էր, որ նախահեղափոխական հայ գրականությունը կղերական և բուրժուական էր, ծառայում էր շահագործող դասակարգերի շահերին: Նոր գրական կազմակերպության անդամները խոստանում էին համախմբել բոլոր կարող ուժերը, ստեղծել իսկական պրոլետարական գրականություն և ամեն գնով նպաստել մարքսիստական աշխարհայացքի ձևավորմանը:
  • Չէին մոռացել նաև աշխատավոր դասակարգի թշնամիներին, առաջին հերթին՝ Հայ հեղափոխական դաշնակցությանը. «Ամենաուժեղ, ծավալուն պայքար մղել բուրժուական, ազգայնական (դաշնակցական) գաղափարախոսության բոլոր արտահայտությունների, ինչպես նաև գրական նեոմեշչանիզմի, անկումային ու անարխիստական տրամադրությունների դեմ»,- ասված էր ֆեդերացիայի հռչակագրում:

1920 - Ադրբեջանում հաստատվեց խորհրդային իշխանություն, 11-րդ Կարմիր բանակը, որը մտել էր Ադրբեջան, գրավեց Ղարաբաը, Նախիջևանը, Զանգեզուրը:
1802 - Դավիթ Ե Էնեգեթցին
(Ղորղանյան) օծվեց Ամենայն Հայոց կաթողիկոս։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1969 - Ռուբեն Ջաղինյան (ծնվ. Երևան), ՈՒՀԱ խորհրդային և հայ դերասան, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար
1956 - Վաղարշակ Հարությունյան (ծնվ. Ախալքալաք), ռազմական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար

  • 2002 թ. հուլիսի 22-ին ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։
  • Վաղարշակ Հարությունյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև կոնֆլիկտն սկսվել էր 1999 թ. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո, երբ տեղեկանալով ահաբեկչության մասին՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով բանակը փակել էր Երևան տանող ճանապարհները։ Իսկ օրեր անց Ռոբերտ Քոչարյանը այդ գործողությունը որակել էր որպես ինքնագլուխ, անընդունելի գործողություն։

1954 - Սվետլանա Բաղդասարյան (ծնվ. Բաքու), երեխաների համար երկլեզու գրքերի հրատարակիչ, հեղինակ և նկարազարդող, Լոս Անջելեսի նկարիչների միության անդամ, քիմիական գիտությունների թեկնածու
1951 - Հակոբ Հակոբյան (ծնվ. Մոսուլ, մ. 1988), հայ ռազմաքաղաքական գործիչ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրներից

  • Առհասարակ ԱՍԱԼԱ-ի «կնքահայրը» համարվում է լիբանանահայ Հակոբ Հակոբյանը (Հարություն Թագուշյան, հանդես է եկել Մուջահեդ, Մուալեմ, Միհրան Միհրանյան, Վահրամ Վահրամյան, Մուրադ Արմենյան, Աբու Ահմադ ալ-Արմանի կեղծանուններով)։ Այդ պատճառով էլ ուսումնասիրողներից ոմանք ԱՍԱԼԱ-ի ծագումը կապում են Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործունեության հետ։
  • Հակոբ Հակոբյանը սպանվել է 1988 թ. ապրիլի 28-ին Աթենքի Պալեո Ֆալիրո արվարձանում։

1949 - Բոկա (Բորիս Դավիդյան, ծնվ. Բաքու, մ. 2020 թ.), հայ երգիչ, շանսոնյե, 2006 թ. Շանսոն մրցանակի դափնեկիր

  • Բոկան, այսպես կոչված «կովկասյան շանսոն» ժանրի (երգերի կատարում ռուսերեն՝ արևելյան ոճով) հիմնադիրն է։
  • Թոռը՝ Գեորգի Մկրտչյանը, ով ավելի հայտնի է որպես Ժոկա, հաճախ է հանդես եկել Բոկայի հետ։

1930 - Ռիչարդ Սքոթ Սարաֆյան ավագ (ծնվ. Նյու Յորք, մ. 2013), ամերիկահայ դերասան և կինոռեժիսոր

  • Ռեժիսորի ամենահայտնի աշխատանքը 1971-ին «Անհետացող կետ» պաշտամունքային ֆիլմն է, գլխավոր դերում՝ Բարրի Նյուման: Իր «Մահվան ապացույցի» ֆիլմի տիտրերում Քվենտին Տարանտինոն հատուկ շնորհակալություն է հայտնել Սարաֆյանին՝ նշելով «Անհետացող կետի» ազդեցությունը։
  • Սարաֆյանը իր վերջին՝ «Արևային ճգնաժամը» ֆիլմը նկարահանել է 1990-ին Ալան Սմիթ կեղծանունով, դրանից հետո կինոյում աշխատել է որպես դերասան։

1924 - Հարոլդ Ռեգիստան (էլ-Ռեգիստան Ուրեկլյան, ծնվ. Տաշքենդ, մ. 1999), բանաստեղծ, թարգմանիչ

  • ԽՍՀՄ օրհներգի համահեղինակ Գ. էլ-Ռեգիստանի որդին է:

1909 - Արտաշես Առաքելյան (ծնվ. Շուշի, մ. 1993), հայ տնտեսագետ, Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)
1909 - Երանուհի Ասլամազյան (ծնվ. Բաշ-Շիրակ, մ. 1998), նկարիչ, գրաֆիկ, թատրոնի նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ

  • Գեղանկարիչ Մ. Ասլամազյանի քույրն է։

1903 - Թադևոս Սարյան (ծնվ. Էրիվան, մ. 1974), թատրոնի և կինոյի հայ ժողովրդական դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1954 թ.)

  • Հանդես է եկել Թաթիկ Սարյան կեղծանունով։ Համարվում է Հայաստանի խոշորագույն դերասաններից մեկը, որի խաղը կատարվել է վառ հումորով, սուր բնավորությամբ։

1902 - Վասիլի Քաթանյան (ծնվ. Մոսկվա, մ. 1980), ռուսալեզու հայ գրականագետ, դրամատուրգ, սցենարիստ

  • Քաթանյանը Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործության գիտակն է, ով անձամբ ճանաչում էր բանաստեղծին։
  • 1937-ից մինչև կյանքի վերջը եղել է Լիլիա Բրիկի ամուսինը։

1893 - Վեսպեր (Մարտիրոս Դաբաղյան, ծնվ. Վան, մ. 1977), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967)