Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 1


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Կղեմես Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ս. Կղեմես Հայրապետն առաջինն է «Առաքելական հայրերի» շարքում, որոնց գրվածքներից տեղեկանում ենք մ.թ. Ա-Բ դարերի քրիստոնյաների սովորույթների, կենցաղի, աստվածաբանության և եկեղեցական պատմության մասին:
  • Կղեմեսը Հռոմում հանդիպում է Ս. Պետրոս առաքյալին, որի քարոզների շնորհիվ մկրտվում է, ձեռնադրվում և 92 թվականին դառնում Հռոմի եպիսկոպոսը: Նրան են պատկանում 85 կանոնները` հայտնի «Բ առաքելական կանոններ» կամ «Կղեմեսի կանոններ» անվանումով: Հայսմավուրքը քիչ տեղեկություններ է հայտնում Կղեմեսի մասին: Նա հալածիչ Դոմետիանոս կայսեր առաջ քաջաբար խոստովանել է Քրիստոսի աստվածությունը: Նահատակվել է 98 թվականին: Ս. Կղեմեսի վզից քարեր են կախել և ծովը նետել:
  • Ս. Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսը Սիլիկիայի լուսավորիչն է: Աշակերտել է Ս. Պետրոս առաքյալին, որն էլ նրան ձեռնադրելով ուղարկել է Սիլիկիա:  Նա դարձել է Տոռոմենա քաղաքի եպիսկոպոսը և իր քարոզչության շնորհիվ վերացրել կռապաշտությունը: Սակայն քաղաքի մեծատուններից մեկը, որ համոզված հեթանոս էր, մի օր, Ս. Բագարատի առանձնական աղոթքի պահին, սրախողխող է արել նրան: Քաղաքապետը պատժել է չարագործին, իսկ սրբի մարմինը մեծ պատիվներով ամփոփել տապանի մեջ` «որպեսզի բարեխոս և օգնական լինի բոլորի համար»:
  • Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Կղեմես Հռոմի Հայրապետի և Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Ա Հիսնակի կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-12-01, 2023-11-30, 2024-11-28, 2025-11-27, 2026-11-26, 2027-12-02, 2028-11-30, 2029-11-29, 2030-11-28։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2015 - Գագիկ Հարությունյանը, ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանին այն նամակին, որով նա առաջարկում էր չեղարկել կամ հետաձգել սահմանադրական հանրաքվեն, տեղեկացնում է, որ հանրաքվեի հետաձգումն իրավական առումով այլևս անհնարին է։
2010 - Աստանա. ԵԱՀԿ գագաթնաժողովում Ղարաբաղի հարցով հնգակողմ հայտարարություն է ընդունվում, որը փաստում է . «եկել է ավելի վճռական քայլեր ձեռնարկելու ժամանակը»։

  • Ս. Սարգսյանից ու Ի.Ալիևից բացի փաստաթղթի տակ ստորագրել էին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ընդունելով, որ խնդրի խաղաղ, համաձայնեցված լուծումը միակ ճանապարհն է տարածաշրջանի ժողովուրդների հաշտեցման համար, կողմերը վերահաստատել էին վերջնական կարգավորման հասնելու իրենց հանձնառությունը` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` 2009 թվականի հուլիսի 10-ին Ակվիլիայում և 2010 թվականի հունիսի 26-ին Մուսկոկայում ընդունած հայտարարությունների վրա:
  • Ժամկետներ ու մանրամասներ, սակայն, փաստաթուղթը չէր նշում:

2009 - Արտգործնախարարներ Է. Մամեդյարովի և Է. Նալբանդյանի`տարվա վերջին հանդիպումը Աթենքում` ԵԱՀԿ֊ի Նախարարների խորհրդում։

  • Հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն էր ընդունվել, որին միացել էին Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի , Ֆրանսիայի արտգործնախարարներն ու Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը: Ողջունելով անցնող տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած վեց հանդիպումների դրական դինամիկան, նախարարները վերահաստատում էին` պատրաստ են եռանդուն աշխատել` չլուծված հարցերի կարգավորման և վերջնական համաձայնության հասնելու ուղղությամբ:
  • Փաստաթուղթը միաժամանակ նշում էր, որ այն պետք է հենվի Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

2003 - Սպանություն նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվում է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանը։ 

  • Դեռևս չհաստատված լուրերով նա նախապատրաստում է գործարար Սամվել Ալեքսանյանի սպանությունը։

2001 - Խորհրդարանական միանգամից 5 ընդդիմադիր կուսակցություն համատեղ քննարկումներից հետո հայտարարում են Ազգային Ժողովին խորհրդարանական կառավարմանն անցնող սահմանադրության մեկ միասնական նախագիծ ներկայացնելու մասին։ 
2001 - Քաղաքապետի որոշմամբ Երևանում դադարեցվում է տրամվայի թիվ առաջին և երկրորդ երթուղիների սպասարկումը։ 

  • Քաղաքապետարանը վստահ է, որ էլեկտրական տրանսպորտն աշխատում է վնասով, իրենց այդպիսի տրանսպորտ պետք չէ։
  • «Տրամվայ» մասնաճյուղի բաժնի պետն ասում է, որ 20 դրամով էլ այս տրանսպորտն օգուտով կաշխատի, ինքը մեխանիզմներ է առաջարկել։

2000 - Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները տարվա վերջին հանդիպումն են անցկացնում Մինսկում: Շաբաթներ անց Նախիջևանի հետ սահմանին` Սադարակում հանդիպում են պաշտպանության նախարարներ Ս. Ալիևն ու Ս. Սարգսյանը։

  • Սերժ Սարգսյանը հանդիպումից հետո BBC-ի հետ զրույցում մանրամասներ էր պատմել . «Մենք խոսում էինք վստահությունն ամրապնդող միջոցառումների մասին, պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել` բացառելու միջադեպերը: Նախ, գաղտնիք չէ, որ երկու կողմում էլ զոհեր են լինում: Անհրաժեշտ է նոր ուղիներ գտնել և այնպես անել, որ կորուստներ չլինեն: Երկրորդ, պայմանավորվեցինք առանց որևէ նախապայմանի վերադարձնել ռազմագերիներին, և երրորդը` որոշեցինք միշտ կապի մեջ մնալ և զանգահարել միմյանց ցանկացած հարցով»:

2000 - Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանի սեղանին տնտեսության զարգացման ոչ մի ծրագիր չկա։ 
1999 - Դատավորը մերժում է կալանքի տակ վերցնել Վանո Սիրադեղյանին։
1993 -
ԵԱՀԽ (ԵԱՀԿ) Նախարարական խորհուրդը Հռոմում չի կարողանում համաձայնության գալ Ղարաբաղի հարցով հայտարարության շուրջ։

  • Հայաստանը դեմ էր, որ փաստաթղթում հղում արվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Ադրբեջանն էլ բողոքում է ինքնորոշման իրավունքի մասին` Հայաստանի առաջարկած ձևակերպման դեմ: Ավելի վաղ Ադրբեջանը մերժել էր ԵԱՀԽ֊ի առաջարկած ժամանակացույցը, որով նախատեսվում էր կայունացնել իրավիճակը և միջազգային խաղաղապահներ տեղակայել շփման գծում: Ադրբեջանը պնդել էր, թե ԵԱՀԽ֊ն միայն Հայաստանի շահերն է պաշտպանում:

1991 - Բարեգործական այցով Հայաստանում է ժամանում Շառլ Ազնավուրը։ 

  • Սա նրա 3-րդ այցն է Սպիտակի երկրաշարժից հետո։ 
  • Արմավիրում մանկական սննդի գործարանի բացմանը նրան ողջունում է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Գործարանը կառուցվել է «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամի միջոցներով։

1989 - Երևանում կայացած ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի միացյալ նիստում ընդունվեց  պատմական որոշում` Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:

  • «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը հռչակում են Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը։ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները»,- ասված էր որոշման տեքստում։

1987 - Ղարաբաղի հայերի պատվիրակությունը Մոսկվայում գտնվող ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեին է փոխանցում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հավաքված ստորագրությունները, նամակները և պահանջները, որոնք կոչում էին անում Կենտրոնին ԼՂԻՄ-ը միացնել Խորհրդային Հայաստանին։
1920 - Խորհրդարանի շենքում, մոմի լույսի տակ, տեղի ունենեցած ՀՅԴ խմբակցության նիստում 7 դեմ, 22 կողմ ձայներով որոշվեց իշխանությունը փոխանցել բոլշևիկներին։ 

  • Պաշտոնական բանակցությունները սկսելուց հետո, երեկոյան Դրոն հեռագրում է Սեպուհին. «Բոլշևիկյան զորքերի հետագա առաջխաղացման դեպքում հրամայում եմ դիմադրություն ցույց չտալ»:
  • Դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչները և Լեգրանը ստորագրում են «Համաձայնագիր Ռ. Ս. Ֆ. Ս. Հ. լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավորության միջև» փաստաթուղթը:
  • Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 2-ին, Լեգրանի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո, հրաժարվում է իշխանությունից: Այդ մասին ընդունվում է պաշտոնական փաստաթուղթ հետևյալ բովանադակությամբ.

«ԱԿՏ
Ի նկատի ունենալով արտաքին հանգամանքների շնորհիվ երկրում ստեղծված կացությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր 1920 թվի դեկտեմբերի 2-ի նիստում որոշեց՝ հրաժարվել իշխանությունից և հանձնել զինվորական և քաղաքացիական բովանդակ իշխանությունը զորաբանակի ընդհանուր հրամանատարին, որպիսսի պաշտոնում նշանակել ռազմական նախարար Դրոյին:
Նախարարների խորհրդի նախագահ Սիմոն Վրացյան,
Նախարարներ՝ Ա. Հովհաննիսյան, Ա. Խոնդակայն, Հ. Տերտերյան, Դ. Կանայան»:

  • Ստանձնելով իշխանությունը, զինվորական հրամանատարությունը դեկտեմբերի 2-ին արձակում է թիվ մեկ հրամանը։

«Հայաստանի բոլոր պետական հիմնարկությունները, պաշտոնական անձիք և քաղաքացիները պարտավոր են անհապաղորեն կատարելու ռազմական հրամանատարության հրամանները: Հրամանատարության կարգադրությունների դեմ գնացողները ենթարկվում են անմիջական պատասխանատվության հեղափոխական ժամանակի օրենքներով:
Ռազմական ուժերի հրամանատար՝ Դրո:
ՌՍՖԽՀ կոմիսար՝ Սիլին»:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1968 - Հովհաննես Բաբախանյան, ամերիկացի դերասան և երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
1956 - Հմայակ Հակոբյան (ծնվ. Մոսկվա), էստրադայի, կինոյի, կրկեսի արտիստ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ
1955 - Սերժ Ավետիքյան, ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, «Բումերանգ Փրոդաքշն» կինոստուդիայի նախագահ
1946 - Անատոլի Ալեքսանյան (ծնվ. Կրասնոդոն, մ. 2008), ռուս և ուկրաինացի կոմպոզիտոր, դաշնակահար, "Jazz Impression" խմբի ղեկավար
1942 - Անդրեյ Թովմասյան (ծնվ. Կիրով), ջազային շեփորահար, ռուսական առաջին իմպրովիզատորներից, 1960-ականների մոսկովյան փառատոնների մասնակից
1927 - Հրանտ Բեգլարյան (մ. 2002), արվեստագիտության դոկտոր, ThinkQuest միջազգային ծրագրերի ղեկավար

  • Դոկտոր Բեգլարյանը գրել է սիմֆոնիկ նվագախմբի, կամերային անսամբլների, սոլո գործիքների և ձայնի համար։ Նրա երաժշտությունը եղել է այնպիսի խմբերի կատարմամբ, ինչպիսիք են Ֆիլադելֆիայի նվագախումբն ու Դեթրոյթի, Սիեթլի և Դալլասի սիմֆոնիկ նվագախմբերը։

1926 - Շառլ Ժերար (Ժերար Աճեմյան, ծնվ. Մարսել, Ֆրանսիա) , հայկական ծագմամբ ֆրանսիացի կինոդերասան, ռեժիսոր, սցենարիստ

  • Կլոդ Լելուշի սիրելի դերասաններից է, խաղացել է ռեժիսորի 18 ֆիլմերում։
  • Իր հավատարիմ ընկերոջ ՝ Ժան Պոլ Բելմոնդոյի հետ նա խաղացել է մի շարք ֆիլմերում։

1918 - Ջերի Մուրադ (ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1996), դերասան, երաժիշտ, Harmonicats խմբի անդամ
1912 - Սիրվանտ Կարամանուկ (Սիրվարդ Կալպակյան, Կ. Պոլիս, Թուրքիա, մ. 2008), կոմպոզիտոր

  • Նա արժանացել է Սուրբ Սահակ և Մեսրոպ շքանշանների Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգեն Առաջինից, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի կողմից:

1883 - Վահան Քարդաշյան (ծնվ. Կեսարի, Թուրքիա, մ. 1934), համահայկական քաղաքական և հասարակական գործիչ

  • 1911-1915 թվականներին Քարդաշյանը Նյու Յորքի Օտտոմանյան կայսրության հյուպատոսությունում եղել է իրավաբանական հարցերով խորհրդական։ Նա իր պաշտոնը թողել է 1915 թվականին, երբ իմացել է, որ մայրն ու քույրը 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի թվում են։
  • Վահան Քարդաշյանին հաջողվել է համախմբել ամերիկյան հասարակությանը 1923 թվականին Լոզանում ստորագրված թուրք-ամերիկյան պայմանագրի դեմ։ 1927 թվականի հունվարին ԱՄՆ Սենատը չընդունեց Լոզանի պայմանագիրը՝ դրանով իսկ փաստացիորեն հաստատելով ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը Հայաստանի վերաբերյալ:
  • Արդյունքում Սենատը մերժեց Լոզանի պայմանագիրը և ընդունեց նախագահ Վուդրո Վիլսոնի կազմած Սևրի պայմանագիրը։ Օրենքը չվավերացվեց Թուրքիայի կողմից, որից հետո Վուդրո Վիլսոնն առաջարկեց ճնշում գործադրել թուրքերի վրա, սակայն անկախ Արևմտյան Հայաստանն ու թույլ Թուրքիան չէին բավարարում Անգլիային, որը փաստացի տապալեց պայմանագիրը։

1881 - Սպիրիդոն Մելիքյան (ծնվ. Էջմիածին, մ. 1933), կոմպոզիտոր, երաժշտագետ, երգչախմբային դիրիժոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1933)

  • Գրի է առել 1000-ից ավելի հայկական ժողովրդական երգեր։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

1875 - Հայրապետ Հայրապետյան (ծնվ. Թանակերտ, Նախիջևան, մ. 1961), բանաստեղծ, թարգմանիչ
1770 - Աբգար-Զախարևիչ Ֆրանցիսկոս Խավեր (ծն. Ստանիսլավ, Լեհաստան, մ. 1845), լեհ աստվածաբան, Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս, Լվովի համալսարանի ռեկտոր 

  • Ծնվել է հայ ազնվական ընտանիքում։ Առաջին անգամ հայ կաթողիկե եկեղեցու քահանա է կարգվել 1795 թվականին, որից հետո 1812 թվականից դարձել Է Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանա: