Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 16


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2006 - Հայազգի ծանրորդ Ռիչի Առաքելյանը սահմանեց Գինեսի իր առաջին համաշխարհային ռեկորդը՝ կքանստած բարձրացնելով 27,450 ֆունտ:
2005 - Տարածաշրջան է այցելում ԵԱՀԿ բարձր պլանավորման խումբը. Կողմերը չեն թաքցնում` քննարկում են խաղաղապահների տեղակայման հնարավորությունը։

  • Հայաստանի արտգործնախարար Վ.Օսկանյանը պարզաբանում է` «ԵԱՀԿ ներկայացուցիչները որոշել են սկսել այդ աշխատանքը՝ խուսափելու հնարավոր իրավիճակից, երբ կողմերը համաձայնության կգան հիմնախնդրի կարգավորման շուրջ, իսկ խաղաղապահ օպերացիան նախապատրաստված չլինի»: Ռուս համանախագահն էլ նշում է` նախատեսվում է 10.000-ոց խաղաղապահներ տեղակայել, որոնք չեն լինի Թուրքիայից, Ռուսաստանից, Միացյալ Նահագներից կամ Ֆրանսիայից` խմբի չեզոքությունը պահպանելու համար:

2005 - Սոչիի իր առանձնատանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունեց Ռոբերտ Քոչարյանին։

  • Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել էին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, «Գազմպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերը, ՌԱՕ ԵԷՍ ընկերության նախագահ Անատոլի Չուբայսը։ Հայկական կողմից դռնփակ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ինչպես նաև «Հայռուսգազարդի» նախագահ Կարեն Կարապետյանը։

1993 - Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսում շփման գծի ողջ երկայնքով: Իրավիճակը շփման գծում կրկին սրվում է։

  • Ըստ փորձագետների, պատերազմի վերջին ամիսներն ամենաանողոքն էին. դեկտեմբերից մինչև մայիսյան զինադադար հայկական կողմերը տվեցին երկու հազարից ավելի զոհ, ադրբեջանցիները՝ ավելի քան հինգ հազար:

1993 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում կայացրեց ԼՂՀ պատվիրակությանը գործուղել Ֆինլանդիա՝ ԵԱՀԽ Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
1991 - Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1991 - Հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակով պայմանավորված՝ Մեղրու շրջանում հասարակական կարգն ամրապնդելու, երկաթուղու բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Մեղրու շրջանում հայտարարվել է երեք ամիս ժամանակով արտակարգ դրություն և սահմանվել պարետային ժամ` ժամը 22-ից մինչև 6-ը]։
1978 - ASALA. Պայթյուն Ցյուրիխի «Թըրքիշ Էյրլայնս» ընկերության գրասենյակի առջև։

  • Գործողություների պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ «Գուրգեն Եանիկեան Քոմանտօ»-ն։
  • Գործողության դրդապատճառը Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենթ Էջևիթի Բեռն այցելությունն էր։
  • Նույն թվականին Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն իրականացրել է նաև հետևյալ գործողությունները.

Պայթյուններ Անկարայում։
Աթենքում մի քանի թուրք դիվանագետների մեքենաների պայթեցում։
Մահափորձ Աթենքում թրքական լրատվական գործակալության տնօրենի դեմ։ Տնօրենն ու երեք հույն ոստիկանները ծանր վիրավորվում են։
Հարձակում Ստամբուլում ամերիկյան կայանին պատկանող զրահամեքենայի վրա։
Իզմիրում թրքական տանկի ականահարում։
Սասունում թրքական բանակի տանկի ականահարում։
«Երեք ուրիշ գործողություններ, որ կատարվել են մեր հեղափոխականների կողմից, որոնց ապահովության համար, այդ գործողությունների մասին կհայտնենք ավելի ուշ»։

1966 - Միջազգային տնտեսագիտության, հասարակական և մշակութային իրավունքների պայմանագրի և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային պայմանագրի ընդունումը Միացյալ Ազգությունների կողմից։

  • Երկու փաստաթղթերն էլ հաստատում էին, որ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք» (հոդված 1)։

1917 - Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմսովետը Լենինի նախագահությամբ որոշում է Բաքվի խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին նշանակել Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար։
1915 - Թուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց 1914-ի փետրվարի 8-ին ստորագրած հայաբնակ նահանգներում բարենորոգումների գործադրման ծրագիրը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1932 - Աիդա Բոյաջյան, հայ նկարչուհի
1863 - Ստեփան Աղաջանյան, գեղանկարիչ, մանկավարժ
1772 - Հակոբ Շահեն-Ջրպետյան, հայագետ