Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 17


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն` Ս. Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին Հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած՝ մանուկ Հակոբն իր քրոջ՝ Սակդենի հետ, տեղափոխվում են Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողել է այդ ճոխ կյանքը, դարձել ճգնավոր: Հետո գնացել է Մծբին, հանդիպել Մարուգե ճգնավորին, ով հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը, թեպետ, հավատքի են եկել, բայց թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը, տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել է: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին: Ըստ ավանդության՝ Ս. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ և հրաշագործ հատկություններ ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը` մասնակցել է 325 թվականի Նիկիայի տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահացել է 350 թվականին:
  • Մելիտոս եպիսկոպոսը ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում և 358 թվականին եղել Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը: 360 թվականից գահակալել է Անտիոքի աթոռը: Նա աննկուն պայքար է մղել արիոսականների դեմ: Նախագահել է 381 թվականի Կ.Պոլսի երկրորդ տիեզերաժողովը, սակայն մահացել է ժողովի ավարտից առաջ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-17, 2023-12-16, 2024-12-14, 2025-12-13, 2026-12-12, 2027-12-18, 2028-12-16, 2029-12-15, 2030-12-14:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2013 - Համանախագահները այցելում են Ստեփանակերտ, հանդիպում ոչ միայն պաշտոնյաների, այլև` հասարակական կազմակերպությունների հետ: Ռուս համանախագահը պնդում է` որոշակի փուլում Ղարաբաղը պե'տք է միանա բանակցություններին։

  • «Վերջիվերջո, որոշվում է այն մարդկանց ճակատագիրը, ովքեր այստեղ ապրում են: Մենք ենթադրում ենք, որ հիմնարար սկզբունքների վրա աշխատանքների ավարտից հետո, երբ հասկանալի կլինի, թե ինչպես առաջ շարժվել այդ փուլում, կարելի կլինի քննարկել բանակցություններին Ղարաբաղի վերադառնալու հարցը», - ասել էր Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել էր`«հուսով եմ, որ մենք կարող ենք գտնել մի ճանապարհ` ժողովուրդների միջև շփումների մակարդակում, ոչ թե կառավարությունների և բարձր քաղաքականության: Հուսով եմ, որ հայերը, ադրբեջանցիները, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող են միմյանց ընկալել որպես իրական մարդիկ և տեսնել սրա մարդկային կողմը»:

1926 - ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարդահամար անցկացվեց. մարդահամարը անցկացվել է ազգության ճշտման հենքով:

  • Հատ-հատ նշված են Խորհրդային Հայաստանի բոլոր բնակավայրերը, այդ բնակավայրերի բնակչության ընդհանուր թիվը և բոլոր ազգերը: Այս մարդահամարից հետո՝ 1920-ական թթ. երկրորդ կեսին, Խորհրդային Հայաստանի սահմանները փոքր-ինչ փոփոխություններ են կրել:
  • Մասնավորապես, Ադրբեջանից Հայաստանին են միացվել երեք գյուղեր՝ Նյուվադի, Երնաձոր և Թեղուտ, որոնք կցվել են Մեղրիի շրջանին: Դրա դիմաց Հայաստանը Ադրբեջանի Զանգելանի շրջանին է փոխանցել երկու բնակավայրեր Կապանի շրջանում՝ Աղքենդը և Ղարաբաբան:
  • Ըստ այդ մարդահամարի՝ ԽՍՀՄ տարածքում բնակչության թիվը կազմել է 147 միլիոն 27 հազար 915 մարդ։
  • Հայերը կազմել են 1 միլիոն 567 հազար 568 հոգի։

1925 - ՍՍՀՄ-ի և Թուր­քի­ա­յի միջև չե­զո­քու­թյան պայ­մա­նա­գիր ստո­րագր­վեց:
1920 - Էջմիածնի մա­տե­նա­դա­րա­նը հայ­տա­րար­վեց պե­տա­կան սե­փա­կա­նու­թյուն։

  • 1939 թվա­կա­նին հա­վա­քա­ծուն տեղափոխ­վեց Երևան։

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի հրամանով Հայաստանի բոլոր մշակութային-կրթական հիմնարկները պետականացվեցին։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1922 - Մելինե Համամջյան, հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (մ. 1999)
1936 -  Ֆրանցիսկ Առաջինը (Խորխե Մարիո Բերգոլո) Հռոմի պապ

  • Հռոմի պապը մեր՝ հայերիս, հիշողությունների մեջ յուրօրինակ տեղ զբաղեցրեց: Դրան մեծապես նպաստեց վերջինիս այցը Հայաստան: 2016-ի հունիսի 24-ին Հռոմի սրբազան քահանայապետի օդանավը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
  • Վերջինիս Հայաստան կատարած այցի պատվին ՀՀ կենտրոնական բանկը թողարկեց հուշամեդալ, որի կարգախոսն էր՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
  • «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ դրեց «Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ:
  • Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Խոր Վիրապի վանքում աղավնիներ բաց թողեցին Արարատ լեռան և հայ-թուրքական փակ սահմանի ուղղությամբ՝ որպես խաղաղության ուղերձ:
  • Հունիսի 26-ին Հռոմի պապի այցը Հայաստան ավարտվեց: