Պատմության հայկական օրը. հուլիսի 13


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - Գյումրիում տեղացած հորդառատ անձրևից մի քանի ժամ շարունակ ավտոմեքենաներն ու տրանսպորատային միջոցները մնացել էին ջրի տակ:
2010 - Ստեփանավանում 16-ամյա Գևորգ Վարդանյանը ինքնասպան է եղել, երբ թղթախաղում պարտվել է երեք հազար դրամ, որը ճարելու ոչ մի տարբերակ չուներ։ 
2001 - Բանտից ազատ է արձակվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

  • Նրան չեն արդարացրել, այլ փոխել են խափանման միջոցը։

2001 - Հրանտ Մաթևոսյանը հայ ընթերցողին է իր ճաշակով կազմած և ձևավորած Հովհաննես Թումանյանի հատընտիրը։ 

  • Կաշեպատ գրքերի վրա Թումանյանի արծաթե և ոսկե պատկերն է։ 

2001 - Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած, դատապարտված և ներում ստացած ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը Գրողների Միությունում ներկայացնում է բանտում արված իր կտավները։ 
1999 - Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի քաղաքական դաշտից ուզում են հեռացնել Արցախի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին և այդ առիթով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է  Ղարաբաղ։ 
1997 - ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բացատրեց, թե «թե ինչն է, որ հատկապես մեզ չի ներվում, որ ահավոր կերպով ջղայնացնում է ընդդիմությանը»։

  • Ընդամենը մեկ-երկու տասնամյակ հետո մոռացվելու է այն ամենը, ինչ ՀՀՇ-ի և Հայաստանի ներկա իշխանությունների հասցեին ասվում է այսօր, մոռացվելու են բոլոր իրական հոգսերն ու դժվարությունները, մոռացվելու են շատ անուններ ու իրադարձություններ, և պատմությունը պարզապես արձանագրելու է հետևյալ չոր փաստերը.
  • ՀՀՇ-ի օրոք Հայաստանը վերանվաճեց իր անկախությունը.
  • ՀՀՇ-ի օրոք Արցախը շահեց ազատագրական պատերազմը.
  • ՀՀՇ-ի օրոք ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը.
  • ՀՀՇ-ի օրոք Հայաստանում դրվեցին ժողովրդավարության, բազմակուսակցականության, պառլամենտարիզմի հիմքերը.
  • ՀՀՇ-ի օրոք Հայաստանում ձևավորվեց ազատ շուկայական տնտեսություն.
  •  ՀՀՇ-ի օրոք ստեղծվեց հայոց բանակը։

1993 - Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ժամանեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության պատվիրակությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի համաժողովի նախագահ, իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելի գլխավորությամբ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1989 - Հովիկ Ալիբեկյան (ծնվ. Հայաստան), կարատեիստ, Ռուսաստանի չեմպիոն
1987 - Եվա Ռիվաս (Վալերիա Ռեշետնիկովա-Ծատուրյան, ծնվ. Դոնի Ռոստով), երգչուհի

  • Հայրը ՝ Ալեքսանդր Ռեշետնիկովը, ունի հայկական, հունական և ռուսական արմատներ, ծնվել է Վլադիվոստոկում։ Մայրը՝ Փիրուզա Ռեշետնիկովա-Ծատուրյանը , հայուհի է, ծնվել է Երևանում։

1969 - Ալբերտ Գայամյան (Ալբերտ Գրուբիյան, «Շտիրլից», ծնվ. Բաքու), շանսոնյե, բանաստեղծ, կոմպոզիտոր

  • Ալբերտ Գայամյանը հայտնի է Կրասնոդարի երկրամասի սահմաններից դուրս իր արմատական հայացքներով։

1959 - Ֆիլիպ Հակոբյան, ամերիկահայ նկարիչ

  • 1982-ին  Մասաչուսեթս նահանգի Բոստոնի նկարազարդողների միջազգային մրցույթում արժանացել է «Տարվա լավագույն նկարիչ» տիտղոսին։

1936 - Ալիսիա Կիրակոսյան (ծնվ. Կորդովա, Արգենտինա, մ. 2014), հայ-արգենտինյան բանաստեղծուհի, թարգմանիչ

  • Պարույր Սևակը նրան անվանել է մեր հարյուրամյակի մեծագույն բանաստեղծուհիներից մեկը։
  • Ֆրանսիացի հայտնի բանաստեղծ Ժակ Պրևերը նրան գիսաստղ է անվանել։

1925 - Հարրի Կիզիրյան (ծնվ. ԱՄՆ, մ. 2002), ԱՄՆ ծովային կորպուսի հերոս, գեներալ-մայոր

  • Հարրին կնոջ՝ Հազել Սերոբյանի հետ Նյու Յորքում հայկական տարրական դպրոց է բացել։
  • ԱՄՆ-ում Կիզիրյանի անունը կրում է Ռոդ Այլենդի հրապարակը, տարրական դպրոցն ու գլխավոր փոստը։

1906 - Աստղիկ Առաքելյան (ծնվ. Հայաստան), երգչուհի
1896 - Վարդան Ատրյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1974), արձակագիր, լրագրող