Պատմության հայկական օրը. հուլիսի 16


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Քրիստոսի 12 առաքյալների և Ս. Պողոս 13-րդ առաքյալի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Հիսուս Քրիստոսի ընտրած 12 առաքյալները Քրիստոսի աշակերտներն ու Քրիստոսի վարդապետության առաջին տարածողներն էին, հարուցյալ Քրիստոսի վկաները:
  • «Եվ նա իր մոտ կանչելով տասներկու աշակերտներին` նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն» (Մատթ. 10:1):  Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովհաննես, Մատթեոս, Բարդուղիմեոս, Փիլիպոս, Թովմաս, Թադեոս, Հակոբոս (Ալփյան), Շմավոն (Կանանացի) և Հուդա առաքյալներն էին նրանք, որոնցից վերջինը եղավ Հիսուսի մատնիչը: Հետագայում 12 առաքյալների շարքում Հուդայի փոխարեն ընտրվեց Մատաթիա առաքյալը: Հավատարիմ Հարուցյալ Հիսուսի վերջին պատգամին, (տես Մատթ. 28:18-19) առաքյալները Հիսուսի պատվիրանները քարոզեցին ու ուսուցանեցին տարբեր ազգերի, «մկրտեցին նրանց Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով», այսպիսով դառնալով Քրիստոսի եկեղեցու հիմնադիրները: Քրիստոսի պատվիրանների ամենամեծ քարոզիչներից է Ս. Պողոս առաքյալը, որին քրիստոնյա եկեղեցին ճանաչում է իբրև 13-րդ առաքյալ: Առաքյալների գործունեությանն է նվիրված Աստվածաշնչի «Գործք Առաքելոց»-ը: Ս. Պողոս առաքյալի քարոզչության, անձի ու գործունեության վավերագրեր են նաև Պողոս առաքյալի թղթերը, 14 նամակներն՝ հասցեագրված եկեղեցական համայնքներին ու անհատ քրիստոնյաներին: Հայ Առաքելական Եկեղեցին 12 առաքյալների և 13-րդ առաքյալ ճանաչված Պողոս առաքյալի հիշատակը նշում է միասնաբար Վարդավառից մեկ շաբաթ առաջ, Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը: Հայ եկեղեցու տոնացույցում կան նաև առաքյալների հիշատակության առանձին տոներ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-16, 2023-07-08, 2024-06-29, 2025-07-19, 2026-07-04, 2027-06-26, 2028-07-15, 2029-06-30, 2030-07-20:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ բացեցին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
2021 - Ժամը 21:40-ի սահմաններում, մարտական հերթապահության կրման ընթացքում, զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով ծառայակցի կողմից անզգուշությամբ արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացավ ՀՀ ԶՈւ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2001 թվականին ծնված շարքային Արթուր Խաչատուրի Ղազարյանը:
2018 -
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, սեփական նախաձեռնությամբ, այցելեց վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանին և առաջարկեց հրապարակել 2018 թվականի ողջ բանակցային ժառանգությունը։ 

  • Հետագայում՝ 2021 թ. օգոստոսի 24-ին, ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես ինչ-որ տեղ ընդունում եմ, որ սխալ եմ արել, որ 2018 թվականի ողջ բանակցային ժառանգությունը չեմ հրապարակել: Հիմա կարող եմ ընդունել դա, որպես սխալ»։

2016 - Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հետաքրքրվում է` ինչ կարծիք ունեն ղարաբաղցիները տարածքների զիջման վերաբերյալ:

  • Այդ հանդիպումից երեք տարի անց Ղարաբաղի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը վերահաստատել էր` ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է իր մտերիմ մոտ 2 տասնյակ պաշտոնյաների ու ակտիվստների և քննարկել տարածքների զիջման հարցը: Սերժ Սարգսյանը, ըստ Բադասյանի, փորձում էր հասարակությանը պատրաստել դրան:

2010 - Համատեղ հայտարարություն են տարածում Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները: Կողմերի միջև տարաձայնությունները դառնում են առավել ակնհայտ։

  • Շփման գծում սրված իրավիճակի ֆոնին Ալմաթիում` ԵԱՀԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարներն ու ԱՄՆ փոխպետքարտուղարը կողմերին հիշեցնում են հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառության մասին, և ընդգծում, որ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների`ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման վրա: «Առաջարկվող տարրերը ընկալվել են որպես մեկ ամբողջություն, եւ որեւէ տարրի` մյուսների նկատմամբ որպես գերակա ընտրելու փորձը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծումը»,֊հայտարարում են Ս.Լավրովը, Բ.Քուշներն ու Ջեյմս Ստեյնբերգը։
  • Միջնորդ երկրների բարձրաստիճան դիվանագետների հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները, փաստաթղթի տակ , սակայն, նրանց ստորագրությունը չկար: Կողմերը մեղադրում են միմյանց`գործընթացը փակուղի տանելու,խնդիրը ռազմական ուժով լուծելու փորձերի համար:

2009 - ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը պարզաբանում է, թե ինչու է իր կուսակցությունը Ղարաբաղի հարցի ոչ բարենպաստ զարգացումների պատճառով պահանջում ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը:    
2008 - Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ մարտի 1-2-ի իրադարձությունների հետաքննության շրջանակներում իրավապահների կողմից մեղադրանք պետք է առաջադրվի միայն այն անձանց, ովքեր մասնակցություն են ունեցել բռնարարքներին:
2003 - Պարզվում է, որ անհետացել է Հայաստանում Թուրքմենիայի դեսպան Թոյլի Կուրբանովը։ 

  • Թոյլի Կուրբանովը իր ընտանիքի հետ միասին անհետացել է երեք-չորս օր առաջ և այլևս Հայաստանում չէ: Անանուն մնալ ցանկացած բարձրաստիճան հայ դիվանագետի խոսքերով, Կուրբանովը գտնվում է Միացյալ Նահանգներում:

2001 - ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանն աշխատանքից ազատում է ԱԺ իրավաբանական վարչության պետ Վլադիմիր Նազարյանին։

  • Քաղաքական շրջանակներում համոզված են, որ  Նազարյանին աշխատանքից ազատել են քաղաքական դրդապատճառներով, քանի որ վերջինս խիստ որակումներ էր տալիս ԱԺ-ին։
  • 2002 թվականի հունիսի 21-ին 70-ամյա Վլադիմիր Նազարյանին իր տանը գտել են մահացած. դատախազության  աղբյուրներով Նազարյանն ինքնասպան էր եղել՝ կախվելով: Ըստ նույն աղբյուրի, Վլադիմիր Նազարյանը երկտող է թողել. «Կորցրել եմ խորաթափանցությունս (գիտական): Իմ մահվան համար ոչ մեկի չմեղադրեք»:
  • «Ես ցավում եմ: Բայց իմ անձնական համոզմամբ, Ռուբենիչը այն մարդը չէր, որ ինքնասպանություն գործեր»,- ասել էր պատգամավոր Արշակ Սադոյանը:

1999 - Ռ. Քոչարյան - Հ. Ալիև բանակցություններ Ժնևում. հանդիպումը նախաձեռնել էին կողմերը`առանց համանախագահների մասնակցության։

  • Երկու նախագահները ևս մեկ հանդիպում էլ ունեցել էին շաբաթներ անց` oգոստոսի 24֊ին, կրկին`սեփական նախաձեռնությամբ: Մինսկի խումբը ողջունել էր երկխոսության ակտիվացումը, միաժամանակ կոչ արել «է՛լ ավելի խորը բովանդակալից քննարկումներ ծավալել և ընդարձակել դրանց ձևաչափը` Մինսկի խմբի համատեքստում, որպեսի ներգրավված բոլոր կողմերը կարողանան փոխզիջման գնալ`կարգավորմանը հասնելու համար»:
  • Ավելի ուշ տարածաշրջան կատարած այցի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ, Նորվեգիայի արտգործնախարար Կնուտ Վոլեբաեկը ընդգծել էր`«բանակցություններում պետք է ներգրավված լինեն նաև Ղարաբաղի ներկայացուցիչները»:

1998 - ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը տված հարցազրույցում արդեն տեսնում էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջազգային մեկուսացումը։ 

  • Պատճառը Ռոբերտ Քոչարյանի վարած ներքին և արտաքին քաղաքականությունն է։ «Իրենք ոչ մի առաքելություն չունեն Հայաստանում անելու»,- հարցազրույցում ասել էր Վանո Սիրադեղյանը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1975 - Կարինե Մովսիսյան (ծնվ. Երևան), հայ էստրադային երգչուհի
1964 - Աշոտ Անաստասյան (ծնվ. Երևան), շախմատի գրոսմայստեր, Հայաստանի ութակի չեմպիոն
1956 - Էդվարդ Նալբանդյան (ծնվ. Երևան), Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար
1941 - Ժաննա Ավետիսյան (ծնվ. Երևան), կինոյի դերասանուհի
1936 - Նորատ Տեր-Գրիգորյանց (ծնվ. Ռուսաստան), զորահրամանատար, հայ քաղաքական և ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ (1983)
1932 - Վիլեն Նիկողոսյան (ծնվ. Երևան), մանրէաբան
1931 - Վիկտոր Բալայան (ծնվ. Գարգար, մ. 1995), հայ արձակագիր, լրագրող
1906 - Լևոն Երզնկյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1991) Հայաստանի տեխնիկական մանրէաբանության հիմնադիրը, ՀԽՍՀ վաստակավոր գյուտարար

  • Լևոն Երզնկյանն առաջինն էր աշխարհում, ով բացեց պրոբիոտիկների դարաշրջանը և դրանց հաջող օգտագործումը բժշկության մեջ հիվանդությունների լայն շրջանակի համար։
  • Երզնկյանն իր «զավակն» է անվանել կաթնաթթվային մթերքը, իսկ հետո նաև EP կաթնաթթվային բակտերիաների շտամը իր թոռնուհու՝ Նարինեի անունով, որը դարձել է հայկական բրենդ։