Պատմության հայկական օրը. հուլիսի 17


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Բարեկենդան Վարդավառի պահոց (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքը Հայ Եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-17, 2023-07-09, 2024-07-30, 2025-07-20, 2026-07-05, 2027-06-27, 2028-07-17, 2029-07-01, 2030-07-21:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2016 - ՊՊԾ գնդի գրավումով Երևանում սկսվեց զինված ապստամբություն։
2010 -
Հայոց Համազգային շարժման համագումարում շարժման առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի թաքցնում, որ ՀՀՇ-ում ներկուսակցական խնդիրներ կան, որոնք կապված են կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանի և փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի անվան հետ։  
2010 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արտահայտել է իր կարևոր մտքերից մեկը.

  • «Չի կարելի զբաղվել ինքնախաբեությամբ և, մանա­վանդ, խաբել ժողովրդին։ Ժողովուրդը պետք է իմանա իշխանությունների վարած քաղաքականության համար իր վճարելիք գինը»։

2007 - Ռ. Քոչարյանն ու Ի.Ալիևը կրկին նստում են բանակցային սեղանի շուրջ, այս անգամ`Մոսկվայում: Հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահը որոշ փակագծեր էր բացել։

  • «Գոյություն ունի որոշակի հաջորդականություն, այդպիսի ժամանակագրություն կա նաև Մինսկի խմբի համանախագահների առաջարկներում: Խոսքը Ղարաբաղից դուրս գտնվող օկուպացված տարածքների մասին է: Այսինքն, առաջին փուլում` հենց համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, հայկական զորքերը պետք է հանվեն 5 շրջաններից: Այն երկու տարածքներից, որ անմիջականորեն գտնվում են Հայաստանի և Ղարաբաղի միջև (Քելբաջարի և Լաչինի շրջանները), հայկական զորքերի դուրսբերումը պետք է ապահովվի համաձայնագրի ստորագրումից 5 տարի հետո»,- ռուսական «Վեստիին» ասել էր Իլհամ Ալիևը:
  • Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին՝ վերջինս պնդել էր. «Այսօր բանակցությունների սեղանին Ղարաբաղի կարգավիճակի հարցը դրված չէ: Դա ապագայի խնդիր է. եթե այժմ կարգավիճակի հարց դրվի, ապա բանակցությունները կրկին ոչնչի չեն հանգեցնի»:
  • Մինսկի խմբի համանախագահները նախագահների հանդիպմանը առաջընթաց չարձանագրեցին, միաժամանակ նշեցին` չի եղել նաև ետընթաց։

2000 - Գորիսի քաղաքապետ է ընտրվում Ազգային Ժողովի պատգամավոր Սուրեն Խաչատրյանի կողմնակիցը՝ Նելսոն Զաքարյանը. ընտրությունների ընթացքում քաղաքում ոչ մի կրակոց չի հնչում։   
2000 - Միջազգային Կարմիր Խաչի օգնությամբ Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում 6 ռազմագերու։

  • Նրանցի մի քանիսը մեկ ամիս առաջ հրաժարվել էին վերադառնալ այն մտավախությամբ, որ իրենց կդատեն դավաճանության մեղադրանքով։  Եվս 5-ը հենց նույն մտավախության պատճառով դեռ հրաժարվում են վերադառնալ Հայրենիք։ 
  • Գերիների մեծ մասին Հայաստանի միջոցով Ադրբեջանին էր վերադարձնում Ղարաբաղը։ 

1999 - Վարչապետ Վազգեն Սարգսյանը Միխայիլ Կասյանովի հրավերով մեկնում է Մոսկվա։

  • Մոսկովյան լրատվամիջոցները Վազգեն Սարգսյանի այս այցը գնահատել են, որպես Ռոբերտ Քոչարյանի որոշ տեսակետներին հակակշռող քայլ։

1991 - ՀՀ ԳԽ-ն արձանագրեց Մոսկվա-Ադրբեջան համատեղ ագրե­սիայի հետևանքները։

  • ԼՂԻՄ-ում, Գետաշենում, Մարտունաշենում զոհվել է 41, վիրավորվել՝ 70 մարդ, պատանդ է վերցվել՝ 375 խաղաղ բնակիչ:
  • Հայաստանի սահմանամերձ շրջաններում զոհվել է 35, վի­րավորվել՝ 44 մարդ, պատանդ է վերցվել ՆԳ 60 աշխատակից:
  • Հուլիսի վերջին հայկական ինքնապաշտպանական ուժերը տարբեր վայրերում սկսեցին հաջողություններ արձանագրել:

1990 - Սերգեյ Փարաջանովին տեղափոխում են Երևան, որտեղ էլ երեք օր անց մահանում է։
1961 - Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Վազգեն Ա-ն Անկարայում այցելում է Թուրքական Հանրապետության Նախագահ Ջեմալ Գյուրսելին:

  • Հանրապետության Նախագահը երկու պաշտոնական ինքնաշարժ է տրամադրում Վեհափառ Հայրապետի և նրա շքախմբի համար:
  • Վեհափառ Հայրապետը այցելում է Թուրք Հանրապետության առաջին Նախագահ Աթաթուրքի դամբարանը, ստորագրում է այցելուների պատվո մատյանում:

1959 - Խորհրդային Հայաստան է գալիս ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության նախագահ Կլիմենտ Վորոշիլովը Լենինի շքանշանը հանրապետությանը հանձնելու համար։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Տիգրան Համասյան, ջազ դաշնակահար, կոմպոզիտոր
1966 - Նարեկ Հարությունյան, գործարար, բարերար: "Narecatsi Art Institute" մշակույթի կենտրոնի հիմնադիրներից և ղեկավարներից
1948 - Ալեքսանդր Մալայան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ
1930 - Ֆրիջետա Ղուկասյան, կինոռեժիսոր, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ

  • «Լենֆիլմի» Հայտնի կինոօպերատոր Հենրիկ Մարանջյանի կինն է։

1921 - Ռիշար Ժիրանյան, ֆրանսիացի նկարիչ, գեղանկարչության բնագավառում ազգային մրցանակների դափնեկիր

  • Ժիրանյանի աշխատանքները գտնվում են Ֆրանսիայի, Լիբանանի, Իրանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Անգլիայի, Շվեյցարիայի, Հայաստանի, Գերմանիայի, Մեքսիկայի, Մոնակոյի, Իտալիայի, Եթովպիայի, Արգենտինայի, Բելգիայի, Դանիայի, Ճապոնիայի, Վենեսուելայի, Բրազիլիայի, Սաուդյան Արաբիայի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում:

1921 - Յակով Խաչիկյան, գրականագետ, փիլիսոփա, արվեստաբան
1914 - Կարլ Կոտչյան, Lockheed Aircraft Corp կորպորացիայի նախագահ

  • Հայտնի ամերիկացի մասնագետ ոլորտում ավիացիոն արդյունաբերության. Մեծ ներդրում է ունեցել կորպորացիայի բարգավաճման և երկրի ավիացիոն արդյունաբերության զարգացման գործում ։

1905 - Վլադիմիր Իոնեսյան, Գվարդիայի ավագ լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս

  • Աչքի է ընկել Կուրսկի ճակատամարտում և 1943թ. ամռան հարձակողական մարտերում: 1943թ. հուլիսի 12-ին գ. Ուլյանովոյի (Կալուգայի մարզ, ՌԴ) շրջանում հակառակորդի պաշտպանության ճեղքման ժամանակ խմբով ներխուժել է խրամատ, ձեռնամարտում ոչնչացրել 68 զինվոր և 5 սպա, գերել՝ 18:
  • 1943թ. օգոստոսի 3-ին ք. Կարաչաևի (Բրյանսկի մարզ, ՌԴ) համար մարտում ոչ մեծ խմբով ներխուժել է հակառակորդի թիկունք, հանկարծակի կրակով խուճապի մատնել, նպաստել քաղաքի ազատագրմանը: Այդ մարտում էլ զոհվել է: Թաղված է Կարաչաևի քաղաքային գերեզմանատանը:

1902 - Սուրեն Բալասանյան, շեփորահար, կոմպոզիտոր, Տաջիկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
1894 - Ազատ Վշտունի, հայ բանաստեղծ
1813 - Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի, Վեհափառ Հայրապետ և Ամենայն Հայոց Կաթողիկոս (1866-1882)

  • Գևորգ Դ կաթողիկոսը 1868-ին Մայր Տաճարի արևելյան կողմում կառուցել է կցաշենք, որտեղ կազմակերպել է եկեղեցապատմական թանգարան, կառուցել է Մայր Աթոռի միաբանների բնակելի շենքերը, Բյուրականի կաթողիկոսական ամառանոցը, վերակառուցել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին և այլն։
  • 1874 թվականին հիմնել է Գևորգյան ճեմարանը, ապա Էջմիածնի թանգարանը։
  • Կաթողիկոսը հետևողական աշխատանքներ է կատարել հայկական բոլոր եկեղեցիներում միակերպ ժամերգություն մտցնելու ուղղությամբ։ Նրա ջանքերով են ստեղծվել «Ձայնագրեալ երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ Շարական հոգեւոր երգոց» (1875), «Ժամագիրք» (1877), «Ձայնագրեալ քաղուածք օրհնութեանց» (1882) գրքերը։ Լինելով լավ շարականագետ՝ կազմակերպել է հայկական ձայնագրության նոր(Հ. Լիմոնճյանի ստեղծած) համակարգի ուսուցումն ու տարածումը։
  • Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ժամանակակիցների կողմից արժանացել է «Մեծագործ» պատվատիտղոսի։