Պատմության հայկական օրը. հուլիսի 2


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց մեծագույն սրբերից մեկի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Ս. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում և ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասն իբրև սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պահվող Լուսավորչի Ս. Աջը Հայ եկեղեցու կարևորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը: Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո, չորրորդ շաբաթ օրը: Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տոնն ունի նաև իր նախատոնակը: 
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-02, 2023-06-24, 2024-06-15, 2025-07-05, 2026-06-20, 2027-06-12, 2028-07-01, 2029-06-16, 2030-07-06։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Արցախի հարավային շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։

  • 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տարհանվել են ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1590 աճյուն։

2010 - Կայացավ ՀԱԿ երիտթևի երթը կոնգրեսի գրասենյակից դեպի դատախազություն՝ երիտասարդ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանին ազատ արձակելու պահանջով։

  • Նույն օրը Դավիթն անակնկալ կերպով ազատ արձակվեց։

2009 - Արտահերթ հանրահավաքում համաներմամբ ազատ արձակված քաղկալանավորները հայտարարեցին, որ բանտային պայմաններն իրենց չեն ընկճել։
2001 - Հուլիսի 2-4-ը Ստեփանակերտում կայացավ չճանաչված պետությունների արտգործնախարարների հանդիպում։
2001 - Փաստվեց, որ ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 27-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովին չի ներկայացնում պահանջվող փաստաթղթեր։
1999 - Հեռահաղորդակցության նախարարությունը բացեց նամականիշերի առաջին խանութը Հայաստանում։

  • Ներկայացված էին ավելի քան 160 տեսակի նամականիշ, որոնցում պատկերված էին Հայաստանի տեսարժան վայրերը, հայ ազգային եւ արվեստի գործիչներ։

1999 - Հնգամսյա կալանքից ազատ արձակվեցին ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության մեջ կասկածվող թիկնապահներ Արսեն եւ Արմեն Խաչատրյանները։
1997 - Պարագվայը և Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին:

  • 2015 թվականին Պարագվայը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

1995 - Գործարկվեց «Մարս» գործարանը, որը շրջափակման պատճառով 8 տարի հարկադիր պարապուրդում էր։

  • Գործարանն արտադրում էր ինքնակառավարվող համակարգեր, թվային հեռախոսասարքեր։
  • Ի դեպ, ճիշտ 7 տարի անց «Մարսը», մի քանի այլ ձեռնարկության հետ, «Գույք պարտքի դիմաց» բանաձեւով փոխանցվեց Ռուսաստանին։

1991 - Հայաստանը կրկին հրավիրվեց միութենական պայմանագրի քննարկմանը մասնակցելու համար և կրկին մերժեց հրավերները:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1930 - Կառլոս Մենեմ, արգենտինացի քաղաքական գործիչ, 1989-1999` Արգենտինայի նախագահ

  • Ծնվել է Անիլասա քաղաքում, հայ-ալավիական Սիրիայից ներգաղթածների ընտանիքում:

1868 - Բեգլար Ամիրջանյան, երգիչ, Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգիչ