Պատմության հայկական օրը. հուլիսի 21


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2011 - Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ռուսաստանի «Հայրենակիցներ» ծրագիրը գնահատում է. «Հայաստանից արտագաղթ չկա, կա մարդկանց պլանավորված արտահանում»։

  • Ըստ Բագրատյանի, մարդիկ ուղղակի տարբերակ չունեն Հայաստանից չհեռանալու։ 

2006 - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասում է, որ չի կիսում այն կարծիքը, ըստ որի նախագահ Քոչարյանին սատարող առաջին ուժը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: 

  • «Նախ, «Բարգավաճ Հայաստան»-ը դեռևս կուսակցություն չէ, որքանով տեղյակ եմ, համագումար չի արել: Եվ երկրորդ՝ ինչո՞ւմ է դրսևորվել նրա քաղաքական աջակցությունը հանրապետության նախագահին»,- ասում է Սերժ Սարգսյանը:

2000 - Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, լուսանկարչի կարգավիճակով մասնակցում է ցուցահանդես-վաճառքի։ 

  • 10 լուսանկարչի 50 աշխատանքների վաճառքից ստացված գումարը  նախատեսվում է ծախսել Խարբերդի հատուկ գիշերօթիկ դպրոցի երեխաների կարիքների վրա։

1993 - Աղմկահարույց սպանություններ. Առավոտյան ժամը 8:05, Երևան, Կոմիտասի անվան այգի. Մակարով տեսակի ատրճանակի կրակոցից սպանվում է Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանը:
1983 - Երկու պայթյուն Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան և Էյր-Ֆրանս օդանավային ընկերության գրասենյակի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ՀԱՀԳԲ)-ին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1982 - ASALAՊայթյուն Փարիզի Սեն-Սևրեն թաղամասի «Կաֆե Փարիզիեն» սրճարանում։ Կա 16 վիրավոր։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Կազմակերպութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ պատժում է ֆրանսիական կառավարությանը, քանի որ վերջինս դրժել էր «Վան» գործողության բանտարկյալներին քաղաքական ապաստանյալի կարգավիճակ շնորհելու իր խոստումը։

1981 - ASALA. Լոզանի վաճառատան մեջ պայթյունի հետևանքով տասը վիրավոր կա։

  • Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

1959 - Հուլիսի 21-ին և 22-ին Հայաստանում էր Վիետնամի Դեմոկրատական Հանրապետության նախագահ, Վիետնամի Աշխատավորների կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ Հո Շի Մինը, որն իր արձակուրդն անցկացնում էր Խորհրդային միությունում։

  • Երևանից բացի նա այցելել էր Սևան, Արզնի և Հանքավան։
  • Հուլիսի 21-ին Հո Շի Մինը Հայֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճում ներկա էր Հայաստանի արվեստի վարպետների երեկոյին։

1947 - 90 տարեկանում մահանում է հայագետ, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ստալինյան մրցանակի դափնեկիր Ստեփան Մալխասյանը։

  • Ծնվել է 1857թ. նոյեմբերի 7-ին Ախալցխայում։ Շուրջ 30 տարի Մալխասյանը զբաղվել է ուսուցչությամբ, որից շուրջ 20-ը՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։
  • 1939-ին նա լույս է ընծայում Սեբեոսի «Հայոց պատմությունը», իսկ 1940-ին՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» գիտական հրատարակությունը իր թարգմանությամբ։ 1944 թվականին լույս է տեսնում Ստեփան Մալխասյանի հեղինակած քառահատոր «Հայերեն բացատրական բառարանը», որի վրա աշխատում էր ավելի քան 20 տարի։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1969 - Աբրահամ Ռուսսոն (Աբրահամ Իփջիյան), ծագումով հայ, ռուսական փոփ-երգիչ
1942 - Կլոդ Մութաֆյան, ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան
1912 - Ալեքսանդր Թավրիզով, հրթիռատիեզերական տեխնիկայի ճարտարագետ-գիտնական

  • Գետային հակատիեզերական պաշտպանական սարքի և միջուկային ռազմամթերքով թիրախը խոցելու, երկրամերձ ուղեծիր դուրս բերելու միջոցները առաջին անգամ փորձարկվել են 1963թ.՝ Բայկոնուրից՝ «Պրոտոն» ծածկանունով, ապա՝ «Ալմաստ», որը «Սալյուտ-3» և «Սալյուտ-5» տիեզերանավերի նախատիպն էր:
  • Այդ սարքերի համար Թավրիզովը մշակել է հերմետիկության փորձարկման պոլիէթիլենային «պարկ»՝ վակուումային խցի փոխարեն:

1907 - Արտավազդ Ավագյան, բուսաբան
1905 - Անդրանիկ Իոսիֆյան, գիտնական
1902 - Տիրան Աճեմյան, ծաղրանկարիչ, դերասան

  • 1925թ.՝ տեղափոխվել է Բեյրութ, ծաղրանկարներով հանդես եկել հայկական, ֆրանսիական և արաբական մամուլում:
  • 1975թ.՝ անհատական ցուցահանդեսներ՝ Բեյրութում, Հալեպում, Թեհրանում, Նոր Ջուղայում և Երևանում:

1870 - Մարիամ Թումանյան, մշակութային գործիչ, բարերար

  • Հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանի դուստրն է, Գեորգի Թումանովի կինը: 
  • 1902թ. Գ. Սունդուկյանի հետ Թիֆլիսում հիմնել է Հայոց դրամատիկ ընկերությունը, 4 տարի եղել է նախագահը, մասնակցել է Հավլաբարի ժողովրդական թատրոնի ստեղծմանը, կազմակերպել է «Իշխանուհի Մարիամ Թումանյան և ընկերներ» հրատարակչությունը, լույս ընծայել մանկական գունավոր գրքեր։
  • Օժանդակել է հայ գրողներին (հատկապես Հ. Թումանյանին), նյութական օգնություն ցույց տվել գաղթականներին, որբանոցներին ևն: