Պատմության հայկական օրը. հուլիսի 5


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Սահմանադրության օրը 

  • Համաժողովրդական հանրաքվեի միջոցով ՀՀ մայր օրենքն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին: Այն փոփոխությունների է ենթարկվել 2005թ. նոյեմբերի 27-ին և 2015թ. դեկտեմբերի 6-ին: Համաձայն ՀՀ սահմանադրության` ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Դանիել մարգարեի և Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք մանուկների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Դանիել մարգարեն հին կտակարանի չորս մեծ մարգարեներից է: 14 գլուխներից բաղկացած նրա գիրքը թվագրվում է Քրիստոսի ծննդից առաջ 7-6-րդ դարերին: Դանիելը հրեից Հովակիմի թագավորության ժամանակ (Ք.ծ.ա. 597թ.) բաբելոնյան գերեվարված երիտասարդներից մեկն էր, ով դաստիարակություն էր ստացել բաբելացի Նաբուգոդոնոսոր արքայի արքունիքում և հետագայում իր խելքի ու օժտվածության շնորհիվ կարևոր պաշտոն ստացել:  Շուշան անունով անմեղ մի կնոջ երկու ծերունիների անհիմն  ամբաստանությունից փրկելու և հետո էլ  Նաբուգոդոնոսոր թագավորի երազը մեկնաբանելու համար Դանիելը մեծ անուն է հանում (գլուխ Ժ): Դանիելի հաջողություններն արթնացնում են մյուս պաշտոնյաների նախանձը: Նրանք մեղադրում են Դանիելին ուրիշ աստվածների պաշտելու մեջ և պահանջում  թագավորից առյուծների գուբը նետել նրան: Դանիելը նետվում է գիշատիչների գուբը: Հաջորդ օրը, երբ թագավորն անձամբ գալիս է գբի մոտ՝ սգալու հավատարիմ և իմաստուն ծառայի կորուստը, հանկարծակիի է գալիս. ի պատասխան արքայի ողբի` Դանիել մարգարեն ձայնում է, թե Աստված փակել է առյուծների բերանը, որովհետև ինքն ուղիղ է սրտով և որևէ հանցանք չի կատարել արքայի դեմ: Նաբուգոդոնոսորի հրամանով նրան հանում են գուբից և փոխարենը չարախոսողներին նետում այնտեղ:
  • Անանիա, Ազարիա և Միսայել (Բաբելոնում վերանվանվեցին Սեդրակ, Միսաք և Աբեդնագով) երիտասարդները Դանիել մարգարեի հետ միասին դաստիարակվել են արքունիքում և Դանիել մարգարեի նմանությամբ պահպանել իրենց հայրենի հավատը: Մի օր մեծաշուք հանդեսի ժամանակ, երբ բոլորը երկրպագում էին Նաբուգոդոնոսոր արքայի ոսկե արձանին, Սեդրակը, Միսաքը և Աբեդնագովը հրաժարվում են կուռքին պաշտել: Թագավորը նրանց նետել է տալիս հնոցը: Սակայն նրանք շարունակում են փառաբանել Աստծուն և Տիրոջ պահապան հրեշտակի օգնությամբ փրկվում կրակից: Ականատես այդ հրաշքին` Նաբուգոդոնոսորն ազատ է արձակում երիտասարդներին, փառավորում նրանց,  օրհնում և երկրպագում Աստծուն: Դանիել մարգարեի և իր երեք ընկերների հիշատակը տոնվում է Հոգեգալստի չորրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: Դանիել մարգարեի և երեք մանկանց հույսի և հավատի դրսևորումը ուսանելի է բոլոր քրիստոնյաների համար, որովհետև Տերը երբեք չի լքում իր հոտին և մշտապես ունկնդիր է մեր աղոթքներին` իր զորավոր Աջով օգնական և պահապան լինելու ամենքին, «որ ի Տէր յուսացան»:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-05, 2023-06-27, 2024-06-18, 2025-07-08, 2026-06-23, 2027-06-15, 2028-07-04, 2029-06-19, 2030-07-09։ 

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Թբիլիսում անցկացվող մուայթայի միջազգային առաջնության ժամանակ արցախցի Վլադիսլավ Պետրոսյանը հաղթեց ադրբեջանցի Օջան Ահմեդովին։
1996 - 
Ստոկհոլմում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո երեք կողմերը` Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը, շարունակում են բանակցությունները` առանց որևէ առաջընթացի:

  • «Կողմերը որևէ քաղաքական կամք չցուցաբերեցին, հիմնական տարաձայնությունը մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, անվտանգության, փախստականների վերադարձի և ապառազմականացման շուրջ»,֊ Ֆրանսպրեսին ասել էր Շվեդիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ինգրիդ Տերսմանը, ով հետևել էր բանակցություններին:

1995 - Հայաստանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ և Սահմանադրության հանրաքվե:

  • Ընդունվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ 

1992 - 11 պետությունների առաջին խորհրդաժողովը Հռոմում`ԵԱՀԽ (ԵԱՀԿ) նախագահող Իտալիայի նախաձեռնությամբ։

  • Ընդհանուր առմամբ, կազմակերպվում է բանակցությունների 5 փուլ, որոնց ընթացքում էլ , փաստացի, ձևավորվում է Մինսկի խումբը: Հանդիպումների 4-րդ փուլին (հուլիսի 31-օգոստոսի 5) մասնակցում են նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները՝Բորիս Առուշանյան, Ռոբերտ Քոչարյան, Հրանտ Խաչատրյան:
  • «Մինսկի խմբի նախնական այդ հանդիպումը, մեղմ ասած, խճճված էր: Ներկա էին հակամարտության կողմերը, և,իհարկե, ռուսներն ու թուրքերը, որոնք առանցքային շահեր ունեին այդ խնդրում ու տարածաշրջանում: Մասնակից մյուս երկրները, սակայն, այնքան էլ հետաքրքրված չէին և հանդիպմանը գործուղել էին ցանկացած մեկին, ով կարող էր հետևել իրադարձությունների զարգացմանը: Պատվիրակներից մեկն, օրինակ, ով Իտալիայում ներկայացված էր որպես իր երկրի դեսպան, կեսօրին` բանակցությունների կեսից հեռացավ, որպեսզի իր շանը տանի զբոսանքի: Բարեբախտաբար, ինձ ուղեկցում էր մեր արտգործնախարարության երիտասարդ աշխատակիցներից մեկը`Մարի Յովանովիչը, ով տիրապետում էր ռուսերենին և լավ գիտեր տարածաշրջանը: Հետագայում նա նշանակվեց ԱՄՆ դեսպան Ղըրղըզստանում և Հայաստանում»: Մինսկի խմբի առաջին ամերիկացի համանախագահի`Ջոն Մարեսկայի հուշերից

1988 - Տեղի ունեցան «Զվարթնոց» օդանավակայանի ողբերգական իրադարձությունները:

  • Այդ օրը խորհրդային զինվորները, ԽՍՀՄ գեներալներից մեկի՝ Ալբերտ Մակաշովի առաջնորդությամբ, նպատակ ունենալով կանխել «Զվարթնոց»  օդանավակայանի աշխատակիցների գործադուլը, նախ զգուշացնում են, որ 30 վայրկյան անց կսկսեն ցրել ցուցարարներին, ապա, դեռ 30 վայրկյանը չլրացած, հարձակվում են ցուցարարների վրա: 
  • «Զվարթնոց»-ի շրջափակման կապակցությամբ խաղաղ նստացույցի ժամանակ սպանվեց լրագրող Խաչիկ Զաքարյանը։
  • Զոհված երիտասարդի հուղարկավորությունը հարյուր-հազարավոր հայերի է դուրս բերում փողոց և փոխում շարժման ընթացքն ու ուղղվածությունը. հանրահավաքներում սկսում են հայտնվել հակախորհրդային կարգախոսներ։
  • Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը երեք հիմնական պահանջ է առաջադրում. Հայաստանի հետ ԼՂ վերամիավորում, Սումգայիթյան դատավարությունների վայրի փոփոխություն և իրադարձությունների ամբողջական լուսաբանում:

1921 - Կենտրոնական Կոմիտեի ՌԿԿ(բ) Կովկասյան բյուրոյի որոշմամբ՝ Ստալինի անմիջական ճնշմամբ, Լեռնային Ղարաբաղը միացվեց Ադրբեջանական ՍՍՀ-ի հետ, առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու՝ լայն իրավասություններով ազգային ինքնավարություն կազմավորելու պայմանով։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Մայքլ Ստեփանյան (ծնվ. ԱՄՆ), կոմպոզիտոր, երգիչ, մուլտիինստրումենտալիստ, սաունդ-դիզայներ
1987 - Կարեն Բոյաջյան (ծնվ. Տորոնտո), կանադահայ դերասան

  • Նա դարձել է կանադական Հայտնի "Aaron Carter" շոուի աստղերից մեկը։ Սակայն ճանաչում ստացավ Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում երիտասարդ Արշիլ Գորկու դերում նկարահանվելուց հետո։ 
  • Հայրը ծնունդով Հայաստանից է, ապրում է Լիբանանում, մայրը՝ իտալուհի, ծնունդով Կանադայից է։

1978 - Վազգեն Ղազարյան (ծնվ. Երևան), օպերային երգիչ (բաս)
1975 - Տիգրան Նալբանդյան (ծնվ. Երևան), հայ շախմատիստ, գրոսմայստեր
1957 - Ռաֆայել Հարությունյան (ծնվ. Թբիլիսի), գեղասահորդ, գեղասահքի մարզիչ

  • 2000-ից ապրում է Կալիֆորնիայում և մարզում Լեյք Էրրոուխեդա քաղաքի սահադաշտում։

1952 - Հարություն Մինասյան (ծնվ. Երևան), հոգեբույժ-հոգեթերապևտ, Երևան քաղաքի գլխավոր հոգեթերապևտ
1949 - Պարույր Հայրիկյան (ծնվ. Երևան), քաղաքական գործիչ
1924 - Մանուկ Մանուկյան (ծնվ. Բուխարեստ), երաժշտագետ
1920 - Գարի Օրբելյան (ծնվ. Տաթև, Հայաստան), Սան Ֆրանցիսկոյի միջազգային առևտրի խորհրդի նախագահ
1907 - Ելենա Թանգիևա-Բիրզնիեցե (սեռ. Ռուսաստան, մ. 1965), հայկական ծագում բալետի լատվիական պրիմա-պարուհի, բալետմայստեր, նկարիչ-պարուսույց, Լատվիական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի

  • Նրա տոհմածառում միահյուսվել են ռուսական և հայկական արմատները, իսկ նախնիների մեջ եղել են Ռուսաստանի գեղարվեստական աշխարհում հայտնի մարդիկ։

1903 - Ալեքսանդր Շավերդյան (ծնվ. Սիղնաղի, մ. 1954), երաժշտագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945)
1894 - Գարի Բեկնազարյան (ծնվ. Երևան, մ. 1967), կինոօպերատոր

  • Համո Բեկնազարյանի կրտսեր եղբայրը։

1837 - Նիկոլայ Վահանով (ծնված. Սանկտ Պետերբուրգ, մ. 1899), խաղաղության միջնորդ Պսկովի շրջանում
1813 - Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի (Քերեստեջյան, ծնվ. Կոստանդնուպոլիս, մ. 1882), Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ 1865-ից մինչև 1882 թվականը