Պատմության հայկական օրը. հունիսի 14


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Բռնադատվածների հիշատակի օրը

  • 2006 թվականից «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն հունիսի 14-ը նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր: 
  • 1949 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանից Ալթայի երկրամաս աքսորվեց 2.754 ընտանիք (12.300 մարդ): Մարդիկ աքսորվեցին ոչ մարդկային պայմաններում՝ գնացքի բեռնատար վագոններով՝ չիմանալով ոչ իրենց մեղքը, ոչ էլ աքսորի պատճառը։
  • Խորհրդային տարիներին տասնյակ հազարավոր հայաստանցիներ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների պես անարդար կերպով աքսորվել են, սպանվել և այլ բռնաճնշումների ենթարկվել․ երեխաները հայտնվել են մանկատներում, մարդիկ ունեզրկվել են, արմատավորվել է դոնոսի՝ անարդար մեղադրանքերի մշակույթը։ 
  • «Ժողովրդի թշնամի» պիտակով խարանելով անմեղ մարդկանց, նրանց մերձավորներին և գործընկերներին պարտադրում էին հանրայնորեն հրաժարվել նրանցից։ Խոսքի, մտքի և խղճի ազատությունը ոչնչացված էր, հանրային հավաքներ կազմակերպողները դաժանորեն հետապնդվում էին:
  • Պատմության այդ ժամանակահատվածն անջնջելի հետք է թողել Հայաստանի հասարակական արժեքների և վարքի վրա։ Ցավոք սրտի, նախկին ԽՍՀՄ որոշ երկրներում բռնության այդ դրսևորումներն այսօր վերարտադրվում են, և մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որպեսզի նման իրադրությունները կրկնվեն նաև մեր երկրում։ 
  • Չնայած խորհրդային, մասնավորապես ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջանի վերարժևորումն անկախության տարիներին լիակատար կերպով տեղի չի ունեցել, անկախ Հայաստանում մասսայական բռնությունները և մարդու իրավունքների մասսայական խախտումները չպիտի կրկնվեն: 
  • Անկախ Հայաստանը պիտի մեկընդմիշտ հրաժարվի բռնության այդ մշակույթից։
  • Զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը գտնվում է Կասկադի վերևի դիտահարթակում՝ Հայաստանի խորհրդայնացման 50-ամյակի կոթողի կողքին, բավարար չափով հայտնի չէ հանրությանը: 

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Բաքվի դատարանը լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։
2021 - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից մի քանի օր շարունակ նախընտրական ելույթների ժամանակ մուրճի ցուցադրումը, կվալդից խոսելը և հետո մուրճի ցուցադրմամբ պատկերավոր համեմատություններ անելը: 
2018 - Հայաստանի նոր վարչապետը` թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ծանոթանում է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ։

  • Երկու ղեկավրներին, ըստ Փաշինյանի, ծանոթացրել էր Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը` Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում :
  • «Մենք պարզապես ծանոթացանք, որևէ բովանդակային շփում ու խոսակցություն տեղի չունեցավ», «Facebook»-ի ուղիղ եթերում հայտարարել էր Հայաստանի վարչապետը:
  • Ավելի վաղ` թե Ազգային ժողովում, թե՛ Ղարաբաղում Փաշինյանը քանիցս ընդգծել էր` պնդելու է, որ բանակցային ձևաչափը դառնա լիարժեք, և Ստեփանակերտը ևս մասնակցի կարգավորման շուրջ քննարկումներին: Ի տարբերություն նախորդ իշխանությունների, որոնք պնդում էին, թե Ստեփանակերտը միանալու է բանակցություններին, բայց`վերջին փուլում, Փաշինյանը պնդում է` առանց Ղարաբաղի մասնակցության որևէ բանակցություն լիարժեք չի լինի:

2004 - Մեկ շաբաթվա ընթացքում հայկական կողմը երկու զոհ է ունենում։

  • Միջադեպերը տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի և Ղազախի շրջանների հատվածում: Ավելի ուշ կորուստների մասին է հայտարարում նաև ադրբեջանական բանակը, հստակ թվեր, սակայն, չեն նշվում:

1993 - Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ առավոտվանից ադրբեջանական բանակը հարձակվել է երեք ուղղություններով՝ Ասկերան, Մարտակերտ և Մարտունի:

  • Հայկական ուժերը արժանի հակահարված են տվել: Խփվել է 3 տանկ: Երկու կողմից կան զոհեր:

1993 - Ստեփանակերտ ժամանեց Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ԼՂՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

  • Լևոն Տեր-Պետրոսյանը նպատակն էր բացատրել Լեռնային Ղարաբաղին տրվող ամենահնարավոր երաշխիքները։
  • Հանդիպմանը ներկա է եղել ավելի քան տասը պաշտոնյա։ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց ստորագրել պայմանագիր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։ 

«Պայմանագիր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև։ 

  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վստահելով միջազգային հանրության՝ Ռուսաստանի , ԱՄՆ-ի և մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի երաշխիքներին։ 
  • Առաջին՝ Համաձայնում է ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը։ 
  • Երկրորդ՝ պարտավորվում է ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի իրեն վերաբերող բոլոր պահանջները և իր կողմից թույլ չտալ որևէ խախտում։ 
  • Երրորդ ՝ պարտավորվում է պատժել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  իշխանությունների կողմից ծրագրի կատարմանը ուղղված որոշումների ու հրամանների բոլոր խախտողներին։ 
  • Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է։ 
  • Առաջին ՝ ստանձնել խաղաղարար ծրագրի կատարման և Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ անվտանգության երաշխավորի դեր։ 
  • Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ ֆիզիկական գոյության, կամ բռնի տեղահանության վտանգի դեպքում, գործի դնել իր բոլոր այդ թվում անմիջական ռազմական միջամտության հնարավորությունները։ 
  • Երրորդ՝ հետագա բանակցություններում՝ բացառել Լաչինը Ադրբեջանին զիջելու հնարավորությունը ։ 
  • Չորրորդ՝ հետագա բանակցություններում՝ բացառել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ապառացմականացման և զինաթափման հնարավորությունը։ 
  • Հինգերորդ՝ հետագա բանակցություններում հետևողականորեն և վճռականությամբ պայքարել Լեռնային Ղարաբաղի մասնակցության ընդունելի իրավական կարգավիճակ ձեռք բերելու համար։ 
  • Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան, 1993 թվական»։

1992 - Հայկական զորքերը հսկողության տակ են առնում ևս մեկ՝ Ներքին Ոսկեպար գյուղը  (Տավուշ)։
1949 - Ստալինյան հրամանագրով Հայաստանից արտաքսվում է մոտ 13.000 հայ։
1949 - Գիշերը Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և խորհրդային այլ հանրապետություններում տասնյակհազարավոր մարդկանց գրեթե նույն ժամին ապրանքատար գնացք են նստեցնում և ուղարկում դեպի անհայտություն։

  • Հերթական բռնությունների հիմքում ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության 1949թ. հունիսի 2-ի հույժ գաղտնի N 00525 հրամանն էր։
  • «Համաձայն ԽՍՀՄ Մինիստրների Սովետի 1949թ. մայիսի 29-ի N 2214-856 հրամանի՝ Վրացական, Ադրբեջանական, Հայկական ԽՍՀ տարածքից եւ Սեւ ծովի առափնյա [շրջաններից] ցմահ աքսորվելու են դաշնակները, թուրքական քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող թուրքերը, խորհրդային քաղաքացիություն ունեցող Թուրքիայի նախկին քաղաքացիները, նախկին հունահպատակները, որոնք այժմ խորհրդային քաղաքացիություն ունեն»,- գրված էր հրամանում։
  • «ԽՍՀՄ Մինիստրների Սովետի որոշումը ճշգրիտ և ժամանակին կատարելու համար հրամայում եմ՝

Վրացական, Ադրբեջանական, Հայկական, Ուկրաինական ԽՍՀ-ից, Կրասնոդարի երկրամասից և Ղրիմի շրջանից աքսորյալներին ցմահ վերաբնակեցման ուղարկել՝
դաշնակներին՝ Ալթայի երկրամաս, 3.620 ընտանիք՝ 13.000 մարդ,
թուրքերին՝ Տոմսկի շրջան, 1.500 ընտանիք, 5.400 մարդ,
հույներին՝ Ջամբուլի շրջան, 6.000 ընտանիք, 21.600 մարդ,
հույներին՝ Հարավ-Ղազախական շրջան, 1.500 ընտանիք, 5.400 մարդ։
ԽՍՀՄ Ներքին գործերի մինիստր, գեներալ-գնդապետ Ս. Կրուգլով»։

1925 - Բաթում է հասնում Ֆրիտյոֆ Նանսենի գլխավորած պատվիրակությունը. Նանսենը Հայաստան էր ուղևորվում հայ գաղթականներին տեղափոխելու հնարավորություններն ուսումնասիրելու համար։

  • Պատասխանելով լրագրողի հարցերին՝ Նանսենը նշել էր, որ «հանձնաժողովն ուղևորվում է Հայաստան, որպեսզի տեղում պարզի օգնության այն բոլոր ձևերը, որ հնարավոր է հասցնել հայ գաղթականներին արտասահմանից երկիր փոխադրելու և նրանց գոյությունն ապահովելու համար, բամբակագործությունն ու ոռոգման գործը զարգացնելու համար»։

1915 - Երիտթուրքերը Կարինում իրականացրեցին հայ բնակչության զանգվածային ջարդեր:
1869 - Հիմնվեց Բաքվի Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը։
1225 - Ֆիլիպ թագավորին գահընկեց անելուց հետո, Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ, Կոստանդին պայլը իր 13-ամյա որդի Հեթումին պսակեց Զապել թագուհու հետ և հռչակեց Կիլիկիայի Հայոց թագավոր։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Իննա Ասլիյան, կինոյի դերասանուհի
1974 - Կարոլին Սաֆարյան (ծնվ. Բելգիա), բելգիացի դերասանուհի, ռեժիսոր և դրամատուրգ

  • Նրա «Առանց վերադարձի իրավունքի» պիեսը բեմադրվել է Երևանի Պարոնյանի անվան թատրոնում 2009-ին ՝ Նորա Արմանիի և Արմեն Ջիգարխանյանի մասնակցությամբ։

1952 - Էդդի Մեքքա (Ռուդոլֆ Էդուարդ Մեքջյան, ծնվ. Վուսթեր, Մասաչուսեթս ԱՄՆ), ամերիկացի դերասան
1949 - Ժորժ Ալեսյան (ծնվ. Ֆրանսիա), աստղաֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
1940 - Լաուրա Էֆրիկյան (ծնվ. Տրեվիզո, Իտալիա), իտալացի դերասանուհի և հաղորդավարուհի

  • 1966-1979-ում նա Ջաննի Մորանդիի կինն էր:
  • Լաուրա Էֆրիկյանը Մարիաննայի և Մարկո Մորանդիի մայրն է։

1931 - Լենա Փաշինյան (ծնվ. Ղարաքիլիսա, մ. 1995), դերասանուհի, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1989)
1925 - Անդրեյ Միքայելյան (ծնվ. Թբիլիսի, մ. 2010), գիտնական ռադիոպտիկայի, օպտիկական հիշողության, նեյրոնային ցանցերի բնագավառում

  • Հայտնի է որպես Միքայելյանի ոսպնյակի ստեղծող, Հոլոգրաֆիկ և քվանտային էլեկտրոնիկայի սկզբունքների հիման վրա տեղեկատվության ձայնագրման, պահպանման և մշակման միջոցների հիմնադիրը:

1912 - Արշալույս Գաբրիելյան (ծնվ. Կարս, մ. 1993), երկրաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963)
1883 - Եկատերինա Ագլինցևա (ծնված. Կիսլովոդսկ, մ. 1968), երաժիշտ, կոմպոզիտոր

  • Նրա հայրը 1877-ին հրաժարական տված փոխգնդապետ Դավիթ Ագլինցևն է։ Նրա տոհմը խորը հայկական արմատներ ուներ և, գիտակների խոստովանությամբ, սկզբնապես ազգանունը Աղլինցյան էր, որը Կովկասում հեղինակավոր անձնավորություն էր։

1712 - Սայաթ-Նովա, (Հարություն Սայադյանի կեղծանունը, ծնվ. Թիֆլիս, մ. 1795) բանաստեղծ և աշուղ, սիրո քնարերգության վարպետ

  • Սայաթ-Նովա կեղծանունը նշանակում է «երգի արքան»։
  • Սայաթ-Նովան տիրապետում էր անդրկովկասյան լեզուների՝ հայերեն, վրացերեն, թյուրքական (ադրբեջանական), նրանց բարբառներին, ինչպես նաև պարսկերեն, ներառյալ նրա բելուջական վարկածը, որը համարվում էր պարսկերեն լեզվի գրական գագաթը։

Վունց օր վուր ղարիբ բուլբուլը մե տարով բաղին կարոտ է
էնենց գու լա քու սիրողը՝ ձեռիդ յարաղին կարոտ է.
Դուն ուրիշի հիդ մի՛ խոսի, քու ճուրտը աղին կարոտ է.
Հասիլ է ծուցիդ շամամը՝ օսկե թաբախին կարոտ է։

Մե զադ չը կա՛ գուման ածիմ, ասիմ, Էն նըման Է գանքըդ
Անղալամ անզարնիշ քաշած օսկու պես Է փայլում ունքըդ
Բոյեմեդ չուրս մատն ավելի լըցվիլ Է դոշդ ու թիկանքըդ,
Զարով, աբրեշումով հուսած մազիրըդ շաղին կարոտ Է։

Դուն խոմ Է՛ն գլխեն գոված իս, յիս քիզ նուրմեկ գովիմ, արի
Ծուցըդ վարաղնած հուջրա Է, հուտ ունե մուշկ ու ամբարի
Յիրիք հարուր վացունուվից ամեն անդամըդ ղարարի,
Կուռըդ շիշմատ, մատնիրըդ մում՝ բըրոլե ճաղին կարոտ է: