Պատմության հայկական օրը. հունիսի 22


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2009 - Դատարանը 5 տարվա ազատազրկման է դատապարտում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ Մյասնիկ Մալխասյանին և Հակոբ Հակոբյանին և անմիջապես համաներումով ազատ արձակում դատարանի դահլիճից։ 

  • Համաներումով ազատ են արձակվում նաև Սուրեն Սիրունյանն ու Ալեքսանդր Արզումանյանը։ 
  • Զանգվածային անկարգությունների և ապօրինի զենքի համար 8 տարով ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանը երգում էր։ 
  • Բանտից դուրս գալուց հետո Մյասնիկ Մալխասյանը հրաժարվում է վերադառնալ Ազգային Ժողով։

2006 - Մինսկի խմբի միջնորդները ԵԱՀԿ-ին զեկույց են ներկայացնում, որտեղ առաջին անգամ գաղտնազերծում են բանակցություններում քննարկվող փաստաթղթի` հիմնարար սկզբունքների մանրամասները։

  • «Այդ սկզբունքները ներառում են Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներից հայկական զորքերի փուլ առ փուլ դուրս բերում`Քելբաջարի ու Լաչինի դեպքում`առանձնահատուկ մոտեցմամբ:Այդ տարածքների ապառազմականացում: Հանրաքվե կամ ժողովրդական քվեարկություն, որը պետք է համաձայնեցվի ապագայում ` Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար»,- հայտարարել էին միջնորդները, փաստելով, որ նախատեսվում էր նաև հակամարտության գոտում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել և միջազգային ֆինանսական աջակցություն տրամադրել` Ղարաբաղի ու շրջակա տարածքների տնտեսական զարգացման համար:
  • Միջնորդները նաև պնդել էին` իրենք արել են այն, ինչ կարող էին. «մենք չենք կարծում, որ հավելյալ այլընտրանքները որևէ այլ արդյունք կտան, և հուսով ենք, որ ԵԱՀԿ մշտական խորհուրդը կմիանա մեզ ու կոչ կանի կողմերին որքան հնարավոր է շուտ համաձայնության հասնել: Յոթ ամիս փաստաթղթի շուրջ շարունակված, և այդպես էլ հաջողության չհասած միջնորդները նաև որոշակի վերջնագիր էին ներկայացրել` «Եթե կողմերը անկարող են համաձայնության հասնել այդ սկզբունքների շուրջ, կարծում ենք` հիմա իրենք արդեն պետք է միասին աշխատեն` հասնելու մի այլընտրանքային համաձայնության, որը ընդունելի կլինի երկու կողմի համար»:
  • Խմբի ամերիկացի միջնորդը բացում է փակագծերը։

2006 - ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. Երևանում հրազենային կրակոցներից սպանվում է Մալաթիա֊-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին՝ Սեդրակ Զատիկյանը: 

  • Նրան հետապնդող ավտոմեքենայից արձակված կրակոցներից Սեբաստիա 29 շենքի մոտ սպանվում է նաև պատահական անցորդ մի կին՝ 1969 թվականին ծնված Կարինե Սարգսյանը, որը դուրս էր եկել խանութից մթերք գնելու:

2002 - Արտգործնախարարության մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հաստատում է, որ նախորդ շաբաթ Երևանում տեղի են ունեցել հայ-թուրքական գաղտնի բանակցություններ՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ հունիսի 25-ին Ստամբուլում կայանալիք հանդիպումը նախապատրաստելու համար։ 
Դա կլինի Վարդան Օսկանյանի ու Իսմայիլ Ջեմի երկրորդ հանդիպումը:
2001 - Ազգային Ժողովի պատգամավորների մի խումբ լրագրողներին պատմում է, թե ինչքան ջերմ ընդունելություն են գտել Բաքու մեկնելիս։ 

  • Նրանց Հեյդար Ալիևի պահակախումբն է դիմավորել։ 
  • Վիկտոր Դալլաքյանի ղեկավարած պատվիրակությունը Բաքու էր գնացել մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին։ Պատվիրակությունը Բաքվում նաև գնումներ է կատարել. «Հյուրանոցում կար լողավազան, մենք մեր հետ չէինք տարել, էդ գնեցինք։ Չսե՞մ էդ, մեկ էլ իկրա գնեցինք բոլորով, սև։ Որովհետև էնտեղ էժան ա»։

2001 - ԱԻՄ համագումարում ուսերին անհայտ նշանակության թիկնոց գցելով Պարույր Հայրիկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն։ 

  • Պարզ չէր, թե ինչու էր հեռացել, սակայն վերադառնում է, որպեսզի առաջիկա նախագահի կամ խորհրդարանական ընտրություններին ձեռք բերի իշխանական լծակներ։

2000 - Մոսկվայում ԱՊՀ երկրների գագաթաժողովից վերադարձած Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ հանդիպել է Հեյդար Ալիևի հետ և դրանով սկիզբ դրել Ղարաբաղի խնդրի կարգավորման ակտիվ գործընթացին։
1999 - Լորիս Ճգնավորյանի նվագախումբը նվագում է Գյումրիի Ալեքսանդրապոլյան ամրոցի ավերակների մոտ։ 

  • Հնչում էր Չայկովսկու ուվերտյուրաներից մեկը, հընթացս որոտացին թնդանոթները։ Այս տարածքում է գործում Ռուսաստանի ռազմական հենակետը։ 
  • Համերգից հետո Ճգնավորյանին հնարավորություն տրվեց մի թնդանոթային համազարկ և ավտոմատային կրակոց էլ անձամբ արձակել։

1998 - Նախագահ դառնալուց մոտ 90 օր հետո ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի Հայաստան կատարած այցից ոգևորված Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ կիսում է ուրախությունը։ 

  • Միլիարդատերը Ռոբերտ Քոչարյանին խոստացել է ուղիղ 100 միլիոն դոլար, 10-ն արդեն ճանապարհին է, 85-ը կծախսվի ճանապարհաշինության համար, որը մեզ կհասցնի Սև ծովի նավահանգիստներ։

1997 - Կապի և տրանսպորտի նախարար Գրիգոր Պողպատյանը լրագրողներին պատմում է «Արմենթելի» վաճառքի մանրամասներից։ 

  • Պողպատյանն ասում է, որ «Արմենթելը» վաճառում են փաթեթով և եթե Հայաստանում կան գնորդներ, կարող են գնել։ Նա տեղեկացրեց, որ «Արմենթելին» գերմանացիները 100 միլիոն դոլար վարկ են տվել, որը մարելու ոչ մի պարտավորություն պետությունը չունի։

1992 - ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ արտակարգ դրություն է սահմանվում Կապանի և Մեղրու շրջաններում։
1945 - Ժամը 4։45-ին ս. Էջմիածնի Մայր տաճարում համազգային եկեղեցական ժողովը միաձայն Ամենայն հայոց կաթողիկոս է ընտրում Գևորգ սրբազան արքեպիսկոպոսին։

  • Հունիսի 24-ին Մայր տաճարում տեղի է ունենում Ամենայն հայոց կաթողիկոս Տ.Տ. Գևորգ Զ-ի օծման արարողությունը։

1838 - Բացվեց Շուշիի թեմական հոգևոր դպրոցը։

  • «Դա աղքատության մեջ ծնված մի փոքրիկ հիմնարկություն էր, որ չի ունեցել նույնիսկ իր սեփական շենքը, այլ տեղավորված է եղել մի մասնավոր մարդու տանը: Սկզբում ունեցել է մոտ 20 աշակերտ: Առաջին ուսուցիչները հանձն են առել այնտեղ պարապել առանց վարձատրության»:
  • 1852 թ. նոյեմբերին Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի կարգադրությամբ դպրանոցը փակվում է: Վերաբացվում է երեք տարի անց նույն կաթողիկոսի թույլտվությամբ:
  • 1863 թվականին, շնորհիվ նորանշանակ տեսուչ Պետրոս Շանշյանի ներդրած ջանքերի, դպրանոցը ենթարկվում է արմատական փոփոխությունների:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1959 - Վահան Անանյան (ծնվ. Երևան, մ. 2006), նկարիչ

  • Նրա աշխատանքները զարդարում են Շվեդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Հոլանդիայի, Կանադայից, ԱՄՆ-ի, Ավստրալիայի մասնավոր հավաքածուներում:

1957 - Արկադի Ղուկասյան (ծնվ. Ստեփանակերտ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության երկրորդ նախագահ
1940 - Վյաչեսլավ Համբարձումյան (ծնվ. Մոսկվա, մ. 2008), ֆուտբոլիստ, կիսապաշտպան; սպորտի վարպետ; ԽՍՀՄ չեմպիոն (1969)
1916 - Ժենի Ակտերյան (ծնվ. Կոնստանտա, մ. 1958), դերասանուհի, ռեժիսոր, թարգմանիչ, գրող

  • Ռումինիայի գրական-թատերական միջավայրում հայտնի են նաև նրա ավագ եղբայրները՝ գրող Արշավիր Ակտերյանը (1907-1997) և ռեժիսոր Հայկ Ակտերյանը (1904-1942):

1895 - Սուրեն Ստեփանյան (ծնվ. Ելիզավետպոլ, մ. 1971), քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1950)
1878 - Արտյոմ Բերոյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1962), դերասան, Վրաց. ԽՍՀ ժողովրդական արտիստ (1941)