Պատմության հայկական օրը. հունվարի 19


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանկանց հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Սուրբ Թեոդոս թագավորը և մեծահամբավ զորավարը, որին տրվել է նաև Մեծն Թեոդոս անունը, քրիստոնյա աշխարհին հայտնի է որպես ուղղափառության մեծագույն ջատագով ու պաշտպան: 379 թվականին նշանակվելով Արևելքի կայսր, բարեպաշտ Թեոդոսն առաջին հերթին վերադարձնում է նախորդ կայսեր հրամանով աքսորված ուղղափառ բոլոր եպիսկոպոսներին, որոնց թվում նաև, ըստ «Վարք Սրբոցի», հայոց Ներսես հայրապետին: Ուղղափառ հավատի զորացման համար կարևորվում է 381 թվականին նրա հրամանով գումարված Կ.Պոլսի տիեզերական ժողովը: Ուսանելի է բարեպաշտ քրիստոնյայի խոնարհ վարքը: Երբ Միլանի եպիսկոպոսն ի պատիժ Թեսաղոնիկեում կազմակերպած ժողովրդի կոտորածի, կայսերն արգելում է մուտք գործել եկեղեցի, վերջինս խոնարհաբար հնազանդվում է և միայն 8-ամսյա ապաշխարությունից հետո ոտք դնում Աստծո տաճար:
  • Հայ Եկեղեցում նույն օրը նշվում է նաև Եփեսոսի 7 մանկանց հիշատակությունը: Եփեսոսցի ազնվական 7 երիտասարդներ գաղտնի մկրտվում են՝ ընդունելով քրիստոնեական հավատը: Վերջինիս համար հալածվում են Դեկոս կայսրի կողմից և թաքնվում մոտակա լեռան (Ողքոս) այրում: Այստեղ աստվածառաք քնով ննջում են նրանք 140 տարի եւ արթնանում միայն 389 թվականին՝ Թեոդոս բարեպաշտ կայսրի օրոք: Երբ բացահայտվում է աստվածային հրաշքը, թագավորն ու համաքաղաքացիներն ամենամեծ պատիվներով դիմավորում են հալածված քրիստոնյաներին: Վերադառնալով իրենց քարայրը, 7 երիտասարդները կրկին ննջում են, այս անգամ` հավերժական քնով: Նրանց թաղում են նույն քարայրում, որի վրա հետագայում կառուցվում է փառահեղ մի եկեղեցի:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-19, 2024-01-20, 2025-01-20, 2026-01-20, 2027-07-26, 2028-01-20, 2029-10-20, 2030-01-19։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ASALA. Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը տարածեց հայտարարություն, որում ի գիտություն դաշնակիցներին և բարեկամներին, ապա թշնամիներին, տեղեկացվում էր 1991 թ. Հայաստանի անկախության հռչակումից հետո «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագծի վերանայման մասին։ 

  • «Առկա իրավիճակը, անտարակույս, փաստում է, որ տվյալ պատմաքաղաքական փուլում Հայաստանի Հանրապետության ղեկավարումը ստանձնած վարչախումբը՝ պատերազմի արդյունքի ձևավորման մեջ իր ունեցած ահռելի պատասխանատվությանը զուգահեռ, փաստացի հիմքերի վրա պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և համաբովանդակ ու բազմաբնույթ անվտանգության համակարգերի ապահովման իր առաքելությունն ու գործառույթները, որ պետական կենսագործման իմաստավորումն է, գործնականորեն զիջել և փոխանցել է օտար ուժի հայեցողությանն ու տնօրինմանը»- ասված էր հայտարարության մեջ:

2019 - Ֆրանսիական ոստիկանությունը Եվրոպոլի աջակցությամբ ձերբակալեց 21 կասկածյալի, որոնք հիմնականում հայերից բաղկացած Եվրասիական մաֆիական խոշոր խմբավորման անդամներ են:
2014 - Կրկին սրվում է իրավիճակը սահմանին, Ստեփանակերտը հայտարարում է, զոհված զինվորի, դիվերսիոն փորձերի մասին։

  • Հայաստանի պաշտպանության նախարարը պնդում էր` լարվածությունը հասել է իր գագաթնակետին, հակառակորդի կողմի երբևիցե այս քանակությամբ կրակոցներ չեն եղել։ Ընդ որում, թիրախում էին նաև հայ֊ադրբեջանական սահմանի մերձակա գյուղերը: Ըստ պաշտոնական Երևանի, այդ օրերին հրադադարի խախտան դեպքերը 10-12 անգամ գերազանցում էին միջին ցուցանիշը: Հայաստանի նախագահն իր հերթին պնդել էր` «Հայաստանը պատերազմ չի ուզում, սակայն, եթե պարտադրեն, ստիպված է լինելու կռվել»։

2012 - Եվրամիությունը Հայաստանին 1,7 միլիոն եվրո է տրամադրում խորհրդարանի առաջիկա ընտրություններն ազատ ու արդար կազմակերպելու համար: 

  • Նրանք տեխնիկական աջակցություն կտրամադրեն նաև ոստիկաններին ու ընտրողներին ավելի իրազեկված լինելու համար: 

2007 - Սպանվեց պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տպագրվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:

  • Կարծիք կա, որ Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպվել է հայտնի Էրգենեկոն կազմակերպության կողմից: Սա Թուրքիայում գործող գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն է, որը մեղադրվում է Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: Թուրքիայի կառավարությունը այն համարում է ահաբեկչական կազմակերպություն: Պետք է հաշվի առնել նաև, որ Հրանտ Դինքի սպանությամբ կտրուկ նվազեց Թուրքիայի վարկանիշը միջազգային ասպարեզում, ինչն էլ հենց համարվում է Էրգենեկոնի ցանկությունը:
  • Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հրանտ Դինքին համեմատում էր Մարտին Լյութեր Քինգի հետ: Դինքն էլ Թուրքիայում էր պայքարում խտրականության դեմ` մարդկանց կյանքի, խոսքի ազատության, ազգային փոքրամասնությունների համար: Հենց սրանով էլ նա դարձավ նոր Թուրքիայի խորհրդանիշը:

1999 - Աճուրդով վաճառվում է Ամերիկայի կողմից Հայաստանին ապրանքային վարկի տեսքով տրված 90 հազար տոննա հացահատիկի չվաճառված 43 հազար տոննան: 

  • Գնորդը «Միկա Արմենիա» ընկերությունն է: Հացահատիկը «Միկա Արմենիային» է տրվում աննախադեպ էժան գներով՝ մեկ տոննան 116 դոլար, նախորդ աճուրդների մեկ տոննան 160 դոլար էր: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում ասել, թե աճուրդից 3 օր առաջ ինչպե՞ս է պայմանագիր կնքվել «Միկա Արմենիայի» հետ: 
  • Ցորենի այսքան էժան վաճառքից հետո միայն Գորիսում անմշակ կմնա 18 հազար հեկտար ցորենի ցանքատարածություն: 

1998 - Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանն ամփոփում է տարվա լավագույն ճարտարապետական կառույց մրցույթը: 

  • Հաղթողը Թեքեյան մշակութային կենտրոնի շենքն էր: Սպասարկման օբյեկտներից՝ «Սայաթ-Նովա» սրճարանը: 

1990 - Հենց այս օրը սկսվեց հայ-ադրբեջանական զինված հակամարտությունը: 

  • Ադրբեջանի զինված ուժերը հայ-նախիջևանյան սահմանի մոտ՝ Երասխավանում փորձել էին խախտել սահմանը: Նոր ձևավորված ինքնապաշտպանական ջոկատները, Անկախության բանակը՝ ՀԱԲ-ը, Վանո Սիրադեղյանի կոչով զինված մարդիկ շտապեցին սահման: Այստեղ էլ գրանցվեցին առաջին զոհերը՝ Մովսես Գորգիսյանը և նրան կռվի դաշտից դուրս բերել փորձող Երվանդ Սաղումյանը:

1990 - Բաքու է մտնում Խորհրդային բանակը. սպանվում են ավելի քան 100 ցուցարարներ ու պատահական անցորդներ։
1982 - ASALA. Պայթյուն Փարիզի Համագումարների պալատի առջև գտնվող «Էյր Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի մոտ։

  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի խմբակ»-ը։

1920 - Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (փաստացի՝ Ազգերի լիգայի նախատիպը) Փարիզի խորհրդաժողովում պաշտոնապես դե-ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը 60 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածքով՝ ներառյալ Կարսի մարզը, Իգդիրի շրջանը և Նախիջևանի երկրամասը։

  • Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի ազատ, անկախ, ինքնիշխան և արժանապատիվ մի մասնիկը դարձավ:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Լուսինե Ավագյան (ծնվ. Մոսկվա), ռուս ձյուդոիստ, Ռուսաստանի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, Ռուսաստանի սպորտի վարպետ
1987 - Էդգար Մանուչարյան, հայ ֆուտբոլիստ, հանդես է գալիս հարձակվողի դիրքում
1958 - Կարեն Քոչարյան (ծնվ. Երևան), դերասան, հեռուստահաղորդավար, հեռուստասերիալներ, հեռուստապրոդյուսեր, գրող
1945 - Չարլզ Ամիրխանյան (ծնվ. Ֆրեզնո, Կալիֆորնիա), կոմպոզիտոր, լինգվոարտիստ
1938 - Արշակ Տեր-Մարկարյան (ծնվ. Դոնի Ռոստով), բանաստեղծ, գրող
1937 - Կառլեն Ադամյան (ծնվ. Գյումրի), սրտաբան, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան
1934 - Գեորգի Ղալեչյան, ճանաչված Էրուդիտ գրականության, գեղանկարչության, երաժշտության, ճարտարապետության ոլորտներում
1931 - Արման Մանուկյան (ծնվ. Փարիզ), բանաստեղծ
1925 - Սարիբեկ Չիլինգարյան (ծնվ. Արծվաշեն, մ. 1996), Խորհրդային Միության հերոս
1922 - Եժի Կավալերովիչ (Կավալերյան, ծնվ. Գվուզդեց, Ուկրաինա, մ. 2007), դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ
1922 - Պ. Տեր-Կարապետյան (ծնվ. Ռասին, ԱՄՆ), կոնստրուկտոր, հրթիռատիեզերական տեխնիկայի մասնագետ

  • Մասնակցել է «Տոր Դելտա», «Տիրոս» և «Ապոլլոն» տիեզերական նախագծերի ստեղծմանը։

1919 - Զոհրաբ Ղասաբյան (կեղծանունը՝ «Նաիրի», ծնվ. Ստամբուլ), հետախույզ , ԽՍՀՄ պետանվտանգության աշխատակից

  • Կատարելապես տիրապետում էր բուլղարերեն, ֆրանսերեն, թուրքերեն, քրդերեն, ռուսերեն լեզուներին։
  • Կինը՝ Արշալույս Ղասաբյանը նույնպես հետախույզ է։

1910 - Հրաչյա Քոչար (մ. 1965), հայ արձակագիր 
1904 - Սիրանա Ալավերդյան (մ. 1984), հայ խորհրդային դերասանուհի: ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի: ՀԽՍՀ

  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանի կինը:

1901 - Լևոն Եվանգելյանց, հայ խորհրդային ինժեներ, մեխանիկ
1895 - Թամարա Օգանեզովա (մ. 1976), դերասանուհի, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի