Պատմության հայկական օրը. հունվարի 23


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Գորդիոսը կեսարացի հարյուրապետ էր, քրիստոնյա ծնողների զավակ: Նա պաշտոնավարում էր կայսեր բանակում Դիոկղետիանոսի օրոք: Ականատես լինելով բազում անօրենությունների` նա գնում է անապատ` իրեն նվիրելով Աստծուն: Երբ Լիկիանոս կայսրը սկսում է հալածել քրիստոնյաներին, Գորդիոսը գնում է Կեսարիա և հեթանոս բազմությանը խոստովանում, որ ինքը քրիստոնյա է ու սկսում քարոզել Ճշմարտությունը: Նրան ձերբակալում են և ստիպում կուռքերին զոհեր մատուցել: Սակայն սուրբն անդրդվելի էր: Բազում չարչարանքներից հետո նա 320 թվականին ավանդում է հոգին: Քրիստոնյաները հավաքում են նրա ոսկորներն ու պատվով հողին հանձնում:
  • Պողիկտոսը հայկական Մելիտինե քաղաքի առաջին նահատակն է: Իր ընկերոջ շնորհիվ դարձի է գալիս և ընդունում քրիստոնեություն: Արգելում է կայսերական հրովարտակի ընթերցումը կուռքերի առջև` պատռելով այն: Հաստատ մնալով իր հավատքին գլխատվում է` արժանանալով երկնային անթառամ պսակին: Նահատակվել է 259 թվականին:
  • Գրիգորիսը նահատակվել է 549 թվականին Դենշապուհի հալածանքների ժամանակ: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ ցեղից: Մինչև մկրտությունը կրել է Մանաճիհր անունը: Մժեժ Գնունի հայ մարզպանի օրոք փախչում է Հայաստան, մկրտվում` վերանվանվելով Գրիգորիս: Հեռանում է վանք` իրեն նվիրելով վանական կյանքին: Երբ Դենշապուհը Հայաստան է գալիս և իմանում, որ Գրիգորիսը նախկինում կրակապաշտ է եղել, պարտադրում է նրան վերադառնալ հին հավատքին: Բայց սուրբը չի ուրանում Քրիստոսին և նահատակվում:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-23, 2024-06-29, 2025-01-21, 2026-01-22, 2027-07-29, 2028-01-24, 2029-07-30, 2030-01-21։

Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Հուղիտան աստվածասեր ու բարեպաշտ մի կին էր: Նա ուներ երեք տարեկան մի մանուկ, ում անունը Կիրակոս էր: Երբ սկսում են հալածանքները քրիստոնյաների դեմ, նա փախչում է Տարսոն: Սակայն այստեղ էլ չի կարողանում հանգիստ մնալ, քանզի հալածանքները շարունակվում են: Սրբին ձերբակալում են և չարչարանքների ենթարկում: Մանուկ Կիրակոսն արտասվում էր` տեսնելով մոր չարչարանքները, բայց հակառակ դատավորի ցույց տված գուրգուրանքների ու փաղաքշանքների, զորանալով ի Քրիստոս ունեցած իր հավատով, կրկնում էր մոր խոսքերը. «Ես քրիստոնյա եմ և Տեր Հիսուսին եմ պաշտում»: Մանուկն ամեն կերպ աշխատում էր ազատվել դատավորի ձեռքից և մոր մոտ գնալ: Նա ուժգին հարվածում է դատավորի ձեռքին, իսկ վերջինս զայրույթից մանկանը նետում է սանդուղքներից: Կիրակոսի գլուխը խփվելով քարին` վնասվում է,  ու նա հոգին ավանդում է` խառնվելով Բեթղեհեմի անմեղ մանուկների խմբին: Իսկ նրա մայր Հուղիտան փառք է տալիս Աստծուն, որ իր որդին նահատակության պսակին արժանացավ` չդավաճանելով Հիսուս Փրկչին: Մորը նույնպես ենթարկում են անասելի տանջանքների ու գլխատում: Այս դեպքը տեղի է ունեցել  305 թվականին: Հայ Եկեղեցին Ս. Կիրակոսին  պատվել է հատուկ շարականով:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-23, 2024-06-29, 2025-01-21, 2026-01-22, 2027-07-29, 2028-01-24, 2029-07-30, 2030-01-21։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2022 - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։
2021 - Արցախի պաշտպանության բանակը հրապարակեց հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 72 զինծառայողի անուն։

  • Ադրբեջանական կողմը հայկական կողմին վերադարձրեց 30 զինծառայողի աճյուն։

2014 - Շարունակվում են փոխհրաձգությունները ղարաբաղաադրբեջանական սահմանագծում, կողմերը հաղորդում են կորուստների մասին։

  • Ադրբեջանը հայտարարում է դիպուկահարի կրակոցից զոհված զինծառայողի մասին: Տավուշում կրակոցներից 16֊ամյա աղջիկ է վիրավորվում։

2012 - Կազանում տապալված հանդիպումից հետո Կրեմլը կողմերին մերձեցնելու ևս մեկ փորձն է անում, որը սակայն, ավելի շատ նման էր Մեդվեդևի հետ հրաժեշտի հանդիպման։

  • Սոչիում կայացած եռակողմ բանակցությունների ավարտին Ի.Ալիևը, Ս.Սարգսյանն ու Դ.Մեդվեդևը ասես ամփոփել էին Մեդվեդևի նախաձեռնությամբ կազմակերպված ավելի քան տասը հանդիպումները: Եռակողմ փաստաթուղթը նշում էր` «Երեք երկրների ղեկավարներն ընդգծեցին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացված աշխատանքի մեծ ծավալը՝ սկսած 2008թ. նոյեմբերի 2-ի նրանց հանդիպումից, երբ ընդունվեց մոսկովյան հռչակագիրը»: Համատեղ հայտարարության սեղմ տեքստում ընդամենը մեկ նորություն կար`կարգավորման գործընթացին հասարակություններին ներգրավելու վերաբերյալ:
  • « Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահները հայտարարեցին մտավորականության, գիտական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջեւ երկխոսության հետագա ծավալմանը նպաստելու իրենց պատրաստակամության մասին»,֊նշում էր նրանց համատեղ հայտարարությունը:

2012 - Ֆրանսիայի Սենատը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը։
2004 - Ֆրանսիայի նախագահը Փարիզում հյուրընկալում է Ադրբեջանի առաջնորդին։

  • Ժակ Շիրակը վերահաստատել էր`Ֆրանսիան պատրաստակամ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին` ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Իլհամ Ալիևը հայտարարել էր. « Մենք չենք շտապում՝ մեր կողմում է ճշմարտությունը, մեր կողմում է ժամանակը, մեր կողմում է միջազգային իրավունքը»:

1996 - Սկսեց հեռարձակվել «ԱՐ» հեռուստաալիքը, առաջին հայկական մասնավոր հեռուստաընկերություններից մեկը։
1984 - Բացվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը։

  • 1947թ. այդ տունը Խորհրդային Հայաստանի կառավարությունը նվիրել էր կոմպոզիտորին, իսկ թանգարան կառուցելու որոշումն ընդունվել էր 1976 թվականին, եւ Արամ Խաչատրյանը հասցրել էր ծանոթանալ Մարկ Գրիգորյանի նախագծի էսքիզներին։
  • Սենյակներից մեկում դրված է այն դաշնամուրը, որի վրա մեծ կոմպոզիտորը ստեղծել է իր երկրորդ սիմֆոնիան, «Գայանե» և «Սպարտակ» բալետները, մյուս անմահ գործերը։

1921 - Բացվեց Երևանի ժողովրդական համալսարանը, որը 1923թ. վերանվանվեց Պետական համալսարան:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1923 - Կարպ Խաչվանքյան, հայ վիրտուոզ դերասան, ում արտերկում անվանում էին հայկական Չարլի
1903 - Իվան Գալամյան, հայ նշանավոր ջութակահար (մահ. 1981 թ.)
1897 - Արաբ Շամիլով, հայաստանցի քուրդ արձակագիր (մահ. 1978 թ.)