Պատմության հայկական օրը. հունվարի 25


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Արցախի տարածքում հայտնաբերվեց 4 զինծառայողի աճյուն։ 
2020 - Կապանում տեղի ունեցած ուղիղ եթերում մամլո ասուլիսով Նիկոլ Փաշինյանը սկսեց բանակցություններով խնդրի կարգավորման վերջնական տապալման գործընթացը։ 

  • Այդ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հանրությանը ներկայացրեց Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ երկու կողմերին ներկայացված վերջին՝ Կրակովյան պլանը, ուղիղ եթերում կարդաց պլանի բոլոր կետերն ու բառացիորեն հայտարարեց․ «Մեզ մեղադրում են, որ այս ժառանգությունը կորցրել ենք: Եթե այս պահին ՀՀ-ն ուզենա հենց այս նույն կետից շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի: Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն՝ այս տեքստն իրենց համար ընդունելի է, թե` ոչ, թող հայ ժողովուրդն ասի` այս տեքստը իր համար ընդունելի է, թե` ոչ: Եթե Արցախի ժողովուրդը կորոշի, որ սա է բանակցությունների հիմքը, ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին այն կհայտնվի բանակցային սեղանին: Ես առաջարկում եմ և պնդում, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն ասեն՝ իրենց համար սա ընդունելի է, թե ոչ, որպեսզի շահարկումները վերանան»։
  • Անհասկանալի է, թե Փաշինյանն ինչո՞ւ էր հրապարակել Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ներկայացված կարգավորման վերջին՝ Կրակովյան տարբերակը՝ հայտարարելով, թե սեղանին հենց այդ փաստաթուղթն է դրված, եթե հայտնի էր, 2019-ին Փաշինյանին արդեն նոր տարբերակ էր առաջարկվել։ Այն, 2016-ին ներկայացված և «Լավրովյան» հռչակված տարբերակի մոդիֆիկյացիան էր, որին իշխանությունները նախնական համաձայնություն էին տվել, և ապա հրաժարվել այդ տարբերակից։

2001 - Հայաստանն անդամակցում է Եվրոպայի խորհրդին: 

  • Նույն օրը միաժամանակ նույն կառույցին է անդամակցում Ադրբեջանը: ԵԽԽՎ նախագահը շնորհավորում է նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Հեյդար Ալիևին: 

1998 - ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանը լրագրողներին առջև հավաստում է վարչապետ Քոչարյանի և նախագահի միջև առկա տարաձայնությունը։

  • «Վարչապետը նախագահին հիշում է միայն այն ժամանակ, երբ ուզում է նշել իր և նախագահի տարաձայնությունը»- ասում է Ա. Սահակյանը:- «Մի մազ անգամ եթե պակասի լեռնային ղարաբաղցիների գլխից, մենք անմիջականորեն կմտնենք պատերազմի մեջ»։

1988 - Ադրբեջանցիները հեռացվում են Հայկական ԽՍՀ Ղափանի շրջանից։
1937 - Երևանում բացվում է «Մանկական աշխարհ» հանրախանութը, որն այն ժամանակ հայտնի էր Կենտրոնական ունիվերմագ կամ ՑՈՒՄ (Центральный универмаг) անունով։

  • Շենքի կառուցումը տևել էր երկու տարի, ճարտարապետներն էին Միքայել Մազմանյանը, Հովհաննես Մարգարյանը, Գևորգ Քոչարը և Արսեն Ահարոնյանը։

1922 - Երևանում բացվում է պետական թատրոնը, որը հետագայում վերանվանվում է Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի:

  • Թատրոնի առաջին ներկայացումը «Պեպոն» էր, որը բեմադրել էր ռեժիսոր, թատերական գործիչ Լևոն Քալանթարը:

1914 -  Սիմեիզում Գրիգորի Նեույմինը հայտնաբերեց աստերոիդ-780-ը, որը կոչվեց Արմենիա։

  • Միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 3,113961 ա. մ., առավելագույնը մոտենում է 2,8114 ա. մ. հեռավորության վրա և հեռանում 3,4165 ա. մ.։ Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2007,1 երկրային օրվա ընթացքում, իր ուղեծրով շարժվելով միջինում 0,179364 աստիճան/օր արագությամբ։ Աստերոիդի ուղեծրի և խավարածրի հարթությունները իրար հետ կազմում են 19,08° անկյուն։
  • Աստերոիդը Արմենիա է անվանվել ի պատիվ հայկական պետության, կամ ավելի ճիշտ՝ արևմտյան Ասիայում, Սև ծովի հարավ-արևելքում և Կասպից ծովի հարավ-արևմուտքում գտնվում էր Անիի թագավորությանը, որը նախկինում կոչվել է Մեծ Հայք։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1978 - Արտակ Ալեքսանյան (ծնվ. Երևան), «Արմնյուզ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն
1953 - Ջորջ Կազազյան (ծնվ. Կահիրե), եգիպտացի կոմպոզիտոր, ուդ նվագող
1950 - Գուրգեն Խանջյան (ծնվ. Երևան), հայ արձակագիր, դրամատուրգ
1949 - Վահան Քոչար (ծնվ. Երևան), լուսանկարիչ

  • Նրա հայրը՝ հայտնի լուսանկարիչ Անդրանիկ Քոչարը, եգիպտահայ է, ով Հայաստան է հայրենադարձվել 1947 թվականին։

1948 - Սարգիս Ասադուրյան (ծնվ. Հալեպ), կանադացի քաղաքական գործիչ, դատավոր

  • 2000 թ. մայիսին նա "Canada Post"-ին առաջարկել էր նամականիշ թողարկել՝ ի նշանավորումն Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի։ Նամականիշը թողարկվեց Օտտավայում 2001 թվականի մայիսին։
  • Պատգամավոր աշխատելու տասը տարիների ընթացքում նա բազմաթիվ կոչեր է արել Կանադայի խորհրդարանին՝ ճանաչելու հայոց ցեղասպանությունը։ Օրինագիծն Կանադայի խորհրդարանում ընդունվել է 2004 թվականի ապրիլի 21-ին:

1946 - Վյաչեսլավ Դոբրինին, էստրադային երգիչ և կոմպոզիտոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1991), Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1996)

  • Հայրը՝ Գրիգորի Պետրոսյանը, հայ է, մայրը՝ Աննա Իվանովնա Դոբրինինան՝ ռուս։
  • Վյաչեսլավ Անտոնովը Անտոնյան էր մինչև 1972 թ.: «...իմ իրական ազգանունը Անտոնով է: Պետրոսյանը հորական է,- պատմում է Դոբրինինը։ - Բայց ես այն երբեք չեմ կրել, որովհետև հորս երբեք չեմ տեսել ։ Հորս որպես կադրային զինվորական ուղարկել են Ճապոնիայի դեմ պատերազմի։ Այնտեղից նա վերադարձել է իր հայրենիք՝ Հայաստան։ Միայն դրանից հետո եմ ես իմացել, որ նրա մտերիմները մորս չեն ընդունել միայն այն պատճառով, որ նա ռուս է»։

1936 - Վլադիմիր Վիսոցկի (ծնվ. Մոսկվա, մ. 1980), բանաստեղծ, բարդ, դերասան

  • Ապագա բանաստեղծի մանկության տարիներն անքակտելիորեն կապված են լեգենդար Լևոն Քոչարյանի, հայտնի դերասան և պատմիչ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սուրեն Քոչարյանի որդու անվան հետ: Հենց Քոչարյանի տանը էլ ապագա մեծ բանաստեղծը ծանոթանաում է այնպիսի անզուգական անհատների հետ, ինչպիսիք են Վասիլի Շուկշինն ու Անդրեյ Տարկովսկին, Էդմոնդ Քեոսայանն ու Արթուր Մակարովը, Գրիգորի Պոժենյանն ու Յուլիան Սեմյոնովը։
  • Այնուհետև հաջորդեց Փարաջանովի, Ենգիբարովի հետ ծանոթությունը, որին Վիսոցկին բանաստեղծություններ նվիրեց։
  • Վ. Վիսոցկին մկրտվել է Հայաստանում։

1926 - Գոհար Վարդանյան (Գոհար Փահլևանյան, օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա», ծնվ. Լենինական, մ. 2019), ԽՍՀՄ արտաքին հետախուզության աշխատակից

  • Ավելի քան 30 տարի տևեց Վարդանյանի ամուսինների «արտասահմանյան գործուղումը», որից վերադարձան 1986 թ.։ 
  • Պետանվտանգության գնդապետ Գևորգ Վարդանյանին Խորհրդային Միության հերոսի կոչում շնորհելու և Գոհար Վարդանյանին կարմիր դրոշի շքանշանով պարգևատրելու մասին նրանց հայտնել են 1984 թ.: Գևորգ Վարդանյանը դարձել է առաջին հետախույզը, ով այդ բարձր կոչումը ստացել է խաղաղ ժամանակ և կենդանության օրոք: Սակայն ամուսիններն այդ ժամանակ շատ հեռու էին գտնվում, այդ պատճառով նրանց պարգևատրելու մասին փաստաթղթերը գրվել են այլ ազգանուններով ։ Նրանց վերադարձից հետո՝ 80-ականների վերջին, ԽՍՀՄ ՊԱԿ նախագահ Վ. Մ. Չեբրիկովն անձամբ է նրանց հանձնել վաստակած պարգևները։

1912 - Շավարշ Սիմոնյան (մ. 1974), ՀԽՍՀ լուսավորության նախարար (1954-1973)
1910 - Գալուստ Խանենց (մ. 1998), պարսկահայ հայ գրող 
1907 - Նորայր Սիսակյան (ծնվ. Աշտարակ, մ. 1966), կենսաքիմիկոս, ակադեմիկոս
1901 - Սուրեն Չարեքյան (մ. 1979), հայ դիրիժոր, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)
1891 - Աշոտ Տեր-Մկրտչյան (մ. 1959), հայ մաթեմատիկոս, ինժեներ-մեխանիկ 
1795 - Հարություն Ալամդարյան (ծնվ. Աստրախան, մ. 1834), եկեղեցական և հասարակական-քաղաքական գործիչ, բանաստեղծ և մանկավարժ

  • Հարություն Ալամդարյանը հայկական դպրոցում դասաժամային համակարգ է ներդրել։ Կողմ է արտահայտվել ժողովրդի համար կրթության մատչելիությանը։