Պատմության հայկական օրը. հունվարի 29


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Բարեկենդան Առաջավորաց Պահքի (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Առաջավորաց պահքի շրջանը հատուկ է միայն Հայ եկեղեցուն: Սկսվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Պահանջվում է խիստ պահեցողություն: Հնում այդ օրերին թուլատրվել է միայն աղ ու հաց ուտել: Առաջավորաց պահքի խորհուրդը հեթանոսական ապականությունից մարդկային հինգ զգայարանների սրբումն է: Հնում սովորույթ կար մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել: Ս. Գրիգոր Լուսավորիչը նույնպես հրամայում է Տրդատ թագավորին և մյուսներին մկրտությունից առաջ հինգ օր ծոմ պահել, որի շնորհիվ էլ Տրդատը և ուրիշներ փրկվում են այսահարությունից: Այդ պատճառով էլ առաջավորաց պահքը կոչվում է նաև փրկության պահք: Համաձայն Հայ եկեղեցու վարդապետների, առաջավորաց պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսավորիչն՝ ի հիշատակ վերոհիշյալ ծոմապահության: Այս պահքի առաջավորաց կոչվելու վերաբերյալ կա երկու մեկնություն. առաջին` իբրև կարապետ Մեծ պահքի, և երկրորդ` իբրև հայոց առաջին պահք: Առաջավորաց պահքը թյուրիմացաբար անվանվել է նաև Ս. Սարգսի պահք, քանի որ առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը Հայ եկեղեցին տոնում է Ս. Սարգսի տոնը: Սակայն պահքը ոչ մի կապ չունի Ս. Սարգսի տոնի հետ։
  • Առաջավորաց պահքի 5-րդ օրը (ուրբաթ) հիշատակվում է Ս. Հովնանի՝ Նինվեյում քարոզչության ու այդ քաղաքի բնակչության ապաշխարության հիշատակը։
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-01-29, 2024-01-21, 2025-02-09,  2026-01-25, 2027-01-17, 2028-02-06, 2029-01-21, 2030-02-10։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Արցախի  արտակարգ իրավիճակների ծառայության  փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերեցին ևս 15 աճյուն: 
2013 - Հարձակում է կատարվում Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: 

  • Հարձակումը քաղաքական գործչի վրա տեղի է ունեցել հենց նրա տան մոտ: Երկու կրակոցներից մեկը վնասել է նրա աջ անրակը: Բժիշկները վստահեցնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

2009 - Դավոսում Սերժ Սարգսյանի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացավ 20 րոպե տևողությամբ հանդիպում։
2004 - Բաքուն համաձայնվում է Նախիջևանով բացել Երևան գնացող երկաթգիծը՝ Ղարաբաղի շուրջ ազատագրված տարածքները թողնելու դիմաց, սակայն Հայաստանը հրաժարվում է։
2001 - Ֆրանսիայի նախագահը ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը:
2000 - ՀՅԴ-ի 28-րդ ընդհանուր ժողովում գտնվող վարչապետ Արամ Սարգսյանը նկատում է, որ Դաշնակցությունն իրեն լավ պահեց հոկտեմբերի 27-ից հետո: 
1998 - Նախագահի մամուլի խոսնակ Լևոն Զուրաբյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է բանակցել Մինսկի բազում թերություններով առաջարկի շուրջ, իսկ Ղարաբաղը մերժում է:
1994 - Մոտ ամիսուկես ընդմիջումից հետո շրջափակման մեջ գտնվող Հայաստանի բնակիչները կրկին ստանում են հումանիտար կերոսին: 

  • Հայաստանում Ամերիկայի դեսպան Հարի Գիլմորը դեսպանատանը հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացնում է, որ Բաթումիից Երևան է հասել 5 հազար տոննա կերոսին: Ամերիկայի, Ճապոնիայի և այլ երկրների կառավարությունները 18 միլիոն դոլար են հատկացրել 35 հազար տոննա կերոսին Հայաստան տեղափոխելու համար: Յուրաքանչյուր միայնակ թոշակառուի, հաշմանդամի, բազմանդամ ընտանիքներին Երևանում շաբաթը հատկացվելու է 20 լիտր:

1990 - Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ընթացքում բարձրաձայնում ու պարզաբանում է, թե ինչ նպատակով է ժողովուրդը խորհրդային ուժայիններից զենք խլում: 

  • Տեր-Պետրոսյանը պնդում է նաև, որ այդ զենքը չի վերադարձվի. «Պարզ է, որ այն զենքը, որ գտնվում է ժողովրդի ձեռքին, ծառայում է արդար գործի, արդար նպատակի, և, պարզ է, որ չի վերադարձվի»:

1956 - Արվեստի աշխատողների տանը նշվում է անվանի գուսան Հավասու (Արմենակ Մարկոսյան) ծննդյան 60-ամյակը։

  • Հանդիսավոր նիստը բացում է ժողովրդական արտիստ Շարա Տալյանը։
  • «Հավասու երգերը վայելում են մեծ ժողովրդականություն, որովհետեւ նրա երգային արվեստը, իր բնույթով գուսանական լինելով, պարունակում է բուն ժողովրդական երգի բնորոշ կողմերը»,- միջոցառման ժամանակ ասում է արվեստագետ Մաթևոս Մուրադյանը։

1923 - Հանդիսավորությամբ բացվեց Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Արման Երեմյան (ծնվ. Երևան), հայ թաեքվոնդոիստ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (2008), միջազգային կարգի Հայաստանի սպորտի վարպետ
Եվրոպայի չեմպիոն դարձած առաջին հայ թաեքվոնդոյիստն է։
1960 - Տիգրան Սարգսյան (ծնվ. Կիրովական), ՀՀ 12-րդ վարչապետը
1956 - Նատալյա Աֆեյան (ծնվ. Սոֆիա), երաժիշտ, վոկալի և բեմական վարպետության ուսուցիչ

  • Նատալիան երաժշտական տաղանդը ժառանգել է ծնողներից՝ օպերային երգչուհի մորից, Բուլղարիայի ժողովրդական արտիստուհի Նադի Աֆեյանից, և հորից՝ երաժշտական ռեժիսոր Բոհոս Աֆեյանից։

1951 - Գեղամ Գրիգորյան (ծնվ. Երևան, մ. 2016), օպերային երգիչ (տենոր), Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)
1946 - Անահիտ Ղուկասյան (ծնվ. Երևան), դերասանուհի
1932 - Հրաչյա Անդրեասյան (ծնվ. Կրասնոդար, մ. 1999թ.), ռազմական գործիչ, ՀՀ բանակի գեներալ-լեյտենանտ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (1992-1994)

  • 2008 թ. մայիսին Վարդենիսում տեղադրվել է գեներալ Գ. Ա. Անդրեսյանի կիսանդրին, նրա անունով անվանակոչվել է փողոց։

1931 - Ռիչարդ Բակալյան (ծնվ. Վաթերթաուն, ԱՄՆ, մ. 2015), դերասան, սցենարիստ, պրոդյուսեր

  • Ծնվել է մի ընտանիքում, որտեղ հայրը հայ է, մայրը ՝ ամերիկուհի։

1904 - Արուս Ազնավուրյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1989), հայկական խորհրդային դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի

  • Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հարազատ մորաքույրն է: Նրա հայրը Նիկոլայ Երկրորդի խոհարարներից էր:

1894 - Տիգրան Հախումյան (ծնվ. Երևան, մ. 1973), դրամատուրգ, գրականագետ, թարգմանիչ, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1944)
1807 - Էդուարդ Ժան-Պոլ Դյուլորյե (ծնվ. Թուլուզ, Ֆրանսիա, մ. 1881), ֆրանսիացի արևելագետ, հայոց լեզվի պրոֆեսոր