Պատմության հայկական օրը. մայիսի 5


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2008 - Արթուր Բաղդասարյանը նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար՝ այդ կերպ ստանալով իրեն մեկնած ձեռքը արժանապատվորեն սեղմելու համար խոստացված փոխհատուցումը։
2001 - Ազգային համաձայնության ճակատի հանրահավաքի հիմնական կարգախոսը գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականի պահանջն էր։ 

  • Հավաքին մասնակցում էին մեկ տարի առաջ պաշտոնանկված վարչապետ Արամ Սարգսյանն ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

1998 - Ընդունվեց ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը՝ մասնավոր իրավական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հիմնական իրավական ակտը:

  • Ուժի մեջ է մտել 1999թ.-ի հունվարի 1-ից:

1997 - Սարդարապատի տարածքում ավարտվեցին 15 հեկտար տարածքի վրա բարդու անտառի տնկման աշխատանքները։ 

  • Տնկիները նվիրաբերել էր ԱՄՆ հայ գիտնականների և ինժեներների միությունը։

1994 - Ղրղզստանի մայրաքաղաքում ստորագրվեց Արցախի խնդրում հրադադարի կնքման համար հիմք հանդիսացած Բիշքեկի արձանագրությունը։ 

  • Հայաստանի, Ադրբեջանի և ԼՂՀ խորհրդարանների ղեկավարների պատվիրակությունների եռակողմ բանակցային հանդիպման նախաձեռնողները ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, Ղրղզստանի խորհրդարանն ու Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էին։ 
  • Արձանագրությունը ստորագրեցին Հայաստանն ու Արցախը, իսկ Ադրբեջանը դրան միացավ երեք օր անց։

1992 - Ռուսաստանի Դաշնությունը հայտարարեց Արցախի խնդրով միջնորդական առաքելության ստեղծման մասին և բանակցային գործընթացն իր հովանու տակ առնելու պատրաստակամություն հայտնեց։
1992 - Դեռևս 1990 թվականից գործող անջատ ինքնապաշտպանական ուժերի միավորումով ստեղծվեցին ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը՝ Արցախի զինված ուժերը։
1978 - Մայիսի 5-12-ը Երևանում անցկացվում է ԽՍՀՄ համամիութենական 11-րդ կինոփառատոնը։

  • Խորհրդային կինոյի վարպետները մի քանի օր շարունակ Երևանում գնահատում և մրցանակներ էին շնորհում նոր ֆիլմերին, դերասաններին ու ռեժիսորներին։
  • Կինոփառատոնի երեք գլխավոր մրցանակներից մեկը տրվում է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած «Նահապետը» ֆիլմին, իսկ լավագույն կատակերգություն ժանրում առաջին տեղը զբաղեցնում է «Միմինոն»։ Լավագույն դեբյուտի համար մրցանակ է ստանում դերասանուհի Սոֆի Սարգսյանը «Նահապետը» ֆիլմում Նուբարի դերը մարմնավորելու համար։
  • Խորհրդային զինվորի կերպարը գեղարվեստական բարձր մակարդակով մատուցելու համար ժյուրին հատուկ մրցանակ է շնորհում «Զինվորը և փիղը» ֆիլմի գլխավոր դերակատար Մհեր Մկրտչյանին։

1961 - Հայաստան է ժամանում ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկիտա Խրուշչովը։ 

  • Նրա այցելությունը նվիրված էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 40-ամյակին։

1941 - Խորհրդային հետախույզ Հայկ Հովակիմյանը լրտեսության մեղադրանքով ձերբակալվեց, դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն ազատ արձակվեց մինչև դատարան՝ 25 հազար դոլար գրավի դիմաց:

  • Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց մեկ ամիս անց Ի. Ստալինն անձամբ զանգահարել է ԱՄՆ նախագահ Ֆ. Ռուզվելտին և խնդրել ազատ արձակել հետախույզ Հայկ Հովակիմյանին։ Ռուզվելտի անձնական կարգադրությամբ Հովակիմյանը ազատ է արձակվել և մեկնել ԽՍՀՄ։

1920 - Հայաստանի խորհրդարանի արտակարգ նիստում հրաժարական տվեց Ալեքսանդր Խատիսյանի կառավարությունը. ընտրվեց նոր կառավարություն Համազասպ (Համո) Օհանջանյանի գլխավորությամբ։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1994 - Տիգրան Օհանյան, տենոր, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի մենակատար: Ալ. Սպենդիարյան
1941 - Ջեյմս Թիմուրյան (ծնվ. Կանադա), մաթեմատիկոս; մաթեմատիկայի ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր, Ալբերտի համալսարան, Էդմոնտոն, SNAP-ի մաթեմատիկական հիմնադրամի նախագահ
1941 - Արմեն Հախնազարյան (ծնվ. Թեհրան, մ. 2009), ճարտարապետության դոկտոր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմնադիր (ՖԻԱԱ)
1939 - Ռուբեն Հովսեփյան (ծնվ. Երևան, մ. 2016), գրող, կինոդրամատուրգ
1925 - Միքայել Ջոթյան (ծնվ. Մեծ Պարնի, մ. 2007), հայ բժիշկ, մանկաբույժ
1920 - Գևորգ Ղարիբջանյան (ծնվ. Գյումրի, մ. 1999), պատմաբան, գիտական տեղեկատվության կենտրոնի տնօրեն (1985-1999), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1968)
1912 - Արշալույս Գաբրիելյան (ծնվ. Էրիվան, մ. 1993), հայ երկրաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963)
1911 - Մաթևոս Մուրադյան (ծնվ. Թաղասիր, Թուրքիա), հայ երաժշտագետ, բանաստեղծ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)
1909 - Ռաֆայել Գաբրիելյան (ծնվ. Շուշի, մ. 1984), փորձարկող օդաչու, ավիակոնստրուկտոր, ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու (1961), Խորհրդային Միության հերոս (1975)
1906 - Մկրտիչ Ասլանյան (ծնվ. Մուշ, մ. 1986) հայ արձակագիր, լրագրող
1906 - Արաքսյա Բաբայան (ծնվ. Երևան, մ. 1993), քիմիկոս-օրգանական, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)
1899 - Տիգրան Շամիրխանյան (ծնվ. Շուշի, մ. 1953), դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1934), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1949)
1894 - Աննա Տեր-Պողոսյան (ծնվ. Փարիզ, մ. 1954), հասարակական գործիչ

  • Փարիզի բռնազավթման տարիներին ամուսնու հետ աջակցել է ֆրանսիական Դիմադրության մասնակիցներին, իր տանը թաքցրել հրեաների ընտանիքներ։

1884 - Գարեգին Մելոյան (ծնվ. Վան, մ. 1939), հայ արձակագիր, բանաստեղծ, գրականագետ