Պատմության հայկական օրը, օգոստոսի 11


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Նավասարդ 

  • Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Նավասարդը Հայկ Նահապետի դուստրն է, որի անունով նախահայրն անվանել է Նոր Տարվա առաջին ամիսը։ Այն կազմված է նավա-նոր և սարդ-տարի բառերից։
  • Հին հայերը Նավասարդի Արեգ օրը տոնում էին իրենց ամենակարևոր տոնը՝ նվիրված Բելի նկատմամբ Հայկ աղեղնավորի հաղթանակին։ Նրա անունով երկիրը կոչվեց Հայք, բնակիչները՝ հայեր։ Նավասարդյան տոների շարքում են նաև «Նավասարդյան խաղերը»՝ նվիրված Արամազդ աստծուն, և «Խաղողօրհնեքը» նվիրված Անահիտ աստվածուհուն։
  • Նա անվանվել է հայոց սիրո ու գեղեցկության աստվածուհի, Աստղիկի նմանակը: Նա նաև եղել է չմահավան և չի ամունացել ոչ ոքի հետ: Նրա գեղեցկությունը չի պակասել դարերի ընթացքում: Տարին մի անգամ Աստղիկ աստվածուհին նրան տարել է երկնային հեռաստանները, և նրան լողացրել գեղեցկության ծովում՝ վերադարձնելով երկիր: Նա է իր գեղեցկությամբ հմայիչ դարձրել հայկական Ամանորը:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները  ժամը 15:30-ից մինչև 20:00 տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացեցին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

  • Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվեց: Հայկական կողմից տուժածներ չկան:

2004 - Մեծ Բրիտանիայի Նոթինգեն կոմսության Հաքնել քաղաքում Լորդ Բայրոնի պատվին Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցու առջև կանգնեցվել է հայկական խաչքար՝ հավատքի և հույսի հայկական խորհրդանիշ:
2004 - Ռոստովի դատարանը երգիչ Ֆիլիպ Կիրկորովին մեղավոր ճանաչեց լրագրող Իրինա Հարոյանին վիրավորելու համար:
2002 - Արկադի Ղուկասյանն երկրորդ անգամ ընտրվեց չճանաչված ԼՂՀ Նախագահ:
1994 - Ադրբեջանի, Հայաստանի Ղարաբաղի ներկայացուցիչները Մոսկվայում պայմանավորվում են ազատ արձակել գերևարված կանանց ու երեխաներին։

  • Հաշտեցման համաձայնագրի հիմնական դրույթների շուրջ, սակայն, կողմերին չի հաջողվում փոխհամաձայնության գալ` այդ օրերին հաղորդել էր «Ինտերֆաքսը»: Գործակալության հետ զրույցում բանակցությունների մասնակիցներից մեկը, անանուն մնալու պայմանով, պնդել էր`«ադրբեջանցիները փորձում էին նախագծից հանել դրույթը, որով Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է որպես հակամարտող կողմ, թեև ավելի վաղ Բաքուն համաձայնել էր այդ ձևակերպմանը»:

1976 - Խորհրդային միությունում ամառային արձակուրդի շրջանակում Ռումինիայի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Նիկոլաե Չաուշեսկուն կնոջ՝ Ելենայի և Ռումինիայի կոմկուսի կենտկոմի քարտուղար Շտեֆան Անդրեյի հետ ժամանում է Երևան։

  • ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը ռումինացի հյուրին ներկայացնում է Խորհրդային Հայաստանի ձեռքբերումները։
  • Նույն օրը Չաուշեսկուները մեկնում են Թբիլիսի, որտեղ հանդիպում են նաև Վրաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Էդուարդ Շևարդնաձեի հետ։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1976 - Վիկտոր Օգանով, բռնցքամարտիկ

  • Ապրում է Սիդնեյում, Ավստրալիա:

1952 - Ռոլանդ Շառոյան, գրող, լրագրող
1947 - Արկադի Անդրիասյան, ֆուտբոլիստ, կիսապաշտպան, մարզիչ, «Արարատ 73»-ի լագենդներից 
1936 - Արտաշես Խաչատրյան, նկարիչ, բանաստեղծ
1929 - Ուրիել Քալանթարով, կինոօպերատոր, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի գերազանցիկ
1927 - Ռաֆայել Բաբայան, դերասան, ռեժիսոր, բեմադրող նկարիչ

  • Վ.Գ. Պոդպոմոգովի և Ս. Խ. Անդրանիկյանի հետ վերակենդանացրել է հայկական մուլտիպլիկացիան։

1926 - Լուիզա Սամվելյան, դերասանուհի, արվեստագետ, մանկավարժ
1922 - Թերեզա Միրզոյան, նկարչուհի, Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)
1918 - Խաժակ Գյուլնազարյան, հայ գրող և սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1898 - Հայկ Հովակիմյան, խորհրդային հետախույզ, ԽՍՀՄ քիմիական զորքերի գեներալ-մայոր

  • Արտասահմանում 15 տարվա ծառայության ընթացքում Հովակիմյանը «Գենադի», «Կիպնիս» և «Օսիպով» գաղտնի անուններով ԽՍՀՄ է փոխանցել ավելի քան 31 հազար գաղտնի նյութեր, մեքենաների և հատկապես կարևոր նշանակության սարքերի 1055 գծագրեր, 163 օբյեկտների գլխավոր հատակագծեր, գերգաղտնի ինքնաթիռների նախագծեր, ինչպես նաև տեղեկություններ ատոմային զենքի մասին:
  • Նրա կողմից ձեռք բերված փաստագրական նյութերը մաթեմատիկայի, ֆիզիկայի, ատոմային միջուկի քիմիայի և մանրէաբանության խնդիրների վերաբերյալ հիմք են դարձել մի շարք գիտական հետազոտությունների ստեղծման և երկրում նոր ԳՀԻ, ԿԲ և գաղտնի փորձարարական գործարանների կազմակերպման համար։
  • Նրան է պատկանում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ատոմային գաղտնիքներ ստանալու և ԽՍՀՄ-ում միջուկային զենք ստեղծելու առաջատար դերը։
  • 2014 թվականի մայիսի 20-ին Հայաստանի փոստը շրջանառության մեջ է դնում 4 նամականիշից բաղկացած բլոկ՝ նվիրված հայկական ծագում ունեցող հետախուզական ծառայությունների աշխատակիցներ Յակով Դավթյանին, Իվան Աղայանցին, Աշոտ Հակոբյանին, Հայկ Հովակիմյանին, ինչպես նաև մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին։