Պատմության հայկական օրը. օգոստոսի 25


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Երեմիա մարգարեն Աստվածաշնչի չորս մեծ մարգարեներից է: Նրա մասին, համեմատաբար ավելի շատ վավերական տեղեկություններ կան: Ծնվել է Ն.Ք. 650-ական թվականներին, Երուսաղեմից ոչ շատ հեռու գտնվող Անաթովթ գյուղում: Նրա հայրը` Քեղկիան, քահանա էր: Երեմիան քարոզել և ապրել է Երուսաղեմում: Երիտասարդ տարիքից Աստծու կողմից կանչված լինելով` ողջ սրտով ծառայել է իր մարգարեական կոչմանը` հրաժարվելով ընտանիք կազմելուց և կյանքի բոլոր վայելքներից: Կռապաշտության և սոցիալական անարդարության մեջ ընկած ժողովուրդը չէր ըմբռնում նրա ազնիվ մղումները, մինչդեռ նա մարգարեանում էր Երուսաղեմի ու Տաճարի կործանման մասին: Իր ազգի անդառնալի մոլորված ընթացքի պատճառով նա անընդմեջ ճշմարիտ աստվածպաշտություն էր քարոզում, որպեսզի մարդիկ փոխեն իրենց ընթացքը, իրար հետ արդար և ուղիղ ապրեն., օտարականին, որբին և այրուն չհարստահարեն, արդար և անմեղ արյուն չթափեն, օտար աստվածների ետևից չգնան` ի կործանում իրենց անձերի (Երեմ. 7:1-6 հմմտ. 5:25-29):
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-25, 2023-08-24, 2024-08-29, 2025-08-28, 2026-08-27, 2027-08-26, 2028-08-24, 2029-08-23, 2030-08-29։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ միջադեպ գրանցվեց․ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև հայհոյանքների փոխանակումից հետո ծեծկռտուք սկսվեց։
2008 - Երեկոյան դանակահարվում է ՀԱԿ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը։ 

  • «Մի անծանոթ մարդ էր, անցնում էր` հայհոյելով Լևոն Տեր-Պետրոսյանին ու նստացույցի մասնակիցներին: Ես ուղղակի իրեն ասացի` այստեղ կանայք կան ու երեխաներ, մի հայհոյեք: Նա մոտեցավ ինձ ու նույն հայհոյանքները իմ հասցեին ասաց: Ուզում էի պատասխանել, դանակը հանեց, ես թևս բարձրացրի [որ պաշտպանվեմ], մտավ թևիս մեջ»,- պատմեց Դավիթը:

2008 - Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը թիվ 17 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրություններում լինելով միակ թեկնածուն դառնում է Ազգային Ժողովի պատգամավոր։ 

  • Ընտրատարածքում պատգամավորի աթոռը թափուր էր այն բանից հետո, երբ հրաժարական տվեց Հովիկ Աբրահամյանի եղբայրը: Ըստ մամուլի հրապարակումների` Հովիկ Աբրահամյանը հավակնում է Ազգային Ժողովի նախագահի աթոռին:

2007 - Աղմկահարույց սպանություններ. Գիշերը աշխատանքից տուն վերադառնալիս իր տան մոտ անհայտ անձի կողմից սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը:
2006 -
Երևանում 87 տարեկանում վախճանվում է բանաստեղծուհի, հրապարակախոս և հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը։ 

  • 2004 թվականի ապրիլի 13-ի դեպքերից հետո, երբ Հայաստանի իշխանությունները բռնի ուժով ցրեցին խաղաղ ցույցը Բաղրամյան պողոտայում, «Խոսք իմ որդուն» բանաստեղծության հեղինակն ի նշան բողոքի Ռոբերտ Քոչարյանին վերադարձրեց իրեն շնորհված «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը։

2005 - Կառավարությունը որոշում է ընդունում Ռուսաստանի Դաշնությունում գրանցված և գործող, նախօրոք հայտնի գնորդ ԲԱՄՕ ՍՊԸ-ի կողմից հիմնադրվող առևտրային կազմակերպությանը վաճառել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։

  • Մինչդեռ մարդիկ կառավարության դիմաց բղավում էին՝ դա համաժողովրդական սեփականություն է։

2001 - ՀՅԴ կուսակցության Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրենը հայտարարում է, որ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նպատակներն ազգային չեն։ 

  • Անընդունելի է երկխոսել թուրքերի հետ և հենց սկզբից ցեղասպանության հարցը չդնել։

2001 - Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը Ռոբերտ Քոչարյանին անվանում է մեծ մտավորական, քանի որ գիտի, թե ինչ է ուզում։ 

  • Նա, սակայն, Հայաստան էր եկել ասելու, որ կողմ է Ղարաբաղի ինքնորոշմանը, թեպետ այն արդեն կայացած փաստ է։ Անհանգիստ է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեությամբ՝ այն բոլորի տեսակետը չի արտահայտում։

2001 - Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանն ընդունում է Համահայկական խաղերի թուրքահայ պատվիրակությանը։ 

  • Սփյուռքահայերը, սակայն, տպավորված չեն իրենց կենցաղային պայմաններից։

1998 - Երևանում քաղաքացիների համար շահագործման է հանձնվում 36 բնակարանով բնակելի շենք։ 

  • Անկախ Հայաստանում դա առաջին դեպքն էր, երբ բնակելի շենքը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով։ Առջևում ևս երկու շենքի շինարարության ավարտն է։

1998 - Փախստականների և միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանը հայտարարում է, որ արտագաղթը նպաստում է մեր երկրի սոցիալական լարվածության թուլացմանը։ 

  • Սա լավ է, իսկ վատն այն է, ըստ Եգանյանի, որ Հայաստանից հեռանում է աշխատող ձեռքն ու ուղեղը։ Պաշտոնապես վերջին 10 տարում Հայաստանից հեռացել է 700 հազար մարդ։

1998 - ԱԺՄ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանի շուրջ համախմբված խորհուրդն սկսում է վարչության անդամների կուսակցությունից հեռացնելու գործընթացը։ 

  • Ազգային Ժողովի ԱԺՄ խմբակցության ղեկավարը հիացած չէ պարոն Մանուկյանի գործողություններով, իսկ մեկ այլ տեղ 2001-ի օգոստոսի 25-ին նիստ անող ԱԺՄ-ականներին նույնիսկ հետաքրքիր չէ, թե ինչ է անում ԱԺՄ առաջնորդը։

1998 - Արշակ Սադոյանը դատարան է դիմել, որպեսզի վերջինս չեղյալ համարի Ռոբերտ Քոչարյանի ստորագրած բաշխիչ ցանցերի մասնավորեցման օրենքի ընդունման ակտը։

  •  Դատարանը մերժել էր նրան։
  • «Կեղծիքներով ընդունված օրենքներ ստորագրող նախագահ Հայաստանին պետք չէ»- միաձայն ասում են ընդդիմադիր պատգամավորներ Արշակ Սադոյանը և Ստեփան Զաքարյանը։ 

1983 - ASALA. Պայթյուն Արևմտյան Բեռլինում գտնվող «Ֆրանսիայի տան» մեջ, ուր գտնվում էին Ֆրանսիայի հյուպատոսարանն ու ֆրանսիական հիմնարկները։

  • Երկու սպանված, 23 վիրավոր։ Շենքն ամբողջությամբ քանդվում է։ Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակն» ստանձնում է պատասխանատվությունը։
  • Նույն օրը երկու պայթյուններ են որոտում Արևմտյան Բեյրութի Մուսայթփե շրջանում գտնվող բազմազգ ուժերին պատկանող ֆրանսիական միավորի ընդհանուր հրամանատարական կենտրոնի մոտ և Արևելյան Բեյրութի Էշրեֆիե շրջանում «Էյր Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի առջև՝ պատճառելով նյութականա վնասներ։
  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակն» ստանձնում է պատասխանատվությունը։

1978 - ASALA. Մի շարք պայթյուններ ցնցում են Ստամբուլը։

  • Պայթյուններ են իրականացվում Ղալաթիայի կամրջի վրա, փոստատարական սպասարկմանը և դատարանին հատկացված շենքում, եվրոպական թաղամասերում ցրված հինգ ռազմական կենտրոններում։ Մի քանի զինվորներ վիրավորվում են։
  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ «Շահան Նաթալի Խումբը»։

1960 - Հռոմում բացվում է 17-րդ ամառային Օլիմպիադան։

  • Խորհրդային Միությունն այդ խաղերին մասնակցում է պատկառելի թիմով և թիմային հաշվարկում զբաղեցնում առաջին տեղը՝ նվաճելով 42 ոսկե մեդալ։ 
  • ԽՍՀՄ թիմի կազմում Օլիմպիական մրցույթին մասնակցում էին Խորհրդային Հայաստանի մարզիկներ Ալբերտ Ազարյանը, Վլադիմիր Ենգիբարյանը, Իգոր Նովիկովը, Ալեքսեյ Կոնովը, Վալենտին Չեռնիկովը և Նորայր Մուշեղյանը։ 
  • Հայաստանի ներկայացուցիչներից ամենափորձառուն Ալբերտ Ազարյանն էր, որը 1956թ. Մելբուռնի Օլիմպիադայում ոսկե մեդալ էր նվաճել իր հռչակավոր «ազարյանական խաչով»։ Հռոմում Ազարյանը կրկին փայլուն արդյունքներ է ցուցադրում և արժանանում ոսկե մեդալի։ Մյուս մարզիկները հաղթանակներ են տանում թիմային մրցաշարերում։

1920 - Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Գարեգին Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ-Բեկի անվամբ՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը:

  • Այս կռիվն էր, որ պահեց Սյունիքը թուրքական ոտնձգություններից, բոլշևիկներն ընկրկեցին, Սյունիքը մնաց Հայաստանի կազմում, բայց Արցախն ու Նախիջևանը բռնազավթվեցին: Ուխտերի նշանաբանն էր՝ «Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար»:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1973 - Հայկո (Հայկ Հակոբյան, ծնվ. Երևան, մ. 2022), հայ փոփ երգիչ
1973 - Ֆաթիհ Աքըն, թուրքական ծագումով գերմանացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան

  • Վենետիկի 71-րդ միջազգային կինոփառատոնում ցուցադրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված "The Cut" («Սպի») ֆիլմը:
  • «Սպի» ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին։ Տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր երկվորյակ դուստրերը նույնպես, հնարավոր է, փրկվել են և սկսում են փնտրել դրանք և հասնում Հյուսիսային Դակոտայի:
  • 138 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվել է անգլերեն լեզվով, սցենարի հեղինակներն են ֆիլմի ռեժիսորը և Մարտիկ Մարտինը։ Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Գազինը և այլք:

1968 - Արմեն Վարդանյան, «Վագր-Վինա Վիտա» ընկերության նախագահ

  • Տիրապետում է ինը լեզուների, այդ թվում ՝ անգլերեն, պարսկերեն և արաբերեն։
  • Նրա նախապապ Վարդան Այվազյանը 1900-ին Սամարղանդում ստեղծել է Գինեգործական խոշոր տնտեսություն և Միջին Ասիայում ունեցել է 5 գինու գործարան։ Նա գինիներ էր պատրաստում, որոնք լավագույնն էին համարվում Հայաստանում և Միջին Ասիայում։

1966 - Դերեկ Շերինյան, ամերիկահայ երաժիշտ, ստեղնահար, առավել հայտնի է որպես հանրահայտ Dream Theater խմբի մասնակից (1994-1998)

  • Հիմա Դերեկն ապրում է Հոլիվուդ Հիլզում, որտեղ ունի ձայնագրման ստուդիա ՝ Leopard Room։ Ստուդիայում ձայնագրվում են Դերեկի սոլո պրոյեկտները և Planet X խումբը։

1945 - Արկադի Բաղդասարյան (Արկո) - Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ
1938 - Սվետլանա Տեր-Մինասովա, լեզվաբան, միջմշակութային հաղորդակցության մասնագետ, ՄՊՀ վաստակավոր պրոֆեսոր
1927 - Գերասիմ Գևորգյան, ճարտարապետ: Հայաստանի վաստակավոր ինժեներ

  • «Ռոսիա» կինոթատրոնի, Երևանի երիտասարդական տան, «Զվարթնոց» օդանավակայանի էստակադայի, Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» և «Սասունցի Դավիթ» կայանների, ԵՊՀ-ի, Երևանի «Մոսկվա» ամառային կինոթատրոնի, Երևանի տիկնիկային թատրոնի, 1915թ. հուշարձանի ևայլ հեղինակ-կոնստրուկտորն է։

1925 - Ալեքսանդր Աճեմյան, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1923 - Էդմոնտ Կիրազ, ֆրանսահայ ծաղրանկարիչ և նկարազարդող, Illustrator

  • Նրա ծաղրանկարները հաճախ ոչ միայն հումորային, այլև էրոտիկ պարբերաբար տպագրվել է Playboy հանդեսում։

1923 - Արտյոմ Գևորգյան, Հայաստանի պետական և տնտեսական գործիչ
1921 - Յուրի Ատարով, բժիշկ, դերասան, գրող, բարդ
1906 - Սարգիս Գրիգորյանց-Հակոբյանց, լուսանկարիչ, գրադարանավար
1918 - Լեոնարդ Բերնսթայն, ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտության ուսուցանող, դիրիժոր, Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդոր (Ֆրանսիա)

  • Լեոնարդ Բերնսթայնը ներառվել է նաև Ամերիկյան թատրոնի փառքի սրահ և Հեռուստատեսության փառքի սրահ, 2015 թվականին էլ՝ Legacy Walk:
  • 2010 թվականի նոյեմբերին բրիտանական BBC Music Magazine ամսագիր անցկացրած հարցումների արդյունքներով Լեոնարդ Բերնսթայնը աշխարհի բոլոր ժամանակների լավագույն դիրիժորների տասնյակում 2-րդ տեղն է։

1918 - Սեդա Թաշչյան, երաժշտագետ
1917 - Նինա Միրիմանովա, բալետի արտիստ և բալետմայստեր, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ, Լենինգրադի Օպերայի և բալետի Փոքր թատրոնի մենակատար (1938-1961)

  • Բալետներում մի շարք պարտիաների առաջին կատարողը («Աշիկ-Քերիբ», «Երևակայական Փեսացուն», «Դոկտոր Այբոլիտ», «Շեհերեզադա», «Յոթ գեղեցկուհիներ» և այլն):

1908 - Թամարա Տեր-Ղևոնդյան, նկարչուհի, գրաֆիկ, կինոյի տեսաբան, «Նոր իրականություն» ստուդիայի մասնակից
1902 - Մուրադ Կոստանյան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Պատվո նշան» և Ժողովուրդների Բարեկամության շքանշանակիր
1894 - Հակոբ Զորյան, Հայաստանի ազգային-ազատագրական շարժման գործիչ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր (1930-1931թթ.)

  • 1937 թ.-ին Հակոբ Զորյանը ենթարկվել է բռնաճնշումների և ձերբակալվել անհիմն մեղադրանքներով։ Մահացել է բանտում 1942-ին։

1879 - Սիմակ Սահակյան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ (1944-1961), ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ
1879 - Յակով Բագրատունի, ռուսական բանակի գեներալ-մայոր, Հայաստանի բանակի գեներալ

  • Ամուսնացած էր Ռուսաստանի ժամանակավոր կառավարության նախագահ Ա.Ֆ. Կերենսկու քրոջ հետ:

1873 - Վիկտոր Պորտուգալով, լրագրող, հասարակական գործիչ
1864 - Յուզեֆ Թեոդորովիչ (Հովսէպ Թեոֆիլ Թեոդորովիչ), Հայ կաթոլիկ եկեղեցու Լվովի արքեպիսկոպոս, աստվածաբան, քաղաքական գործիչ

  • Յուզեֆ Թեոդորովիչը ծնվել է մի քանի հարյուրամյակ Լեհաստանում բնակվող հայկական ծագումով շլյախետական ընտանիքից։
  • Բերեժանայի և Լվովի քաղաքի պատվավոր քաղաքացի, Լվովի Յանա-Կազամիրայի անվան "honoris causa" համալսարանի դոկտոր:

1850 - Գևորգ Տեր-Դավթյան, դերասան: Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ

  • Տեր-Դավթյանի իրատեսական արվեստը բարձր են գնահատել գրողներ Գ. Սունդուկյանը, Հ.Թումանյանը, իտալացի մեծ ողբերգակ է. Ռոսին:

1836 - Խաչատուր Գարաբեդյան, ԱՄՆ քաղաքացի առաջին հայը

  • 1850 թվականին Գարաբեդյանը գաղթել է Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատել Լոուելում (Մասաչուսեթս նահանգ)։ Գարաբեդյանն աշխատել է որպես մեքենավար և, ի վերջո, դարձել ԱՄՆ քաղաքացի։

1710 - Իվան Շարիստանով (Շարիստանյան Հովհաննես), առաջին հայ քահանան Սանկտ Պետերբուրգում

  • Ամենայն Հայոց կաթողիկոս Աբրահամ Բ-ի Հոշաբեցու որոշմամբ քահանան գործուղվել է Սանկտ Պետերբուրգ և մինչև կյանքի վերջ ծառայել տեղի հայերի հոգևոր հովվին՝ ստորագրելով Տէր Յոհաննէս Պետրոսի որդի Շարստանենց: