Պատմության հայկական օրը. օգոստոսի 31


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Սևանա լճի օրը

  • Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության ամենամեծ լիճն է և պատմական Մեծ Հայաստանի երեք խոշորագույն լճերից մեկն է։ Սևանա լճի պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը 1999 թվականին հոգացել է Սևանա լճի օրը, որն այդ ժամանակվանից նշվում է ամեն տարի օգոստոսի վերջին կիրակի օրը:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2012 - Բանակցային գործընթացը կրկին մտնում է փակուղի, այս անգամ` շփման գծից շատ հեռու տեղի ունեցած զարգացման պատճառով։

  • Հունգարիան Ադրբեջանին է արտահանձնում Ռամիլ Սաֆարովին, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել 2004-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար: Ադրբեջան ժամանելուն պես նախագահ Ի. Ալիևը ներում շնորհեց մարդասպանին, ինչին հետևեց միջազգային հանրության ու Մինսկի խմբի կոշտ արձագանքը: Հայաստանը ժամանակավորապես սառեցրեց մասնակցությունը բանակցություններին:
  • Սեպտեմբերի վերջին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, արտգործնախարարներ Նալբանդյանն ու Մամեդյարովը առանձին֊առանձին էին հանդիպել միջնորդների հետ, դեմ առ դեմ բանակցություններ չէին եղել:

2012 - Հունգարիան արտահանձնեց Սաֆարովին, ով 2004-ին քնած տեղը կացնահարել էր հայ սպային:

  • Երկուսն էլ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով անգլերենի դասընթացներում էին։
  • Ադրբեջանի իշխանությունները խոստացան, որ հանցագործը կշարունակի կրել իր պատիժը, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անմիջապես ներում շնորհեց նրան, մայորի կոչում շնորհեց, բնակարան ու գումար տվեց: Դա հանգեցրել է շփման գծում հրադադարի ռեժիմի ավելի քան 300 խախտման։

2010 - Շփման գծում հերթական բախման հետևանքով առնվազն երկու ադրբեջանցի զինվոր է զոհվում, հայկական կողմից`մեկը վիրավորվում։

2009 - Ուշ երեկոյան Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները հրապարակեցին նախաստորագրված երկու արձանագրությունները, ինչպես նաև` տարածեցին հայտարարություն, ըստ որի Երևանն ու Անկարան համաձայնել են նախաստորագրված արձանագրությունների շուրջ սկսել ներքին քաղաքական խորհրդակցություններ:

  • Հայտարարության մեջ ասվում էր, որ «արձանագրությունները սահմանում են ողջամիտ ժամկետում երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակ, իսկ ներքին քաղաքական խորհրդակցությունները կավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո արձանագրությունները կստորագրվեն և կներկայացվեն խորհրդարաններին` վավերացման համար»:
  • Վեց շաբաթը աստղաբաշխական ճշգրտությամբ համապատասխանում էր Թուրքիա-Հայաստան ‎ֆուտբոլային պատասխան հանդիպմանը, որը տեղի էր ունենալու հոկտեմբերի 14-ին:

2009 - Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանին զվարճացնում է այն փաստը, որ Հայաստանը ապրում է 9,2 տոկոս տնտեսական աճ նախատեսող բյուջեով։ 
2005 - Արտաշես Գեղամյանը հայ ժողովրդին կոչ է անում ոչ ասել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։ 

  • «Հանրաքվեին ոչ ասել, նշանակում է ոչ ասել հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին, 1998, 2003 թվականի նախագահական ընտրությունների կեղծարարների, ապրիլի 12-ի վայրագությունների կազմակերպիչներին ու հեղինակներին»,- ասում է Արտաշես Գեղամյանը։

2003 - Աղմկահարույց սպանություններ. Հրազենային կրակոցից սպանվել է Երևանի «Դվին» հյուրանոցի տնօրեն Վանուշ Թորոսյանը:

  • Նրա հետ միասին սպանվել էին նաև ԱՎՄ (Ազատամարտի վետերանների միություն) նախկին համանախագահ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դիոնիս Մարգարյանը և ՀՀ ՆԳ նախկին աշխատակից, Մոսկվայի ՆԳ քաղաքային վարչության աշխատակից Վալերի Ավանեսյանը:

2001 - Իսպանացի ցլամարտիկները հայ լրագրողներին տեղեկացրեցին, որ ընդհանրապես իրենք ցուլերին սպանում են սիրելով։ 

  • 4 ցլամարտիկ և 14 ցուլ երեք օր Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կզվարճացնեն հայ հանդիսականին։
  • Ճապոնիայից և Ամերիկայից հետո Հայաստանը երրորդ երկիրն է, որտեղ իսպանացի ցլամարտիկներից պահանջում են խնայել ցլերի կյանքը։ Նույնիսկ Պորտուգալիայում, որտեղ այս մարզաձևը ցլերի համար մահացու չէ, պահանջել են սպանել ցլերին։ 
  • Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում փորձարկվելու է նաև ցլամարտի հայկական տարբերակը։ Ցլերին կհանգստացնեն մեր կովերը։

2001 - Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանն այսպես թե այնպես պետք է հեռանա, որովհետև ձախողել է Հայաստանի ապագան և իր նախընտրական ծրագիրը։ 
2000 - Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունենալու մասին։ 

  • 10 տարի առաջ էր նա դիմել իշխանություններին քաղաքացիություն ստանալու խնդրանքով։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը, նույնիսկ քաղաքացիությունից մինչև անձնագիր ստանալու գործընթացը, Րաֆֆի Հովհաննիսյանի «քթից բերեց»։

2000 - Երևանի Քանաքեռ Զեյթուն համայնքի ներքին գործերի բաժնի պատուհանից նետվել է մի քաղաքացի։ Այստեղից սակայն լուրը ոչ հաստատում են, ոչ էլ՝ հերքում։ 

  • Լուրը հաստատում են բակում խաղացող երեխաները։ Նրանք ասում են, որ երեկոյան ոստիկանության բաժնի 4-րդ հարկից մի երիտասարդ է ընկել։ Պատուհանից դուրս նետվողը գողացած ապրանք գնելու մեջ մեղադրվող 38-ամյա Վլադիմիր Հարությունյանն էր, որը մահանում է հիվանդանոցում ներքին արյունահոսությունից։ 

1997 - Երևանը հրաժեշտ է տալիս մեկ օր առաջ մահացած հայտնի կինոռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանին։ 

  • Նրա վերջին ֆիլմը ստալինյան բռնաճնշումների մասին պատմող «Կարոտն» էր։

1997 - Կրթության և գիտության նախարարությունը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում աննախադեպ շոգերի պատճառով 1998-99 ուսումնական տարվա սկիզբը հետաձգում է մեկ շաբաթով։

  • Նախորդ օրը Երևանում գրանցվել է օգոստոսի համար ռեկորդային՝ 41 աստիճան տաքություն։ Նման շոգ, ըստ օդերևութաբանների, չէր գրանցվել վերջին 120 տարում։

1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը գրավեցին Կուբաթլու քաղաքը։
1993 - Ռուսաստանի միջնորդությամբ 10-օրյա հրադադարի համաձայնագիր է ստորագրվում Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։

  • Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրում են ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը և արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը և Ադրբեջանի ԳԽ նախագահ Ա. Ջալիլովը։

1988 - Երևանում տեղի ունեցավ հերթական բազմահազարանոց հանրահավաքը, որին մասնակցում էր 100 հազար մարդ, իսկ սեպտեմբերի սկզբին Թատերական հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին մասնակցում էր մինչև 300 հազար մարդ:

  • Սեպտեմբերի ընթացքում գործադուլ էր անում ձեռնարկությունների 30-ից 70 տոկոսը։
  • Սեպտեմբերի վերջին օրերին առավոտյան հանրահավաքը Երևանում հավաքել է 250 հազար մարդ, երեկոյան ՝ 500 հազար։

1940 - Թուրքիայում տպագրվեց հայկական «Մարմարա» օրաթերթի առաջին համարը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1972 - Մհեր Արշակյան, հրապարակախոս
1960 - Բակո Սահակյան, Արցախի նախկին նախագահ 
1960 - Վալերի Բալայան, վավերագրական կինոյի ռեժիսոր և սցենարիստ, ՌԴ կինեմատոգրաֆիստների միության անդամ
1950 - Ռոբերտ Սահակյանց, խորհրդային և հայ ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչ: Արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ
1948 - Մոնա-Մարիաննա Մարիկյան, ֆիզիոլոգ, գրող, հասարակական գործիչ
1948 - Սերգեյ Ենիկոլոպով, հոգեբան: Կլինիկական հոգեբանության բաժնի ղեկավար Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի հոգեկան առողջության գիտական կենտրոն
1944 - Ալեքսանդր Ղազարյան, փիլիսոփայության դոկտոր, Մոսկվայի հոգևոր ակադեմիայի պրոֆեսոր
1940 - Հենրիկ Էդոյան, հայ բանաստեղծ, գրականագետ
1929 - Գեղունի Չիթչյան, կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական և հասարակական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր
1927 - Մարգարիտա Միքայելյան, կինո և թատերական ռեժիսոր
1921 - Մարիաննա Պուչինյան, ֆտիզիատր, բժշկական գիտությունների դոկտոր, լատվիական հայկական ընկերության հիմնադիրներից
1910 - Տիգրան Գորգիև, բժիշկ-համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր: Շախմատիստ, շախմատի կոմպոզիցիայի միջազգային վարպետ

  • Գորգիևը ավելի քան 400 էտյուդների, 3 գրքերի և 101 հոդվածների հեղինակ է շախմատային կոմպոզիցիայի վերաբերյալ:

1908 - Վիլյամ Սարոյան (ծնվ. Ֆրեզնո, Կալիֆորնիա, ԱՄՆ, մ. 1981), ամերիկահայ գրող

  • Վիլյամ Սարոյանն ասել. «Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»:
  • Սարոյանն արժանացել է Պուլիտցերյան մրցանակի (1940)՝ լավագույն դրամայի («Ձեր կյանքի լավագույն տարիները») համար, որից հրաժարվել է, ինչպես նաև «Օսկարի» (1944)՝ լավագույն գրական սկզբնաղբյուրի («Մարդկային կատակերգություն») համար։

1876 - Շուշանիկ Կուրղինյան, բանաստեղծուհի
1827 - Արտեմի Ուզբաշև (Արտեմի Յուզբաշյան), գեներալ-մայոր, ազնվական, հնագույն հայկական տոհմի ներկայացուցիչ
1812 - Խաչիկ Մովսես, Սինգապուրում անգլիական Straits Times-ի հիմնադիրներից
1810 - Յանուարի Նևերովը, լուսավորիչ-դեմոկրատ, հասարակական գործիչ

  • Նևերովը Ստանկևիչի և Գրանովսկու մտերիմ ընկերն էր, սերտ հարաբերությունների և նամակագրության մեջ էր բազմաթիվ գրողների և գիտնականների հետ (Ի. Ս.Տուրգենև, Վ. Վ. Գրիգորև, բարոն Ն. Ա. Կորֆ և այլն):