Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 12


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2019 - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սկսվեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատաքննությունը:

  • Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
  • Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո գործը մակագրվել էր դատավոր Աննա Դանիբեկյանին:
  • «Մարտի 1֊ի գործի բացահայտումը ձախողվել էր Քոչարյանի վարած քաղաքականության արդյունքում»- ասել էր փաստաբան Սեդա Սաֆարյանը։
  • Արդարադատության հաստատման ակնկալիքով այս աննախադեպ դատաքննությունը դատարանի բակ էր բերել բազմաթիվ մարդկանց։

1993 - Մոսկվայում հանդիպում են Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահն ու Ղարաբաղի արտգործնախարարը։

  • Աֆիյադդին Ջալիլով ֊ Արկադի Ղուկասյան բանակցություններում, ըստ պաշտոնյաների, հայկական կողմը համաձայնում է մինչև հոկտեմբերի 5֊ը զենքերը վայր դնել` հնարավորություն տալով Ադրբեջանին նախագահական ընտրությունները անցկացնել առանց ռազմական գործողությունների։

1991 - ՀՀ ԳԽ-ն կոչով դիմեց հանրապետության քաղաքացիներին՝ մասնակցելու և կողմ քվեարկելու անկախության հանրաքվեին:
1991 - ՀՀ ԳԽ-ն ճանաչեց Լատվիայի և էստոնիայի անկախությունը, վավերացրեց հայ-լիտվական և հայ-վրացական միջպետական պայմանագրերը:
1963 - Հայաստան են գալիս ֆրանսիացի նշանավոր գրող, էքզիստենցիալիզմի «հայր» Ժան-Պոլ Սարտրը կնոջ՝ գրող Սիմոնա դե Բովուարի հետ:

  • Նրանք Հայաստան են գալիս Վրաստանից, ուստի այցելությունը սկսվում է Սեւանից, որտեղ նրանց իջեցնում է Թբիլիսիից ժամանած ավտոմեքենան:

1918 - Հայկական կառավարությունը Հայաստանում ճաշ տվեց օսմանյան պետության դեսպան Ալի Մեհմեդ փաշային։

  • Ճաշին հրավիրված էին զինվորական բարձր պաշտոնյաները, Հայաստանի Խորհրդի նախագահը և ֆրակցիայի ավագները։
  • Ճաշի ժամանակ բաժակաճառեր արտասանեցին մինստր-նախագահ Հ․ Քաջազնունին, Խորհրդի նախագահ Ա․ Սահակյանը, կորպուսի հրամանատար զորավար Նազարբեկյանը, Հայ ժողովրդական ֆրակցիայի ավագ Ստ․ Մալխասյանը և արդարադատության մինստր Գ․ Պետրոսյանը, որոնց բոլորին պատասխանում էր դեսպանը։
  • Ճառերի մեջ երկուստեք շեշտվում էր հաշտ և խաղաղ կենակցության կարևորությունը և երկու հարևան պետությունների շահերի համերաշխությունը։
  • Խալիլ փաշայից թույլտվություն է ստացվել 12.500 փութ ցորեն ստանալու համար Օսմանյան Թուրքիայից։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1970 - Սամվել Գյոզալյան (ծնվ. Օդեսա, Ուկրաինա), հայկական, նախկինում խորհրդային, Բելառուս և գերմանացի գեղասահորդ, Գերմանիայի չեմպիոն, սառույցի վրա պարերի միջազգային մրցաշարերի բազմակի հաղթող և մրցանակակիր, Բելառուսի միջազգային կարգի սպորտի վարպետ

  • 1997-ին Սամվել Գյոզալյանը Քսենիա Սմետանենկոյի զույգ կազմելով ելույթ է ունեցել Հայաստանի դրոշի ներքո՝  նվաճել ով «Զագրեբի Ոսկե Չմուշկ» արտոնագրված մրցաշարը և որակվել Նագանոյի Օլիմպիական խաղերին։ Սակայն Օլիմպիադայում կարողացել են զբաղեցնել միայն 24-րդ տեղը և մրցաշրջանի ավարտից հետո որոշում են կայացրել ավարտել իրենց մարզական կարիերան:
  • Հետագայում Սամվել Գյոզալյանը մարզչական գործունեությամբ է զբաղվել ԱՄՆ-ում, 2000-ականների սկզբին Ալեքսանդր Ժուլինի խմբում աշխատել է ԱՄՆ-ի առաջնության (2001) բրոնզե մրցանակակիրներ Ջեսիկա Ջոզեֆի և Բրենդոն Ֆորսայթի հետ:

1959 - Սոս Հայրապետյան, կոչումով մարզիկ, ԽՍՀՄ քառակի գավաթակիր, ԽՍՀՄ ութակի չեմպիոն, Եվրոպայի Չեմպիոնների կրկնակի գավաթակիր, միջմայրցամաքային գավաթակիր, Եվրոպայի առաջնության և խոտի հոկեյի օլիմպիական խաղերի մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
1953 - Սերգեյ Ուռումյան, մանկաբարձ-գինեկոլոգ, «Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն
1949 - Սամվել Սևադա (Գրիգորյան) նկարիչ, լուսանկարիչ և բանաստեղծ
1949 - Արմեն Դարբինյան, ՀՀ բանակի գեներալ-մայոր
1938 - Գեորգի Վարդումյան, նավթագործ գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր

  • Պրոֆեսոր Վարդանյանի անունով է կոչվել Կուբանի ՊՏՀ նավթագազային գործի ամբիոնը։

1938 - Վալերի Սարուխանով (ծնվ. Տաշքենդ, Ուզբեկստան), ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր, Սանկտ Պետերբուրգի կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի հեռուստատեսային արվեստի ամբիոնի պրոֆեսոր

  • Վալերի Սարուխանովը սովորելու ընթացքում ստեղծել է Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «12 աթոռ» և «Ոսկե հորթ» վեպերի նկարազարդումների շարք:

1930 - Ստեփան Մարտիրոսյան, կինոօպերատոր, ռեժիսոր
1917 - Գեորգի Հակոբյան, թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1985)
1915 - Նիկոլայ Սուկոյան (ծնվ. Բաթում, Վրաստան), ճարտարապետ, նկարիչ, Մոսկվայի պատվավոր շինարար

  • Սուքոյանի կարկասա-պանելային շենքի հայտնի նախագիծը Մոսկվայում 50-60-ական թվականներին արդյունաբերական բնակարանաշինության կայացման գործում նշանակալի դեր է խաղացել:

1912 - Ապետ Թուլումջյան (ծնվ. Ս. Էշերա, Սուխումի շրջան), պատմաբան, արխիվագետ, պատմական գիտությունների թեկնածու

  • Մոսկվայի պետական պատմա-արխիվային ինստիտուտի առաջին շրջանավարտներից է, Աբխազիայի առաջին պրոֆեսիոնալ արխիվագետը։

1905 - Արշալույս Ավագյան, մանրէաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1896 - Ասատուր Խուրշուդյան, իրավաբան, հեղափոխական շարժման մասնակից
1892 - Վահրամ Փափազյան, հայ թեթևաթլետ

  • Մասնակցել է 1912 թվականի Ամառային օլիմպիական խաղերի տղամարդկանց 800 մ և 1500 մ վազքատարածություններին։ 
  • Փափազյանը և Մկրտիչ Մկրյանը, դարձել են առաջին հայ մարզիկները, ովքեր մասնակցել են Օլիմպիական խաղերին, իսկ նրանց հետ նաև ազգությամբ հույն Ալեկո Մոուլլոսը, դարձել են Օսմանյան կայսրության միակ ներկայացուցիչները օլիմպիական խաղերում։

1802 - Պողոս Հովնանյան, լեզվաբան, պատմաբան և մանկավարժ
1855 - Միխայիլ Էբելով (Միխայիլ Աբելյանց, Մելիք Ադել, ծնվ. Նեմիրովո, Ուկրաինա), ինֆանտերիայից գեներալ, Օդեսայի ԶՕ գլխավոր պետ, Օդեսայի գեներալ-նահանգապետ

  • Սերում է մահմեդականություն ընդունած հայերից, որոնցից մեկի «Աբելով-Աբելյան» ազգանունը  հնչում էր որպես «Էբելով»։
  • Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո (1917) մնացել է Օդեսայում: Ձերբակալվել է բոլշևիկների կողմից  և որպես «հակահեղափոխական և միապետական» գնդակահարվել 1919թ. հուլիսի 13-ին Օդեսայում։

1853 - Պողոս Բեդրոս XIII Թերզյան (ծնվ. Հունգարիայում), Կիլիկիայի կաթոլիկ պատրիարք
1828 - Մատվեյ Լալաև, ականավոր ռազմական ուսուցիչ և պատմաբան, հրետանու գեներալ

  • Հին հայկական տոհմի հետնորդ։ Հեղինակ է բազմաթիվ բարեփոխումների, ռազմաքաղաքական գիտական աշխատությունների, մենագրությունների, հոդվածների։
  • Տապանաքարի գրությունը հայերեն և ռուսերեն լեզուներով է։

1781 - Հովհաննես Պետրոսով (ծնվ. Շուշի, Արցախ), մամլուք

  • Հովհաննեսի ծնողները Պետրոսն ու Մարգարիտա են։ Մանուկ հասակում նրան առևանգել են թաթարները և վաճառել Եգիպտոսում։
  • Հովհաննեսբեկյան ազգանունը կրող մամլուքի ժառանգները գոյություն ունեն մինչև մեր օրերը և, որոշ տվյալներով, այժմ բնակվում են Մոսկվայում։