Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 17


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք առաջադրվեց։
2020 - ՌԴ Չելյաբինսկ քաղաքում «Ծնվել եմ ապրելու համար» տեղաշարժման խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող Գոհար Նավասարդյանն անցավ եզրփակիչ փուլ՝ արժանանալով «Սպորտի թագուհի» անվանակարգին։
2019 - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը:

  • Քոչարյանի ազատազրկումը պահանջող քաղաքացիները ցնծությամբ ընդունեցին դատարանի որոշումը։
  • Ամբաստանյալ Քոչարանը  մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

2010 - Երկամսյա ընդմիջումից հետո հանրահավաք է հրավիրում Հայ Ազգային Կոնգրեսը: Լևոն Տեր-Պետրոսյան հանրահավաքի ունեցած ելույթում զգաշացնում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր՝ ռուս-թուրք-ադրբեջանական ձևաչափի ձևավորումը փաստի մասին։

  • «Այսպիսով, բոլոր նշաններն առկա են եզրակացնելու համար, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր՝ ռուս-թուրք-ադրբեջանական ձևաչափի ձևավորումը փաստ է դառնում։ Դա չի նշանակում, անշուշտ, որ այն փոխարինելու է գալիս Մինսկի խմբին, որն, իմ կարծիքով շարունակելու է պահպանվել՝ թեկուզ միջազգային ջանքերի համադրման տպավորություն ստեղծելու և Արեւմուտքին ավելորդ տեղը չգրգռելու նպատակով։ Մինչդեռ բուն գործընթացները տեղի են ունենալու նոր ձևաչափում, ինչն էլ նախորդ ելույթում ինձ հիմք էր տվել ներկայիս իրավիճակը համեմատելու 1920 թվականի իրավիճակի հետ։ 
  • ... Ողջ հայ ժողովրդի ուշադրությունն այս մտահոգիչ իրավիճակում պետք է կենտրոնացվի Ղարաբաղի ու Հայաստանի գլխին կախված վտանգների վրա, քանի որ, ինչպես 1920 թվականին, մենք կանգնած ենք պարտադրված լուծումների սպառնալիքի առջեւ։ Իշխանությունն ամեն գնով պահպանելու պետական պատասխանատուների մարմաջը մեր երկիրը նորից կանգնեցնում է կործանման կամ առնվազն ազգային աղետի եզրին։ Դաշնակցական գործիչներից ոմանք իրենք էլ հետին թվով խոստովանել են, որ եթե 1920թ. մայիսին իշխանությունը հանձնեին բոլշեւիկներին, ապա Հայաստանը չէր կորցնի Ղարսը, Արտահանը, Սուրմալուն ու Նախիջևանը, և այդ դեպքում գուցե բոլորովին այլ լուծում ստանար նաև Ղարաբաղի հարցը։ Դա անելու փոխարեն, սակայն, նրանք անխնա կոտորեցին մայիսյան ապստամբության առաջնորդներին և հարյուրավոր ապստամբների բանտերը նետեցին, մեղմ ասած, անխոհեմաբար հարուցելով Ռուսաստանի անհաշտ թշնամանքն ու հայրենիքի հաշվին դառնագույնս հատուցելով այդ անխոհեմության համար»։

2004 - Բանտից ազատ է արձակվում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: 

  • Բաբայանը, ի թիվս շուրջ երեք տասնյակ այլ դատապարտյալների, ազատ արձակվեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով, ում դեմ, ըստ մեղադրանքի,  նա մահափորձ էր կատարել:

2003 - ԱԱԾ-ն հայտարարում է, որ կանխել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի դեմ մահափորձը: 

  • Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվական վարչության պետ Գուրգեն Ամբարյանը հաստատում է, որ մահափորձի կազմակերպիչը սեպտեմբերի 15-ին գլխավոր դատախազության քննչական վարույթում հարուցված քրեական գործով ձերբակալված ազգային անվտանգության նախկին սպա Լևոն Աբրահամյանն է:

2000 - Հայկական բանակը հոգևորականներով համալրելու որոշում է կայացվում:
2000 - Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է կապի և տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին պատկանող «Մետրոպոլ» հյուրանոցի բացմանը:
1999 - Տեղի է ունենում Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի երկրորդ դատավարությունը։ 

  • Սկսելուց հետո այն հետաձգվում է 40 օրով։

1999 - Ռոբերտ Քոչարյանը, կտրում է հերթական ժապավենը, բացվում է «Անի» պլազան: 
1989 - ՀԽՍՀ գերագույն խորհուրդն ընդունում է «Ռեգիոնում իրավիճակի սրման ու Հայաստանի և ԼՂԻՄ-ի շրջափակման վերացման անհետաձգելի միջոցառումների մասին» որոշումը, որով վճռականորեն դատապարտվում էր ՀԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի շրջափակումը։

  • Բացի այդ, Գերագույն խորհուրդը դիմում էր ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահությանը՝ պահանջելով ադրբեջանական երկաթուղագծում ու մյուս ճանապարհներում ռազմական դրություն հաստատել՝ ապահովելով ՀԽՍՀ և ԼՂԻՄ ապրանքների անվտանգ տեղափոխությունը։ Շրջափակման հետևանքով առաջացած ապրանքային պակասորդը լրացնելու համար Հայաստանի գերագույն խորհուրդը ԽՍՀՄ գերագույն խորհրդին առաջարկում էր բեռների մի մասը Հայաստան ուղարկել քաղաքացիական և ռազմատրանսպորտային ինքնաթիռներով, ինչպես նաև պահանջում էին ֆինանսական փոխհատուցում գանձել Ադրբեջանից։
  • Հայերի համար վտանգավոր էր դարձել նաև ծառայությունը խորհրդային բանակում. ազգամիջյան հողի վրա բռնություններ, անգամ՝ սպանության դեպքեր էին եղել տարբեր զորամասերում։ Նույն օրը ընդունված մեկ այլ որոշումով Հայաստանի գերագույն խորհուրդը դիմում էր ԽՍՀՄ ԳԽ-ին՝ «զորամիավորումներում ծառայող հայազգի զինծառայողների կյանքի ապահովության իրական երաշխիքներ ստեղծելու պահանջով»։

1989 - Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց սահմանադրական օրենք, համաձայն որի հանրապետությունը հռչակեց իր տարածքում ինքնավար կազմավորումներ ստեղծելու և վերացնելու իրավունքը։

  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանի որոշմամբ, վերացվեց Շահումյանի շրջանը։

1983 - ASALA. Պայթյուն Բեյրութում «Լիբանո-Ֆրանսեզ» բանկի գրասենյակի առջև, ինչպես նաև ֆրանսիական զորաբաժնի ռմբահարում։

  • Պատասխանատվությունը վերագրվում է Հայ Գաղտնի Բանակին։

1920 - Հրամանատար Գարեգին Նժդեհը գրում է իր վերջին խոսքը հայ ժողովրդին՝ «Շնորհակալություն, ապերախտ ժողովուրդ»։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Տիգրան Պետրոսյան, շախմատիստ, գրոսմայստեր (2004), շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող (2008, 2012) Հայաստանի թիմի կազմում
1961 - Փիթեր Կուտուջյան (ծնվ. Նյուտոն, ԱՄՆ), փաստաբան, Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ, Գ. Միդլսեքսի (Մասաչուսեթս նահանգ) շերիֆը

  • 2012 թվականին Բոստոնի կենտրոնում տեղի է ունեցել  «Հայկական մշակութային ժառանգության այգու» և Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մասաչուսեթսի նահանգապետ Պատրիկ Դևալը, շերիֆ Փիթեր Կուտուջյանը, ԱՄՆ կոնգրեսական Էդ Մերկին, քաղաքապետ Թոմաս Մենինոն և «Հայկական ժառանգության հիմնադրամի» նախագահ Ջիմ Գալստյանը:
  • 2013թ. նոյեմբերի 15-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Փիթեր Կուտուջյանին և սփյուռքահայ մի խումբ գործիչների պարգևատրել է «Երախտագիտություն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության, ԼՂՀ միջազգային ճանաչմանն աջակցելու համար» մեդալով:
  • Կուտուջյանը հաճախ է այցելում Հայաստան և հետաքրքրվում երկրի հասարակական-քաղաքական կյանքով։

1937 - Յուրի Սաֆարյան, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ (1987)
1926 - Լյուդմիլա Հովհաննիսյան (ծնվ. Դոնբաս, Ուկրաինա), դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1925 - Հենրիկ Մարգարյան, հայ խորհրդային կինոռեժիսոր, Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1970)
1924 - Նիկոլայ Մխիթարով (Նիկոլայ Մխիթարյան, ծնվ. Փարիզ), դիմադրության մասնակից

  • Հետմահու պարգևատրվել է դիմադրության մեդալով:

1923 - Ծովակ Համբարձումյան, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ
1920 - Թովմաս Գևորգյան, սաքսոֆոնահար, կենտրոնական հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի և Համամիութենական ռադիոյի մենակատար

  • ԽՍՀՄ առաջին սաքսոֆոնահարը, որն արժանացել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստի կոչման (1968):

1920 - Արտաշես Աբրահամյան, հայ բնանկարիչ
1918 - Աշոտ Աբրահամյան, լեզվաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)
1911 - Սոկրատ Կիրակոզով, նկարիչ, Վրաց. ԽՍՀ վաստակավոր նկարիչ

  • Նրա աշխատանքները պահվում են Վրաստանի պետական պատկերասրահում։

1908 - Ռաֆայել Իսրայելյան (ծնվ. Թիֆլիսում), ճարտարապետ, նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ
1905 - Լյուդվիգ Միքայելյան, դրամատուրգ
1904 - Հրաչյա Սաղաթելյան, ուռուցքաբան, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

  • 1946 թվականից պրոֆեսոր Վ. Ա. Ֆանարջյանի հետ կազմակերպել է ռենտգենոլոգիայի և ուռուցքաբանության ինստիտուտը, որտեղ աշխատել է մինչև իր կյանքի վերջը:

1896 - Ալեքսանդր Կուսիկով (ծն. Արմավիր, Ռուսաստան), հայկական ծագումով բանաստեղծ-իմաժինիստ, ռոմանսների հեղինակ
1893 - Սերիկ Դավթյան, արվեստաբան, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ 
1841 - Սմբատ Շահազիզ, բանաստեղծ, հրապարակախոս

  • Շահազիզի առաջին բանաստեղծությունները՝ «Ազատության ժամեր» ընդհանուր վերնագրով, տպագրվեցին 1860 թվականին։ 
  • Նրա ստեղծագործության համար առհասարակ բնորոշ են ժողովրդի լուսավորության և ազատության՝ այդ «սուրբ աքսորականի» գաղափարներին նվիրված ոտանավորները։