Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 24


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի) 

  • Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ է: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է քրիստոնյաներին հալածելու նրա ծրագրին` բացահայտելով իր քրիստոնյա լինելը: Կայսրը, զարմացած ու ապշած տեղի ունեցածից, բանտարկել է սրբին` ենթարկելով անլուր չարչարանքների: Ս. Գևորգի քարոզների շնորհիվ շատերը դարձի են եկել, որոնց թվում էր նաև Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրում են, որ երկու բաժակ դեղ պատրաստի սրբին դարձի բերելու համար: Առաջին բաժակը խմելուց հետո սուրբը պիտի մտքափոխվեր, իսկ երկրորդից հետո` մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ խմում է երկու բաժակն էլ և ի զարմանս բոլորի` կենդանի մնում: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի: Կայսեր բազում թախանձանքներից հետո, Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատուն մեկառմեկ ջարդում է բոլոր կուռքերը` ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը 303 թվականին գլխատել է տալիս Ս. Գևորգին:
  • Ադոկտոսը նահատակվել է 320 թվականին, հայկական Մելիտենեում, Մաքսիմիանոսի ժամանակ: Պետական պաշտոնյա է եղել Եփեսոսում: Չցանկանալով իր աղջկան` Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսեր, նրան փախցնում է արևելք: Քիստոնյա լինելու պատճառով, կայսեր հրահանգով զրկվում է կոչումից և ունեցվածքից և վտարվում Մելիտենե: Տեղի կուսակալին չի հաջողվում Ադոկտոսին հեթանոս դարձնել: Անսասան մնալով իր հավատին` գլխատվում է: Սրբի կինն ու մյուս աղջիկը` Պելոպիան թաղում են նրան: Կոստանդիանոս կայսեր քույրը` Կոստանցան, պաշտպանում է Կալիսթենեին, որը հոր մասունքները տեղափոխում է Եփեսոս, ուր հետագայում սրբի գերեզմանի վրա մատուռ է կառուցվում:
  • Ռոմանոս Երգեցողը համարվում է շարականների կանոնների ստեղծողը: Եղել է սարկավագ Կ. Պոլսի Ս. Սոփիա եկեղեցում: Լավ երգել և կարդալ չկարողանալու պատճառով անարգվել է շատերի կողմից: Ս. Աստվածածինը հայտնվել է նրան երազում և տվել է մի թղթագլան` հրամայելով ուտել, որից հետո Ռոմանոսն ստացել է շարականներ գրելու և կատարելու բացառիկ շնորհ: Վախճանվել է 556 թվականին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-09-24, 2023-09-30, 2024-09-28, 2025-09-27, 2026-09-26, 2027-09-25, 2028-09-30, 2029-09-29, 2030-09-28։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2020 - Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը կոչ արեց ՄԱԿ-ին «նոր օրակարգ նախապատրաստել Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բերելու համար»:
2019 - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունն հարուցված քրեական գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ներգրավվեց որպես մեղադրյալ։
2015 - Հայաստանը հայտարարում է, թե սահմանամերձ Պառավաքար գյուղում 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը` վիրավորվել:

  • «Սա ինքը` պատերազմն է, ուղղակի ոչ այն սաստկությամբ, որ կարող էր լինել»,֊ ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի Պաշտպանության նախարարության խոսնակը։

2008 - ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ելույթում Սերժ Սարգսյանը մեջբերեց Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը, ով ասել էր, որ «Թուրքիան պատրաստ է նայել իր անցյալին, պատրաստ է դեմ հանդիման կանգնել ենթադրվող հանձնաժողովի եզրահանգումներին»:

  • Սարգսյանի կարծիքով` «Սրանք խիզախ իշխանության ներկայացուցչի խոսքեր են»:

2005 - Աղմկահարույց սպանություններ. Նոր Հաճնի քաղաքապետ և հոկտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում թեկնածու Արմեն Քեշիշյանը երկու ոստիկանների ներկայությամբ վեց կրակոց է արձակել և սպանել ՀՀ էլեկտրական ցանցերի «Արզնի» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Մխիթարյանին։

  • Քեշիշյանը դատապարտվեց ընդամենը 3.5 տարվա ազատազրկման և պայմանական ազատ արձակվեց:

2008 - Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարում է, որ ընդդիմության չարտոնված հանրահավաքներն ու երթերը «լցրել են իր համբերության բաժակը»։ 

2001 - Աղմկահարույց սպանություններ. «Առագաստ» սրճարանում՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանեցին Վրաստանի 43-ամյա քաղաքացի, ՀՅԴ կուսակցության անդամ Պողոս Պողոսյանին՝ նախագահի աթոռը զբաղեցնողին «պրիվետ Ռոբ» արտահայտությամբ ողջունելու համար:

  • Սպանությունից մի քանի օր հետո, Ռ. Քոչարյանը հայտարարեց, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Ա. Հարությունյանը` Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:
  • Այս դատավճիռը առաջացրեց հանրության և Մարդու իրավունքների պաշտպանության որոշ միջազգային կազմակերպությունների խիստ դժգոհությունը, որոնք մեղադրեցին նախագահ Քոչարյանին հանցագործության մեղավորներին հովանավորելու մեջ։
  • ՀՅԴ կուսակցությունը, որի բանտում գտնվող ահաբեկչության մեջ մեղադրվող անդամներին հանգամանքների փոփոխման հիմնավորումով Քոչարյանն ազատել էր, իր այդ անդամի սպանության համար լռեց։

2000 - Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացնում Արմեն Խաչատրյանը։

  • Նրա հրաժարականին դեմ են ՀԺԿ-ն և Կոմկուսը։ Նրանք տեղի ունեցածը համարում են պետական հեղաշրջման փորձ, ընդդիմությանը դուր չի գալիս խորհրդարանի ղեկավարի նահանջը։  Հրաժարականը ձախողվում է։

1998 - ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն անձամբ է լսում իրեն գրավոր դիմած Ազգային Ժողովի 68 պատգամավորի, ըստ որոնց կոնյակի գործարանի սեփականաշնորհման հարցով արտահերթ նիստ չհրավիրելու Ռոբերտ Քոչարյանի որոշումը հակասահմանադրական է։ 

  • Հարությունյանն ասում է, որ պատգամավորների դիմումում կան ոճային և ձևային սխալներ, ինչպես նաև տառային երեք բացթողում։ 

1998 - Հայաստանի պետական կամերային նվագախումբը ներկայացրեց իր առաջին լազերային ձայնասկավառակը, որում նվագախմբի կատարմամբ հայ ժամանակակից կոմպոզիտորների գործեր են։
1997 - «Հրազդան» մարզադաշտում նշվեց «Արարատ-73»-ի լեգենդ Արկադի Անդրեասյանի 50 ամյակը։ 
1997 - «Նաիրի» կինոթատրոնի տեխնիկական անձնակազմը փողոց դուրս բերեց կինոցուցադրող ապարատը և հենց փողոցում կինոդիտում կազմակերպեց։ 
1993 - Ադրբեջանը մտավ ԱՊՀ կազմ։
1992 - Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների Խաղաղապահ կորպուսի ծրագրի մասին։

  • Ուժի մեջ է մտել ստորագրման պահից։

1981 - ԱՍԱԼԱ-ի պատմական «Վան» գործողությունը. Փարիզում 16 ժամով գրավվում է Թուրքիայի հյուպատոսարանը, որի արդյունքում 60 պատանդ է վերցվում։

  • Չորս լիբա­նա­նահայեր՝ Վազգեն Սիլսյանը,  Գևորգ Կյուզելյանը, Հակոբ Ջուլֆայանը և Արամ Պասմաճյանը զավթում են Փարիզում թուր­քա­կան դես­պանատունը։ 56 մարդ պատանդ է վերցվում։
  • Հաս­կանալով, որ իրենց՝ բան­տար­կ­յալ­ների ազատման պահանջը չի բավարարվի, պա­հան­ջում են նրանց տալ քաղբանտարկյալի կարգավիճակ և հանձնվում են իշխանություններին։
  • 1984-ի հունվարի 21-ին չորս մարտիկները դատապարտվում են յոթը տարվա ազատազրկման։
  • «Վան» գործողության մարտիկներից երեք 1985-ի օգոստոսի 5-ին ազատ են արձակվում և վերադառնում են Լիբանան։
  • Մյուս անդամին՝ Արամ Բասմաջյանին ֆրանսիացի ոստիկանները սպանում են բանտում, գործը ներկայացնելով որպես ինքնասպանություն և փորձելով ներկայացնել ԱՍԱԼԱ-ի մարտիկներին, որպես խելագարներ։
  • Հյուպատոսարանը գրաված խումբը ներկայացրեց մի շարք պահանջներ՝ ազատ արձակել թրքական բանտերում փակված հայ, քուրդ և թուրք քաղբանտարկյալներին, որոնց թվում էին Պոլսի Կետիկփաշայի ավետարանական եկեղեցու անդամ, 1981-ի մարտի 25-ին ձերբակալված Հրանտ Գյուզելյանը, որը մի քանի ամիս անց ազատ է արձակվում, և հայր Մանուել վարդապետ Երկաթեանը, որը ձերբակալվել էր Ստամբուլի օդանավակայանում 1980-ի հոկտեմբերի 10-ին, երբ Երուսաղեմից ժամանել էր Ստամբուլում բնակվող իր ազգականների այցելության։
  • Թրքական լրատվությունը հայտնել էր, թե Մանուել վարդապետի մոտից առգրավվել են քարտեզներ, որտեղ Արևմտյան Հայաստանը ներկայացված է «որպես Հայաստանի Հանրապետության մի մաս»։ Հայր Սուրբը 1983-ի մարտի 18-ին դատապարտվում է 14 տարվա բանտարկության և չորս տարվա ներքին աքսորի, մեղադրվելով Թուրքիայի ազգային շահերին վնասած լինելու մեջ։ Ազատ է արձակվում 1986-ի Մայիսի 16-ին։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Սուրեն Աբրահամյան (ծնվ. Թբիլիսի), «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային համույթի առաջատար պարուսույց (Թբիլիսի)
1962 - Շողեր Մաթևոսյան, հասարակական գործիչ, «Չորրորդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր
1961 - Նաիրա Գյուրջինյան, կոմպոզիտոր, երաժշտագետ, ՀՀ վաստակավոր արտիստ (2014)
1958 - Էմմա Կեչեջիևա (ծնվ. Դոնի Ռոստով), ՌԴ վաստակավոր բժիշկ, բարձրագույն որակավորման ուռուցքաբան 
1939 - Ալբերտ Խառատյան, պատմական գիտությունների դոկտոր, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության դափնեկիր - «Լավագույն գիտական աշխատանք» (2008)
1926 - Հրաչյա Գաբուչան (ծնվ. Կահիրե, Եգիպտոս), բանասեր-արաբագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
1924 - Էդվարդ Կոստիկյան (ծնվ. Նյու Ջերսի, ԱՄՆ), փաստաբան, քաղաքական գործիչ, Նյու Յորքի քաղաքական գործիչների խորհրդական

  • «Նա երկու կուսակցությունների քաղաքական գործիչների համար էլ փրկօղակ է եղել,-ասել է Նյու Յորքի համալսարանում քաղաքաշինական քաղաքականության պրոֆեսոր Միտչել Մոսը:- Իր կարիերայի ընթացքում նա ակտիվորեն հանդես է եկել կառավարության արդիականացման և քաղաքային ծառայությունների ապակենտրոնացման օգտին»։

1923 - Էդվարդ Ջրբաշյան, հայ գրականագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)
1918 - Ցեցիլիա Բրուտյան, երաժշտագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)
1905 - Քրիստափոր Ջելաուխով (Քրիստափոր Ջելաուխյան, ծնվ. Ղրիմ, Ռուսաստան), գեներալ-մայոր, գլխավոր շտաբի ռազմական ակադեմիկոս, ԽՍՀՄ բարձրագույն պետական պարգևների, Հունգարիայի և ԱՄՆ մարտական շքանշանների ասպետ
1878 - Եղիշե Թադևոսյան, նկարիչ, բնանկարների, էտյուդների, դիմանկարների վարպետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1936)

  • 1916 թվականին կազմակերպել և ղեկավարել է Հայաստանի նկարիչների միությունը։