Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 25


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Վարագա Սուրբ Խաչի տոնը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:
  • Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն՝ Հռիփսիմյանց կույսերը, փախչելով Դիոկղետիոնոս կայսեր հալածանքներից ու հետապնդումներից, գալիս են Հայաստան և ապաստանում Վաղարշապատի հնձաններում: Սակայն մինչև Վաղարշապատ հասնելը, նրանք բնակություն են հաստատում Վանա լճից հարավ-արևելք ընկած Վարագա լեռան վրա: Սբ. Հռիփսիմեն իր կրծքին կախած Տիրոջ խաչափայտի սրբազան մասունքն ապահովության համար հանձնում է աղոթող ճգնավորներին և խնդրում, որ պահեն այն քարայրներից մեկում: Սուրբ մասունքն այդպես պահված մնում է մինչև 7-րդ դարը: 653 թվականին, երբ Թոդիկ ճգնավորն իր Հովել աշակերտի հետ աղոթում էր Վարագա լեռան վրա և խնդրում, որ Աստված ողորմություն անի և ցույց տա Սբ. Խաչի տեղը, հանկարծ 12 լուսեղեն սյուներ են երևում լեռան շուրջը, իսկ նրանց միջև փայլում է լուսավոր Խաչի նշանը, որն իրենց հետ Հայոց աշխարհ էին բերել Տիրոջ սիրասուն կույսերը: 12 օր շարունակ լուսեղեն սյուները տեսանելի են լինում նաև հեռավոր վայրերից: Ուրախալի այս լուրը տարածվում է ամենուր:
  • Ներսես Շինող Կաթողիկոսը և Թեոդորոս իշխանի որդի Վարդ սպարապետն իմանալով այդ մասին, գնում են Վարագա լեռը՝ տեսնելու կատարված հրաշքը: Վեհափառ հայրապետը ժողովրդի աջակցությամբ կառուցում է նաև մի փառավոր եկեղեցի, որն էլ ի վկայություն կատարված հրաշքի՝ անվանում է Սբ. Նշան: Ներսես Հայրապետը գրում է նաև «Նշանաւ ամենայաղթ» անզուգական շարականը, որը երգում են տոնի օրը:
  • Սրբազան այդ մասունքը մինչև 1021 թվականը մնում է Վարագա վանքում, որը Սենեքերիմ Արծրունին տեղափոխում է Սեբաստիա: Նրա մահից հետո մասունքը նորից փոխադրում են նախկին վայրը, որտեղից 1651 թվականին գերեվարվում է Խոշաբ: Սակայն 1655 թվականին ազատվելով՝ զետեղվում է Վանի Սբ. Տիրամոր եկեղեցում, որն այնուհետև վերանվանվում է Սբ. Նշան, ուր և պահվում էր մինչև 1915 թվականը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-09-25, 2023-10-01, 2024-09-29, 2025-09-28, 2026-09-27, 2027-09-26, 2028-10-01, 2029-09-30, 2030-09-29։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2021 - Նյու Յորքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. համանախագահները հանդես եկան հայտարարությամբ։

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Երևանին և Բաքվին առաջարկել են իրավիճակի ապաէսկալացման կոնկրետ, նպատակային միջոցներ, ինչպես նաև հետագա հնարավոր քայլեր: Այս մասին ասվում է միջնորդների հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում։

2021 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն առանձնազրույց ունեցավ Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ: 

  • Զրույցի ընթացքում շոշափվել են բացառապես հումանիտար խնդիրներին վերաբերող, այն է՝ տեղահանվածների վերաբնակեցման, աշխատատեղերի ապահովման և Արցախի բնակչության սոցիալական կարիքների բավարարմանն առնչվող հարցեր:

2020 - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ–ի միջնորդությունը։
2020 - Հեռավար ելույթ ունենալով Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  պնդել է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներն իրենց հայտարարություններում շեշտել են, որ ստատուս քվոն անընդունելի է, մենք ողջունում ենք այդ հայտարարությունները, բայց դրանք բավարար չեն, մեզ պետք են գործողություններ»:
2020 - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը մանդատը վայր դնելու դիմում ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

  • Գայանե Աբրահամյանը, մեկնաբանելով պատգամավորական մանդատը վայր դնելու պատճառները, գրել է․ «...չափազանց կարևոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս»։

2019 - 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջադրվելց մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով:

  • Հայ Ազգային Կոնգրեսը այդ առիթով հանդես եկավ հայտարարությամբ. ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ս.թ սեպտեմբերի 25-ին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ առաջադրած մեղադրանքը բացահայտում է սահմռկեցուցիչ իրողություններ։ Դրանք բազմակի գերազանցում են Մարտի 1-ի գործով առ այսօր հայտնի բոլոր փաստերին։ Առաջադրված մեղադրանքը սպառիչ հիմնավորում է իշխանության կողմից սեփական ժողովրդի դեմ գործած մարտիմեկյան ոճիրի՝ Հայ ազգային կոնգրեսի կողմից տարիներ շարունակ ներկայացվող ճշմարտությունը։

2017 - Հայաստանի ազգային գրադարանում բացվեց տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի Գրատպության թանգարանը:
2015 - Ղարաբաղում չորս զինծառայող է զոհվում, 16-ը` վիրավորվում`հրթիռահրետանային արկակոծման հետևանքով:

  • Վիրավորների մի մասը Ստեփանակերտից տեղափոխվել էին Երևան: «Ազատության» հետ զրույցում զինվորները պատմել էին`այն ինչ տեսել են այդ օրը, երբեք չեն մոռանա:

2015 - Միջնորդներին հաջողվում է տևական դադարից հետո հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև։

  • Նալբանդյան֊Մամեդյարով հանդիպումը կայանում է Նյու Յորքում`ՄԱԿ֊ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Կողմերի դիրքորոշումները, ըստ պաշտոնական հաղորդագրություններին, մնում են անփոփոխ: Հանդիպումից առաջ Մինսկի խմբի միջնորդները հայտարարություն էին տարածել` «լուրջ մտահոգությունն արտահայտելով հայկական և ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական տարածքներում և դրանց շուրջ ականանետներ ու ծանր զենքեր օգտագործելու կապակցությամբ»:

2009 - ՀԱԿ երիտասարդական թևի կազմակերպած երթի վրա հարձակվում են ոստիկանության մոտ 40 աշխատակիցներ և ապօրինաբար, ուժի գործադրմամբ փորձում ցրել ոչ զանգվածային երթը:

  • Ակտիվիստները ենթարկվում են դաժան բռնությունների, իսկ նրանցից մեկը՝ Վարդան Հարությունյանը, բերման է ենթարկվում ոստիկանության Կենտրոնի բաժին: Ոստիկանները չեն պատժվել: 

2007 - Ռոբերտ Քոչարյանն ասում է իր հայտնի արտահայտություններից մեկը՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մտնի քաղաքական պայքարի մեջ, դառնալու է շարքային ընդդիմադիր գործիչ։ 

  • Այնուհետև Քոչարյանն ասում է, որ ստիպված է լինելու շատ և շատ բաներ հիշեցնել առաջին նախագահին՝ թե քանի լուսավորված փողոց է եղել Երևանում օրինակ 96 թվին։

2001 - Հայաստան է ժամանում Սրբազան քահանայապետ, Վատիկանի առաջնորդ, Հռոմի 264-րդ պապ Հովհաննես Պողոս Երկրորդը։

  • Սա կաթոլիկ եկեղեցու առաջնորդի առաջին այցն է Հայաստան և Հովհաննես Պողոս 2-դի 96-րդ այցելությունը աշխարհի երկրներ։ Այցը քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների առիթով է։

2001 - Աղմկահարույց սպանություններ. Ջավախքից Հայաստան էր եկել Պողոս Պողոսյանը, ով ընկերների հետ «Առագաստ» սրճարանում էր, որտեղ իր գավառական ճաշակը ջազով հարստացնելու նպատակով եկավ նաև Ռոբերտ Քոչարյանը:

  • Պողոսյանը տեսնելով նախագահին, բացականչել է՝ «պրիվետ, Ռոբ», ինչից հետո Քոչարյանի թիկնապահները սրճարանի զուգարանում նրան դաժան ծեծի են ենթարկել՝ հասցնելով մահվան։ 
  • Մի քանի օր անց Ռոբերտ Քոչարյանը ցինիզմով հայտարարեց, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, իրեն ասելիք ուներ։ 
  • Թիկնապահներից մեկը՝ Կուկու մականունով Աղամալ Հարությունյանը, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման։

1996 - Երևանի մարզահամերգային համալիրում ընթանում է շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադան։
1996
- Ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում վիճարկում է երեք օր առաջ տեղի ունեցած նախագահի ընտրությունների արդյունքները, որի հաղթող է ճանաչվել գործող նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

  • Վազգեն Մանուկյանը հայտարարում է, որ «միասին գնում ենք Ազգային Ժողովում տեղակայված ԿԸՀ՝ պահանջելու արդյունքների վերանայում»։ 
  • Դեպքերի հետագա զարգացումը կանխորոշում է Մանուկյանի մի նախադասությունը՝ «Եթե 20 րոպեից դուրս չգամ, եկեք իմ հետևից»: Արդեն Ազգային Ժողով մտած Մանուկյանը 20-30 րոպեից դուրս չի գալիս։ Ժողովուրդն անցնում է գրոհի՝ տապալելով խորհրդարանի երկաթյա ճաղերը։
  • Հարձակման թիրախ են դառնում խորհրդարանի ղեկավար Բաբկեն Արարքցյանն ու նրա տեղակալ Արա Սահակյանը։ Հայտարարվում է արտակարգ դրություն։

1993 - Մոսկվա. Հ. Ալիևը գաղտնի հանդիպում է Ղարաբաղի Պաշտպանության կոմիտեի նախագահ Ռ. Քոչարյանի հետ:

  • Հանդիպումը նախաձեռնել էր Ռուսաստանի նախագահը, բանակցությունները կայանում են նախ եռակողմ ձևաչափով` Ելցին - Լ.Տեր֊Պետրոսյան - Ալիև, ապա երկկողմ`Ալիև - Քոչարյան:
  • «Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը հանդիպեցին Ռուսաստանի արտգործնախարարության` Սպիրիդոնովկայի առանձնատանը, բանակցությունը շարունակվեց մոտ մեկ ժամ: Հյուրերին առաջնորդելով դահլիճ`ես նրանց թողեցի դեմ առ դեմ:Ավարտին նրանք առանձնապես մանրամասներ չպատմեցին,ամենահստակն այն էր, որ պայմանավորվել են շարունակել ուղիղ հանդիպումները: Սա Քոչարյանի և Ալիևի միջև առաջին անձնական շփումն էր, որն ավելի ուշ դառնալու էր նրանց հանդիպումների մի ամբողջ շարքի նախաերգանքը, բայց արդեն` Հայաստանի՛ , ոչ թե Ղարաբաղի ղեկավարի կարգավիճակում»: Ռուսաստանցի նախկին համանախագահ Վ.Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գրքից։

1993 - Ստեփանակերտը առաջին անգամ գնդակոծվում է Ադրբեջանի տարածքից` «Ալազան» հրթիռներով։

  • Հայաստանը հայտարարում է, թե ադրբեջանական կողմը Ժելեզնովոդսկի հայտարարությունից երկու օր անց խախտել է պայմանավորվածությունը և հարձակումներ սկսել Ստեփանակերտի ուղղությամբ։

1991 - ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Անկախ պետականության հիմնադրույթների մասին» ՀՀ սահմանադրական օրենքը:

  • ՀՀ ԳԽ-ն ընդունեց որոշում՝ դիմելու Միացյալ ազգերի կազմա­կերպությանը՝ անդամակցելու համար:
  • ՀՀ ԳԽ-ն ընդունեց որոշում՝ դիմելու աշխարհի երկրների խորհրդարաններին և կառավարություններին՝ ճանաչելու ՀՀ անկա­խությունը և նրա հետ հաստատելու դիվանագիտական հարաբերու­թյուններ:
  • ՀՀ ԳԽ-ն դիմեց ԽՍՀՄ պետական խորհրդին՝ ճանաչելու Հա­յաստանի անկախությունը և բոլոր հարցերը լուծելու բանակցություն­ների միջոցով:

1989 - Ադրբեջանի Գերագույն Խորհուրդն ընդունում է անկախության հռչակագիր։
1979 - ASALA. Չորս պայթյուն Մադրիդում՝ իտալական «Ալ Իտալիա», Ամերիկյան «Փան Ամ», «Թի Դաբլ Էյ» և բրիտանական «Բրիթիշ Էյրվեյս» օդանավային գրասենյակների առջև։

  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակն։
  • Իտալական գաղտնի ծառայության նախկին սպա Ստեֆանո Ջիովանոն պնդում է, որ Իտալիան հետագայում բանավոր պայմանավորվածություն է կնքել Հ.Ա.Հ.Գ.Բ-ի հետ, ըստ որի վերջինս պիտի դադարեցներ գործողությունները իտալական հողերի վրա, իսկ իտալական իշխանությունը խոստացել էր զորավիգ չկանգնել այն գործակալություններին, որոնք կազմակերպում էին Խորհրդային Միությունից արևմտյան երկրներ գաղթող հայերի տեղահանումը։

1947 - Հայֆիլհարմոնիայի դահլիճում իր աշխատանքն է սկսում Անդրկովկասի վիրաբույժների 3-րդ համագումարը, որին մասնակցում էին երեք հանրապետության 160 պատվիրակ։

  • Հանդիսավոր արարողությունը բացում է ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ պրոֆեսոր Ռուբեն Յոլյանը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1970 - Գարի Բաղդասարյան (ծնվ. Լենինգրադ), հարվածային գործիքների կատարող
1957 - Վահան Թամարյան, արձակագիր
1944 - Բաբկեն Արարքցյան, հայ քաղաքական, պետական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ
1943 - Արամ Սարոյան (ծնվ. Նյու Յորք, ԱՄՆ), ավանգարդ բանաստեղծ, հրապարակախոս, արձակագիր, կենսագիր, հուշագիր և դրամատուրգ, արվեստի ազգային հիմնադրամի (National Endowment for the Arts poetry awards) մրցանակի դափնեկիր
1943 - Ջորջ Բուռնության (ծնվ. Սպահան, Իրան), պատմաբան, հայագետ

  • Պրոֆեսոր Բուռնությանը թարգմանելև մեկնաբանեք է «Պատմությունների գիրք»-ը։ Սա Մեծ Պատմական աշխատության առաջին թարգմանությունն էր անգլերեն, որը հրապարակվել է Mazda Publishers.

1940 - Ռոնալդ Սյունի (ծն. Ֆիլադելֆիա, ԱՄՆ), պատմաբան, խորհրդային և հետխորհրդային պատմության մասնագետ, Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության վաստակավոր պրոֆեսոր

  • Չիկագոյի համալսարանում (1981-1995) Ալեք Մանուկյանի անվան հայոց նոր պատմության ֆակուլտետի առաջին ղեկավարն էր, որտեղ հիմնադրել և ղեկավարել է հայկական հետազոտությունների ծրագիրը:
  • Հայ կոմպոզիտոր Գրիգոր Միրզոյանի թոռն է Սյունին։

1939 - Արթուր Չիլինգարով, ականավոր հայ բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981)
1929 - Արտյոմ Տոտոլյան, միկրոկենսաբան, ՌԴ գիտությունների վաստակավոր գործիչ
1927 - Գեորգի Չեպչյան, թատրոնի և կինոյի դերասան, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1925 - Խաչատուր Ավագյան, դրամատուրգ, թատերագետ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ
1922 - Գեորգի Խաչիկյան, ֆուտբոլի համամիութենական կարգի մրցավար
1914 - Արշավիր Ղազարյան, դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)
1908 - Յակով Զարոբյան (ծնվ. Արտվին, Ռուսաստան), Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար (1960-1966)

  • Զարոբյանի օրոք Սփյուռքի հետ բազմաբնույթ կապերի ակտիվացման, հայրենադարձության, Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումների անցկացման, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողի կառուցման շնորհիվ բարձրացել է Հայաստանի հեղինակությունը: 
  • Զարոբյանը սիրում և խրախուսում էր սպորտը, թեև բացի շախմատից, ոչինչ չէր խաղում։ Հայաստանում ֆուտբոլասերները մինչ օրս էլ հիշում են, թե ինչպես էր Զարոբյանը բանակ զորակոչված և ԲԿՄԱ-ում խաղացող կենտրոնական հարձակվող Սարգիս Հովիվյանին վերադարձրել հանրապետական թիմ։

1908 - Ալեքսանդր Մանուչարյան, հայ խորհրդային անասնաբույժ-սելեկցիոներ
1891 - Օլգա Բարաշյան, քանդակագործ, Ա. Ս. Պուշկինի դիմանկարների հեղինակ, խորհրդային դարաշրջանի հասարակական գործիչներ
1881 - Հայկ Ազատյան, տնտեսագետ, Վրաստանի ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)
1833 - Ալեքսանդր Ավշարով (Աղասի Ավշարյանց, ծն. Շեմախա), հեծելազորի գեներալ, ազնվական, Ղրիմի պատերազմի հերոս